Քաղցկեղի գենետիկան

Մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ունի գեներ պարունակող ԴՆԹ մոլեկուլներ։ Գեները կարգավորում են բջիջների հետևյալ ֆունկցիաները

  • Աճը
  • Կիսման հաճախականությունը
  • Կյանքի տևողությունը

Հետազոտողների հաշվարկներով յուրաքանչյուր բջիջ պարունակում է 30,000 տարբեր գեներ։ Յուրաքանչյուր բջջի ներսում գեները գտնվում են քրոմոսոմներում։

Քրոմոսոմների մասին

Քրոմոսոմները գեներ պարունակող թելանման կառուցվածքներ են, որոնք գտնվում են բջջի ներսում։ Մարկանց մոտ դրանք 46-ն են` 23 զույգ։

Քրոմոսոմային հավաքակազմի մի կեսը ժառանգվում է մորից, մյուսը՝ հորից։ Յուրաքանչյուր կեսում կա մեկ քրոմոսոմ, որը պայմանավորում է օրգանիզմի արական կամ իգական սեռը։ Մնացած 22 զույգ քրոմոսոմները որոշում են օրգանիզմի այլ ֆիզիկական հատկանիշներ։ Այս քրոմոսոմային զույգերը կոչվում են աուտոսոմներ։

Ինչպե՞ս են աշխատում գեները

Գեները սպիտակուցներ սինթեզելով կարգավորում են բջիջների աշխատանքը։ Սպիտակուցներն ունեն յուրահատուկ ֆունկցիաներ և ծառայում են բջջի համար որպես ազդակներ։ 

Յուրաքանչյուր գեն պետք է ճշգրիտ ցուցումներ ունենա սպիտակուց սինթեզելու համար։ Դա նպաստում է սինթեզված սպիտակուցի կողմից բջջի ներսում ճիշտ ֆունկցիաներ կատարելուն։

Բոլոր քաղցկեղները սկսվում են, երբ բջջի ներսում մեկ կամ մի քանի գեներ ենթարկվում են մուտացիայի։ Մուտացիան փոփոխություն է, որի հետևանքով կամ ստեղծվում է ոչ նորմալ սպիտակուց կամ կանխվում է ինչ-որ սպիտակուցի սինթեզ։ Ոչ նորմալ սպիտակուցը սխալ ինֆորմացիա փոխանցող ազդակներ է ստեղծում, ինչը կարող է հանգեցնել բջիջների չկարգավորվող բաժանման և դառնալ քաղցկեղածին։

Գենետիկ մուտացիաների մասին

Տարբերում են գենետիկ մուտացիաների հետևյալ 2 տեսակները՝

Ձեռքբերովի․ Սրանք հանդիսանում են քաղցկեղի առավել հաճախ հանդիպող պաճառ։ Առաջանում են մարդու կյանքի ընթացքում որոշակի բջիջներում գեների վնասման արդյունքում։ Օրինակ, դա կարող է պատահել կրծքագեղձի կամ հաստ աղիքի բջջում, որը որպես հետևանք սկսում է անկանոն բաժանվել և առաջացնել ուռուցք։ Ուռուցքը ոչ նորմալ բջջային զանգված է։ Եթե քաղցկեղն առաջանում է ձեռքբերովի մուտացիայի արդյունքում, այն կոչվում է սպորադիկ։ Ձեռքբերովի մուտացիաները չեն հանդիպում օրգանիզմի բոլոր բջիջներում և չեն փոխանցվում ժառանգաբար՝ ծնողներից երեխաներին։

Այս մուտացիաներն առաջացնող գործոններից են՝

  • Ծխախոտը
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթումը
  • Վիրուսները
  • Տարիքը

Ժառանգական․ Սրանք առավել հազվադեպ հանդիպող սաղմնային մուտացիաներ են։ Առաջանում են սերմնաբջջում կամ ձվաբջջում։ Ուղղակիորեն փոխանցվում են ծնողից երեխային։ Սաղմի զարգացման ընթացքում ձվվաբջջի կամ սերմնաբջջի մուտացիան պատճենավորվում է մարմնի մյուս բոլոր բջիջերում։ Քանի որ մուտացիան ախտահարում է սեռական բջիջները, այն կարող է փոխանցվել սերնդեսերունդ։ Այս տեսակի մուտացիաներից առաջացած քաղցկեղները կազմում են 5-20%:

Մուտացիաներ և քաղցկեղ

Օրգանիզմում շատ հաճախ են առաջանում մուտացիաներ։ Դրանք կարող են լինել օգտակար, վնասակար կամ չեզոք բնույթի՝ կախված նրանից, թե գենի որ հատվածում է տեղի ունենում փոփոխությունը։ Օրգանիզմը մեծամասամբ կարողանում է ուղղել մուտացիաները։

Եզակի մուտացիներից քաղցկեղի առաջացումը հավանական չէ։ Սովորաբար քաղցկեղն առաջանում է կյանքի ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ մուտացիաների արդյունքում։ Դա է պատճառը, որ տարիքը հանդիսանում է քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն։ Տարիների ընթացքում  մեծանում է կուտակված մուտացիաների թիվը։

Քաղցկեղի հետ կապված գեների տեսակներ

Քաղցկեղի զարգացման մեջ դեր ունեցող գեները բաժանվում են մի քանի տեսակների՝

Ուռուցք ընկճող գեներ․ Սրանք պաշտպանող գեներ են։ Նորմայում սրանք սահմանափակում են բջիջների աճը հետևյալ եղանակներով՝

  • Հսկելով բջիջների կիսման արագությունը
  • Շտկելով ԴՆԹի անհամապատասխանությունները
  • Կարգավորելով բջջի մահը

Երբ ուռուցք ընկճող գենը ենթարկվում է մուտացիայի, բջիջները սկսում են անկանոն աճել, և արդյունքում առաջացնել ուռուցք։ Ուռուցք ընկճող գեների օրինակներ են հանդիսանում BRCA1, BRCA2, p53 կամ TP53 գեները։

BRCA1 կամ BRCA2 գեների սաղմնային մուտացիաները մեծացնում են կանանց մոտ կրծքագեղձի կամ ձվարանների, իսկ տղամարդկանց մոտ շագանակագեղձի կամ կրծքագեղձի ժառանգական քաղցկեղի ռիսկը։ Դրան նաև մեծացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի և մելանոմայի առաջացման ռիսկը 2 սեռերի մոտ։

Քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ ամենահաճախ մուտացված գենը p53 կամ TP53 է։ Քաղցկեղների 50%-ից ավել դեպքերում հայտնաբերվում է p53 գենի բացակայություն կամ վնասում։ Այս գենի մուտացիաները հիմնականում ձեռքբերովի են։ Ժառանգական մուտացիաները p53 գենում հազվադեպ են հանդիպում, բայց դրանց առկայության դեպքում կարող են առաջանալ քաղցկեղի շատ տարբեր տեսակեր։

Օնկոգեներ․ Սրանք վեր են ածում առողջ բջիջները քաղցկեղային բջիջների։ Այս գեների ժառանգական մուտացիաներ հայտնի չեն։

Առավել հաճախ հանդիպող 2 օնկոգեներն են՝

  • Her2՝ քաղցկեղի աճն ու տարածումը կարգավորող պրոտեին։ Հանդիպում է կրծքագեղձի, ձվարանների և այլ քաղցկեղների ժամանակ։

  • RAS գեների ընտանիք, որը սինթեզում է բջիջների միջև կապը, նրանց աճն ու մահը կարգավորող սպիտակուցներ։

ԴՆԹ վերականգնող գեներ․ Սրանք ուղղում են ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակ առաջացած սխալները։ Նրանցից շատերը գործում են որպես ուռուցք ընկճող գեներ։ BRCA1, BRCA2 և p53-ը ԴՆԹ վերականգնող գեներ են։

Եթե մարդն ունի ԴՆԹ վերականգնող գենի ֆունկցիայի խանգարում, սխալները չեն ուղղվում և վեր են ածվում մուտացիաների։ 

Այս խմբի գեների մուտացիաները կարող են լինել ժառանգական կամ ձեռքբերովի։ Ժառանգական տեսակի օրինակ է հանդիսանում Լինչի սինդրոմը։

Քաղցկեղի գենետիկան հասկանալու մարտահրավերներ

Ներկայումս շատ հետազոտություններ կան կատարված քաղցկեղածին գեների աշխատանքի ուսումնասիրման ոլորտում։ Բայց շատ քաղցկեղներ կապված չեն որևէ յուրահատուկ գենի հետ։ Քաղցկեղները հաճախ ներառում են բազմաթիվ գենային մուտացիաներ։ Ավելին, կան փաստեր այն մասի, որ գեները փոխազդում են իրենց միջավայրի հետ։ Սա բարդացնում է քաղցկեղի առաջացման մեջ գեների դերը հասկանալը։

Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել քաղցկեղի զարգացման վրա գենետիկական փոփոխությունների դերը։ Այս գիտելիքների շնորհիվ բարելավվել են քաղցկեղի վաղ ախտորոշումը, ռիսկի իջեցումը, թիրախային թերապիայի օգտագործումը և ընդհանուր ապրելիության ցուցանիշները։

Հետագա ուսումնասիրությունները կօգնեն բժիշկներին քաղցկեղի ռիսկի գնահատման, ախտորոշման և բուժման հարցերում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Մանվելի Ռուշանյանի կողմից: