Ի՞նչ է քաղցկեղը

Ի՞նչ է քաղցկեղը

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ: 

Օրգանիզմի նորմալ բջիջները

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր ողջ բջիջներից, որոնք աճում են, կիսվում են՝ առաջացնելով նոր բջիջներ և մահանում են: Կյանքի վաղ հասակում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում են՝ միայն փոխարինելու համար մահացող բջիջներին կամ վնասվածքները վերականգնելու համար:

Ինչպե՞ս է քաղցկեղն առաջանում

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները՝ մահանալու փոխարեն, շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները կարող են ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ, ինչը նորմալ բջիջները չեն կարող անել: Այս երկու հիմնական հատկանիշներն են, այն է՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ, որ բնորոշ են քաղցկեղի բջիջներին: Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի/դեզօքսիռիբոնուկլեինաթթու/վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա ամեն մի բջջում և կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Նորմալ բջջում, երբ ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կա՛մ վերանորոգում է այն, կա՛մ ինքն է մահանում:

Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջները ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ «մայր» վնասված ԴՆԹ-ով բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ/ստանալ ծնողներից/, բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնական քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել նրա մեջ, կամ հրել նորմալ հյուսվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունը և արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Ինչպե՞ս է քաղցկեղը տարածվում

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման պրոցեսը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները ուր են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է: Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Նրանց բուժումը նույնպես նույն ճանապարհով կլինի:

Ինչպե՞ս են տարբեր քաղցկեղներն իրարից տարբերվում

Տարբեր տեսակի քաղցկեղներ կարող են ունենալ ամբողջովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Նրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են պատասխանում բուժման տարբեր տեսակների: Այս է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն

Ուռուցքը դա բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քացկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել՝ նրանք կարող են աճել և հասնել մեծ չափսերի ու ճնշել կողքի առողջ օրգաններին և հյուսվածքներին: Բայց նրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և չեն կարող տարածվել օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում: 


Օգտագործվել և անգլերենից թարգմանվել է Ամերիկայի Քաղցկեղի Միության կողմից մշակված գրականությունից, 2015թ.