Տղամարդկանց պտղաբերության խնդիրները։ Պտղաբերության պահպանման տարբերակները

Քաղցկեղի բուժման շատ տեսակներ ժամանակավոր կամ մշտական ազդեցություն են թողնում պտղաբերության վրա: Պտղաբերությունը տղամարդու համար հայր դառնալու կարողությունն է: 

Մինչև բուժում սկսելը խորհրդակցեք Ձեր բուժանձնակազմի հետ: Հարցրեք, թե ինչպես կարող է ազդել բուժումը Ձեր պտղաբերության վրա: Հարցրեք նաև պտղաբերության պահպանման տարբերակների մասին:

Ինչպես է հակաքաղցկեղային բուժումն ազդում պտղաբերության վրա

Քաղցկեղից կամ հակաքաղցկեղային բուժումից պտղաբերության խնդիրներն առաջանում են երկու հիմնական եղանակով․

Ներզատական գեղձերի կամ այդ համակարգին առընչվող օրգանների վնասման միջոցով: Սա ներառում է՝ ամորձիները, վահանագեղձը և մակերիկամները, որոնք  արտադրում են սեռական հասունացումը և պտղաբերությունը վերահսկող հորմոններ;

Ներզատական համակարգը կարգավորող ուղեղի որոշակի հատվածների փոփոխության հետևանքով:

Պտղաբերության խնդիրները կարող են լինել հետևյալ գործոնների հետևանք՝

Սերմնաբջիջների վնասման;

Սերմնաբջիջների արտադրման նվազեցման;

Սերմնահեղուկի արտադրման նվազեցման կամ բացակայության: Սերմնահեղուկն արտադրվում է շագանակագեղձում: Այն պարունակում է սերմնաբջիջներ սեռական հարաբերության ժամանակ:

Պտղաբերության վրա ազդող հակաքաղցկեղային բուժում

Հայտնի է, որ քաղցկեղի բուժման հետևյալ տեսակները հավանական կողմնակի ազդետություն են ունենում պտղաբերության վրա:

Քիմիաթերապիա․ Որոշ դեղորայքի՝ հատկապես ալկիլացնող պրեպարատների, օգտագործումը կարող է առաջացնել պտղաբերության խնդիրներ․

Busulfan (Busulfex, Myleran)

Carmustine (BiCNU)

Chlorambucil (Leukeran)

Cisplatin (Platinol)

Cyclophosphamide (Neosar)

Lomustine (CeeNU)

Mechlorethamine (Mustargen)

Melphalan(Alkeran)

Procarbazine (Matulane)

Ճառագայթային թերապիա․ Ճառագայթային թերապիան կարող է սպանել սերմնաբջիջները, կամ դրանք արտադրող ցողունային բջիջները։

Ճառագայթային թերապիայի հետևյալ տեսակները կարող են ազդել պտղաբերության վրա․

Ոսկրածուծի փոխպատվաստման համար կատարվող ճառագայթային թերապիան;

Որովայնի խոռոչի, ողնաշարի ստորին հատվածի, կոնքի, ամորձինների շրջանում կատարվող ճառագայթային թերապիան;

Մակուղեղի շրջանում կատարվող ճառագայթային թերապիան։

Վիրահատական միջամտություն․ Հետևյալ օրգանների վիրահատական հեռացումը կարող է ազդել պտղաբերության վրա․

Շագանակագեղձի;

Միզապարկի;

Մեկ կամ երկու ամորձինների։

Կոնքի խոռոչի ավշային հանգույցների հեռացումը նույնպես կարող է ազդել պտղաբերության վրա:

Հակաքաղցկեղային բուժման ազդցության տեսակները պտղաբերության վրա

Որոշ տղամարդկանց դեպքում քաղցկեղի բուժումը հանգեցնում է անպտղության: Մյուսների համար, այն դադարեցնում կամ դանդաղեցնում է սերմնահեղուկի արտադրությունը մի քանի տարով: Այնուհետև, այն կարող է վերականգնվել, սակայն, այնուամենայնիվ, այն չի կարող լինել նույնը, ինչ նախքան բուժում սկսելն էր:

Գործոններ, որոնք կապված են պտղաբերության խնդիրների առաջացման բարձր ռիսկի հետ․

Ճառագայթային թերապիայի կամ քիմիաթերապիայի բարձր չափաբաժին ընդունելը;

Արդեն իսկ գոյություն ունեցող անպտղության խնդիրները;

40-անց տարիքը (չնայած քաղցկեղի հետևանքով առաջացած անպտղությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում)։

Նախքան սեռական հասունացումը հակաքաղցկեղային բուժում ստացող տղա երեխաների մոտ սերմնահեղուկը ավելի քիչ է վնասվում: Այնուամենայնիվ, խիստ բուժումները ապագայում կարող են առաջացնել անպտղություն: Այդպիսի բուժումը ներառում է ոսկրածուծի փոխպատվաստման համար ստացած քիմիաթերապիան:

Չնայած նրան, որ քաղցկեղի բուժումը ավելի քիչ հավանական է դարձնում տղամարդու հայրանալը, այնուամենայնիվ, հղիություն կարող է առաջանալ: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս սպասել վեց ամիս նախքան հայրանալու փորձ կատարելը: Դա բավարար ժամանակ կտա սերմնահեղուկի վերականգնման համար: Հարցրեք Ձեր բժշկին, թե որն է Ձեզ համար լավագույն ժամանակահատվածը:

Ինչպես պայքարել անպտղության խնդիրների դեմ

Վերարտադրողական Էնդոկրինոլոգը բժիշկ է, ով աշխատում է պտղաբերության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Կան նաև ռեպրոդուկտոլոգներ, ովքեր մասնագիտացած են հակաքաղցկեղային բուժումների հետևանքով առաջացած վերարտադրողական խնդիրների մեջ։

Պտղաբերության պահպանման տարբերակներ

Կլինիկական Ուռուցքաբանության Ամերիկյան Միությունը (ASCO) առաջարկում է  քաղցկեղով հիվանդ բոլոր կանանց քննարկել իրենց բժիշկների հետ անպտղության ռիսկը և պտղաբերության պահպանման տարբերակները որքան հնարավոր է շուտ, մինչև հակաքաղցկեղային բուժումն սկսելը: Եթե Դուք հետաքրքրված եք պտղաբերության պահպանման հարցով, ապա պետք է դիմել վերարտադրողական հարցերով զբաղվող մասնագետին, անգամ եթե Դուք համոզված չեք՝ ուզու՞մ եք ապագայում երեխաներ ունենալ, թե՝ ոչ:

Պտղաբերությունը պահպանելու տարբերակները կախված են որոշ գործոններից.

Տարիքից;

Հարաբերությունների կարգավիճակից (զուգընկերուհի, ով կարող է ձվաբջիջ տրամադրել);

Ֆիզիկական և սեռական հասունությունից;

Որոշակի միջամտությունների հետ կապված Ձեր անձնական զգացողություններից:

Պտղաբերությունը պահպանելու համար ASCO-ի հանձնարարականները ներառում են.

Սերմնահեղուկի պահեստավորում․ Այս գործնթացը ներառում է սերմնահեղուկի սառեցում և պահեստավորում: Սա անելու լավագույն ժամանակը նախքան բուժում սկսելն է, քանի որ բուժում սկսելուց հետո սերմնահեղուկի գենետիկ վնասման մեծ հավանականություն կա: Տղամարդիկ ավելի ուշ կարող են օգտագործել սերմնահեղուկը արտաարգանդային կամ ներարգանդային բեղմնավորման համար: 

Արտաարգանդային բեղմնավորման դեպքում բուժաշխատողը կնոջից վերցնում է ձվաբջիջ: Պահեստավորված սերմնահեղուկը լաբորատորիայում ենթարկվում է բեղմնավորման: Այնուհետև, սաղմը տեղադրվում է կնոջ մարմնի մեջ զարգանալու համար:

Սերմնահեղուկի պահեստավորումը տարբերակ է սեռահասուն տղամարդկանց համար: Տղամարդը կարող է հայր դառնալ նույնիսկ քիչ սերմնահեղուկով: Սա հնարավոր է սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման միջոցով, որի դեպքում արտաարգանդային բեղմնավորման ընթացքում սերմնաբջիջը անմիջապես ներարկվում է մի ձվաբջջի մեջ։

Ամորձու հյուսվածքի սառեցում․ Գիտնականները դեռ ուսումնասիրում են այս գործնթացը, որը կատարվում է մինչև քաղցկեղի բուժումը սկսելը: Սա նախատեսված է այն տղաների համար, ովքեր դեռ չեն հասել սեռահասունացման: Այս միջամտության ժամանակ հեռացնում, սառեցնում և պահեստավորում են ամորձու հյուսվածքը: Այն պարունակում է ցողունային բջիջներ, որոնք հետագայում կարող են դառնալ սերմնաբջիջ։ Գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է վերականգնել ամորձու հալեցված հյուսվածքի սերմնաբջիջ արտադրելու ֆունկցիան։ 

Հորմոնալ թերապիա․ Հորմոնալ թերապիան արդյունավետ չէ տղամարդկանց պտղաբերության պահպանման հարցում:

Պտղաբերության պահպանումը ճառագայթային թերապիայի ընթացքում

Պտղաբերության պահպանման շատ մեթոդներ պետք է կատարվեն նախքան բուժում սկսելը: Այնուամենայնիվ, եթե Դուք ստանում եք ճառագայթային թերապիա Ձեր բուժանձնակազմը կարող է պաշտպանել Ձեր ամորձիները ճառագայթումից: Նպատակը սերմնաբջիջների վնասումը կանխելն է: Դա հնարավոր է, եթե ուռուցքը գտնվում է կոնքի խոռոչի մեկ այլ հատվածում:

Պտղաբերության պահպանման տարբերակների գնահատում

Պտղաբերությունը պահպանող վերոնշյալ մեթոդները բոլորին չէ, որ համապատասխանում են: Հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.

Ապահովագրական ընկերությունը, հնարավոր է՝ չկարողանա վճարել պտղաբերությունը պահպանող միջամտությունների ծախսերը;

Տարբեր մեթոդների արդյունավետության աստիճանը տարբեր է;

Դրանք կարող են կանանց համար նոր սթրեսի պատճառ դառնալ, արդեն իսկ առկա սթրեսային իրավիճակում:

Դուք կարող եք խորհրդակցել նախքան որոշում կայացնելը

Հարցեր, որոնք տրվում են բուժանձնակազմին

Նախքան բուժումը սկսելը նախապատրաստեք հետևյալ հարցերը․

Որքա՞ն է ինձ մոտ անպտղության առաջացման ռիսկը բուժման յուրաքանչյուր տարբերակի դեպքում;

Կա՞ արդյոք ավելի քիչ ռիսկեր պարունակող այլ արդյունավետ բուժում;

Պտղաբերության պահպանման ի՞նչ տարբերակներ կան ինձ համար;

Արդյոք այս տարբերակներից որևէ մեկը կհետաձգի՞ իմ բուժումը։ Եթե այո, ապա ինպչե՞ս կանդրադառնա դա իմ ապաքինման վրա;

Արդյո՞ք պտղաբերության պահպանման մեթոդները ավելի անարդյունավետ կդարձնեն իմ քաղցկեղի բուժումը;

Արդյո՞ք պտղաբերության պահպանման տարբերակները մեծացնում են քաղցկեղի ախտադարձի հավանականությունը;

Պե՞տք է արդյոք խորհրդակցել պտղաբերության խնդիրներով զբաղվող մասնագետի հետ մինչև բուժումը սկսելը;

Ինձ համար հասանելի ի՞նչ կլինիկական փորձարկումներ կան;

Որտե՞ղ կարող եմ գտնել աջակցություն անպտղության խնդիրները հաղթահարելու համար;

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ քաղցկեղի բուժումից հետո երեխա ունենալու իմ ունակության մասին:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Լիլիթ Սահակյանի կողմից: