Կանանց պտղաբերության խնդիրները։ Պտղաբերության պահպանման տարբերակները

Հակաքաղցկեղային բուժման շատ տեսակներ ժամանակավոր կամ մշտական ազդեցություն են թողնում պտղաբերության վրա: Պտղաբերությունը հղիանալու կարողությունն է: Անպտղությունը հղիանալու կամ հղիությունը պահպանելու անկարողությունն է:

Մինչև բուժում սկսելը խորհրդակցեք ձեր բուժանձնակազմի հետ: Հարցրեք, թե ինչպես կարող է ազդել բուժումը Ձեր պտղաբերության վրա: Հարցրեք նաև պտղաբերության պահպանման տարբերակների մասին:

Ինչպես է հակաքաղցկեղային բուժումը ազդում պտղաբերության վրա

Քաղցկեղից կամ հակաքաղցկեղային բուժումից պտղաբերության խնդիրները առաջանում են երկու հիմնական ուղով.

1. Վերարտադրողական ֆունկցիային մասնակցող օրգանների վնասում, ինչպիսիք են  ձվարանները, ֆալոպյան փողերը, արգանդը, արգանդի վզիկը;

2. Հորմոնների արտադրությանը մասնակցող օրգանների վնասում, ինչպիսիք են ձվարանները։

Ձվարաններում պահպանվում են կանանց ձվաբջիջները: Այս օրգանների վնասումը կարող է նվազեցնել ձվարանային պահուստը: Ձվարանային պահուստը երկու ձվարաններում առկա ոչ հասուն ձվաբջիջների ընդհանուր քանակն է: Կանայք ծնվում են ձվաբջիջների այն ամբողջ քանակությամբ, որը նրանք ունենալու են կյանքի ընթացքում: Եթե այս ձվաբջիջները վերանան, նրանք չեն փոխարինվի այլ ձվաբջիջներով: Առողջ ձվաբջիջների կորուստը անպտղության և վաղ դաշտանադադարի պատճառ է հանդիսանում:

Հակաքաղցկեղային բուժման տեսակներ, որոնք ազդում են պտղաբերության վրա

Հետևյալ հակաքաղցկեղային բուժման տեսակները հայտնի են որպես պտղաբերության վրա հավանական կողմնակի ազդեցություն ունեցողներ.

Քիմիաթերապիա․ Քիմիաթերապիան՝ հատկապես ալկիլացնող ագենտներ կոչվող պրեպարատները, կարող են ազդել պտղաբերության վրա:

Ստորև նշված են պտղաբերության վրա ազդող որոշ պրեպարատներ․

Բուսուլֆան (Busulfex, Myleran)

Կարմուստին(BiCNU)

Քլորամբուցիլ (Leukeran)

Ցիկլոֆոսֆամիդ (Neosar)

Դոքսոռուբիցին (Adriamycin)

Լոմուստին (CeeNU)

Մեքլորէթամին (Mustargen)

Մելֆալան (Alkeran)

Պրոկարբազին (Matulane)

Ճառագայթային թերապիա․ Մարմնի հետևյալ հատվածներում կատարվող ճառագայթային թերապիան կարող է ազդել պտղաբերության վրա.

Որովայն;

Կոնք;

Ողնաշարի ստորին հատված;

Ձվարաններ և նրա շրջակա տարածքը;

Արգանդ;

Մակուղեղը գլխուղեղում;

Ամբողջ մարմինը՝ ոսկրածուծի տրանսպլանտացիայի համար։

Վիրահատություն․ Հետևյալ վերարտադրողական օրգանների վրա կատարվող վիրահատական միջամտությունները կարող են ազդել պտղաբերության վրա.

Արգանդ՝ միջամտություն, որը կոչվում է հիստերէկտոմիա;

Արգանդի վզիկ՝ հիստերէկտոմիայի կամ տրախելէկտոմիայի (արգանդի վզիկի հեռացում, երբ պահպանվում է արգանդի մարմինը) դեպքում;

Մեկ կամ երկու ձվարանները՝ միջամտություն, որը կոչվում է օօֆորէկտոմիա:

Բացի այդ, կոնքի օրգանների լիմֆատիկ հանգույցների հեռացումը ևս կարող է ազդել պտղաբերության վրա:

Ինչպես կարող են օգնություն գտնել պտղաբերության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ 

Պլանավորեք հանդիպում ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգի հետ: Նա այն բժիշկն է, ով մասնագիտացած է պտղաբերության վրա ազդող պայմանների ուսումնասիրության մեջ: Որոշ ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգներ մասնագիտացած են քաղցկեղով պայմանավորված պտղաբերության խնդիրների ուսումնասիրման մեջ:

Դաշտանային ցիկլի և պտղաբերության գնահատումը հակաքաղցկեղային բուժումից հետո

Դաշտանային ցիկլ ունեցող կանայք հակաքաղցկեղային բուժում ստանալուց հետո կարող են հղիանալ: Սակայն, դաշտանային ցիկլի առկայությունը դեռևս չի հաստատում, որ Դուք պտղաբեր եք:

Որոշ կանանց մոտ հակաքաղցկեղային բուժումը կարող է դադարեցնել դաշտանային ցիկլը: Սա կոչվում է վաղ դաշտանադադար՝ մենոպաուզա: Սա մշտական անպտղության պատճառ է հանդիսանում:

Այլ կանանց մոտ դաշտանային ցիկլը դադարում է բուժման ընթացքում և վերականգնվում է բուժումից հետո: Սակայն, կանայք, ովքեր քիմիաթերապիայից հետո ունենում են դաշտանային ցիկլ, ունեն պտղաբերության նվազեցում: Անգամ այն կանայք, ովքեր ունենում են դաշտային ցիկլ բուժման ընթացքում կարող են ունենալ հղիանալու ցածր հավանականություն կամ վաղ դաշտանադադար։

Ընդհանուր առմամբ, տարիքով ավելի մեծ, ինչպես նաև, ճառագայթային թերապիայի կամ քիմիաթերապիայի ավելի մեծ չափաբաժիններ ստացած կանանց մոտ բուժումից հետո դաշտանային ցիկլի վերականգնումը ավելի քիչ է հավանական կամ տեղի է ունենում ավելի ուշ: 

Ձեր բուժանձնակազմի անդամը կարող է առաջարկել ստուգել Ձեր ձվարանային պահուստը: Այն ստուգվում է զգայուն հորմոնալ թեստերով, որոնցից է հակամյուլլերյան հորմոնը:

Աղջիկ երեխաները և երիտասարդ կանայք ունեն ավելի մեծ ձվարանային պահուստ, քան ավելի մեծ տարիքի կանայք: Նրանք քիմիաթերապիայից հետո դաշտանադադարի կամ անպտղության առաջացման ավելի քիչ հավանականություն ունեն: Սակայն, դա չի նշանակում, որ երիտասարդ կանայք չեն կարող կորցնել հղիանալու ընդունակությունը: Կոնքի, որովայնի ստորին հատվածի ճառագայթային բուժման և ուժեղ քիմիաթերապիայի դեպքում նույնիսկ երեխաները կարող են ունենալ անմիջական դաշտանադադար:

Հղիությունը հակաքաղցկեղային բուժումից հետո

Առանց վերարտադրողական օգնության հղիանալու համար անհրաժեշտ է.

Առնվազն մեկ առողջ ձվարան բավարար քանակի ձվաբջիջներով;

Առնվազն մեկ առողջ արգանդափող;

Առողջ արգանդ, որտեղ պտուղը աճելու է;

Հատուկ հորմոնների ճշգրիտ մակարդակ:

Ձեր բուժանձնակազմը կարող է հանձնարարել Ձեզ սպասել մինչև հղիանալու փորձեր անելը: Սպասելու ժամանակահատվածը կախված է.

Քաղցկեղի տեսակից և ստադիայից;

Բուժման տեսակից;

Ձեր տարիքից:

Օրինակ՝ հորմոնալ բուժում ստացող կանայք պետք է հետաձգեն հղիությունը:

Հղիության հետաձգումը կարող է հետագայում նվազեցնել պտղաբերությունը, քանի որ կանայք տարիքի հետ կորցնում են ձվաբջիջներ: Եթե Դուք փորձում եք հետաձգել հղիությունը, ապա դիտարկեք պտղաբերությունը պահպանելու այլ տեսակներ:

Առաջարկություններ պտղաբերության պահպանման համար

Կլինիկական Ուռուցքաբանության Ամերիկյան Միությունը (ASCO) առաջարկում է  քաղցկեղով հիվանդ բոլոր կանանց քննարկել իրենց բժիշկների հետ անպտղության ռիսկը և պտղաբերության պահպանման տարբերակները որքան հնարավոր է շուտ՝ մինչև հակաքաղցկեղային բուժումն սկսելը: Եթե Դուք հետաքրքրված եք պտղաբերության պահպանման հարցով, ապա պետք է դիմել վերարտադրողական հարցերով զբաղվող մասնագետին, անգամ  եթե Դուք համոզված չեք՝ ուզու՞մ եք ապագայում երեխաներ ունենալ, թե՝ ոչ:

Պտղաբերությունը պահպանելու տարբերակները կախված են որոշ գործոններից.

Տարիքից;

Հարաբերությունների կարգավիճակից (զուգընկեր, ով կարող է սերմնահեղուկ տրամադրել);

Ֆիզիկական և սեռական հասունությունից;

Անձնական նախապատվություններից:

Պտղաբերությունը պահպանելու համար ASCO-ի առաջակությունները ներառում են.

Էմբրիոնի սառեցում․ Սա պտղաբերությունը պահպանելու ամենահաջողված մեթոդն է: Այն կոչվում է նաև էքստրակորպորալ կամ արտամարմնային բեղմնավորում:

Կինը մոտավորապես երկու շաբաթ ընդունում է դեղեր պտղաբերության համար: Հետո բուժանձնակազմի անդամը կնոջից վերցնում է ձվաբջիջներ, որոնք լաբորատորիայում բեղմնավորվում են սպերմայով: Ստացված էմբրիոնները ժամանակավորապես սառեցվում են:

Օօցիտի՝ չբեղմնավորված ձվաբջջի սառեցում․ Այս միջամտությունը նման է էմբրիոնի սառեցմանը: Սակայն, այս դեպքում ձվաբջիջները սառեցվում են առանց բեղմնավորման:

Սա զուգընկեր չունեցող կանանց համար նախընտրելի տարբերակ է: Բայց այն համեմատաբար ավելի քիչ հաջողված տարբերակ է, քան էմբրիոնի սառեցումը:

Պտղաբերությունը պահպանող վիրահատություններ․ Արգանդի վզիկի կամ ձվարանների որոշ վիրահատությունների դեպքում պտղաբերությունը կարող է պահպանվել: 

  • Արգանդի վզիկի քաղցկեղի պարագայում կատարվող վիրահատություն. Որոշ դեպքերում, վիրաբույժները կարող են հեռացնել արգանդի վզիկը՝ պահպանելով արգանդը: Դա թույլ է տալիս ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով: Այս տարբերակը կիրառվում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլի դեպքում: 
  • Ձվարանների քաղցկեղի պարագայում կատարվող վիրահատություն. Երբեմն, վիրաբույժները կարող են հեռացնել միայն մեկ ձվարան: Սա տարբերակ է այն կանանց համար, որոնց մոտ քաղցկեղը վաղ փուլում է և գտնվում է միայն մեկ ձվարանում: Այս պարագայում պահպանվում է առողջ ձվարանը և կանխարգելվում է վաղ մենոպաուզան: 

Ճառագայթային թերապիա, որը պաշտպանում է ձվարանները․ Որոշ կանանց մոտ կարող է ճառագայթվել միայն մեկ ձվարանը: Այդ դեպքում մյուս ձվարանի շնորհիվ պահպանում է պտղաբերությունը: Այլ տարբերակ է մի ուրիշ միջամտություն, որը կոչվում է օօֆորոպեքսիա: Վիրաբույժը տեղափոխում է մեկ կամ երկու ձվարանները այնտեղ, որտեղ ճառագայթումը չի հասնում նրանց: Այնուհետև, վիրաբույժը ձվարանները վերդարձնում է նախնական տեղը ճառագայթային բուժումից հետո: Այնուամենայնիվ, այս մեթոդը միշտ չէ հաջողություն է գրանցում։ Ճառագայթումը կարող է հասնել ձվարաններին կամ ձվարանները արյունամատակարարող անոթներին: 

Ձվարանների ճնշում․ Սա պտղաբերությունը պահպանելու համար հետազոտական մոտեցում է: Այս մեթոդը ներառում է հորմոնների ընդունում, որը ճնշում է ձվարանների ֆունկցիան: Այս տարբերակը կարող է ձվաբջիջները պաշտպանել բուժումից: 

Գիտնականները դեռևս չեն տվել այս մեթոդի արդյունավետության աստիճանի գնահատականը: Ընդհանուր առմամբ, մյուս՝ ստանդարտ մեթոդների հասանլեիության պարագայում, այս մեթոդը խորհուրդ չի տրվում: 

Ձվարանի հյուսվածքի պահպանում․ Սա ներառում է ձվարանի հյուսվածքի վիրահատական հեռացում և սառեցում: Վիրաբույժը քաղցկեղի բուժումից հետո կրկին փոխպատվաստում է հյուսվածքը: 

Այս տարբերակը կարող է լինել միակը երիտասարդ աղջիկների համար, ովքեր չեն կարող կատարել սաղմի կամ ձվաբջջի սառեցում: Օրինակ․ այն աղջիկների համար, ովքեր ունեն քիչ ժամանակ կամ սեռահասուն չեն:

Այս մեթոդով շատ հղիություններ են իրականացվել, և գիտնականները դեռևս շարունակում են զարգացնել այն:

Պտղաբերության պահպանման տարբերակների գնահատումը

Պտղաբերությունը պահպանող վերոնշյալ մեթոդները բոլորին չէ, որ համապատասխանում են: Հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.

Ապահովագրական ընկերությունը, հնարավոր է՝ չկարողանա վճարել պտղաբերությունը պահպանող միջամտությունների ծախսերը,

Տարբեր մեթոդների արդյունավետության աստիճանը տարբեր է,

Դրանք կարող են կանանց համար նոր սթրեսի պատճառ դառնալ, արդեն իսկ առկա սթրեսային իրավիճակում:

Հարցեր, որոնք կարող եք ուղղել բուժանձնակազմին մինչև բուժումը սկսելը

Քննարկեք Ձեր բուժանձնակազմի հետ հետևյալ հարցերը.

Որքա՞ն է անպտղության ռիսկն առաջարկվող բուժումից;

Սպասվող անպտղությունը ժամանակավո՞ր է լինելու, թե՞ մշտական:

Կա՞ն արդյոք բուժման այլ էֆեկտիվ միջոցներ, որոնք մեծ ռիսկեր չեն ունենա:

Պտղաբերությունը պահպանելու ի՞նչ տարբերակներ կան:

Պտղաբերությունը պահպանող այս մեթոդները կարո՞ղ են հետաձգել բուժումը: Եթե այո, ապա դա ինչպե՞ս կանդրադառնա ապաքինման վրա:

Արդյո՞ք այս մեթոդները կարող են բարձրացնել քաղցկեղի ախտադարձի հավանականությունը:

Պե՞տք է արդյոք խորհրդակցել պտղաբերությամբ զբաղվող մասնագետի կամ ռեպրոդուկտոլոգ-էնոկրինոլոգի հետ:

Ինչպիսի՞ կլինիկական հետազոտություններ են հասանելի ինձ համար:

Որտե՞ղ կարող եմ աջակցություն ստանալ պտղաբերության խնդիրները հաղթահարելու համար:

Որտե՞ղ կարող եմ օգնություն գտնել զուգընկերոջս հետ խորհրդակցելու համար:

Ինչպե՞ս եմ իմանալու՝ արդյո՞ք պտղաբեր եմ քաղցկեղի բուժումից հետո:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Նանե Ալեքսանյանի կողմից: