Հարաբերություններ և անձնական կյանք

Քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո հասուն մարդկանց մոտ հնարավոր են որոշ ֆիզիկական և հուզական փոփոխություններ, որոնք կարող են անդրադառնալ հարաբերությունների և անձնական կյանքի վրա։

Օգտագար խորհուրդներ նոր հարաբերությունների ստեղծման համար

Անձնական և սեռական հարաբերությունների մասին մտահոգությունները քաղցկեղի բուժումից հետո հազվադեպ չեն։ Թույլ մի տվեք, որ վախը Ձեզ հետ պահի նոր հարաբերություններ սկսելու փորձերից։

Նոր հարաբերություններ զարգացնելիս կարող եք օգտվել հետևյալ հնարքներից․

Աշխատեք նկատել Ձեր դրական կողմերը։ Օրինակ, գրի առեք Ձեր բոլոր դրական հատկանիշները։

Նոր զբաղմունք գտեք, միացեք ինչ-որ հետաքրքիր խմբակի կամ դասընթացի։

Խոսեք քաղցկեղը վերապրածների հետ, ովքեր սկսել են նոր հարաբերություններ։

Պատրաստ եղեք մերժող պատասխան ստանալուն, եթե դրա հավանականությունը Ձեզ անհանգստացնում է։

Ե՞րբ կիսվել քաղցկեղի պատմությամբ

Քաղցկեղի պատմությամբ կիսվելու նախընտրությունները տարբեր են տարբեր մարդկանց մոտ։

Դուք կարող եք մտածել, որ դա չափազանց անձնական թեմա է անմիջապես կիսվելու համար։ Կամ Ձեզ կարող է վախեցնել այն, որ դա հետ կպահի թեկնածուին Ձեզ հետ հարաբերություններ սկսելուց։ Այս դեպքերում, կիսվելուց առաջ ավելի լավ է սպասել մինչև կձևավորվի փոխադարձ վստահություն։

Մեկ այլ դեպքում, այդ ինֆորմացիայով չկիսվելիս Ձեզ կարող է տանջել անազնվության և կեղծավորության զգացումը։ Այս պարագայում, ավելի լավ է պատմել ամեն ինչ, նախքան հարաբերությունները կլրջանան։

Ինչպե՞ս կիսվել քաղցկեղի պատմությամբ

Նախքան կիսվելը, վերլուծեք դա անելու ամենահարմար տարբերակները։ Որոշ մարդիկ պարզապես սկսում են խոսել քաղցկեղի իրենց ունեցած փորձից։ Մյուսները ցույց են տալիս սպիերը կամ մարմնի այլ փոփոխություններ, որոնք կապված են քաղցկեղի հետ։ Ոմանք էլ իրենց վախերն ու անհանգստություններն արտահայտում են հումորի միջոցով։

Քննարկման ենթակա հնարավոր խնդիրներ

Պատրաստ եղեք քննարկել հետևյալ հարցերը․

Ախտադարձի (հիվանդության վերադարձի) հավանականությունը;

Քաղցկեղի կամ դրա բուժման հետևանքով առաջացած ֆիզիկական սահմանափակումները;

Հարաբերություններ սկսելու հետ կապված Ձեր զգացողությունները։

Քայլեր, որոնք կարող են օգնել Ձեզ ավելի վստահ սկսել խոսակցությունը․

Գրի առեք, այն ամենը ինչի մասին պատրաստվում եք խոսել;

Փորձեր արեք ընկերոջ հետ;

Պատրաստեք պատասխաններ հնարավոր հարցերի համար։

Անհանգստություններ կապված սեռական առողջության և հարաբերությունների հետ

Հարաբերություններ սկսելիս Ձեզ կարող է հուզել այն հարցը, թե ինչպես կանդրադառնա քաղցկեղի պատմությունը Ձեր և զուգընկերոջ սեռական կյանքի վրա։ Քաղցկեղը և դրա բուժումը կարող են առաջացնել սեռական առողջության հետ կապված կողմնակի ազդեցություններ։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ հնարավոր սեռական կողմնակի երևույթների մասին։ Խոսեք նաև այն կողմնակի ազդեցությունների մասին, որոնք Ձեզ մոտ արդեն դրսևորվել են։ 

Սեռական առողջության և հարաբերության մասին հաղորդակցություն

Ցանկացած հարաբերության մեջ առողջ սեռական զգացողությունների համար կարևոր դեր ունի հաղորդակցումը։ Մասնավորապես, քաղցկեղի հետ կապված անհանգստություններով կիսվելը կարող է մեղմացնել դրանք։ Դա կարող է նաև խթանել հուզական կապը և վստահությունը։

Չկա սեռական հարաբերության մասին խոսելու իդեալական ժամանակ։ Սակայն, ավելի լավ է խոսել այդ մասին նախքան հարաբերություն ունենալը։

Եթե Դուք տատանվում եք Ձեր սեռական առողջության մասին խոսելիս, օգտվեք հետևյալ միջոցներից․

Նախօրոք որոշեք, թե ինչ եք ուզում ասել։ Գրի առեք Ձեր մտքերը կամ կիսվեք դրանցով ընկերոջ հետ։

Ընտրեք հանգիստ, ոչ շտապողական ժամանակ խոսելու համար։

Գտեք առանձին, չեզոք վայր քննարկման համար։

Կարող եք կիսվել մի քանի փոքր խոսակցությունների միջոցով, եթե այդպես ավելի հարմար եք զգում։

Նախօրոք պատրաստվեք բարձրաձայն սեռական տերմիններ ասել։ Մասնագետների մեծամասնությունը խորհուրդ է տալիս օգտագործել սեռական տերմիններ։ Խուսափեք ժարգոնային արտահայտություններից։

Անկեղծ եղեք պոտենցիայի խնդիրների առկայության դեպքում։ Քննարկեք տարբերակներ Ձեր երկուսի կողմից այդ խնդիրները մեղմելու համար։

Բացատրեք կամ ցույց տվեք Ձեր մարմնի ֆիզիկական փոփոխությունները։

Օգնեք Ձեր զուգընկերոջը հասկանալ թե ինչն է Ձեզ հաճույք պատճառում և ինչը անհարմարություն։

Տեղյակ պահեք Ձեր զուգըներոջը ցավի զգացողության դեպքում։

Նկատի ունեցեք, որ սեռական մտերմությունը ավելին է քան ուղղակի հարաբերությունը։ Այլ եղանակներով հաճույք ստանալու կամ պարգևելու փորձարկումներ արեք։ 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: