Քաղցկեղը և ընկերությունը

Քաղցկեղը և ընկերությունը

Քաղցկեղը կարող է շատ բաներ փոխել Ձեր կյանքում, ներառյալ Ձեր ընկերական շրջապատում։ Դուք կարող եք նկատել, որ Ձեր ընկերներից շատերն այլևս շատ ժամանակ չեն անցկացնում Ձեզ հետ։ Մյուսները կարող են ավելի մոտ դառնալ։ Դուք կարող եք նաև ձեռք բերել նոր ընկերներ Ձեր բուժման ընթացքում։ Ստորև նշված են ընկերությունը պահպանելու, աջակցություն գտնելու և որոշ ընկերների հեռանալը հասկանալու եղանակներ։

Ի՞նչ են մտածում Ձեր ընկերները

Շատ դեռահասներ և երիտասարդներ երբեք չեն ճանաչել քաղցկեղ ունեցող անձանց։ Կամ, նրանք կարող են մտածել, որ քաղցկեղն այնպիսի հիվանդություն է, որը բնորոշ է միայն ծերերին։ Այսպիսով, նրանք չգիտեն ինչպես արձագանքել Ձեր հիվանդությանը։ Ահա ընկերների արձագանքի որոշ հնարավոր տարբերակներ և պատճառներ․

• Եթե ընկերները խուսափում են Ձեզանից, չեն նշում Ձեր քաղցկեղի մասին Ձեզ հետ խոսելիս, կամ չեն զանգում Ձեզ, ապա հնարավոր է նրանք՝

  • Չգիտեն ինչ ասել;
  • Վախենում են սխալ բան ասելուց;
  • Անհանգստանում են, որ կարող են Ձեզ նեղացնել;
  • Մտածում են, որ Դուք խոսելու ցանկություն չունեք կամ ի վիճակի չեք խոսել։

• Եթե ընկերները Ձեզ չեն այցելում կամ չեն առաջարկում ինչ-որ բանել միասին, ապա հնարավոր է նրանք՝

  • Մտածում են, որ չեք ուզում այցելուներ ունենալ;
  • Վախենում են Ձեզ այլ կերպ կամ հիվանդ տեսնելուց;
  • Մտածում են, որ Դուք շատ հիվանդ եք ինչ-որ բանով զբաղվելու համար;
  • Մեղավոր են զգում զվարճանալու համար, երբ Դուք քաղցկեղ ունեք։

Ակտիվ բուժման ընթացքում, Դուք կտեսնեք Ձեր ընկերների մի մասին, բայց ոչ մյուսներին։ Դա կախված է նրանից, թե որքան մոտ եք Դուք, ինչքան կարող են նրանք տանել, և այլ գործոններից։ Դա չի նշանակում, որ Ձեր ընկերությունը մյուս ընկերների հետ ավարտված է, դա ուղղակի նշանակում է, որ դրանք տարբեր ընկերություններ են։

Ի՞նչ ասել ընկերներին

Կարող եք սկսել Ձեր քաղցկեղը և բուժումը բացատրելուց։ Նախ, որոշեք, թե ինչ կուզեք, որ տարբեր մարդիկ իմանան։ Օրինակ, կարող եք ցանկություն ունենալ հայտնել բոլոր մանրամասները Ձեր ամենամոտ ընկերոջը։ Իսկ սովորական դասընկերները կարող են լսել․ «Ես քաղցկեղ ունեմ, և այդ կապակցությամբ բուժում եմ ստանում»։ Նրան կարող են հարցնել, թե ինչ տեսակի քաղցկեղ է, և Դուք կարող եք որոշել, թե որքան ինֆորմացիա եք ուզում տալ։

Եթե նյարդայնանում եք, կարող եք նախօրոք որոշել, թե ինչ ասել։ Հիշեք, որ Դուք եք պատասխանատու Ձեր առողջության մասին տեղեկատվության համար։ Դուք պարտավոր չեք որևէ մեկին ասել այդ մասին, մինչև պատրաստ կլինեք դրան, և կարիք չկա ասել ավելին քան ցանկանում եք։ Դուք պետք է գիտակցեք, թե որքան ինֆորմացիայով եք կիսվում սոցիալական ցանցերում Ձեր քաղցկեղի մասին։ Մարդիկ հեշտությամբ մոռանում են, որ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումները շատ հանրային են և կարող են տարածվել, և կարող է դժվար լինել կառավարելը այն, թե ովքեր կարող են դա տեսնել։

Մյուս կողմից, Դուք կարող եք Ձեր մոտ ընկերների աջակցության կարիքն ունենալ։ Դուք կարող եք կատարել առաջին քայլը, եթե նրանք չեն խոսում Ձեր քաղցկեղի մասին։ Խոսեք նրանց հետ Ձեր զգացմունքների մասին, ասեք, թե որքան եք ի վիճակի անել ու ինչով կարող եք կիսվել։ Հրավիրեք նրանց ուղղակի հանգստանալու ու խոսելու համար, կամ զբաղվելու այնպիսի բաներով, որոնց համար բավարար էներգիա ունեք։ Ընկերների հետ ազատ լինելը նրանց հնարավորություն կտա Ձեզ աջակցելու։

Ինչպե՞ս կարող են օգնել ընկերները

Անկեղծ ասեք, թե ինչի կարիք ունեք և ինչով կարող են օգնել ընկերները։ Օրինակ՝

• Խնդրեք նրանց, որ զանգեն Ձեզ, անգամ, երբ նրանց թվում է թե խոսելու ցանկություն չունեք։

• Խնդրեք, որ հրավիրեն Ձեզ ինչ-որ բան անելու, անգամ, երբ ոչ միշտ կկարողանաք գնալ։ Դուք կգնաք, երբ կարողանաք։

• Խնդրեք, որ գան Ձեր տուն, երբ ինքներդ չեք կարող դուրս գալ։

• Խնդրեք նրանց Ձեզ այցելել հիվանդանոցում։ Ասեք նրանց, թե ինչ է սպասվում, հատկապես, եթե Ձեր տեսքը փոխվել է։ Դուք կարող եք հիշեցնել նրանց, որ ներքուստ Դուք նույն մարդն եք մնացել։

• Կապ պահպանեք նրանց հետ նամակագրությունների և հեռախոսազանգերի միջոցով։

• Խնդրեք Ձեր ընկերներին ուղղակի լսել Ձեզ երբեմն։

Փոփոխությունների ընդունումը

Քաղցկեղ ունենալը, հավանաբար, կփոխի Ձեր ընկերական հարաբերությունները։ Սակայն, փոփոխությունների մեծ մասը կլինեն դրական։ Այն կարող է մոտեցնել որոշ ընկերների, և ավելի հեշտացնել կարևոր հարցերի շուրջ խոսակցությունները։ Դուք կարող եք նոր ընկերներ ձեռք բերել, ներառյալ քաղցկեղ ունեցող մարդկանց, ովքեր կարող են հասկանալ Ձեր փորձությունը։ Եւ որոշ ընկերություններ երբեք չեն խամրի, անկախ նրանից, թե ինչ կլինի։

Կարևոր է ընկալել, որ քաղցկեղը Ձեզ նույնպես կփոխի։ Դուք կարող եք նոր նպատակներ ձեռք բերել, ունենալ ուրիշներին օգնելու ցանկություն, կամ ավելի լուրջ վերաբերվել ուսմանը կամ որևէ հոբբիի։ Այդ ամենը կյանքի բնականոն մասն են կազմում, անկախ նրանից՝ ունեք քաղցկեղ, թե՝ ոչ։