Քաղցկեղի դեմ պայքարը

Քաղցկեղի դեմ պայքարը երբեմն կարող է շատ դժվար լինել։ Քաղցկեղ ունեցող շատ դեռահասներ խոստովանում են, որ ունեն տարբեր տեսակի աջակցության կարիք քաղցկեղի դեմ պայքարելու ընթացքում, ինչը նրանք կարող են ստանալ իրենց ծնողների, ընկերների, քաղցկեղ ունեցող այլ դեռահասների և բուժ անձնակազմի կողմից։

Զրույց բժշկի և բուժքույրերի հետ

Սկզբնական շրջանում բժշկի և բուժքույրերի հետ զրուցելը հաճախ դժվար է լինում, բայց ամեն փորձից հետո, այն աստիճանաբար հեշտանում է: Ձեզանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ եք զգում: Բժիշկները և բուժքույրերն իրենց գործի գիտակ են և ցանկանում են օգնել, սակայն նրանք մտքեր չեն կարդում։ Դրա համար կարևոր է լինել բաց և ազնիվ՝ զգացմունքների մասին խոսելիս: 

Մի քանի խորհուրդներ, որոնք կարող են օգնել․

Ճիշտ գնահատեք Ձեր ընդհանուր վիճակը, հատկապես կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ցավը, էներգիայի և ախորժակի բացակայությունը: Ձեր բուժանձնակազմի համար կարևոր է իմանալ, թե ինչպես է օրգանիզմը դիմակայում քաղցկեղին և բուժմանը:

Եթե հիվանդանոցում եք, տեղեկացրեք բուժքույրերին, թե ինչի կարիք ունեք: Բժիշկները, բուժքույրերը և կամավորներն այդտեղ են, որպեսզի օգնեն Ձեզ հնարավորինս հարմարավետ զգալ։

Եթե սկզբնական շրջանում դեռ անհարմար եք զգում, խնդրեք Ձեր ծնողներին օգնել խնդիրը նկարագրելու համար ճիշտ բառեր գտնել:

Կարևոր է հիշել նաև, որ Ձեր բուժանձնակազմը կարող է առաջարկել Ձեզ աջակցության այլ տարբերակներ ևս, ինչպիսիք են քաղցկեղով հիվանդ դեռահասներին աջակցող խմբերը, սոցիալական աշխատողները, հոգեբանները։

Զրույց ծնողների և ընկերների հետ

Վստահելի մարդկանց հետ զրուցները (ընկերոջ, ուսուցչի) կարող են օգնել կարգավորել մտքերն ու զգացմունքները: Հիշեք՝ Ձեր ընկերներն ու ընտանիքը, հատկապես ծնողները, ամենալավ աջակիցներն են։ 

Զրույց քաղցկեղ ունեցող այլ դեռահասների հետ

Քաղցկեղ ունեցող մյուս դեռահասները հասկանում են, թե ինչ եք զգում և ինչի համար եք անհանգստանում։ Էմոցիոնալ աջակցությունից բացի՝ նրանք կարող են նաև խորհուրդներ տալ բուժման կողմնակի երևույթների դեմ պայքարելու, դպրոցում տարաձայնությունների և բժշկի հետ խոսելու հետ կապված։

Ահա որոշ խորհուրդներ քաղցկեղ ունեցող այլ դեռահասների հետ շփման համար՝

Խոսեք հիվանդանոցում հանդիպած մյուս դեռահասների հետ;

Ստուգեք՝ արդյոք հիվանդանոցում առկա՞ են աջակցության խմբեր, որտեղ քաղցկեղով հիվանդ դեռահասները հավաքվում են և փոխանակվում իրենց փորձով;

Փնտրեք կազմակերպություններ, որոնք օգնում են քաղցկեղ ունեցող մարդկանց;

Փորձեք գտնել քաղցկեղ ունեցող դեռահասների համար նախատեսված կայքեր;

Դիմեք բուժանձնակազմին՝ խորհուրդներ ստանալու համար։

Համացանց

Համացանցը կարող է հիանալի գործիք լինել քաղցկեղով հիվանդ այլ դեռահասների հետ կապ հաստատելու համար։ Վիրտուալ շփումը երբեմն ավելի հեշտ է ստացվում, հատկապես, երբ խոսքը բարդ թեմայի մասին է։ Տեղյակ պահեք Ձեր ծնողներին առցանց շփման մասին, և ուշադիր եղեք անձնական տվյալներ հաղորդելիս, ինչպիսիք են անունը, հասցեն, հեռախոսահամարը։ Մի վախեցեք հարցնել բժկին կամ բուժքրոջը կարդացած կամ լսած անծանոթ և անհանգստացնող ինֆորմացիայի մասին։ Մարդկանց բուժման պլանները և դրանց հանդեպ  ռեակցիաները կարող են տարբեր լինել։ 

Մասնագիտական օգնության ցուցաբերում

Եթե անգամ ծնողների և ընկերների կողմից աջակցություն եք ստանում, մասնագետ խորհրդատուն, սոցիալական աշխատողը կօգնեն Ձեզ և Ձեր ընտանիքին խոսել քաղցկեղի հանդեպ Ձեր վերաբերմունքի և զգացմունքների մասին։ Բուժական հաստատությունների մեծ մասն ունեն համապատասխան մասնագետներ, ովքեր օգնում են դեռահասներին քաղցկեղը հաղթահարելու գործում։ 

Գրառումներ

Եթե չեք կարողանում խոսել, գրելը կարող է օգնել։ Որոշ մարդիկ գրի են առնում մտքերը, զգացմունքները, երազանքները։ Ուրիշները գրում են պատմություններ, պոեմներ։ Դուք կարող եք ունենալ օրագիր կամ նոթատետր կյանքի այս շրջանի համար։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարտին  Հարությունյանի կողմից: