Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ քաղցկեղի մասին

Դեռահասների մոտ քաղցկեղը հազվադեպ է հանդիպում։ Դեռահասների մոտ կարող է զարգանալ քաղցկեղային հիվանդության ինչպես հիմնականում երեխաների մոտ հանդիպող, այնպես էլ մեծահասակների մոտ հանդիպող տեսակները, ինչպիսիք են մելանոման, ամորձու քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը։ Դրա հետ մեկտեղ, բժիշկները հայտնաբերել են, որ դեռահասներն ունեն հատուկ բժշկական, սոցիալական և էմոցիոնալ կարիքներ, որոնք տարբերվում են քաղցկեղով հիվանդ փոքր տարիքի երեխաներից և մեծահասակներից։

Ստորև ներկայացված են 15֊19 տարեկան դեռահասների մոտ քաղցկեղի առավել տարածված տեսակները.

Հոջկինի լիմֆոմա (16%) և ոչ Հոջկինյան լիմֆոմա (8%);

Հերմինոգեն ուռուցքներ, ներառյալ ամորձու և ձվարանի քաղցկեղներ (16%);

Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ (10%);

Վահանաձև գեղձի քաղցկեղ (7%);

Մելանոմա (7%);

Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա (ՍԼԼ) (6%);

Փափուկ հյուսվացքների սարկոմա (7%);

Օստեոսարկոմա (5%);

Սուր միելոիդ լեյկեմիա (ՍՄԼ) (5%);

Յուինգի սարկոմա (2%);

Այլ քաղցկեղներ (12%)։

Ուսուցում քաղցկեղի մասին

Քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկացվածությունը և բուժման ընթացքի սպասելիքների իմացությունը կարող է օգնել դեռահասներին ավելի լավ զգալ և քիչ մտահոգվել։ Ահա քաղցկեղի մասին տեղեկություններ գտնելու մի քանի եղանակ.

Խոսեք բժշկի հետ հանդիպման ժամանակ և հարցեր տվեք։ Ձեր մասնակցությունը  բուժման գործընթացին կօգնի զգալ իրավիճակի վերահսկողությունը։ Խոսեք քաղցկեղի և բուժման մասին Ձեր ծնողների և բժշկի հետ, որպեսզի կարողանաք լիովին հասկանալ;

Այցելեք համացանցում քաղցկեղի մասին հասանելի կայքերից մեկը, այդ թվում դեռահասների համար նախատեսված։ Պարզապես հիշեք, որ համացանցում կարդացած ամեն ինչ չէ, որ վստահելի է և արդիական։ Այն ինչ կգտնեք համացանցում կարող է նաև կիրառելի չլինել Ձեզ համար։ Խնդրեք Ձեր բժշկին խորհուրդ տալ մի քանի լավ կայքեր կամ գտնել այլ ռեսուրսներ քաղցկեղով հիվանդ դեռահասների համար;

Խնդրեք Ձեր բժշկին տալ Ձեզ հիվանդների համար նախատեսված տեղեկություններ;

Կապվեք այլ դեռահասների աջակից խմբերի հետ, ովքեր ունեն քաղցկեղի նույն տեսակը ինչ Դուք, կամ բուժվել են դրանից;

Քաղցկեղի մասին տեղեկությունները շատ են, ուստի պետք չէ մտածել, թե ամեն ինչ անհրաժեշտ է կարդալ տվյալ պահին։ Քննարկեք համացանցում կարդացած տեղեկությունները Ձեր բժշկի հետ։

 

Քաղցկեղի բուժման մասնագետի և կենտրոնի որոնում

Հաճախ քաղցկեղով հիվանդ դեռահասները բուժում են ստանում մասնագիտացված քաղցկեղային կենտրոններում, որտեղ միասին աշխատում են տարբեր բժիշկներ, պլանային բուժման նպատակով։ Բժիշկները կարող են լինել ուռուցքաբաններ, ովքեր մասնագիտացել են քաղցկեղի դեղորայքային բուժման մեջ, և մանկական ուռուցքաբաններ, ովքեր բուժում են քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Ձեր ներկա բժիշկը կամ բուժքույրը կարող են նաև օգնել Ձեզ և Ձեր ծնողներին գտնել ուռուցքաբան կամ մանկական ուռուցքաբան, ով մասնագիտացած է դեռահասների և երիտասարդների ուռուցքաբանության ոլորտում։ Իմացեք ավելին Ձեր ընտրած բուժհաստատության մասին։

Հասկացեք Ձեր բուժման տարբերակները

Քաղցկեղը բուժվում է տարբեր եղանակներով, կախված տեսակից, տեղակայումից և տարածվածությունից։ Ձեր ուռուցքաբանը պետք է աշխատի Ձեր և Ձեր ծնողների հետ, որպեսզի կազմի բուժման պլան, որը կներառի Ձեր բուժման տարբերակները և տևողությունը։ Բուժման պլանավորման համար կարևոր է լինել պատրաստ և իմանալ բուժումից սպասվող ակնկալիքները։

Քաղցկեղով հիվանդ շատ դեռահասներ բուժում են ստանում կլինիկական փորձարկումների շրջանակներում։ Կլինիկական փորձարկումը բուժման նոր մոտեցման հետազոտությունն է,որի նպատակն է գնահատել դրա անվտանգությունը, էֆեկտիվությունն ու ստանդարտ բուժման հանդեպ ունեցած հնարավոր առավելությունները։ Կլինիկական փորձարկումների շրջանակներում կարող են հետազոտվել նոր դեղամիջոցներ, ստանդարտ բուժումների նոր համադրություններ կամ ընդունված բուժման մոտեցումների նոր դոզաներ։

Եթե Դուք 18 տարեկանից փոքր եք, Ձեր ծնողները պետք է օրինական կերպով համաձայնություն տան կլինիկական փորձարկման մասնակցելու համար։ Սակայն, Դուք նույնպես պետք է տեղեկացված համաձայնություն տաք, ինչը կնշանակի, որ Դուք հասկանում եք, թե ինչ է տեղի ունենալու ուսումնասիրության ժամանակ և համաձայն եք մասնակցել։ Խնդրեք Ձեր բժշկին պարզել՝ կա՞ն արդյոք կլինիկական փորձարկումներ Ձեզ համար։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարիամ Սարգսյանի կողմից: