Մանկական մեդուլոբլաստոմայի վերաբերյալ տեղեկություններ առաջնային օղակի բժիշկների համար

ԿՆՀ ուռուցքները երեխաների ամենահաճախ հանդիպող չարորակ սոլիդ ուռուցքներն են։

Բնորոշում

Մեդուլոբլաստոման գերազանցապես մանկական հասակում առաջացող էմբրիոնալ նեյրոէպիթելիալ ուռուցք է, որը ծագում է ուղեղիկից կամ հետին ուղեղացողունից և կազմված է խիտ դասավորված փոքր, կլոր չտարբերակված բջիջներից, որոնք ունեն թույլից չափավոր կորիզային պոլիմորֆիզմ և բարձր միտոտիկ ակտիվություն:

Մեդուլոբլաստոման ԿՆՀ-ի ամենահաճախ հանդիպող էմբրիոնալ ուռուցքն է և հանդիսանում է երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ սոլիդ ուռուցքը: Մեդուլոբլաստոման շատ ագրեսիվ չարորակ ուռուցք է և առանց բուժման շատ արագ կարող է հանգեցնել մահվան: Սակայն միևնույն ժամանակ այն բավական զգայուն է քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման նկատմամբ և ներկայումս կիրառվող բուժման կոմբինացված սխեմաները թույլ են տալիս առողջացնել առաջնակի ախտորոշված մեդուլոբլաստոմով երեխաների մինչև 70%-ին, սակայն այս ցուցանիշը մեծապես կախված է տարբեր պրոգնոստիկ գործոնների առկայությունից կամ բացակայությունից:

Հանդիպման հաճախականությունը

Էմբրիոնալ ուռուցքները կազմում են երեխաների շրջանում առաջացող առաջնակի ԿՆՀ ուռուցքների 20-25% (գլխուղեղի չարորակ ուռուցքների և պիլոցիտային աստրոցիտոմաների ընդհանուր խմբում)։ Այս ուռուցքները կարող են առաջանալ մանկության ողջ ընթացքում, բայց գերազանցապես ի հայտ են գալիս վաղ մանկական հասակում։  1-9 տարեկան երեխաների շրջանում էմբրիոնալ ուռուցքները հանդիպում են 5-10 անգամ ավելի հաճախ քան մեծահասակների մոտ։ Հիվանդացության պիկը լինում է 5-9 տարեկանների շրջանում։ Հիվանդների մոտավորապես 70%-ն ախտորոշվում են մինչև 20 տարեկանը։ Հիվանդացությունը քիչ բարձրանում է 20-24 տարեկանների մոտ, իսկ չորրորդ տասնամյակից հետո այն հազվադեպ է: 

Մեդուլոբլաստոմաները կազմում են մանկական էմբրիոնալ ուռուցքների մեծ մասը և առաջանում են հետին գանգափոսում, որտեղ նրանք կազմում են այդ շրջանի ուռուցքների մոտավորապես 40 %-ը: 

Ախտորոշում և փուլավորում 

Պատկերավորումը և ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈւՈՀ) ուսումնասիրությունը ներառված են մեոդուլոբլաստոմաների ախտորոշման և փուլավորման պլանում։

Պատկերավորում

Մեդուլոբլաստոմայի ախտորոշումը հիմնականում կատարվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) միջոցով։ ՄՌՏ-ն առավել նախընտրելի  է, քանի որ այս մեթոդով առավել լավ են վիզուալիզացվում ուռուցքի անատոմիական հարաբերությունները շրջապատող հյուսվածքների հետ և ուռուցքի տարածվածությունը:

Ուռուցքի հակումը տարածվել ամբողջ ԿՆՀ-ում հիվանդության վաղ փուլերում, պահանջում է  նեյրոաքսիսի պատկերավորում, որի համար կատարվում է ամբողջ գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ քննություն։ Նախընտրելի է այն կատարել մինչև վիրահատությունը՝ հետվիրահատական արտեֆակտներից, հատկապես արյունից խուսափելու համար։ Այսպիսի պատկերավորումը կարող է դժվար լինել վերլուծել, և պետք է կատարվի ամենաքիչը 2 հարթությամբ, կոնտրաստային ուժեղացմամբ (գադոլինիումով) և առանց դրա(10)։ 

Վիրահատությունից հետո առաջնային ուռուցքի շրջանի ՄՌՏ պատկերավորումը ցուցված է մնացորդային հիվանդության չափը գնահատելու համար։ Այն հիմնականում իրականացվում է վիրահատությունից հետո 24-72 ժամվա ընթացքում:

ՈՒՈՀ-ի քննությունը

Վիրահատությունից հետո կատարվում է լումբար պունկցիա (եթե անվտանգ է) ՝ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննությամբ: Նյարդապատկերումը և ուղեղ-ողնուղեղային հեղուկի գնահատումը համարվում են իրար լրացնող քննություններ, քանի որ 10% հիվանդների մոտ ուղեղ-ողնուղեղային հեղուկում կարող են լինել ազատ լողացող ուռուցքային բջիջներ ՄՌՏ քննությամբ լեպտոմենինգեալ սերմնացրման բացակայության պայմաններում:

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննությունը, որպես օրենք կատարվում է վիրահատությունից 14-21 օր անց։ Եթե ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննությունը կատարվել է վիրահատությունից հետո 14 օրվա ընթացքում, ողնուղեղային հեղուկում ուռուցքային բջիջների հայտնաբերումը կարող է կապված լինել վիրահատական միջամտության հետ։ Եթե ՈՒՈՀ ստացվել է վիրահատությունից հետո առաջին օրերին և նրանում հայտնաբերվել են ուռուցքային բջիջներ, ապա լումբար պունկցիան պետք է կրկնել, իսկ եթե լումբար հեղուկի ստացումը տվյալ պահին ապահով չէ, կարելի է հեղուկ ստանալ փորոքից, սակայն այդ մեթոդը ավելի քիչ զգայուն է, համեմատած լումբար պունկցիայով ստացված ՈւՈՀ-ի հետազոտության հետ։

Քանի որ էմբրիոնալ ուռուցքներն ախտորոշման ժամանակ շատ հազվադեպ են մետաստազներ տված լինում դեպի ոսկրեր, ոսկրածուծ կամ մարմնի այլ մասեր, ոսկրածուծի ասպիրացիա, կրծքավանդակի ռենտգեն քննություն կամ ոսկրերի սկանավորում որպես օրենք չի պահանջվում, քանի դեռ չկան այդ օրգանների ախտահարման նշաններ։

Կանխատեսման գործոններ

Կան մի շարք գործոններ, որոնք կանխատեսում են մեդուլոբլաստոմայի բուժումից հետո հիվանդության կրկնման հավանականությունը:  

Հիվանդության ելքը կանխատեսող հիմնական գործոններն են համարվում.

    • Ախտորոշման պահին ԿՆՀ-ում հիվանդության տարածվածությունը,

    • Տարիքն ախտորոշման ժամանակ,

    • Վիրահատությունից հետո մնացորդային հիվանդության չափը,

    • Ուռուցքի ախտահյուսվածաբանությունը,

    • Ուռուցքային բջջի մոլեկուլար կենսաբանական առանձնահատկությունները․

Մեդուլոբլաստոմայի հյուսվածաբանական ենթատեսակները

ԱՀԿ կողմից առանձնացվում են մեդուլոբլաստոմայի հետևյալ 4 հյուսվածաբանական տեսակները.

    • Մեդուլոբլաստոմա, դասական,

    • Մեդուլոբլաստոմա, դեսմոպլաստիկ/հանգուցավոր

    • Մեդուլոբլաստոմա, արտահայտված հանգուցավորությամբ (ՄԲԱՀ),

    • Մեդուլոբլաստոմա, խոշոր բջջային/անապլաստիկ:

Մեդուլոբլաստոմայի մոլեկուլային ենթատեսակները

2016թ․-ին ԱՀԿ առանձնացնում է մեդուլոբլաստոմայի հետևյալ մոլեկուլյար ենթատեսակները.

    • WNT-ակտիվացված մեդուլոբլաստոմա,

    • SHH-ակտիվացված և TP53-մուտացված մեդուլոբլաստոմա,

    • SHH-ակտիվացված և TP53-վայրի տիպ մեդուլոբլաստոմա,

    • Ոչ-WNT/ոչ-SHH մեդուլոբլաստոմա

        ◦ Մեդուլոբլաստոմա, 3-րդ խումբ

        ◦ Մեդուլոբլաստոմա, 4-րդ խումբ:

Մեդուլոբլաստոմայի հետ ասոցացված ժառանգական նախատրամադրվածության համախտանիշներ

Մոտավորապես 5 % հիվանդների դեպքում մեդուլոբլաստոման կապված է ժառանգական քաղցկեղի նախատրամադրվածության համախտանիշների հետ: 1000-ից ավելի մեդուլոբլաստոմա ախտորոշումով հիվանդների մասնակցությամբ մեծ հետազոտությունը մոտավորապես 5% հիվանդների մոտ հայտնաբերվել է սաղմնային գծի մուտացիաներ, հիմնականում APC, BRCA2, PALB2, PTCH1, SUFU, TP53 գեներում: 

Մեդուլոբլաստոմայի հետ կապված համախտանիշները ներառում են․ 

    • Տուրկոյի համախտանիշ,

    • Ռուբինշտեյն-Թեյբիի համախտանիշ,

    • Գորլինի համախտանիշ, 

    • Լի-Ֆրաումենի համախտանիշ,

    • Ֆանկոնիի անեմիա:

Երբեմն մեդուլոբլաստոման կարող է լինել այս նախատրամադրող գեների սաղմնային մուտացիաների առաջին դրսևորումը։ 

Հիվանդության դրսևորումները

Սահմանման համաձայն, մեդուլոբլաստոմաները պետք է առաջանան հետին գանգափոսում: Մոտավորապես 80% երեխաների մոտ մեդուլոբլաստոմաներն առաջանում են 4-րդ փորոքի շրջանում։ Հիմնականում վաղ սիմպտոմատիկան կապված է ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքի արգելափակման և արդյունքում առաջացող հիդրոցեֆալիայի հետ։ Մեդուլոբլաստոմայով հիվանդ երեխաները սովորաբար ախտորոշվում են ախտանշանները սկսվելուց հետո 2-3 ամիսների ընթացքում։ Մեդուլոբլաստոման հիմնական դրսևորվում է հետևյալ նշաններով ու ախտանիշներով․

    • Համեմատաբար կտրուկ սկիզբ ունեցող գլխացավեր, հատկապես առավոտյան արթնանալիս,

    • Սրտխառնոց և/կամ փսխում,

    • Լեթարգիա,

    • Ատաքսիա, ներառյալ քայլվածքի անկայունություն,

    • Նիստագմ այս կամ այն աստիճանի,

    • Պապիլէդեմա։

Մեդուլոբլաստոմայով հիվանդների 20%-ն ախտորոշման պահին չեն ունենում հիդրոցեֆալիա, նրանց մոտ հիվանդությունը կարող է սկսվել ուղեղիկային դեֆիցիտի նշաններով։ Օրինակ՝ ուղեղիկի ավելի լատերալ դիրքում տեղակայված մեդուլոբլաստոմաները կարող է չառաջացնեն հիդրոցեֆալիա, այլ ավելի հավանական է, որ առաջացնեն ուղեղիկային դիսֆունկցիա (ապենդիկուլյար ատաքսիա), որը դրսևորվում է միակողմանի դիզմետրիայով, անկայունությամբ, նույն կողմի 6-րդ և 7-րդ գանգուղեղային նյարդերի թուլությամբ։ Հետագայում, երբ ուռուցքն աճում է դեպի միջին գիծ և արգելափակում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը, ավելի դասական ախտանիշները՝ կապված հիդրոցեֆալիայի հետ, դառնում են ակնհայտ։

Գանգուղեղային նյարդերի ախտահարման նշաններն ավելի հազվադեպ են, բացառությամբ միակողմանի և երկկողմանի 6-րդ նյարդի պարալիզի, որը սովորաբար կապված է հիդրոցեֆալիայի հետ։ Երբեմն մեդուլոբլաստոման կարող է ունենալ բուռն սկիզբ՝ լեթարգիայով և գիտակցության կորստով՝ պայմանավորված ներուռուցքային արյունազեղումով:

Կրծքահասակ երեխաների մոտ (<1 տարեկան) մեդուլոբլաստոմայի կլինիկական դրսևորումներն ավելի փոփոխական են, և կարող են ներառել.

    • Ոչ սպեցիֆիկ լեթարգիա,

    • Պսիխոմոտոր հապաղում,

    • Զարգացման փուլերի կորուստ,

    • Սնման հետ կապված դժվարություններ։

Զննման ժամանակ կարող է նկատվել առաջային գաղթունի արտափքվածություն՝ ներգանգային ճնշման բարձրացման պատճառով, և աչքերի անկանոն շարժումներ, ներառյալ աչքերի դևիացիա ներքև (կոչվում է մայրամուտի ախտանիշ) հայացքը վերև տանելու հնարավորության կորուստ միջին ուղեղի ծածկի կոմպրեսիայի պատճառով:

Փուլավորում

Պատմականորեն, փուլավորումը հիմնված էր ուռուցքի չափի և տարածման ներվիրահատական գնահատման վրա, որից հետո ավելացվում էր գլխուղեղի և ողնուղեղի հետվիրահատական պատկերավորումը և ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական քննությունը։ Ներկայումս ներվիրահատական ուռուցքի տարածվածության գնահատումը դուրս է մղվել մինչև ախտորոշումը նեյրոաքսիսի պատկերավորմամբ և հետվիրահատական պատկերավորմամբ՝ վիրահատությունից հետո մնացորդային ուռուցքի չափսը որոշելու համար։ Ներկայումս փուլավորման համար օգտագործվող հետազոտություններն են․

    1. Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ քննություն, որը հիմնականում կատարվում է մինչև վիրահատությունը

    2. Գլխուղեղի հետվիրահատական ՄՌՏ քննություն, մնացորդային հիվանդությունը հայտնաբերելու համար։

    3. Լումբար պունկցիայով ստացված ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական քննություն։

Ուռուցքի տարածումը սահմանվում է, որպես՝

    • M0 չկա տարածում,

    • M1 միայն ՈւՈՀ-ի բջջաբանական դրական տեստ,

    • M2 մակրոսկոպիկ հանգուցային տարածում ուղեղիկ-ուղեղային սուբարախնոիդալ տարածությունում և/կամ կողմնային կամ երրորդ փորոքներում,

    • M3 մակրոսկոպիկ հանգուցային տարածում ողնուղեղային սուբարախնոիդալ տարածությունում,

    • M4 մետաստազներ ԿՆՀ-ից դուրս։

Հետվիրահատական ուռուցքի մնացորդային ծավալից կախված մեդուլոբլաստոմայի վիրահատությունները բաժանվում են.

    • Ամբողջական ռեզեկցիա/գրեթե ամբողջական ռեզեկցիա․ ռեզեկցիայից հետո մնացորդային հիվանդության բացակայություն կամ նվազագույն չափով մնացորդային ուռուցք (≤1,5cm2)

    • Սուբտոտալ ռեզեկցիա. հետվիրահատական մնացորդային ուռուցք (>1,5cm2)

    • Բիոպսիա. ռեզեկցիա չի կատարվել, միայն ուռուցքից նմուշ է վերցվել։

1990-ական թվականներից սկսած պրոսպեկտիվ հետազոտություններում օգտագործվել է այս փուլավորման եղանակը հիվանդներին միջին և բարձր ռիսկի ենթախմբերում առանձնացնելու համար։

Դիֆուզ անապլազիայի առկայությունը ներառված է փուլավորման համակարգում, որպես լրացում։ Երբ հյուսվածաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվում է դիֆուզ անապլազիա (անապլազիա հեռացված հյուսվածքի ավելի քան 50%-ում), այլապես միջին ռիսկի խումբ ընկնող հիվանդները անցնում են բարձր ռիսկի խումբ։

Ռիսկի ստրատիֆիկացիան

Ռիսկի ստրատիֆիկացիան հիմնվում է տարածված հիվանդության նեյրոռադիոգրաֆիկ գնահատման, ՈՒՈՀ-ի բջջաբանական քննության, մնացորդային հիվանդության հետվիրահատական նյարդապատկերավորման գնահատման և հիվանդի տարիքի վրա։ 3 տարեկանից բարձր հիվանդները ստորաբաժանվում են հետևյալ երկու ռիսկի խմբերի.

Միջին ռիսկ։ 3 տարեկանից բարձր տարիքի երեխաներն, ովքեր ունեցել են ամբողջական կամ գրեթե ամբողջական ռեզեկցիա (մնացորդային հիվանդությունը ≤1,5սմ2) և չունեն մետաստազներ:

Բարձր ռիսկ։ 3 տարեկանից բարձր, մետաստազներով և/կամ սուբտոտալ ռեզեկցիայով(մնացորդային ուռուցքը >1,5սմ2) երեխաները։ Մետաստատիկ հիվանդությունը ներառում է հիվանդության տարածման նեյրոռադիոգրաֆիկ ապացույց, վիրահատությունից 14 օր հետո կատարված գոտկային կամ փորոքային ՈՒՈՀ-ի դրական բջջաբանական քննություն կամ արտանյարդային հիվանդություն Միջին ռիսկի խմբում գտնվող երեխաները, ում մոտ նկատվում է դիֆուզ անապլազիա, անցնում են բարձր ռիսկի խումբ։

Ավելի երիտասարդ երեխաների մոտ (որոշ հետազոտություններում 3 տարեկանից փոքր երեխաների, որոշներում՝ 4-5 տարեկանից փոքր երեխաների համար) կիրառվում են նմանատիպ ստորաբաժանումներ՝ միջին ռիսկ (չկա տարածում և մնացորդային ուռուցքը ≤1,5սմ2) և բարձր ռիսկ (տարածված հիվանդություն և/կամ մնացորդային ուռուցքը >1,5սմ2)։ Հյուսվածաբանորեն դեսմոպլազիայի հայտնաբերումը նույնպես օգտագործվում է ավելի բարենպաստ ռիսկի ենթախմբում հիվանդներին ստրատիֆիկացնելու համար, հատկապես ՄԲԱՀ հյուսվածաբանական ենթատեսակի համար։ 

Ախտորոշման ժամանակ ռեզեկցիայի ծավալի հիման վրա ռիսկի խմբերում բաժանումը չի կանխագուշակում բուժման ելքը։ Մոլեկուլային  գենետիկ և հյուսվածաբանական գործոններն ավելի ինֆորմատիվ են, չնայած դրանք պետք է գնահատվեն հիվանդի տարիքի, ախտորոշման պահին հիվանդության տարածվածության, ստացած բուժման համատեքստում։ 

Մեդուլոբլաստոմաների բուժման ընդհանուր մոտեցումները

•Մանկական հասակի նոր ախտորոշված մեդուլոբլաստոմա

  • 3 տարեկան և ավելի փոքր երեխաներ
  1. Վիրահատություն
  2. Ադյուվանտ քիմիաթերապիա
  • 3 տարեկանից մեծ երեխաներ միջին ռիսկի մեդուլոբլաստոմայով
  1. Վիրահատություն 
  2. Ադյուվանտ ճառագայթային թերապիա
  3. Ադյուվանտ քիմիաթերապիա
  • 3 տարեկանից մեծ երեխաներ բարձր ռիսկի մեդուլոբլաստոմայով
  1. Վիրահատություն
  2. Ադյուվանտ ճառագայթային թերապիա
  3. Ադյուվանտ քիմիաթերապիա

Մանկական հասակի ռեցիդիվող մեդուլոբլաստոմայի համար ստանդարտ բուժական սխեմաներ չկան։

Կրկնվող մանկական մեդուլոբլաստոմայի բուժումը

ԿՆՀ էմբրիոնալ ուռուցքների կրկնությունը հաճախ է հանդիպում և սովորաբար առաջանում է  բուժումը սկսելուց հետո 36 ամսվա ընթացքում: Սակայն ուռուցքի կրկնողություն կարող է լինել սկզբնական բուժումից հետո նաև տարիներ անց: Ռեցիդիվի ժամանակ հիվանդությունը կարող է կրկնվել առաջնային ախտահարման օջախում կամ տարածվել այլ օրգաններ: Հեռակա մետաստազները կարող են ընդգրկել ողնուղեղային լեպտոմենինգեալ թաղանթները, ինտրակրանիալ շրջանները և ուղեղողնուղեղային հեղուկը` առանձին-առանձին կամ ցանկացած համակցմամբ, և կարող են կապված լինել առաջնային ուռուցքի շրջանում ռեցիդիվի հետ: Կարող է առաջանալ նաև հիվանդության ռեցիդիվ ԿՆՀ-ից դուրս, սակայն սա հազվադեպ երևույթ է և գերազանցապես ի հայտ է գալիս այն հիվանդների շրջանում, որոնք ստացել են միայն ճառագայթային բուժում: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ չտարածված ուռուցքային ախտահարման դեպքում` անկախ ստացած ճառագայթման դոզայից կամ քիմիաթերապիայի տեսակից, հիվանդների մոտավորապես  մեկ երրորդի մոտ հիվանդության կրկնողությունը լինում է միայն ախտահարման առաջնային օջախում, մեկ երրորդի մոտ՝ և առաջնային օջախում և հեռակա մետաստատիկ ախտահարմամբ, և մեկ երրորդի մոտ դիտվում է հիվանդության կրկնողություն միայն հեռակա մետաստատիկ ախտահարմամբ: 

Բուժման տարբերակները

Մանկական ԿՆՀ մեդուլոբլաստոմաների ռեցիդիվի ժամանակ չկան բուժման ստանդարտ տարբերակներ: Երեխաների մեծամասնության համար անցկացվում է պալիատիվ բուժում: Հիվանդության կառավարումը ժամանակավոր է այն հիվանդների համար, որոնք անցյալում անցել են ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա: Նման պացիենտների ավելի քան 80%-ի մոտ դիտվում է հիվանդության պրոգրեսիա 2 տարվա ընթացքում: Այն երեխաների շրջանում, որոնք երբեք չեն անցել ճառագայթային թերապիա (մեծամասամբ ախտորոշման ժամանակ 3 տարեկանից փոքրերի մոտ), հիվանդությունը  հնարավոր է ավելի երկար վերահսկել կրկնակի վիրահատության, ճառագայթային թերապիայի և քիմիոթերապիայի միջոցով:

Բուժման հնարավոր տարբերակներն են`

    1. Վիրահատական բուժում

    2. Ճառագայթային թերապիա 

    3. Քիմիաթերապիա 

    4. Բարձր դեղաչափով քիմիաթերպիա` ցողունային բջիջների փոխպատվաստումով

    5. Մոլեկուլյար թիրախային թերապիա

Հսկողությունը բուժումից հետո

Հսկողություն համար գլխուղեղի և ողնուղեղի պատկերավորումը կատարվում է հատուկ նշանակված ինտերվալներով բուժման ժամանակ և բուժումից հետո։ Այդպիսի պատկերավորման հաճախականությունը, որը միտված է հայտնաբերելու հիվանդության կրկնությունը վաղ, առանց ախտանիշների փուլում, որոշվել է կամայականորեն և ցույց չի տվել հստակ ազդեցություն ապրելիության վրա: Աճի հորմոններով փոխարինող թերապիան չի մեծացնում հիվանդության կրկնության հավանականությունը։

Մեդուլոբլաստոմայով հիվանդ երեխաների հսկողությունը բուժման ընթացքում և դրանից հետո

Ախտորոշումից հետո առաջին 3 տարիներն 3 ամիսը մեկ անգամ

  • Ֆիզիկական քննություն
  • Գլխուղեղի պատկերավորում 3 ամիսը մեկ անգամ առաջին 3 տարում: Ողնուղեղի ՄՌՏ 3 ամիսը մեկ անգամ առաջին 2 տարում, այնուհետև 6 ամիսը մեկ անգամ 1 տարի
  • Էնդոկրինոլոգիական գնահատում տարին մեկ անգամ
  • Նյարդահոգեկան վիճակի քննություն ամեն 1-2 տարին մեկ

Ախտորոշումից 3-5 տարի հետո 

  • Ֆիզիկական քննություն 6 ամիսը մեկ անգամ
  • Գլխուղեղի և ողնուղեղի պատկերավորում 6 ամիսը 1 անգամ
  • Էնդոկրինոլոգիական գնահատում տարին մեկ անգամ
  • Նյարդահոգեկան վիճակի քննություն ամեն 1-2 տարին մեկ

Ախտորոշումից 5 և ավելի տարի անց տարին մեկ անգամ

  • Ֆիզիկական քննություն
  • Գլխուղեղի պատկերավորում 
  • Էնդոկրինոլոգիական գնահատում 
  • Նյարդահոգեկան վիճակի քննություն ամեն 1-2 տարին մեկ (ոչ պարտադիր)

Մանկական և պատանեկան տարիքի քաղցկեղ ունեցած հիվանդները պարբերաբար պետք է անցնեն  մոնիթորինգ, քանի որ բուժման կողմնակի երևույթները կարող են մնալ երկար ժամանակ կամ առաջանալ բուժումից հետո ամիսներ կամ տարիներ անց։

Կարդացեք նաև՝ Գլխուղեղի ուռուցքների ախտորոշումը երեխաների մոտ   

Նյութը պատրաստվել է Մանկական ԿՆՀ Ուռուցքների Մուլտիդիսցիպլինար Աշխատանքային Խմբի կողմից։

  Գրականության ցանկ՝

1. Pan American Health Organization. Early Diagnosis of Childhood Cancer. Washington (DC): Pan American Health Organization; 2014. http://iris.paho.org/xmlui/handle/123456789/34850. Accessed November 29, 2019.

2. Arnautovic A, Billups C, Broniscer A, Gajjar A, Boop F, Qaddoum I. Childs Nerv Syst. 2015;31(7):1067-1077.