Ինչպե՞ս խոսել քաղցկեղ ունեցող անձի հետ

Քաղցկեղ ախտորոշումն ուղեկցվում է տխրության, զայրույթի, խառնաշփոթության և անօգնականության զգացողությունների հետ: Քաղցկեղ ախտորոշմամբ մարդու համար օգտակար է, երբ ընկերներն ու ընտանիքը ապահովում են մխիթարական ներկայություն և գործնական աջակցություն: Մյուս կողմի համար հաճախ դժվար է հասկանալ, թե ինչ ասել կամ ինչպես զրույց սկսել քաղցկեղ ունեցող մեկի հետ: Այնուամենայնիվ, շփվելը միշտ գերադասելի է հեռու մնալուց: Ահա որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ցույց տալ Ձեր աջակցությունը. 

Ցուցումներ ստացեք քաղցկեղ ունեցող անձից․ Հարցրեք քաղցկեղ ունեցող անձին, արդյո՞ք նա կցանկանա խոսել այս փորձության մասին: Ավելի լավ է թույլ տալ, որպեսզի ինքը որոշի, թե երբ է խոսելու և որքան է կիսվելու Ձեզ հետ:

Աջակցություն ցուցաբերեք առանց բառերի․ Ձեր մարմնի և դեմքի արտահայտությունները կարող են նաև փոխանցել Ձեր խնամքի և աջակցության հաղորդագրությունը: Խոսակցության ընթացքում պահպանեք ակնային կոնտակտը, լսեք ուշադիր և խուսափեք շեղումներից: Աջակցություն ցուցաբերելու կարևոր  եղանակ է լռությամբ կիսվելը՝ առանց ավելորդ խոսակցությունների: 

Զգուշությամբ ընտրեք բառերը․ Համոզվեք, որ հասկանում եք, թե որքան դժվար է այդ փորձությունը տվյալ անձի համար: Ձեր ասելիքի զգույշ ընտրությունը կօգնի ցույց տալ աջակցությունը ՝ առանց թեման անտեսելու: Օրինակ ՝ ավելի լավ է ասել ՝ «չգիտեմ ինչ ասել», քան վախից դադարեցնել զանգերն կամ հանդիպումները:

Ահա որոշ արտահայտություններ, որոնք Դուք կարող եք ասել ՝ Ձեր մտահոգությունն ու աջակցությունն արտահայտելու համար․

• Ցավում եմ, որ դա պատահեց քեզ հետ;

• Եթե խոսելու ցանկություն ունենաս, ես միշտ պատրաստ կլինեմ քեզ լսել;

• Ի՞նչ ես մտածում անել, և ինչպե՞ս կարող եմ օգնել;

• Ես անհանգստանում եմ քեզ համար;

• Ես մտածում եմ քո մասին;

 Ահա անօգուտ արտահայտությունների օրինակներ.

• Ես գիտեմ, թե ինչ ես զգում;

• Ես միայն գիտեմ, թե ինչ պետք է անել;

• Ես գիտեմ մեկին, ով ճիշտ նույն ախտորոշումն ուներ;

• Վստահ եմ, որ լավ կլինի;

• Մի անհանգստացիր;

• Որքա՞ն ժամանակ ունես: 

Ակտիվ լսելու հմտություն ձեռք բերեք․ Սա հնարք է, որը մասնագետները օգտագործում են հարգանք ցուցաբերելու համար: Սա օգտակար միջոց է մարդու խոսքերի և զգացմունքների հետ ձեր ունեցած կապը ցույց տալու համար։ Ակտիվ ունկնդիր լինելու համար սևեռեք Ձեր ամբողջ ուշադրությունը, փորձեք չմտածել այն մասին, թե ինչ եք պատասխանելու, մի շտապեք խոսակցությունը ավարտին հասնել։

Զգույշ եղեք հարցեր ուղղելիս․ Ուշադիր ձևակերպեք ձեր հարցերը և հաշվի առեք զրույցի ընթացքում ձեր կողմից տրվող հարցերի քանակը: Քաղցկեղով հիվանդ մարդիկ հաճախ իրենց ընկերների և ընտանիքի անդամների կողմից շատ հարցեր են ստանում, և դա կարող է հոգնեցուցիչ լինել:

Համոզվեք, որ տեղին է խորհուրդներ տալը․ Նախքան որևէ խորհուրդ տալը, թույտվություն ստացեք, և պատրաստ եղեք մերժման դեպքում կանգ առնելու: Անցանկալի խորհուրդը կարող է ավելորդ սթրեսի պատճառ դառնալ:

Եղեք անկեղծ , բայց մի ծանրաբեռնեք․ Արտահայտեք տվյալ անձի քաղցկեղ ախտորոշման մասին Ձեր ունեցած զգացմունքները, ինչպիսիք են վախը, անհանգստությունը, զայրույթը կամ թերհավատությունը: Բայց փորձեք հակիրճ լինել Ձեր բացատրություններում: Ձեր ունեցած բարդ հույզերն արտահայտելու վրա շատ ժամանակ ծախսելը կարող է ճնշող լինել քաղցկեղ ունեցող անձի համար։ Եթե Ձեզ մոտ չի ստացվում հանգստություն պահպանել,  ինքներդ Ձեզ հանդարտվելու համար ժամանակ տվեք նախքան նորից խոսելը: Հույզերը կառավարելու հարցում Ձեզ կարող է օգնել հոգեբանի հետ հանդիպումը։

Խոսեք քաղցկեղից բացի այլ թեմաների մասին․ Սովորական թեմաների մասին խոսելը կարող է օգնել հավասարակշռության զգացում ապահովելու հարցում: Նպատակը ոչ թե Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին շեղելն է, այլ ծանր խոսակցություններից դադար վերցնելն ու առօրյա հետաքրքրություններին ներգրավվելը:

Խրախուսեք անձի ներգրավվածությունը․ Օգնեք Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին ներգրավված մնալ իր ամենօրյա գործունեությանը և շարունակել հի սովորությունները։ Այդ քայլերն օգնում են քաղցկեղ ունեցող շատ մարդկանց իրենց անծանոթ բազմաթիվ փորձություններ ընդգրկող ժամանակաշրջանում։ Այնունամենայնիվ, քաղցկեղի կամ դրա բուժման պատճառով էներգիայի և ժամանակի պակասը որոշ մարդկանց կտրում է իրենց առօրյա գործունեությունից։

Դուք կարող եք օգնել Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին ընտրել այն առաջնահերթ գործառույթները, որոնցով նրանք ուզում են զբաղվել։ Օրինակ, Դուք կարող եք առաջարկել քաղցկեղ ունեցող Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին խնայել էներգիա իր երեխայի մրցմանը կամ դպրոցի ներկայացմանը ներկա գտնվելու համար՝ գտնելով կամավորներ, ովքեր կօգնեն տնային գործերի հարցում։

Հարցրեք գործնական աջակցության մասին․ Առաջարկեք որոշակի օրինակներ, ինչով կկարողանաք օգտակար օգնել քաղցկեղի բուժման ընթացքում։ Հարցրեք, արդյո՞ք այդ առաջարկները օգտակար կլինեն։ Այդպիսի առաջարկներ կարող են լինել առաջադրանքներ կատարելը, ընտանի կենդանու խնամքը, տվյալ անձին տուն ուղեկցելը, երեխաներին դպրոցից վերցնելը։ Այս տարբերակը գերադասելի է «Տեղյակ պահիր, եթե օգնության կարիք կունենաս» արտահայտությունից, քանի որ որոշ մարդկանց համար դժվար է օգնություն խնդրելը։ Եթե շատ ընկերներ և բարեկամներ են ցանկանում օգնություն ցուցաբերել, Դուք կարող եք առաջարկել կոորդինացնել բոլորի աշխատանքը։ 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Ջուլիա Պողոսյանի կողմից: