Ինչպե՞ս աջակցել քաղցկեղ ունեցող երեխաների քույր/եղբայրներին

Ինչպե՞ս աջակցել քաղցկեղ ունեցող երեխաների քույր/եղբայրներին

Երեխայի մոտ արյան կամ այլ ուռուցքային հիվանդությունը փոխում է ամբողջ ընտանիքի սովորական կենսաձևը։ Այս փոփոխությունները կարող են ազդել նաև հիվանդ երեխայի սիբլինգների¹ (քույր/եղբայրների) հույզերի և վարքի վրա։ Երբ ընտանիքի երեխաներից մեկի մոտ ախտորոշվում է հիվանդություն, սովորաբար այդ երեխան հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Սակայն հիվանդության բուժման ընթացքում կարևոր է ընտանիքի մյուս  երեխաների հոգեբանական բարեկեցությունը։

Երեխաների հակազդումները իրենց քույր/եղաբայրների հիվանդության նկատմամբ կարող են տարբերվել՝ կախված տարիքային և անձնային առանձնահատկություններից, ինչպես նաև հիվանդության փուլից։

Հետևյալ տեղեկատվությունը Ձեզ կարող է ուղղորդել Ձեր երեխաներին աջակցելու գործում։ 

Սիբլինգների մոտ առավել հաճախ դրսևորվում են հետևյալ հույզերը.

Վախ և տագնապ․ Երեխաները կարող են վախենալ իրենց քրոջ/եղբոր հիվանդ լինելու փաստից կամ նրանից, որ իրենց սիբլինգին ցավ  են պատճառում հիվանդանոցում, կամ վախենալ, որ իրենք էլ կարող են վարակվել։ 

Քանի որ անորոշությունը նպաստում է տագնապի ուժգնացմանը, անհրաժեշտ է երեխաներին տրամադրել պարզ, անկեղծ և տարիքին համապատասխան տեղեկատվություն քրոջ/եղբոր հիվանդության և բուժման մասին։

Ջղայնություն։ Երեխաները կարող են ջղայնություն ունենալ իրենց ծնողների նկատմամբ, որ իրենց հետ բավական ժամանակ չեն անցկացնում։ Ընտանիքի անդամները կարող են այդ ջղայնությունը նույնականացնել ագրեսիվ, չլսող վարքի հետ։ Կարևոր է, որ երեխաներին շրջապատող մարդիկ ցույց տան, որ հասկանում են երեխաների ջղայնությունը։ Նմանատիպ վարքը հաճախ լինում է ուշադրություն գրավելու ցանկության արտահայտում։ 

Ընդունեք երեխայի հույզերը։ Ցույց տվեք, որ այն, ինչ իրենք զգում են բնականոն է։ Աջակցեք երեխային արտահայտել այդ հույզերը խաղերի միջոցով։ 

Տխրություն։ Երեխաները կարող են տխրել իրենց քրոջ/եղբոր հիվանդության համար։ Նրանք կարող են տխուր լինել, որ ամեն ինչ փոխված է, որ ծնողները իրենց կողքին չեն։ Երբեմն երեխաները կարող են ասել, որ ծնողներն իրենց չեն սիրում, կարող են հաճախ լացել։ 

Վստահեցրեք երեխային, որ Դուք իրեն հավասար սիրում եք։ Հնարավորինս հաճախ արտահայտեք ջերմություն երեխայի նկատմամբ։ 

Մեղքի զգացում։ Փոքր երեխաները կարող են նաև մեղքի զգացում ունենալ, թե իրենք  կարող են պատճառ լինել իրենց քրոջ/եղբոր հիվանդության համար։

Կարևոր է երեխաներին բացատրել, որ իրենց որևէ գործողություն չի կարող լինել հիվանդության պատճառ։ 

Հիվանդություն ունեցող երեխայի սիբլինգները կարող են սրտնեղել ուշադրության կենտրոնում չլինելու համար, բայց, հասկանալով, որ հիվանդ երեխան դրա  կարիքը ավելի շատ ունի, իրենք կարող են մեղքի զգացում ունենալ այդ պահանջմունքի համար։

Հնարավորության դեպքում ցանկալի է, որ ծնողներից մեկը օրվա մեջ որոշ ժամանակ անցկացնի ոչ հիվանդ երեխայի հետ։ Ֆիզիկական ներկայության անհնարինության դեպքում խոսեք երեխայի հետ հեռախոսի կամ ինտերնետի միջոցով։ 

Սիբլինգները չեն  խոսում իրենց հույզերի մասին, որովհետև մի կողմից իրենց համար բարդ է բառերով ձևակերպել այդ հույզերը, մյուս կողմից չեն ուզում ավելորդ անհանգստացնել ծնողներին։ 

Սիբլինգների համար ավելի դյուրին կլինի, եթե իրենք զգան, որ  հասկացված են, և հնարավորություն ունենան կիսել իրենց հույզերը։ Օրինակ, կարող եք ասել, որ հասկանում եք, որ իրենք ջղայնացած են, տխուր են կամ վախեցած՝ օգնելով երեխային արտահայտել իր հույզերը առողջ կերպով։

Սիբլինգների հետ հաղորդակցման վերաբերյալ առավել մանրամասն խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեր կլինիկայի հոգեսոցիալ ծառայության մասնագետին։

¹Սիբլինգ-տերմինը տեքստում օգտագործվում է քույր և եղբայր  եզրույթի փոխարեն։ 

Նյութը պատրաստվել է Հայաստանի Մանկական Քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայության մասնագետների կողմից։