Ինչպե՞ս հաղորդակցվել երեխաների հետ բժշկական միջամտությունների վերաբերյալ

Ինչպե՞ս հաղորդակցվել երեխաների հետ բժշկական միջամտությունների վերաբերյալ

Սիրելի՛ ծնող, Ձեր երեխայի բուժման գործընթացի համար անհրաժեշտ են հետազոտություններ և բժշկական միջամտություններ: 

Երբեմն Բժշկական միջամտությունները առաջացնում են ցավ կամ անհարմարության զգացում։ Մենք կարող ենք աջակցել երեխաներին՝ նախապատրաստելով իրենց  բժշկական  միջամտություններին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախապատրաստված լինելը զգալիորեն նվազեցնում է տագնապը և վախերը: 

Ստորև ներկայացնում ենք բժշկական միջամտությունների վերաբերյալ երեխաների հետ հաղորդակցվելու մի քանի ուղղորդումներ, որոնք կօգնեն նվազեցնել երեխաների տագնապը։

1. Որոշ ծնողներ մտածում են, որ  արդյունավետ տարբերակ է երեխաներին չզգուշացնել սպասվող բժշկական միջամտության մասին, որպեսզի երեխան չլարվի։ Այնուամենայնիվ, երեխաներն ունեն պարզ և անկեղծ տեղեկատվության կարիք։ Երբ ասում ենք երեխային, որ իրեն չեն ներարկելու կամ ինքը ցավ չի զգալու, բայց  իրեն ներարկում են կամ ինքը ցավ է զգում, երեխան անակնկալի է գալիս և կորցնում է վստահության զգացումը։ Դրանից հետո երեխան կարող է ակնկալել, որ բոլոր միջամտություները ցավոտ են լինելու և այլևս չհավատալ Ձեզ։ Նախապատրաստեք երեխային, որ մի փոքր ցավ է զգալու, բայց նաև վստահեցրեք իրեն, որ անհարմարության զգացումը ժամանակավոր կլինի և դուք հնարավորինս կօգնեք իրեն։ Շատ երեխաներ կարող են ավելի արդյունավետ դիմակայել ցավին, եթե ունենան ղեկավարման զգացում: Անհրաժեշտ է  երեխային ասել առաջիկա միջամտության մասին՝ կախված երեխայի տարիքից և անձնային առանձնահատկություններից։ Պետք չէ երեխային ասել շատ վաղ, որպեսզի երեխան չտագնապի, միևնույն ժամանակ չպետք է ասել շատ ուշ, որպեսզի երեխան ժամանակ ունենա նախապատրաստվելու։ 

2. Խուսափեք երեխային վախեցնել ցավոտ բժշկական միջամտությունների միջոցով, երբ ուզում եք ղեկավարել երեխայի վարքը, օրինակ, մի ասեք՝ եթե քեզ չար պահես, բժիշկը սրսկում կանի։ Երեխան, առանց այն էլ, ունի վախեր։ Նման արտահայտությունները մի կողմից սրում են այդ վախերը, մյուս կողմից երեխայի մոտ կարող են առաջ բերել դիրքորոշում, որ ինքը հիվանդանոցում է, որովհետև ինչ-որ վատ բան է արել։

3. Փորձեք չխուսափել երեխայի հարցերից։ Հիվանդանոցում գտնվելը ստեղծում է անորոշ իրավիճակ, երեխան չի հասկանում՝ ինչու է ինքը գտնվում հիվանդանոցում և ինչի համար են իրականացվում տարբեր միջամտություններ։ Երբ երեխան ստանում է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, օրինակ, իմանում է՝ տվյալ հետազոտությունը ինչի համար է, կամ տվյալ դեղի ներարկումն ինչով է օգնելու, իրեն զգում է բուժման գործընթացի մեջ ներգրավված, ինչը օգնում է հարմարմանը։ Հարցերին պատասխանելիս, իհարկե, պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները։ Իսկ եթե չգիտեք հարցի պատասխանը, կարող եք ասել, որ միասին կճշտեք բժշկից կամ բուժքրոջից։ 

4. Ցույց տվեք երեխային, որ հասկանում եք իրեն, երբ ինքը տխուր կամ ջղայն է՝ միջամտության հետ կապված։ Հասկացված զգալը թույլ կտա երեխային արտահայտել իր հույզերը և մտքերը, ինչը կնպաստի ապահովության զգացողության ձեռքբերմանը։

5. Տվեք Ձեր երեխային ընտրության հնարավորություն, դա նույնպես կնպաստի ղեկավարման զգացողություն ունենալուն։ Օրինակ, երեխային կարող եք հարցնել՝ արդյոք ինքն ուզում է որպեսզի իրենից արյուն վերցնեն իր սենյակում, թե՝ միջամտության սենյակում։ Այս տեսակ ընտրության հնարավորությունները պետք է նախապես քննարկվեն բժշկի կամ բուժքրոջ հետ, որպեսզի ընտրության տարբերակները իրատեսական լինեն։

6. Վերցրեք երեխայի համար հարազատ որևէ խաղալիք, այն կարող է օգնել, որ երեխան ավելի ապահով զգա իրեն միջամտության ընթացքում։  

7. Օգնեք երեխային խաղարկել միջամտությունները խաղալիքների հետ։ Օրինակ, երեխան կարող է ներարկումներ անել տիկնիկի վրա։ Խաղարկման միջոցով միջամտությունները մոդելավորելը նպաստում է վախի ու տագնապի նվազեցմանը։                                                                     

8. Նախապատրաստեք երեխային, որ Դուք ներկա չեք լինելու միջամտությունների սենյակում, եթե նախապես տեղյակ եք դրա վերաբերյալ։ 

9. Եթե ներկա եք միջամտության ընթացքում, փորձեք կենտրոնացնել երեխայի ուշադրությունը իրեն հետաքրքրող այլ բաների վրա, օրինակ՝ պատմեք ուրախ իրադարձության մասին, որին նա մասնակցել է կամ պատրաստվում է մասնակցել։ 

10. Խոսեք միջամտության մասին դրա ավարտից հետո, խրախուսեք երեխային, երբ կարողացել է լավ հաղթահարել պրոցեդուրան։ 

Բժշկական միջամտություններին երեխաներին նախապատրաստելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմեք Հոգեբանասոցիալական ծառայության մասնագետներին։

Նյութը պատրաստվել է Հայաստանի Մանկական Քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայության մասնագետների կողմից։