Թրոմբոցիտոպենիա

Քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ հնարավոր է թրոմբոցիտոպենիայի առաջացումը։ Ոսկրածուծը փափուկ, սպունգանման հյուսվածք է, որը գտնվում է խոշոր ոսկրերի մեջ։ Թրոմբոցիտոպենիան արյան մեջ թրոմբոցիտների քանակի իջեցումն է: Թրոմբոցիտներն օգնում են կանգնեցնել արյունահոսությունը միանալով և խցանելով արյան անոթի պատի վնասվածքը: Նրանք նաև օգնում են պահպանել արյան անոթների նորմալ վիճակը օրգանիզմում: Երբ հիվանդի մոտ զարգանում է թրոմբոցիտոպենիա, արյունահոսության կամ արյունազեղումների հավանականությունը բարձրանում է:

Թրոմբոցիտներն արտադրվում են ոսկրածուծում՝ միելոիդ ցողունային բջջից: Միելոիդ ցողունային բջիջն արտադրում է մեգակարիոցիտներ, որն էլ իր հերթին արտադրում է հազարավոր թրոմբոցիտներ ամեն օր: Թրոմբոցիտոպենիա առաջանում է, երբ․

  • Օրգանիզմում չեն սինթեզվում բավարար քանակությամբ թրոմբոցիտներ;
  • Օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ թրոմբոցիտներ;
  • Օրգանիզմում թրոմբոցիտները ոչնչանում են։

Թրոմբոցիտեպենիայով հիվնանդների վերաբերյալ առաջին մտահոգությունը արյունահոսությունն է: Արյունահոսության ռիսկը կապված է թրոմբոցիտոպենիայի ծանրության հետ: Որոշ դեղամիջոցներ կարող են բարձրացնել արյունահոսության ռիսկը, ինչպիսիք են արյան մածուցիկությունը փոխող դեղերը, ասպիրինը և այլ հակաբորբոքային դեղեր:

Ինչպե՞ս է որոշվում թրոմբոցիտոպենիան

Թրոմբոցիտոպենիան բնութագրվում է թրոմբոցիտների քանակի նորմայից ցածր իջեցմամբ: Թրոմբոցիտների նորմալ քանակը 150,000 - 450,000/մկրլ է: Թրոմբոցիտոպենիայի ծանրությունը դասակարգվում է ծայրամասային արյան քննությամբ ստացված հետևյալ տվյալներով՝

    • Թեթև թրոմբոցիտոպենիա' թրոմբոցիտների քանակը 50,000 - 100,000/մկրլ;

    • Չափավոր թրոմբոցիտոպենիա' թրոմբոցիտների քանակը 25,000 - 50,000/մկրլ;

    • Ծանր թրոմբոցիտոպենիա' թրոմբոցիտների քանակը 25,000/մկրլ-ից ցածր։

Թրոմբոցիտոպենիայի նշանները

    • Կապտուկներ;

    • Քթից արյունահոսություն;

    • Պետեխիաներ' կարմիր կետիկներ մաշկի վրա;

    • Մեզում կամ կղանքում արյան առկայություն;

    • Լնդերից արյունահոսություն;

    • Կտրվածքներ, որոնք չեն դադարում արնահոսել;

    • Արնախխում;

    • Գլխապտույտ;

    • Թուլություն։

Թրոմբոցիտոպենիայի հաճախ հանդիպող պատճառներն են

Քիմիաթերապիա․ Քիմիաթերապիայի որոշ տեսակներ կարող են վնասել ոսկրածուծը, ինչն էլ կարող է թրոմբոցիտների առաջացման նվազման պատճառ հանդիսանալ։ Այս վիճակը, սակայն, կրում է ժամանակավոր բնույթ։ Քիմիաթերապիայի կողմից ոսկրածոիծի անդարձելի վնասումը խիստ հազվադեպ է հանդիպում։

Թրոմբոցիտների հանդեպ հակամարմիններ․ Օրգանիզմում սինթեվում են որոշակի սպիտակուցներ, որոնք օժտված են օրգանիզմի համար օտար մարմինները (բակտերիաներ, վիրուսներ) ոչնչացնելու հատկությամբ։ Դրանք կոչվում են հակամարմիններ։ Երբեմն, սակայն, օրգանիզմը կարող է սինթեզել հակամարմիններ, որոնք ոչնչացնում են թրոմբոցիտները։

Ճառագայթային թերապիա․ Բուժման այս տեսակը առանձին սովորաբար չի առաջացնում թրոմբոցիտոպենիա։ Դա կարող է պատահել հետևյալ դեպքերում․

  • Կոնքի շրջանի մեծ չափաբաժնով ճառագայման դեպքում;
  • Քիմիաճառագայթային բուժման ժամանակ։

Քաղցկեղի որոշ տեսակներ․ Այնպիսի քաղցկեղային բջիջները, ինչպիսիք են լեյկեմիայի և լիմֆոմայի բջիջները, կարող են կուտակվել ոսկրածուծում՝ զբաղեցնելով նորմալ բջիջների տեղը։

Ի՞նչ կարող է խորհուրդ տալ Ձեր բժշիկը/բուժքույրը

• Ձեզ կարող են խորհուրդ տալ կատարել թրոմբոցիտների փոխներարկում, երբ թրոմբոցիտների քանակը ցածր է 10,000/մկրլ-ից կամ ավելի բարձր քանակների դեպքում, եթե հիվանդի մոտ առկա են հավելյալ ռիսկի գործոններ, օրինակ՝ վերջերս տարված վիրահատություն: Թրոմբոցիտների փոխներարկումը կարող է տրվել արյունահոսության ռիսկը նվազեցնելու նպատակով: Թրոմբոցիտների փոխներարկումները համարվում են ախտաբանական բուժման տեսակ: Թրոմբոցիտների փոխներարկումների օգուտները ժամանակավոր են' ժամեր, այդ պատճառով կրկնվող փոխներարկումների կարիք կարող է լինել: Թրոմբոցիտների փոխներարկումների քանակը և հաճախականությունը տարբեր է տարբեր անհատների մոտ և կախված է սիմպտոմների ծանրությունից, հիվանդության ընդհանուր պատկերից և գործածվող բուժման տեսակներից:

• Ձեր բժիշկը խորհուրդ կտա Ձեզ դադարեցնել բոլոր այն դեղերի ընդունումը, որոնք կարող են ազդել թրոմբոցիտների ֆունկցիայի վրա /ասպիրին/ կամ կանխել մակարդումը այլ մեխանիզմներով /Կումադին, Պլավիքս և Հեպարին/: Այս դեղամիջոցները, որպես կանոն, դադարեցվում են, երբ թրոմբոցիտների քանակը 50,000/մկրլ-ից իջնում է:

• Եթե թրոմբոցիտոպենիան ծանր աստիճանի է, կարող է առաջանալ անհրաժեշտություն փոփոխություններ կատարել Ձեր բուժման մեջ' փոխելով դեղի դոզան կամ այն ժամանակավորապես դադարեցնելով, մինչև թրոմբոցիտների քանակի վերականգնվելը:

Ի՞նչ կարող եք անել Դուք

    1. Տեղյակ պահեք Ձեր բժշկին, եթե ունենում եք անսովոր արյունազեղում, չկարգավորվող արնահոսություն կամ առաջանում են պետեխիաներ;

    2. Պահպանեք բժշկին այցելությունների գրաֆիկը;

    3. Գրանցեք և պահեք արյան քննության արդյունքները, փոխներարկումների ամսաթվերը և սիմպտոմները տրանսֆուզիայից առաջ և հետո;

    4. Խուսափեք ալկոհոլի չարաշահումից, ինչը կարող է նպաստել թրոմբոցիտների վնասման;

    5. Խուսափեք վնասվածքներից՝ ընկնել, քերծվածքներ, կտրվածքներ, և այն գործողություններից, որոնք կարող են առաջացնել արյունազեղում կամ արյունահոսություն, ինչպիսիք են սպորտի որոշ տեսակներ;

    6. Խուսափեք փորկապությունից կամ «ուժ գործադրելով» կղազատումից;

    7. Օգտագործեք փափուկ ատամի խոզանակ;

    8. Խնդրեք օգնություն Ձեր ընտանիքից և ընկերներից:

Ձեր բժիշկը կքննարկի Ձեզ հետ բուժման հնարավոր յուրաքանչյուր տարբերակի ռիսկերն ու օգուտները: Եթե ինչ-որ բան Ձեզ հուզում է, անպայման քննարկեք Ձեր բուժող թիմի հետ: Կախված Ձեր սիմպտոմներից և ինքնազգացողությունից, հնարավոր է կատարվեն որոշակի փոփոխություններ Ձեր խնամքի մեջ, որպեսզի Դուք առավել հարմարավետ և ապահով լինեք:

Գրականության ցանկ՝

1․ «Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար

2․ cancer.net