Համի փոփոխություններ

 

Քաղցկեղ ունեցող որոշ մարդիկ ունենում են համի փոփոխություններ բուժման ընթացքում կամ դրանից հետո։ Ստորև նշված են հաճախ հանդիպող համի փոփոխությունները․

  Կերակուրի համը կարող է տարբերվել ունեցած նախկին համից։ Սա հատկապես բնորոշ է կծու, քաղցր կամ աղի կերակուրներին;

Որոշ կերակուրներ կարող են անհամ թվալ;

Բոլոր կերակուրները կարող են նույն համն ունենալ;

Կարող եք ունենալ մետաղական կամ քիմիական տհաճ համ բերանում, հատկապես միս կամ այլ պրոտեիններով հարուստ սննդամթերք ուտելիս։

Համի փոփոխությունները կարող են հանգեցնել ախորժակի կորստի և քաշի անկման։ Տեղյակ պահեք Ձեր բժշկին, եթե ունենում եք համի այնպիսի փոփոխություններ, որոնք խանգարում են Ձեզ ուտել։ 

Համի փոփոխությունների պատճառները

Ստորև ներկայացված են համի փոփոխություններ առաջացնող քաղցկեղի և դրա բուժման ամենահաճախ հանդիպող պատճառները․

Քիմիաթերապիա․ Համի փոփոխությունները քիմիաթերապիայի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են հանդիսանում։ Քիմիաթերապիա ստացող մարդկանց մոտավորապես կեսն ունենում է համի փոփոխություններ։ Սակայն, այս փոփոխությունները վերանում են բուժումն ավարտելուց 3-4 շաբաթ հետո։ 

Հետևյալ քիմիապրեպարատները հաճախ են առաջացնում համի զգացողության փոփոխություններ․

  • Cisplatin 
  • Cyclophosphamide
  • Doxorubicin
  • Fluorouracil (5-FU)
  • Paclitaxel
  • Vincristine

Այլ դեղորայք․ Որոշ այլ դեղեր նույնպես կարող են առաջացնել համի զգացողության փոփոխություններ․

  • Որոշ օփիոիդներ, որոնք կիրառվում են ցավերի դեպքում, օրինակ՝ մորֆինը;
  • Հակաբիոտիկներ, որոնք կիրառվում են վարակները բուժելու համար։

Ճառագայթային թերապիա․ Գլխի և պարանոցի շրջանում կատարվող ճառագայթային բուժումը կարող է վնասել համի զգայարանները և թքագեղձերը՝ հանգեցնելով համի փոփոխությունների։ Այն կարող է նաև փոփոխել հոտառությունը։ Հոտառության փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ սննդի համը զգալու վրա։

Ճառագայթման հետևանքով առաջացած համի փոփոխությունները, սովորաբար, բուժումն ավարտելուց հետո 3 շաբաթից մինչև 2 ամիս անց վերականգնվում են։ Թքագեղձերի վնասման դեպքում համի զգացողությունը ամբողջությամբ չի վերականգնվում։

Այլ պատճառներ․ 

  • Ըմպանի, քթի, բերանի խոռոչի վիրահատություններ;
  • Կենսաբանական բուժումներ, ինչպիսին են ինտերլեյկին-2-ով (Proleukin) բուժումը;
  • Բերանի չորությունը;
  • Համի զգացողության մեջ ներառված նյարդերի վնասումը;
  • Բերանի խոռոչի վարակները;
  • Ատամների կամ լնդերի խնդիրները;
  • Սրտխառնոցը և փսխումը։

Համի զգացողության խնդիրների վերահսկումը

Սովորաբար, չկան հատուկ բուժումներ համի խանգարումների դեպքում։ Սակայն, համի փոփոխությունների հիմքում ընկած պատճառի բուժումը կարող է օգնել։ Օրինակ, բերանի խոռոչի վարակների, լնդերի և ատամների հիվանդությունների բուժումը կարող է բարելավել համի զգացողությունը։

Համի փոփոխությունները կարող են դժվարեցնել առողջարար սննդամթերքի կիրառումն ու քաշի պահպանումը։ Այս դեպքում անհրաժեշտ է սննդաբանի խորհրդատվություն։ 

Ստորև նշված են որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգնել հաղթահարել համի փոփոխությունները․

Ընտրեք լավ հոտ և համ ունեցող մթերքներ, անգամ եթե դրանք Ձեզ անծանոթ են;

Ազատվեք սնունդ պատրաստելու հոտերից խոհանոցային հատուկ պարագաների, սնունդը դրսում խորովելու կամ պատրաստի սնունդ գնելու միջոցով։ Սառը կամ սենյակային ջերմաստիճանի սնունդը պակաս հոտավետ է։

Կիրառեք սառը սննդամթերք, որոնք ավելի լավ համ են ունենում քան տաք վիճակում։ Սակայն, խուսափեք սառը մթերքներից, եթե ստանում եք Oxaliplatin քիմիապրեպարատը։

Կիրառեք պլաստիկ կամ ապակե խոհանոցային սպասք մետաղական համը նվազեցնելու համար։

Փորձեք շաքար չպարունակող մաստակներ կամ կոնֆետներ անանուխի, լիմոնի կամ նարնջի համով։ Դրանք կարող են նվազեցնել բերանում մետաղական համի զգացողությունը։

Եթե համի փոփոխության պատճառով չեք կարողանում ուտել կարմիր միս, ապա փորձեք գտնել սպիտակուցի այլ աղբյուրներ (թռչնամիս, ձկնեղեն, գետնանուշ, լոբազգիներ, կաթնամթերք):

Միսը մարինացրեք մրգահյութերով, քաղցր գինիներով կամ այլ սոուսներով։

Լավ համեմեք կերակուրը խոտաբույսերով, շաքարով, լիմոնով, սոուսներով կամ այլ համեմունքներով։

Քիմիաթերապիա ստանալուց 1-2 ժամ առաջ և մինչև 3 ժամ հետո խուսափեք ուտելուց։ 

Ողողեք բերանի խոռոչը աղի և սոդայի լուծույթով ճաշելուց առաջ։ Խառնեք կես թեյի գդալ կերակրի աղը նույնքան սոդայի հետ մեկ բաժակ տաք ջրում։ Այն կանցկացնի բերանի տհաճ համը։

Մաքուր պահեք բերանի խոռոչը և ատամնաշարը։

Որոշ մարդկանց համի փոփոխությունների դեպքում օգնում են ցինկի սուլֆատի հավելումները։ Սակայն, անպայման խոսեք Ձեր բժշկի հետ որևէ հավելում կիրառելուց առաջ, հատկապես, ակտիվ բուժման շրջանում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

 Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: