Քաշի կորուստ

Քաշի կորուստ հաճախ է դիտվում քաղցկեղ ունեցող անձանց մոտ։ Հաճախ դա հիվանդության առաջին տեսանելի նշանն է լինում։ 

Քաղցկեղ ախտորոշվելիս մարդկանց 40%-ը նշում է անբացատրելի քաշի կորուստ։ Հիվանդության ուշ փուլերում մարդկանց 80%-ն ունենում է քաշի կորուստ և կախեքսիա։ Կախեքսիայի դեպքում անձն ունենում է և՛ քաշի, և՛ մկանային զանգվածի կորուստ։ 

Քաղցկեղ ունեցող մարդիկ բացի քաշի կորուստից և կախեքսիայից ունենում են նաև այլ ախտանշաններ․

Հոգնածություն;

Թուլություն;

Էներգիայի կորուստ;

Առօրյա գործողությունները կատարելու դժվարություն։

Կախեքսիայով մարդիկ դժվարությամբ են հաղթահարում բուժման ֆիզիկական կողմնակի ազդեցությունները։ Նրանց մոտ ախտանշաններն ավելի վառ են դրսևորվում։

Քաշի կորուստի պատճառները

Քաշի անկումը հաճախ սկսվում է ախորժակի անկմամբ։ Քաղցկեղի կամ դրա բուժման շատ կողմնակի ազդեցություններ կարող են ախորժակի անկման պատճառ հանդիսանալ․

Իմուն համակարգի կամ նյութափոխանակության փոփոխություններ։ Նյութափոխանակությունը օրգանիզմում սննդանյութերի ճեղքման և դրանք էներգիայի վերածման գործընթացն է;

Սրտխառնոց և փսխում;

Փորկապություն;

Բերանի չորություն;

Ծամելու դժվարություններ;

Կլման խանգարումներ;

Համի զգացողության կորուստ;

Դեպրեսիա;

Ցավ։

Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ Ձեր ունեցած ախտանշանների մասին։ Տեղյակ պահեք նրանց նոր ախտանիշների ի հայտ գալու կամ առկա ախտանիշների փոփոխությունների մասին։

Քաշի անկման հաղթահարում

Կողմնակի ազդեցությունների վերացումը քաղցկեղի խնամքի և բուժման կարևոր մասն է կազմում։ Դա կոչվում է պալիատիվ կամ աջակցող խնամք։

Հիմնական խորհուրդներ

Հետևյալ խորհուրդները կարող են օգնել քաղցկեղ-կապակցված քաշի անկումը վերահսկելու հարցում․

Ավելացրեք սննդի քանակությունը։ Հարցրեք Ձեր բուժանձնակազմին, թե ինչքան է պետք ուտել։

Բուժումից առաջ թեթև նախաճաշեք և խուսափեք սպիտակուցներով հարուստ սննդից։ Դա կկանխի այդ սննդի հանդեպ տհաճության առաջացումը, եթե բուժման ժամանակ կամ դրանից հետո սրտխառնոց և փսխում առաջանա։

Գրի առեք թե ինչ, երբ, և որքան եք կերել։ Նշեք Ձեր ինքնազգացողությունը ուտելու ընթացքում և դրանից հետո։ Օրինակ՝ սրտխառնոցի, շուտ հագենալու, համի զգացողության փոփոխությունների մասին։ Կիսվեք այդ տեղեկատվությամբ Ձեր բուժանձնակազմի հետ։ Դա կօգնի Ձեր սննդակարգը փոխելու հարցում։

Դիմեք մասնագիտացած սննդաբանի օգնության։ Նրանք կօգնեն Ձեզ հասնել առողջ քաշի և ընդունել սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի բալանսավորված չափաբաժին։

Դեղորայք

Երբեմն բժիշկները նշանակում են որոշակի դեղորայք քաշի կորուստը հաղթահարելու համար․

Մեգեստրոլ ացետատ (Ovaban, Pallace). Սա պրոգեստերոն հորմոն է։ Այն կարող է բարելավել ախորժակը, քաշի ավելացումը և ինքնազգացողությունը։

Ստերոիդներ․ Սրանք կարող ենք բարելավել ախորժակը և ինքնազգացողությունը։ Նաև օգնում են սրտխառնոցի, թուլության և ցավի դեպքում։ Ստերոիդները հաճախ նշանակվում են կարժամկետ օգտագործման համար։ Երկարատև օգտագործումը կարող է լուրջ կոմղնակի ազդեցությունների պատճառ հանդիսանալ։

Metoclopramide (Reglan). Կարող է կանխարգելել շուտ հագեցվածության զգացողությունը։

Ենթաստամոքսային գեղձի էնզիմների (lipase) փոխարինիչներն օգնում են մարսել ճարպը։

Dronabinol (Marinol)․ լաբորատոր պայմաններում ստեղծված կաննաբինոիդ է, որը բարձրացնում է ախորժակը։

Ներերակային սնուցում

Երբեմն, պացիենտները ուտելու և խմելու փոխարեն սննդանյութերը ստանում են ներերակային ճանապարհով։ Սովորաբար, նպատակը կարճաժամկետ սնուցումն է՝ վիճակը բարելավելու համար։ Այս տարբերակը նաև կիրառելի է ծամելու և կլման խանգարումներ ունեցող պացիենտների համար։ Այդ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում գլխի, պարանոցի և կերկրափողի քաղցկեղների դեպքում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: