Հոգնածություն

Քաղցկեղը կամ քաղցկեղի բուժումը կարող են հոգնածության պատճառ հանդիսանալ։ Այն կարող է դրսևորվել ֆիզիկական, հուզական և մտավոր երկարատև սպառվածության զգացողության տեսքով։ Այս հոգնածությունը տարբերվում է բավարար հանգիստ չունենալու պատճառով արտահայտվող հոգնածության զգացողությունից։

Այն՝

Ազդեցություն է թողնում առօրյա կյանքի վրա;

Չի համապատասխանում Ձեր ակտիվության աստիճանին;

Չի անցնում հանգստից հետո։

Քաղցկեղի բուժում ստացող մարդկանց մեծ մասն ունենում է հոգնածության այս զգացումը։ Ոմանց մոտ այն պահպանվում է բուժումն ավարտելուց հետո ամիսների և տարիների ընթացքում։

Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում հոգնածությունը կյանքի որակի վրա

Որոշ մարդկանց քաղցկեղ-կապակցված հոգնածությունը շատ քիչ է անհանգստացնում։ Մյուսների համար այն դժվարացնում է կյանքը և բացասական ազդեցություն է թողնում կյանքի հետևյալ ասպեկտների վրա.

Տրամադրություն և հույզեր;

Առօրյա գործունեություն;

Աշխատանք;

Հոբիներ;

Սոցիալական հարաբերություններ;

Բուժումը հաղթահարելու կարողություն;

Ապագայի հանդեպ հույս։

Հոգնածության սքրինինգ և ախտորոշում

Կլինիկական Ուռուցքաբանության Ամերիկյան Միությունը (ASCO) խորհուրդ է տալիս բժիշկներին անցկացնել սքրինինգ և բուժել հոգնածությունը քաղցկեղի ախտորոշման պահից։ Դա քաղցկեղի խնամքի կարևոր մասն է կազմում։ Բժիշկը կարող է տալ հարցեր Ձեր հոգնածության աստիճանի մասին ամբողջ բուժման և ապաքինման ընթացքում։ 

Կան որոշ գործոններ, որոնք կարող են լինել հոգնածության պատճառ կամ վատացնել արդեն իսկ առկա հոգնածությունը։ Բուժման պլան կազմելիս՝ Ձեր բուժանձնակազմը հաշվի է առնում հետևյալ կետերը․

Հոգնածության պատմություն․ Թվարկված հարցերը կօգնեն ներկայացնել Ձեր հոգնածությունը բուժանձնակազմին․

Գնահատեք դրա ծանրության աստիճանը «հոգնածություն չկա»-ից մինչև «շատ ուժեղ հոգնածություն»;

Ե՞րբ է սկսվել հոգնածության զգացողությունը;

Ե՞րբ եք զգում ամենաուժեղ հոգնածությունը;

Որքա՞ն է այն տևում;

Փոխվու՞մ է արդյոք այն ժամանակի ընթացքում;

Ի՞նչն է այն ուժեղացնում կամ թեթևացնում։

Քաղցկեղի հետ կապված առողջական փոփոխություններ․ Ձեր բժիշկը կարող է նշանակել արյան կամ այլ անալիզներ, որոնց արդյունքները կարող են ցույց տալ քաղցկեղի հետ կապված հոգնածության պատճառները։

Առողջական այլ խնդիրներ․ Քաղցկեղից բացի, այլ առողջական խնդիրները նույնպես կարող են առաջացնել կամ ուժեղացնել հոգնածությունը։ Բժիշկը կարող է Ձեզ տալ հարցեր կամ նշանակել հետազոտություններ դրանք հայտնաբերելու համար։

Հոգնածության պատճառների բուժումը

Նախ, կարևոր է բուժել այն խնդիրները, որոնք նպաստում են Ձեր հոգնածության զգացողությանը։ Դրանք են՝

Ցավ․ Մշտական ցավով ապրելը կարող է հյուծող լինել։ Ավելին, շատ ցավազրկողներ կարող են առաջացնել քնկոտություն և հոգնածություն։ Հարցրեք Ձեր բժշկին ցավի կառավարման այլ տարբերակների և դրանց հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցությունների մասին։

Դեպրեսիա, անհանգստություն և սթրես․ Այս վիճակները կարող են ուժեղացնել հյուծվածությունը։ Սթրեսի կառավարումը և դեպրեսիայի բուժումը նվազեցնում են հոգնածության զգացողությունը։

Անքնություն․ Սթրեսը, ցավը և անհանգստությունը նպաստում են անքնության առաջացմանը: Որպես հավելում, որոշ պրեպարատներ խաթարում են նորմալ քնի օրինաչափությունները։

Վատ սնուցում․ Ճիշտ բալանսավորված սննդակարգը կարող է նվազեցնել հոգնածությունը։ Դուք կարող եք խորհրդակցել մասնագիտացած սննդաբանի հետ, ով կարող է օգնել Ձեզ ճիշտ սնվել, հատկապես, համի զգացողության փոփոխություննրի կամ սրտխառնոցի և փսխումների առկայության դեպքում։

Անեմիա․ Քաղցկեղի բուժում ստացող շատ մարդիկ ունենում են անեմիա, որը արյան կարմիր բջիջների քանակի իջեցումն է։ Անեմիայի դեպքում մարդիկ կարող են տանջվել արտահայտված հոգնածությունից։ Անեմիայի բուժումը կարող է ներառել սննդային հավելումներ, դեղորայք կամ արյան փոխներարկում։

Բուժման կողմնակի ազդեցություններ․ Մարդիկ կարող են ունենալ հոգնածության զգացողություն հետևյալ դեպքերում․

  • Քիմիաթերապիայից մի քանի օր հետո;
  • Ճառագայթային բուժումը սկսելուց մի քանի շաբաթ անց;
  • Իմունաթերապիայից հետո։

Այլ բժշկական խնդիրներ․ Քաղցկեղ ունեցող մարդիկ, հատկապես տարեցները, կարող են ունենալ այլ առողջական խնդիրներ, ներառյալ՝

  • Սրտի հետ կապված խնդիրներ;
  • Թոքերի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ;
  • Հորմոնալ խնդիրներ;
  • Արթրիտ;
  • Նյարդային խնդիրներ։

Հոգնածությունը հաղթահարելու այլ ռազմավարություններ

Ֆիզիկական ակտիվություն․ Ֆիզիկապես ակտիվ մնալը/դառնալը կարող է թեթևացնել քաղցկեղ-կապակցված հոգանությունը։ Հարցրեք Ձեր բուժանձնակազմին, թե որ տեսակի ֆիզիակական ակտիվությունն է առավել օգտակար Ձեզ համար։ Ֆիզիկական ակտիվության տեսակը և մակարդակը կարող են փոփոխվել բուժման ընթացքում և դրանից հետո։

Որոշ մարդկանց կարող է օգնել ֆիզիոթերապևտի հետ աշխատանքը։ Դա ճիշտ տարբերակ է հատկապես այն դեպքերում, երբ պացիենտն ունի վնասվածք ստանալու բարձր ռիսկ (քաղցկեղի, դրա բուժման կամ այլ առողջական խնդիրների պատճառով)։

Հոգեբանի խորհրդատվություն․ Հոգեբանի հետ աշխատանքը կարող է նվազեցնել հոգնածությունը։ Օրինակ, կոգնիտիվ վարքաբանական թերապիան կարող է օգնել՝

Վերափոխել հոգնածության մասին ունեցած Ձեր մտքերը;

Բարելավել հաղթահարման հմտությունները;

Հաղթահարել քնի խանգարումները, որոնք նպաստում են հոգնածությանը։

Միտք-մարմին ռազմավարություններ․ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հետևյալ կետերը կարող են նվազեցնել հոգնածությունը քաղցկեղը վերապրածների մոտ․

Գիտակցությունն ընդլայնող պրակտիկա;

Յոգա;

Ասեղնաբուժություն։

Որպես հավելում՝ հետևյալ եղանակները նույնպես կարող են օգնել, սակայն, դեռևս ամբողջությամբ հետազոտված չեն․

Մարմնակողմնորոշիչ թերապիա;

Մերսում;

Երաժշտական թերապիա;

Ռելաքսացիա;

Մարմնակողմնորոշիչ թերապիայի տեսակ, որը կոչվում է րեյկի;

Ռելաքսացիայի և մեդիտացիայի տեսակ, որը կոչվում է ցիգուն։

Եթե հետաքրքրված եք, Ձեր բուժանձնակազմին հարցրեք նշված մեթոդներին տիրապետող մասնագետի մասին։

Դեղորայք և հավելումներ․ Կան պրեպարատներ, որոնք մարդկանց ավելի զգոն և արթմնի են դարձնում։ Դրանք առավել օգտակար են 2 դեպքերում․

Քաղցկեղի բուժում ստացող մարդկանց համար;

Ուշ փուլի քաղցկեղ ունեցող մարդկանց համար։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: