Կլման խանգարում

Կլման խանգարումը կամ դիսֆագիան ըմպանով սննդի կամ հեղուկների անցման խանգարումն է։ Այն դրսևորվում է տարբեր կերպ՝  հազի կամ խեղդվելու զգացողության տեսքով։

Կլման խանգարման պատճառները

Պատճառներից մեկը բերանի խոռոչի, ըմպանի կամ կերակրափողի քաղցկեղն է։ Այս հատվածներում զարգացող ուռուցքը կարող է փոքրացնել խոռոչը/լուսանցքը։ 

Կլման խանգարման պատճառ կարող են լինել նաև քաղցկեղի բուժման որոշ տարբերակներ․

Ճառագայթային բուժում;

Վիրահատություն;

Քիմիաթերապիա։

Բուժման կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջացնել դիսֆագիա ներառում են՝

Բերանում, ըմպանում կամ կերակրափողում զարգացող ֆիբրոզ, որն առաջացնում է սպի;

Բերանի խոռոչի կամ կերակրափողի վարակները, որոնք կարող են առաջանալ քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո;

Ըմպանի կամ կերակրափողի այտուցը, որը կարող է առաջանալ վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից հետո;

Բերանի, ծնոտի, ըմպանի կամ կերակրափողի վիրահատության հետևանքով առաջացած կառուցվածքային փոփոխությունները;

Մուկոզիտը, որը դրսևորվում է բերանի խոռոչի, ըմպանի կամ կերակրափողի չորությամբ, ցավով կամ բորբոքմամբ;

Քսերոստոմիան, որն իրենից ներկայացնում է բերանի չորություն։ Հաճախ հանդիսանում է ճառագայթային բուժման կամ քիմիաթերապիայի հետևանք։

Բուժում

Քաղցկեղի բուժման կարևոր մասն են կազմում կողմնակի ազդեցությունների մեղմումը և բուժումը։ Դա կոչվում է պալիատիվ կամ ամոքիչ խնամք։ Խոսեք բժշկի հետ Ձեր ունեցած յուրաքանչյուր ախտանիշի կամ դրա փոփոխության մասին։

Մի՛ սպասեք մինչև կլման խանգարումների ի հայտ գալը։ Շատ պացիենտներ սկսում են զբաղվել այս հարցով նախքան քաղցկեղի բուժումը սկսելը, հատկապես նրանք, ովքեր ունեն ըմպանի քաղցկեղ։

Բուժումը կարող է ներառել․

Լոգոպեդի խորհրդատվություն․ Բժիշկը կարող է Ձեզ ուղղորդել լոգոպեդի մոտ։ Մասնագետը կարող է Ձեզ սովորեցնել կլման եղանակներ, որոնց օգնությամբ կխուսափեք խեղդվելու զգացողությունից։ Լոգոպեդը մասնագիտացած է բերանի և ըմպանի մկանների ճիշտ օգտագործման եղանակների մեջ։

Դեղորայք․ Ձեր բժիշկը կարող է դեղորայք նշանակել, եթե Դուք ունենում եք ցավեր կլման ժամանակ։ Ցավոտ կլումը կոչվում է օդինոֆագիա: Որոշ դեղեր նվազեցնում են ցավը և բորբոքումը, և որոշները բուժում են բերանի խոռոչի և ըմպանի վարակները։ Դեղերի մի մասն օգտագործվում են ուտելուց առաջ բերանի խոռոչի ողողումների տեսքով։

Սնուցման խողովակ․ Երբեմն, կլման խանգարումների պատճառով դժվարանում է սնուցումը։ Այս դեպքերում բժիշկները քթով կամ որովայնի խոռոչով արհեստական սնուցման խողովակ են տեղադրում ստամոքսի մեջ։ Դրա շնորհիվ հնարավոր է դառնում սննդի և հեղուկների ներմուծումը, մինչև կլման վերականգնվելը։

Խորհուրդներ կլման խանգարում ունեցող մարդկանց համար

Որոշ մոտեցումներ կարող են ավելի լավ աշխատել մարդկանց մի մասի համար։ Դա կախված է կլման խանգարման աստիճանից և պատճառներից։

Փորձե՛ք սննդի տարբեր տեսակներ և դրանք ուտելու տարբեր եղանակներ։ Գտե՛ք առավել հարմար տարբերակը։ Եվ հիշե՛ք, պետք է կիրառել սննդարար դիետա։ Ձեր ուտելիքը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալորիաներ, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։

Որոշ խորհուրդներ․

Օգտագործեք փափուկ սնունդ, ինչպիսին յոգուրտն է;

Հարեք սնունդը կամ թրջեք չոր ուտելիքը արգանակով, սոուսով, կարագով կամ կաթով;

Փորձեք օգտագործել խտացնող հեղուկներ՝ ժելատին կամ այլ;

Հեղուկների համար օգտագործեք ձողիկներ;

Օգտագործեք սառը կամ սենյակային ջերմաստիճանի սնունդ՝ ցավը մեղմելու համար;

Կերեք փոքր կտորներով՝ դանդաղ և մանրակրկիտ ծամելով;

Սնվելիս կամ խմելիս ուղղաձիգ դիրք ընդունեք;

Սնվեք քիչ քանակությամբ, բայց հաճախակի;

Քաշի կորստի դեպքում օգտագործեք բարձր կալորիականությամբ և սպիտակուցներով հարուստ սնունդ;

Խուսափեք չոր և կոշտ սննդից;

Խուսափեք երկար ծամելու կարիք ունեցող սննդից;

Խմեք ճաշը փոխարինող սննդային հավելումներ պարունակող ըմպելիքներ։

Կարող եք նաև խորհրդակցել սննդաբանի հետ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: