Անեմիա

Անեմիան արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների, նորմայից ցածր պարունակությունն է։ Առաջացման պատճառներն են՝

1. Օրգանիզմը չի առաջացնում բավարար քանակությամբ էրիթրոցիտներ;

2. Օրգանիզմը կորցնում է արյուն;

3. Օրգանիզմում էրիթրոցիտները ոչնչանում են։

Քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ հաճախ է առաջանում անեմիա։ Այն հատկապես հաճախ է հանդիպում քիմիաթերապիա ստացող մարդկանց մոտ։ Անեմիա ունեցող մարդկանց մեծամասնությունն ունենում է հոգնածության և թուլության զգացում։ Այս ախտանիշն ունեցող մարդկանց համար ավելի դժվար է դառնում բուժումը հաղթահարելը։ 

Էրիթրոցիտների մասին

Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին։ Այն երկաթ պարունակող սպիտակուց է, որը մարմնի բոլոր մասերին մատակարարում է թթվածին։ Էրիթրոցիտների նորմայից ցածր պարունակության դեպքում օրգանները չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին։ Որպես հետևանք, դրանք չեն կարողանում աշխատել այնպես, ինչպես հարկն է։

Էրիթրոցիտները ստեղծվում են ոսկրածուծում։ Ոսկրածուծը փափուկ, սպունգանման հյուսվածք է, որը գտնվում է համեմատաբար մեծ ոսկրերում։ Էրիթրոպոետին կոչվող հորմոնը օրգանիզմում կարգավորում է էրիթրոցիտների սինթեզը։ Այս հորմոնը առաջանում է երիկամներում։ Հետևաբար ոսկրածուծի կամ երիկամների ախտահարումները կարող են անեմիայի պատճառ հանդիսանալ։

Նշաններ և ախտանիշներ

Անեմիա ունեցող մարդկանց մոտ կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշները՝

Հոգնածություն;

Մկանային թուլություն;

Հաճախացած կամ անկանոն սրտի կծկումներ;

Պարբերաբար ցավեր կրծքավանդակում;

Շնչարգելություն;

Գլխապտույտ կամ անհանգստություն;

Մաշկի կամ շուրթերի գունատություն;

Գլխացավեր;

Կենտրոնացման դժվարացում;

Անքնություն;

Տաքացման հետ կապված խնդիրներ;

Արյունահոսական խնդիրներ։

 

Անեմիայի պատճառները

Անեմիա առաջացնող գործոններից են՝

Քիմիաթերապիա․ Քիմիաթերապիան ազդում է ոսկրածուծի վրա։ Բայց դա կրում է ժամանակավոր բնույթ, և անեմիան անցնում է քիմիաթերապիայի ավարտից ամիսներ անց։ Պլատին պարունակող պրեպարատներով անցկացվող քիմիաթերապիան կարող է ազդել նաև երիկամների վրա։ Այս շարքի դեղորայք են հանդիսանում Ցիսպլատինը (Պլատինոլ) և Կարբոպլատինը (Պարապլատին)։

Ճառագայթային բուժում․ Ճառագայթային թերապիայի որոշ տեսակներ ճնշում են ոսկրածուծը՝

Մարմնի մեծ հատվածներ ընդգրկող ճառագայթումը;

Կոնքոսկրի, ոտքերի, կրծքավանդակի և որովայնի ճառագայթումը։

Քաղցկեղի որոշ տեսակներ․ Լեյկեմիաները, լիմֆոմաներն ու միելոմային հիվանդությունը ախտահարում են ոսկրածուծը։ Ինչպես նաև, քաղցկեղի այն տեսակները, որոնք տարածվել են ոսկրեր և ոսկրածուծ կարող են էրիթրոցիտների քանակության նվազեցման պատճառ հանդիսանալ։

Սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ․ Այս ախտանիշները կարող են հանգեցնել օրգանիզմում սննդանյութերի պակասի։ Էրիթրոցիտների սինթեզի համար օրգանիզմը որոշ նուտրիենտների կարիք ունի՝ երկաթի, վիտամին B12-ի, ֆոլաթթվի։

Արյունահոսություն․ Երբեմն օրգանիզմը ավելի մեծ արագությամբ կորցնում է էրիթրոցիտներ, քան կարողանում է սինթեզել։ Սա կարող է պատահել վիրահատությունից հետո, կամ եթե ուռուցքը ներքին արյունահոսություն է առաջացնում։

Անեմիայի ախտորոշումը

Անեմիայի ախտորոշման համար կիրառվում է արյան ըդհանուր քննություն, որն արյան մյուս բաղադրամասերի հետ մեկտեղ որոշում է նաև էրիթրոցիտների պարունակությունն արյան մեջ։ Արյան կարմիր բջիջների պարունակությունը որոշվում է 2 եղանակով՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի որոշմամբ։ Հեմատոկրիտը էրիթրոցիտների տոկոսային պարունակությունն է արյան մեջ։ 

Քաղցկեղի որոշ տեսակներ ունեցող և բուժման որոշ տարբերակներ ստացող մարդիկ պետք է անցնեն արյան կանոնավոր հետազոտոթյուններ։ Եթե արյան ընդհանուր քննությամբ ախտորոշվում է անեմիա, ապա կարիք է լինում հետագա հետազոտությունների՝ պատճառը հայտնաբերելու համար։

Անեմիայի բուժումը

Անեմիան բուժվում է ըստ առաջացման պատճառների և ախտանիշների։ Բուժման օրինակներ են՝

Արյան փոխներարկում․ Սիմպտոմատիկ անեմիաների դեպքում հաճախ ցուցված է արյան փոխներարկում։

Դեղորայք․ Քիմիաթերապիայի պատճառով առաջացած անեմիաների դեպքում բժիշկները հաճախ նշանակում են Էրիթրոպոեզը խթանող գործոններ։ Այս դեղորայքին են պատկանում Էպոետին Ալֆան (Epogen, Eprex, Procrit) կամ Դարբեպոետին Ալֆան (Aranesp): Սրանք լաբորատոր պայմաններում ստեղծված էրիթրոպոեիտինի պրեպարատներ են, որոնք խթանում են ոսկրածուծի էրիթրոպոետիկ ֆունկցիան։ Էպոետինը և Դարբապոետինը ներարկվում են կանոնավոր միջակայքերով։ Կարող է պահանջվել մոտ 4 շաբաթ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այս դեղերը ռիսկային են համարվում արյան մակարդուկներ առաջացնելու պատճառով։

Վիտամիններ և հանքանյութեր․ Միկրոնուտրիենտների անբավարարության դեպքում բժիշկները նշանակում են հավելումներ՝ երկաթ, ֆոլաթթու, վիտամին B12։ Սրանք հիմնականում հաբեր են՝ բերանով ներընդունման համար և վիտամին B12-ի ներարկումներ։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել երկաթով և ֆոլաթթվով հարուստ սնունդ։ 

Երկաթով հարուստ մթերքներ են՝

Կարմիր միսը;

Լոբազգիները;

Ծիրանի չիրը;

Նուշը;

Բրոկոլլին;

Հարստացված հացն ու հացահատիկները;

Ֆոլաթթվով հարուստ մթերքներ են՝

Ծնեբեկը;

Բրոկոլլին;

Սպանախը;

Հարստացված հացն ու հացահատիկները։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Մանվելի Ռուշանյանի կողմից: