ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Մազերի կորուստը կամ, այլ կերպ, ալոպեցիան կարող է քիմիաթերապիայի, թիրախային բուժման, ճառագայթման կողմնակի հետևանք լինել: Բուժման այս եղանակները կարող են վնասել մազերի աճին նպաստող բջիջները և առաջացնել մազաթափություն: Մազաթափությունը կարող է ընդգրկել մարմնի բոլոր մասերը, ներառյալ գլուխը, դեմքը, ձեռքերը, ոտքերը և ցայլային շրջանը: Մազերը կարող են թափվել ամբողջությամբ, մասնակի կամ հատվածներով: Կամ մազերը կարող են պարզապես բարակել, երբեմն աննկատ, և դառնալ ավելի խամրած և չոր: Քաղցկեղի բուժման հետ կապված մազաթափությունը սովորաբար կրում է ժամանակավոր բնույթ: Մազերի աճը վերականգնվում է բուժումը ավարտելուց հետո, բայց շատ հազվադեպ, դրանք կարող են կրել որակական փոփոխություն:

Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի ոչ բոլոր տեսակներն են առաջացնում մազաթափություն: Հետևյալ դեղամիջոցները առավել հաճախ են առաջացնում մազաթափություն.

  • Ալտրետամին Altretamine (Hexalen)
  • Կարբոպլատին Carboplatin (Paraplatin)
  • Ցիսպլաստին Cisplatin (Platinol)
  • Ցիկլոֆոսֆամիդ Cyclphosphamide (Neosar)
  • Դոցետաքսել Docetaxel (Taxotere)
  • Դոքսոռուբիցին Doxorubicin (Adriamycin, Doxil)
  • Էպիռուբիցին Epirubicin (Ellence)
  • Ֆլուոուրասիլ Fluorouracil (5-FU)
  • Գեմցետաբին Gemcitabine (Gemzar) 
  • Իդառուբիցին Idarubicin (Idamycin)
  • Իֆոսֆամիդ Ifosfamide (Ifex)
  • Պակլիտաքսել Paclitaxel (multiple brand names) 
  • Վինկրիստին Vincristine (Marquibo, Vincasar) 
  • Վինորելբին Vinorelbine (Alocrest, Navelbine)

Նախքան քիմիաթերապիան, թիրախային թերապիան կամ ճառագայթային թերապիան սկսելը, քննարկեք Ձեր բժշկի հետ՝ արդյո՞ք այն առաջացնելու է մազաթափություն: Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ հարցերը.

Քիմիաթերապիան սկսելուց որքա՞ն ժամանակ անց կսկսվի մազաթափությունը: Որպես կանոն՝ մազաթափությունը չի սկսվում անմիջապես: Ժամանակի մեծ մասը մազաթափությունը սկսվում է բուժման մեկնարկից մի քանի շաբաթ կամ մի քանի ցիկլ անց: Այնուհետև, ուժեղանում է բուժման 1-2 ամիսների ընթացքում: 

Ի՞նչ քանակությամբ կթափվեն մազերը: Մազաթափության քանակը տատանվում է տարբեր անձանց դեպքում: Նույնիսկ միատեսակ բուժում ստացող պացիենտների մոտ մազաթափության ինտենսիվությունը կարող է տարբերվել: Ձեր մազաթափության ծավալը կախված կլինի դեղորայքի տեսակից և չափաբաժիններից: Այն նույնպես կախված է քիմիաթերապիայի ստացման եղանակից՝ հաբերի միջոցով, ներերակային կամ ապլիկացիայի ձևով: 

Ե՞րբ իմ մազերը նորից կսկսեն աճել: Մազերի աճը կսկսի վերականգնվել քիմիաթերապիայի ավարտից 1-3 ամիսների ընթացքում: Երբ մազերը կսկսեն նորից աճել, դրանց կառուցվածքը կարող է տարբերվել նախկինից: Աճող մազերի գույնը նույնպես կարող է տարբերվել: Մազերը սովորաբար վերջնական վերադառնում են նախկին վիճակին մի քանի տարիների ընթացքում: 

Ճառագայթային բուժում: Ճառագայթային թերապիան ազդում է միայն այն հատվածի մազածածկույթի վրա, որին այն ուղղված է: Մազերը սովորաբար վերականգնվում են թերապիայի ավարտից մի քանի ամիս անց: Ճառագայթային թերապիայի շատ բարձր չափաբաժինների դեպքում մազերը կարող են չվերականգնվել: 

Թիրախային թերապիա: Թիրախային թերապիան չի առաջացնում մազերի ամբողջական կորուստ: Այնուամենայնիվ, այն կարող է հանգեցնել մազերի որակի փոփոխությունը:

  • Աֆատինիբ Afatinib (Gilotrif)
  • Ցետուքսիմադ Cetuximab (Erbitux)
  • Դաբրաֆենիբ Dabrafenib (Tafinlar)
  • Դասատինիբ Dasatinib (Sprycel)
  • Էրլոտինիբ Erlotinib (Tarceva)
  • Իբրուտինիբ Ibrutinib (Imbruvica) 
  • Իմատինիբ Imatinib (Gleevec, Gilvec)
  • Նիլոտինիբ Nilotinib (Tasigna)
  • Պանիտումումաբ Panitumumab (Vectibix)
  • Սոնիդեգիբ Sonidegib (Odomzo)
  • Սորաֆեմիբ Sorafenib (Nexavar)
  • Տրամետինիբ Trametinib (Mekinist) 
  • Վեմուրաֆենիբ Vemurafenib (Zelboraf)
  • Վիզմոդեգիբ Vismodegib (Erivedge)

Հորմոնալ թերապիա: Հորմոնալ թերապիա ստացող պացիենտների մոտ շատ հազվադեպ կարող է նկատվել մազերի բարակացում: Այս երևույթը կարող է արտահայտվել բուժումը սկսելուց մի քանի ամսից մինչև մի քանի տարի անց հետևյալ դեղորայքի ընդունման դեպքում՝ տամոքսիֆեն tamoxifen (Nolvadex), անաստրազոլ anastrozole (Arimidex), լետրոզոլ letrozole (Femara), ֆուլվեստրանտ fulvestrant (Faslodex), և օկտրեոտիդ octreotide (Sandostatin): Այնուամենայնիվ, հորմոնալ թերապիան սովորաբար չի հանգեցնում մազերի ամբողջական կորստի: 

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԱՄՔ

Շատերի համար մազերի կորուստը պարզապես ֆիզիկական փոփոխություն չի: Մազերի կորուստը կարող է հուզականորեն դժվար լինել և ազդել անձի ինքնաընկալման և կյանքի որակի վրա: Մազերի կորստի հետ կապված հույզերի մասին խոսելը հոգեբանի, մտերիմի կամ նման փորձառություն ապրած անձի հետ կարող է շատ օգտակար լինել: Նաև կարող է շատ օգտակար լինել քննարկել ապագա մազաթափությանը ընտանիքի անդամների, ընկերների և հատկապես երեխաների հետ նախքան դա տեղի կունենա: Սիրելի մարդու արտաքին տեսքի փոփոխությունների մասին տեղեկացված լինելը կարող է նպաստել վախի և տագնապի իջեցմանը երեխաների մոտ:

Ոմանք խորհուրդ են տալիս մազերը կարճ կտրել նախքան բուժման մեկնարկը: Կարճ սանրվածքը Ձեր մազերը կարող է ավելի խիտ ցույց տալ: Դա նույնպես կարող է մազերի կորուստը դարձնել պակաս կտրուկ: Այնուհետև, երբ Ձեր մազերը կսկսեն նորից աճել, ավելի քիչ ժամանակ կպահանջվի կարճ սանրվածքը վերականգնելու համար: Նմանատիպ սանրվածքի ստեղծումը կարող է Ձեզ օգնել ավելի հեշտ հաղթահարել բուժմանը հաջորդող շրջանը:

Մազերի և գլխամաշկի խնամք: Հետևյալ խորհուրդները կարող են օգնել Ձեզ խնամել մազերը և գլխամաշկը քաղցկեղի բուժման ընթացքում.

  • Ընտրեք մեղմ, ոչ հոտավետ շամպուններ Ձեր գլուխը լվանալու համար
  • Ձգտեք ամեն օր չլվանալ գլուխը և ուժեղ չտրորել այն
  • Ընտրեք փափուկ, նոսր ատամներով սանր
  • Փողոցում օգտագործեք գլխամաշկը արևի ճառագայթներից պաշտպանող միջոցներ, ինչպես օրինակ՝ քսուքներ, գլխարկ, գլխաշոր
  • Ցուրտ եղանակին ծածկեք Ձեր գլուխը՝ մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար
  • Խուսափեք մազերը բարձր ջերմաստիճանի ներքո չորացնելուց
  • Խուսափեք մազերը քիմիական նյութերի միջոցով ուղղելուց կամ գանգրացնելուց
  • Խուսափեք մազերը ներկելուց
  • Ձեր բարձի համար ընտրեք փափուկ, հարմարավետ ծածկոց
  • Քննարկեք Ձեր բուժող թիմի մազերի աճը խթանող ցանկացած միջոց կիրառելուց առաջ 

Կեղծամներ և գլխաշորեր

  • Փորձեք գտնել մասնագետ, ով փորձ ունի պատրաստել կեղծամներ քաղցկեղ ունեցող մարդկանց համար
  • Եթե ցանկանում եք, որ կեղծամը նմանվի Ձեր մազերին, այն ցանկալի է ընտրել նախքան մազաթափությունը: Դա կօգնի ընտրել Ձեր սանրվածքին և մազերի գույնին առավել նման կեղծամ: Կամ Դուք կարող եք ընտրել բոլորովին նոր ոճի սանրվածքով կեղծամ, որի մասին միշտ երազել եք: Վարսահարդարը կարող է օգնել Ձեզ կեղծամի ձևի և գույնի ընտրության հարցում
  • Կեղծամի փոխարեն կամ դրա օգտագործմանը զուգահեռ կարող եք ձեռք բերել նաև գլխաշորեր: Ինտերնետում կարող եք գտնել գլխաշորը գեղեցիկ կապելու բազմաթիվ տարբերակներ

Վերականգնված մազերի խնամք: Երբ Ձեր մազերը նորից կսկսեն աճել կարևոր է դրանք զգուշորեն խնամել: Նախևառաջ, Ձեր մազերը կլինեն ավելի բարակ և ավելի հեշտ վնասվող, քան նախքան բուժումը: Դրանք կարող են նաև ունենալ տարբերվող կառուցվածք և գույն: Հետևյալ խորհուրդները կարող են Ձեզ օգնել խնամել վերականգնվող մազերը.

  • Լվացեք Ձեր մազերը շաբաթը երկու անգամից ոչ ավելի հաճախ
  • Մերսեք Ձեր գլխամաշկը չոր մաշկը և թեփուկները հեռացնելու համար
  • Օգտագործեք նոսր ատամներով սանր, սահմանափակեք բարձր ջերմաստիճանի ներքո մազերի չորացումը, կերատինապատումը, գանգրացումը
  • Խուսափեք Ձեր մազերը քիմիական նյութերի միջոցով ուղղելուց կամ գանգրացնելուց, քանի դեռ Ձեր մազերը վերջնականապես չեն վերականգնվել: Որոշ մարդիկ պետք է սպասեն մինչև մեկ տարի նման միջոցառումներ իրականացնելուց առաջ: Նախքան քիմիական նյութերի կիրառումը, փորձարկեք դրանք մաշկի փոքր հատվածի վրա՝ հակազդումը ստուգելու համար
  • Խուսափեք մազերի ցանկացած ներկ օգտագործելուց բուժումից հետո առնվազն երեք ամիսների ընթացքում

Թարգմանությունը՝ Եվա Ասրիբաբայանի