Ինչպես թողնել ծխելը

Կան բազմաթիվ միջոցներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են թողնել ծխելը։ Այս գործում հաջողության հասնելու շանսերը կարող են մեծանալ հետևյալ քայլերը պլանավորելու շնորհիվ․

Ընտրեք որոշակի օր;

Զարգացրեք եղանակներ հաղթահարելու այն իրավիճակները, որոնք հրահրում են Ձեզ ծխել;

Ստեղծեք աջակիցների ցանց;

Խորհրդակցեք հոգեբանի հետ;

Կարող եք կիրառել դեղորայք, որոնք կօգնեն Ձեզ հրաժարվել ծխելուց։

Համապատասխան պլան ստեղծելու համար խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։

Ինչպես հաղթահարել նիկոտինի աբստինենտային (ժուժկալման) համախտանիշը

Առաջին անգամ ծխելը դադարեցնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ, կունենաք նիկոտինի ժուժկալման համախտանիշ։ Հաճախ հանդիպող ախտանշաններն են․

Ծխելու ուժեղ ցանկություն;

Դյուրագրգիռ վիճակ;

Կենտրոնանալու դժվարություն;

Անհանգստություն;

Ախորժակի բարձրացում;

Տագնապ;

Դեպրեսիա։

Այս ախտանշանները հաղթահարելու տարբերակներ են հանդիսանում դեղորայքը, հոգեբանի խորհրդատվությունը և այլ աջակցող միջոցներ։

Դեղորայք

Դեղորայքի կիրառումը կարող է կրկնապատկել ծխելը թողնելու Ձեր շանսերը։ Խոսեք Ձեր բժշկի հետ, թե երբ և ինչպես եք կիրառում ծխախոտ։ Այդ քննարկումը կօգնի Ձեզ համար ընտրել դեղորայքի լավագույն տարբերակը։

ԱՄՆ-ի Սննդի և Դեղորայքի Վարչությունը նիկոտինային կախվածությունը բուժելու համար հաստատել է 3 տեսակի դեղորայք․

Նիկոտին-փոխարինող բուժում (ՆՓԲ). Ամենահաճախ կիրառվող տարբերակն է։ Այս դեպքում Ձեր օրգանիզմ են ներմուծվում նիկոտինի փոքր քանակություններ։ Այսպիսով, մեղմանում են ժուժկալման համախտանիշի ախտանշանները՝ առանց ծխախոտի այլ վնասակար քիմիկատների ազդեցության։

Առանց բժշկի նշանակման կիրառվող  ՆՓԲ տարբերակներ են․

Նիկոտինային մաշկային սպեղանի;

Նիկոտինային մաստակ;

Նիկոտինային դեղահաբեր։

Բժշկի ցուցմամբ կիրառվող տարբերակներ․

Նիկոտինային ներշնչակներ (ինհալատոր);

Նիկոտինային ցողացիրներ (սփրեյ)։

Այս բոլոր տարբերակներն ունեն միջին կողմնակի ազդեցություններ։ Դրանք կարող են ներառել գլխացավեր, սրտխառնոց, մարսողական խնդիրներ և քնի խանգարումներ։

Ոչ հաճախ, բայց որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ նիկոտինի գերդոզավորում։ Հաճախասրտության, սրտխառնոցի և փսխման, գլխապտույտի, թուլության և սառը քրտինքի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Bupropion (Wellbutrin, Zyban). Այս դեղորայքը կարող է օգնել հաղթահարել ժուժկալման համախտանիշը։ Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են բերանի չորությունը, քնելու կամ քնած մնալու դժվարությունները։

Varenicline (Chantix). Նվազեցնում է ժուժկալման ախտանշանները։ Այն նաև կանխում է ծխելու դեպքում նիկոտինից հաճույքի զգացողությունը։ Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են սրտխառնոցը, վառ արտահայտվող երազները, փորկապությունը, քնկոտությունը։

Հոգեթերապիա

Հոգեթերապիան մեծացնում է ծխելը դադարեցնելու հավանականությունը։ Արդյունավետության համար կարող եք համակցել հոգեթերապիան և դեղորայքը։ Ձեր բուժանձնակազմը կարող է օգնել գտնել համապատասխան մասնագետ։

Կան նաև մի շարք լրացուցիչ օգտակար միջոցներ՝ տեղեկատու կայքեր, բջջային հեռախոսների ծրագրեր, աջակցող խմբեր։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: