Մաշկի պաշտպանությունն արևից

Ուլտրամանուշակագույն ճառագաայթներ և մաշկի քաղցկեղ

Ուլտրամանուշակագույն (ՈւՄ)  ճառագայթումը մաշկի քաղցկեղի գլխավոր պատճառն է։ Կան ՈՒՄ 2 տեսակներ․

Ուլտրամանուշակագույն A (ՈւՄԱ)․ ՈւՄԱ-ն թափանցում է ապակու միջով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք

  • Առաջացնում են վաղաժամ ծերացում և մաշկի կնճռոտում;
  • Նշանակալի դեր ունեն բազալ բջջային կարցինոմայի, տափակաբջջային կարցինոմայի և մելանոմայի առաջացման մեջ։

Ուլտրամանուշակագույն B (ՈւՄԲ). ՈւՄԲ-ն չի թափանցում ավտոմեքենայի պատուհանների կամ այլ տեսակի ապակիների միջով։ Այն

  • Ավելի սերտ է կապված մաշկի քաղցկեղի և մելանոմայի առաջացման հետ;
  • Առաջացնում է արևայրուկ։

Կարևոր է և՛ ՈւՄԱ, և՛ ՈւՄԲ ճառագայթներից մաշկի պաշտպանությունը։

Խորհուրդներ արևապաշտպան կրեմ ընտրելու համար

Արևից մաշկի վնասման համար անհրաժեշտ է ժամանակ։ Կարևոր է արևապաշտպան կրեմների ամենօրյա օգտագործումը, անգամ ամպամած եղանակին։

Ընտրեք այնպիսի կրեմ, որը կպաշտպանի և՛ A, և՛ B ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Համոզվեք, որ այն ջրակայուն է և ունի արևապաշտպան գործոն (SPF) ամենաքիչը 30:

Օգտագործեք ամենաքիչը SPF 30 պարունակող շուրթերի բալզամ կամ շրթներկ։

Քսեք ամենաքիչը 1 ունց (28գ) կրեմ տանից դուրս գալուց 15-30 րոպե առաջ։

Թարմացրեք կրեմը ամբողջ մարմնի վրա ամեն 2 ժամը մեկ։ Լողալու կամ քրտնելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամը մեկ։

Չոր մաշկի համար ավելի լավ է օգտագործել արևապաշտպան կրեմ, գլխամաշկի կամ մազածածկ հատվածների համար՝ գել։

Արևապաշտպան միջոցներ պետք է կիրառել տարվա բոլոր եղանակներին՝ դրսում գտնվելիս։

Չի կարելի օգտագործել ժամկետն անց միջոցներ։

Այլ խորհուրդներ

Սահմանափակեք արևի ազդեցությունը․ Արևի ճառագայթների ինտենսիվությունը առավելագույնն է ժամը 10:00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում։ Օգտագործեք շողքի կանոնը․ եթե Ձեր շողքը Ձեզանից կարճ է ուրեմն փնտրեք ստվեր և խուսափեք արևից։ 6 ամսականից փոքր երեխաներին միշտ ամբողջապես ծածկեք և պահեք ստվերում։

Ուշադրություն դարձրեք ՈւՄ ցուցիչին․ Այս համարակալված սանդղակը ցույց է տալիս յուրաքանչյուր օրվա արևի ազդեցության վնասակարությունը։ Այն հաճախ ներառված է լինում եղանակի տեսության մեջ։ 10 և բարձր ցուցիչի դեպքում դրսում գտնվելը ցանկալի չէ։

Զգուշացեք արտացոլող մակերևույթներից․ Ջուրը, ձյունը և ավազը արտացոլում են  արևի վնասակար ճառագայթները և մեծացնում են արևահարման հավանականությունը։

Կրեք պաշտպանիչ հագուստ և ակնոց․ Կարող եք պաշտպանվել երկարաթև վերնաշապիկով, երկար տաբատով և այնպիսի գլխարկով, որի շողքը կպաշտպանի դեմքը, պարանոցը և ականջները։ Խիտ գործվածքով մուգ հագուստը ավելի լավ է պաշտպանում, քան սպիտակ ու թույլ գործվածքով կտորներից հագուստը։ Լրացուցիչ պաշտպանության համար կարող եք կրել հատուկ արևապաշտպան կտորներից կարված հագուստ։ Համոզվեք, որ Ձեր ակնոցն 99-100%-ով կլանում է ՈւՄ-ն։

Տեղեկացեք դեղորայքի կողմնակի ազդեցությունների մասին․ Որոշ դեղեր մաշկն ավելի զգայուն են դարձնում արևի նկատմամբ։ Այդպիսի դեղորայք են որոշակի տեսակի հակաբիոտիկները, հակաբորբոքայինները, հակասնկայինները, հակագերճնշումայինները և քիմիապրեպարատները։

Խուսափեք արևային լոգանքներից․ Ինչպես նաև, մի օգտագործեք արևայրուկի էֆեկտ ստեղծող արհեստական միջոցներ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: