Դաշտանադադարը և քաղցկեղի ռիսկը

Դաշտանադադար առաջանում է այն ժամանակ, երբ ձվարանները դադարում են արտադրել ձվաբջիջներ։

Բնական դաշտանադադարի դեպքում օրգանիզմում իջնում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակը։ Դրա հետևանքով առաջանում են անկանոն դաշտանային ցիկլեր, որոնք, ի վերջո, դադարում են։ Սովորաբար դաշտանադադարն առաջանում է մոտավորապես 50 տարեկանում։ Սակայն, այն կարող է նաև սկսվել ավելի վաղ կամ ուշ։

Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադար կարող է դիտվել ավելի վաղ։ Օրինակ, որոշ բուժման մեթոդներ խաթարում են ձվարանների ֆունկցիան։ Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար։

Դաշտանադադարի ախտանշաններն են․

Ջերմահորդանքներ;

Գիշերային քրտնարտադրություն;

Հոգնածություն;

Հեշտոցի չորություն;

Ցավոտ սեռական հարաբերություն;

Սեռական ցանկության իջեցում;

Օստեոպորոզ, որի հետևանքով ոսկրերը դառնում են ավելի փխրուն;

Միզապարկի ֆունկցիայի հետ կապված խնդիրներ;

Միզային համակարգի վարակներ;

Տրամադրության փոփոխություններ և գրգռվածություն;

Դեպրեսիա;

Թուլություն;

Քնի խանգարումներ;

Անկանոն կամ ծանր դաշտաններ;

Քաշի ավելացում;

Մազաթափություն;

Ուժեղ հակվածություն որոշակի տեսակի սննդի հանդեպ;

Մոռացկոտություն։

Դաշտանադադարը և քաղցկեղի ռիսկը

Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկի մեծացումը կապված է 2 հիմնական գործոնների հետ․

Մեծ քանակությամբ հորմոնների ազդեցություն, օրինակ՝ էստրոգենի;

Մեծ քանակությամբ ձվազատումներ։

Ձվազատում առաջանում է, երբ ձվարանն արտադրում է ձվաբջիջներ։ Երկար տարիներ դաշտան ունեցող կանայք ունենում են բազմաթիվ ձվազատումներ, ինչը մեծացնում է արգանդի, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ռիսկը։ Սա ներառում է այն կանանց, ում մոտ՝

Առաջին դաշտանը դիտվել է 12 տարեկանից վաղ հասակում;

Դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից հետո։

Օրալ հակաբեղմնավորիչներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրալ (ներընդունման) հակաբեղմնավորիչներն իջեցնում են ձվարանների քաղցկեղի ռիսկը։ Սա պայմանավորված է նրանով, որ դրանք ժամանակավորապես կասեցնում են ձվազատումը։ Խոսե՛ք Ձեր բժշկի հետ օրալ հակաբեղմնավորիչների առավելությունների և ռիսկերի մասին։

Կոմբինացված հորմոնային բուժում և քաղցկեղի ռիսկ

Կոմբինացված հորմոնային թերապիան կոչվում է նաև հետդաշտանադադարային կամ հորմոն-փոխարինող թերապիա։ Այն կարող է վերացնել դաշտանադադարի այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները և օստեոպորոզը։ Այն իրենից ներկայացնում է էստրոգենի և պրոգեստինի կոմբինացիա։ Պրոգեստինն իրենից ներկայացնում է լաբորատոր պայմաներում ստացված պրոգեստերոն։ 

«Կանանց առողջություն նախաձեռնություն» հետազոտություն

Հետազոտությամբ պարզվել է, որ կոմբինացված հորմոնային թերապիա ստացող կանայք ունեն հետևյալ հիվանդությունների ավելի բարձր ռիսկեր․

Կրծքագեղձի քաղցկեղ;

Սրտամկանի ինֆարկտ;

Ինսուլտ;

Թրոմբոզ։

Սակայն, այս հետազոտությամբ նաև պարզվել է, որ այդ կանայք ունենում են կոլոռեկտալ քաղցկեղի և ոսկրային կոտրվածքների ավելի ցածր ռիսկեր․

Միևնույն ժամանակ, մեկ այլ հետազոտությամբ ենթադրվում է, որ կոմբինացված հորմոնային թերապիան մեծացնում է թոքի ոչ մանր բջջային քաղցկեղից մահացությունը։

Կոմբինացված հորմոնալ թերապիայի ցուցումներ

Նշված ռիսկերի պատճառով հորմոն-փոխարինող բուժումը խորհուրդ չի տրվում այն կանաց, ովքեր՝

Ունեն կրծքագեղձի քաղցկեղի պատմություն;

Ունեն կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ։

Երբեմն,  կանայք ստանում են հորմոններ ցածր դոզաներով։ Այդ կարճատև բուժումը դաշտանադադարի ուժեղ ախտանշանները մեղմացնելու համար է։ 

Որոշ դեպքերում բժիշկները նշանակում են հորմոն-փոխարինող թերապիա միայն էստրոգենով։ Այս տարբերակը կիրառվում է միայն հիստերէկտոմիա տարած կանանց դեպքում։ Հիստերէկտոմիան արգանդի վիրաբուժական հեռացումն է։ Պրոգեստերոնով չբալանսավորված էստրոգենը կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի աճի, ինչը մեծացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը։

Հորմոն-փոխարինող թերապիայի ազդեցությունը կանանց վրա շատ հակասական է։ Ռիսկերն ու առավելությունները կրում են անհատական բնույթ։ 

Հորմոն-փոխարինող թերապիա ստանալուց առաջ խոսե՛ք Ձեր բժշկի հետ։ Կիսվե՛ք Ձեր ախտանիշներով և բժշկական պատմությամբ։ Հարցրե՛ք Ձեր ախտանիշների մեղմացման տարբերակների մասին։ Կշռադատե՛ք բուժման ռիսկերն ու առավելությունները։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: