Քաղցկեղի ռիսկը

Ռիսկը երևույթի առաջացման հավանականությունն է։ Քաղցկեղի մասին խոսելիս՝ ռիսկն օգտագործվում է անձի մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը բնութագրելու համար։ Այն նաև օգտագործվում է քաղցկեղի ախտադարձը բնութագրելու համար։

Հետազոտողներն ու բժիշկներն օգտագործում են քաղցկեղի ռիսկը մարդկանց առողջության բարելավման նպատակով։ Վառ օրինակ է հանդիսանում ծխելուց առաջացած քաղցկեղի ռիսկի գնահատումը։ Գիտնականները հայտնաբերել են, որ ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այս ինֆորմացիան օգտագործվում է  մարդկանց կյանքեր փրկելու համար՝ գլոբալ հակածխախոտային պայքար իրականացնելու նպատակով։

Ռիսկի գործոնների գնահատում

Քաղցկեղի ռիսկի գործոն է հանդիսանում ցանկացած բան, որը մեծացնում է մարդու մոտ քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Սակայն ռիսկի գործոնների մեծ մասն ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ։ Անգամ մի քանի ռիսկի գործոններ ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է երբեք չառաջանալ քաղցկեղ։ Մինչդեռ, առանց ռիսկի որևէ գործոնի անձի մոտ այն կարող է առաջանալ։

Կարևոր է տեղյակ լինել Ձեր ունեցած ռիսկի գործոնների մասին և քննարկել դրանք Ձեր բուժանձնակազմի հետ։ Դա կօգնի Ձեզ ընտրել Ձեր առողջության պահպանման համար առավել հարմար ապրելակերպ։ Այդ ինֆորմացիան կօգնի նաև Ձեր բժշկին հասկանալ՝ կա՞ արդյոք կարիք գենետիկական հետազոտության և կոնսուլտացիայի։

Քաղցկեղի ընդհանուր ռիսկի գործոններ են հանդիսանում՝

Տարիքը;

Անձնական կամ ընտանեկան քաղցկեղի պատմությունը;

Ծխախոտը;

Ճարպակալումը;

Ալկոհոլը;

Վիրուսային ինֆեկցիաների որոշ տեսակներ (մարդու պապիլոմավիրուսը՝ ՄՊՎ);

Որոշ քիմիկատներ;

Ճառագայթումը (ներառյալ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները)։

Հնարավոր է կանխել ռիսկի որոշ գործոններ ռիսկային վարքագծի փոփոխության շնորհիվ։ Սա ներառում է ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, մարմնի քաշի ավելցուկ ունենալը, և շատ արևայրուկներ ունենալը։ Եվ որոշ ռիսկի գործոններից խուսափել հնարավոր չէ, օրինակ՝ ծերությունից։ 

Ռիսկի գործոններ և քաղցկեղի սքրինինգ

Քաղցկեղի առաջացման Ձեր ռիսկն իմանալը կօգնի Ձեր բժշկին որոշել Ձեզ համար առավել օգտակար հաջորդ քայլը՝

Քաղցկեղի սքրինինգային հետազոտություն, ինչպիսիք  են օրինակ մամմոգրաֆիան կամ կոլոնոսկոպիան,

Վաղ տարիքում սքրինինգային հետազոտություն՝ ավելի հաճախակի քան ռուտին հետազոտությունները,

Վիրահատություն կամ դեղորայք՝ քաղցկեղի ռիսկի իջեցման համար։

Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կնոջ դստեր մոտ նույն հիվանդության առաջացումը կրկնակի ավելի հավանական է, քան նման ընտանեկան պատմություն չունեցող կնոջ մոտ։ Որոշ կանանց մոտ առկա են ընտանեկան հիվանդության պատմություններ կամ որոշ գենետիկ մուտացիաներ՝ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված։ Քանի որ նրանք ունեն կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, նրանք կարող են ընտրել կրծքագեղձերի հեռացում՝ քաղցկեղի կանխարգելման նպատակով։ Վիրահատությունն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը ամենաքիչը 95%-ով։ Այս կանայք նաև կարող են ընտրել դեղորայքի ընդունումը քաղցկեղի ռիսկի իջեցման համար։

Քաղցկեղի ընտանեկան հարուստ պատմություն ունեցող մարդիկ պետք է անցնեն գենետիկական հետազոտություններ։ Ձեր բժիշկը կամ գենետիկական խորհրդատուն կօգնեն Ձեզ այդ հարցում։ Նրանք կարող են Ձեզ ասել Ձեր ռիսկի աստիճանը՝ հիմնվելով ընտանեկան պատմության և գենետիկական հետազոտությունների վրա։

Բացարձակ և հարաբերական ռիսկերի տարբերությունները

Բժիշկներն օգտագործում են ռիսկի բացարձակ և հարաբերական գործոնները անձի մոտ պոպուլյացիայի կամ մարդկանց որոշակի խմբի հետ համեմատած բարձր կամ ցածր ռիսկի գնահատման համար։

Բացարձակ ռիսկը մարդու մոտ որոշակի ժամանակահատվածում քաղցկեղի առաջացման հավանականությունն է։ Այն բնութագրում է, թե պոպուլյացիայում քանի մարդ է գտնվում հիվանդության ռիսկի խմբում։

Որպես օրինակ կարող եք դիտարկել հետևյալ պնդումը․ «8 կանանցից 1-ը (12.5%) իր կյանքի ընթացքում կունենա կրծքագեղձի քաղցկեղ»: Սա նկարագրում է պոպուլյացիայի կանանց մոտ բացարձակ ռիսկը։ Այն չի կարող որոշել որոշակի մարդու կամ մարդկանց խմբի ռիսկը։ Օրինակ, բացարձակ ռիսկը չի կարող ցույց տալ՝ կրծքագեղձի քաղցկեղի առավել մեծ ռիսկ ունեն մեծահասակ կանայք, թե՞ երիտասարդները։

Հարաբերական ռիսկը համեմատում է 2 խմբերի միջև ռիսկը։ Այն համեմատում է մի խմբի ռիսկը որոշակի ռիսկի գործոնի նկատմամբ մեկ այլ խմբի հետ։ 

Որպես օրինակ, պատկերացրեք համեմատում ենք կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը 100 կանանցից բաղկացած 2 խմբերի միջև, բայց միայն առաջին խմբի կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն։ Մյուս խմբի կանայք չունեն այդ գործոնը։ Հետազոտողներն ուսումնասիրում են, թե այս  խմբերում քանի մարդու մոտ կառաջանա կրծքագեղձի քաղցկեղ որոշակի ժամանակահատվածում։ Կարող ենք ասել, որ ռիսկի գործոն ունեցող 2 կանանց և ռիսկի գործոն չունեցող միայն մեկ կնոջ մոտ է առաջանում կրծքագեղձի քաղցկեղ։ Այսինքն՝ առաջին խմբի կանանց մոտ ռիսկը 2 անգամ ավելի մեծ է երկրորդ խմբի կանանց համեմատ։ Սա հարաբերական ռիսկի 100% բարձրացում է։ Բացարձակ ռիսկը, այնուամենայնիվ, կլինի 2% կամ ՝ 100-ից 2։

 

Պացիենտները կարող են օգտագործել ռիսկի տվյալները ապրելակերպի և քաղցկեղի սքրինինգների առավել ճիշտ ընտրություններ կատարելու համար։ Կարևոր է հասկանալ բացարձակ և հարաբերական ռիսկերի տարբերությունները։ Օրինակ, նախորդ օրինակում հարաբերական ռիսկը բարձր է թվում։ Այն որոշում է պացիենտի մոտ քաղցկեղի 100% հավանականությամբ առաջացման հարաբերական ռիսկը։ Բայց դիտարկեք բացարձակ ռիսկը ամբողջական պատկեր ստանալու համար։ Այն է՝ 100-ից 1-ը համեմատած 100-ից 2-ի հետ։ Եթե ուզում եք համեմատել Ձեր լսած հետազոտությունները Ձեր անձնական դեպքի հետ, համոզվեք, որ հաշվարկել եք բացարձակ ռիսկը։ Շատ հետազոտություններ հայտնում են հարաբերական ռիսկի տվյալները, ինչը ռիսկը ցույց է տալիս ավելի բարձր, քան այն իրականում կա։

 

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Ստատիստիկ տվյալներ հասկանալը կարող է բարդ լինել։ Խնդրեք Ձեր բուժանձնակազմի անդամներին բացատրել տեղեկատվության նշանակությունը՝ Ձեր անձնական իրավիճակի դեպքում։ Կարող եք նրանց ուղղել հետևյալ հարցերը՝

Ի՞նչ ռիսկի գործոններ կան ինձ մոտ։ Ի՞նչպես են նրանք ազդում ինձ մոտ քաղցկեղի ռիսկի վրա;

Ինչպիսի՞ն է ինձ մոտ հետագա 5 տարիների ընթացքում քաղցկեղի զարգացման ռիսկը, և ինչպիսի՞ն է այն իմ ամբողջ կյանքի ընթացքի համար,

Ի՞նչ կարող եմ անել քաղցկեղի ռիսկի նվազեցման համար;

Ի՞նչ կլինի, եթե ես փոխեմ իմ վարքագիծը քաղցկեղի ռիսկի գործոնի վերացման համար (օրինակ՝ թողնել ծխելը, կամ կորցնել քաշ): Այդ դեպքում, ինչքա՞ն կլինի ինձ մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը հետագա 5 տարիների ընթացքում, և որքա՞ն ամբողջ կյանքի ընթացքում։

Ի՞նչ կլինի, եթե ես հայտնաբերեմ նոր ռիսկի գործոն՝ ինչպիսին է քաղցկեղ ունեցող հարազատը։ Որքանո՞վ կբարձրանա ռիսկն այդ դեպքում։

Քաղցկեղի ի՞նչ սքրինիգային հետազոտություն խորհուրդ կտաք։ Ի՞նչ հաճախականությամբ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: