Երեխայի քաշի փոփոխությունները բուժման ընթացքում

Երեխայի քաշի փոփոխությունները բուժման ընթացքում

Քաշի ավելացում ստերոիդների օգտագործումից

Ստերոիդները (ինպիսիք են պրեդնիզոնը կամ դեքսամետազոնը) կարող են ներառվել հիվանդության բուժման մեջ։ Դրանց կիրառումը կարող է հանգեցնել քաշի ավելացման: Ստերոիդները նպաստում են ախորժակի բարձրացմանը և հեղուկի պահպանմանը:

Ձեր երեխան՝

    •Կարող է ունենալ քաշի ավելացում դեմքի և որովայնի հատվածում;

    • Կարող է քաղցած լինել և կարիք ունենալ հաճախ սնվելու;

    • Պետք է ունենա առողջ սնունդ՝ օրական մի քանի անգամ;

    • Պետք է ընդունի սահմանափակ քանակով աղի սնունդ, որովհետև աղը պահում է հեղուկը օրգանիզմում;

    • Սովորաբար կկորցնի քաշը ստերոիդների օգտագործումը դադարելուց հետո:

Քաշի կորուստ

Շատ երեխաներ կորցնում են քաշը քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ընթացքում: Ձեր բժիշկը ուշադիր կլինի երեխայի քաշի նկատմամբ: Եթե Ձեր երեխան ի վիճակի չէ ուտել, բժիշկը կքննարկի Ձեզ հետ հատուկ խողովակի միջոցով կամ ներերակային սնունդ տալու մասին: Հատուկ սնունդը կարող է տրվել խողովակի միջոցով, որը գնում է քթից դեպի ստամոքս (նազոգաստրալ խողովակ) կամ խողովակով, որը անմիջապես տեղադրվում է ստամոքսի մեջ որովայնի պատի միջոցով՝ վիրահատությամբ: Եթե Ձեր երեխան փսխում է և չի կարողանում ընդունել սնունդը ստամքոսի մեջ, կիրառվում է տոտալ (ամբողջական) պարենտերալ սնունդ:

Առաջարկներ, որոնք կօգնեն Ձեր երեխային պահպանել կամ ավելացնել քաշը՝

    • Օգտագործեք այնպիսի առողջ սնունդ, որը Ձեր երեխան սիրում է;

    • Երեխային տվեք սնունդ երկու ժամը մեկ;

    • Փորձեք կալորիաներ ավելացնել սննդին, հաշվի առնելով այն, ինչ սիրում է Ձեր երեխան, օրինակ՝ կաթին ավելացրեք պաղպաղակ և այլն;

    • Աշխատեք ուտելիս երեխային չառաջարկել շատ հեղուկ, քանի որ սա երեխային ավելի արագ կտա հագեցվածության զգացողություն;

    • Պատրաստեք սնունդը հաճելի «համուհոտերով», ինչը կակտիվացնի երեխայի ախորժակը;

    • Խրախուսեք ֆիզիկական ակտիվություն մինչև սնվելը, ինչը կնպաստի ախորժակի ակտիվացմանը;

    • Փորձեք օգտագործել այն պահերը, երբ Ձեր երեխան ուզում է ուտել;

    • Միշտ ձեռքի տակ ունեցեք սնունդ, որը Ձեր երեխան հեշտությամբ կարող է ընդունել։

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։