Բուժման տարբերակներ

Մանկական քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ կարող է տարբեր կերպ բուժվել կախված նրանից, թե գիտնականները որ տարբերակն են համարում ամենաարդյունավետը' քաղցկեղի կոնկրետ տեսակի բուժման համար: Բուժման ամենատարածված տեսակները ներկայացված են այս բաժնում: Բուժման ընթացքում տարբեր ժամանակամիջոցներում Ձեր երեխան կարող է ստանալ ներքոհիշյալ բուժումներից մեկը կամ ընդհանուր կոմպլեքս բուժում:

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ

Քիմիաթերապիան բուժում է, որի միջոցով կանգնեցնում են քաղցկեղի բջիջների աճը կամ զարգացումը: Կարող են կիրառվել քիմիաթերապիայի բուժման տարբեր տեսակներ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կանգնեցնում է բջջի աճը կամ ոչնչացնում բջիջները՝ իրեն հատուկ ձևով:

Երբ քիմիաթերապիան ոչնչացնում է քաղցկեղի բջիջները, այն կարող է վնասել նաև առողջ բջիջներին: Առողջ բջիջների վնասումը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ: Հաճախ կողմնակի բարդությունները բարելավվում կամ վերանում են քիմիաթերապիայի ավարտից հետո:

Քիմիաթերապիան կարելի է ընդունել'

    • Բերանի միջոցով

    • Ներերակային

    • Միջմկանային

    • Ներողնուղեղային

Ձեր երեխան կարող է քիմիաթերապիան ընդունել մեկ կամ նշվածներից մի քանի մեթոդով: Դա կախված է նրանից, թե ինչ տեսակի քաղցկեղ է բուժվում, և որ միջոցն է լավագույնս ազդում տվյալ տեսակի քաղցկեղի վրա: Երեխայի քիմիաթերապիայի գրաֆիկը կբացատրվի Ձեզ բուժող թիմի կողմից: Քիմիաթերապիան հիմնականում արվում է ցիկլերով: Ցիկլը քիմիաթերապիայի բուժման ընթացքն է, որին հաջորդում է հանգստի ընթացքը: Հանգստի ընթացքը թույլ է տալիս մարմնին կառուցել նոր առողջ բջիջներ՝ մինչև հաջորդ բուժումը:

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ

ճառագայթային թերապիան հասցնում է բարձր էներգիայով ճառագայթներ, որոնք վնասում են ԴՆԹ-ն  և ոչնչացնում են արագորեն աճող բջիջներին, ինչպիսիք քաղցկեղի բջիջներն են: ճառագայթումը կարող է տրվել առանձին կամ այլ թերապիաների հետ միասին՝ ինչպիսին են քիմիաթերապիան և վիրաբուժությունը: ճառագայթումը կարող է վնասել և՛ առողջ բջիջները, և՛ քաղցկեղի բջիջները, բայց առողջ բջիջներն ավելի հեշտությամբ են վերականգնվում: Ի տարբերություն քիմիաթերապիայի, ճառագայթումը չի առաջացնում ամբողջ մարմնի բջիջների վնասում: ճառագայթումը վնասում է միայն մարմնի այն հատվածը, որտեղ այն տրվում է:

ճառագայթային թերապիան կարող է իրականացվել էքստերնալ (արտաքին) և ինտերնալ (ներքին) ձևերով: Արտաքին ճառագայթումը մանկական քաղցկեղի համար ամենատարածված միջոցն է: Այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է սարք, որը բարձր էներգիայով ճառագայթներ է հասցնում մարմնի կոնկրետ հատվածին:

Արտաքին ճառագայթման օրինակները ներառում են'

    • Եռաչափ կոնֆորմալ ճառագայթումը հասցնում է մշակված ճառագայթներ տարբեր ուղղություններից, որոնք շրջապատում են ուռուցքը և չեն վնասում առողջ հյուսվածքները:

    • Փոփոխական ինտենսիվության ճառագայթային թերապիան թույլ է տալիս հարմարվել ճառագայթային լույսի ուժին և դրա ձևին այնպես, որ այն շրջապատի ուռուցքը և մինիմալի հասցնի նորմալ հյուսվածքների վնասումը:

    • Պրոտոնային փնջով ճառագայթային թերապիան նման է եռաչափ կոնֆորմ ճառագայթային թերապիային, բայց օգտագործում է այլ ձևի ճառագայթում, որն անվանում են պրոտոնային փունջ:

    • Ստերեոտակաիկ ռադիովիրաբուժությունը ուռուցքին հասցնում է մեծ չափաբաժնով ճառագայթում մի շրջանում և սովորաբար արվում է ընդհանուր անզգայացման ներքո:

    • Բրախիթերապիա․ Ռադիոակտիվ պատիճները տեղակայված են ուռուցքի վրա կամ դրան մոտ:

    • Համակարգային ճառագայթային թերապիա․ Ռադիոակտիվ հեղուկը տրվում է ներերակային կամ բերանի միջոցով:

Եթե Ձեր երեխան ճառագայթման կարիք ունի, Դուք կհանդիպեք ճառագայթաբան- ուռուցքաբանի հետ (բժիշկ, ով մասնագիտացած է ճառագայթային թերապիայում): Նա կբացատրի, թե ճառագայթման որ մեթոդն է ամենալավը Ձեր երեխայի համար' իր վտանգներով և առավելություններով հանդերձ:

Մինչ բուժումը սկսելը կանցկացվի սիմուլյացիոն շրջան: Սիմուլյացիան այն է, երբ ճառագայթման դաշտը (հատվածը, որը ստանում է ճառագայթում) ճշտորեն որոշվում է: Երբեմն նշաններ են արվում երեխայի մարմնի վրա և դրանք չպետք է լվանալ մինչև ճառագայթման բուժումը չավարտվի: Սովորաբար տևական թանաքի կետեր են արվում' նշելու համար ճառագայթում ստանալու հատվածը: Ձեր երեխայի ճառաքայթաբան-ուռուցքաբանը կբացատրի նշագծի տիպը, որը պետք է արվի երեխայի մարմնի վրա:

Ձեր երեխան պետք է պառկած մնա ճառագայթային բուժումը ստանալու ընթացքում: Շատ երեխաներ ի վիճակի են հաջողությամբ անցնել դա' ստանալով մարզումներ և պատրաստություն բուժական անձնակազմի կողմից: Եթե Ձեր երեխան շատ փոքր է կամ ի վիճակի չէ պառկել, գուցե նրան տան դեղորայք (հանգստացնող կամ ընդհանուր անզգայացնող), այնպես, որ նա քնած լինի ճառագայթումը ստանալու ընթացքում:

Այն մասում, որտեղ ճառագայթումը տեղի է ունեցել, մաշկը կարող է դառնալ զգայուն: Դուք կարող եք մաքրել Ձեր երեխայի մաշկը նուրբ օճառով և ջրով: Քննարկեք Ձեր ճառագայթաբան-ուռուցքաբանի հետ, թե ինչ քսուքներ կամ փոշիներ պետք է օգտագործել Ձեր երեխայի մաշկի համար' պաշտպանելու այն ճառագայթման բարդություններից:

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղի բուժման համար բազմապիսի վիրահատություններ են արվում: Երբեմն ուռուցքը հեռացնելը կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը, սակայն քիմիաթերապիան և ճառագայթումը ևս օգտագործվում են ոչնչացնելու համար մնացյալ քաղցկեղի բջիջները: Վիրահատությունների մեծ մասը տեղի է ունենում վիրահատական սենյակում, երբ երեխան քնած է՝ ընդհանուր անզգայացման ներքո:

Առաջնային վիրահաաություն

Առաջնային վիրահատության դեպքում հեռացվում է ամբողջ ուռուցքը կամ դրա մեծ մասը՝ ախտորոշման պահին: Երբեմն ուռուցքի մեծության կամ մարմնում դրա տեղակայման պատճառով, ուռուցքը չի կարող անմիջապես անվտանգ կերպով հեռացվել: Այս դեպքում վիրահատությունից առաջ կարող է տրվել քիմիաթերապիա կամ ճառագայթում՝ այն փոքրացնելու և ավելի հեշտությամբ հեռացնելու համար:

Երկրորդային վիրահաաություն

Երկրորդային վիրահատությունն արվում է քիմիաթերապիայից և/ կամ ճառագայթումից հետո: Վիրաբույժներն ի վիճակի են տեսնել, թե ինչքան լավ է բուժումն ազդել' ոչնչացնելով քաղցկեղի բջիջները, և կարող են հեռացնել մնացյալ ուռուցքը:

Պալիատիվ վիրահատություն

Պալիատիվ վիրահատությունը արվում է քաղցկեղի բուժման մեջ Ձեր երեխային օգնելու համար: Եթե բուժումը երեխայի համար դժվարացնում է ուտելը, ապա կերակրման խողովակ կարելի է տեղակայել երեխայի ստամոքսում կամ մարսողական տրակտում, մինչև նա ի վիճակի կլինի բերանով ընդունել բավարար քանակությամբ սնունդ:

Կենտրոնական Երակային Կաթետր

Կենտրոնական երակային կաթետրը կիսա-մշտական կաթետր է: Այն ապահովում է քաղցկեղի բուժման ներերակային անվտանգ ճանապարհ՝ կապվելով լայն կենտրոնական երակի հետ, որը տանում է դեպի սիրտ: Առկա են կենտրոնական երակային կաթետրների երկու տեսակ՝ արտաքին (էքստերնալ) և ներքին (ինտերնալ):

Արտաքին կաթետրը կարող է լինել կրծքավանդակի վրա կամ ձեռքին:

    • էքստերնալ կաթետրների տեսակները, որոնցում կաթետրը դուրս է գալիս կրծքավանդակի վրա, ներառում են CVL, Broviac, Hickman:

    • Թևին տեղադրված արտաքին կենտրոնական կաթետրը կոչվում է ծայրամասային կենտրոնական կաթետր:

Էքստերնալ կաթետրը կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք մուտքի կետեր, որոնք մատակարարում են տարբեր դեղամիջոցներ' միևնույն ժամանակ:

    • Ինտերնալ կաթետրը (երբեմն կոչվում է port) մաշկի տակ մնացող կաթետրն է: Ինտերնալ կաթետրների օրինակները ներառում են Medi-Port կամ Port-A-Cath: Port-ը շրջանաձև, սկավառականման գործիք է, որը սովորաբար տեղադրված է կրծքավանդակում: Հատուկ ասեղ է օգտագործվում Port-ի մուտքի և դեղանյութի մատակարարման համար: Մինչև ասեղը զետեղելը, կարելի է օգտագործել դեղորայք՝ Port-ի շուրջ մաշկը թմրեցնելու համար: Մի Port-ը կարող է ունենալ մեկ կամ երկու մուտքի կետ, որոնցով մատակարարվում են տարբեր դեղանյութեր միաժամանակ: Երբ Port-ն այլևս չի օգտագործվում, ասեղը հանվում է, և արտաքուստ մաշկի վրա ոչինչ չի մնում:

ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Ոսկրածուծն այն գործարանն է, որտեղ արտադրվում են արյան բջիջները: Ոսկրածուծը գտնվում է ոսկրերի սպունգաձև մասում, առավելապես զստոսկրում, ողնաշարում, կողերում, կրծոսկրում, ոտքերում: Արյան բջջի ամենաերիտասարդ տեսակը կոչվում է ցողունային բջիջ: Երբ ցողունային բջիջը մեծանում է, այն դառնում է սպիտակ բջիջ, կարմիր բջիջ կամ թրոմբոցիտ:

Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում քիմիաթերպիայի ու ճառագայթման շատ բարձր չափաբաժիններ են անհրաժեշտ քաղցկեղի բոլոր բջիջներից ազատվելու համար: Այս բարձր չափաբաժիններով բուժումը կարող է ընդմիշտ ոչնչացնել ոսկրածուծի առողջ ցողունային բջիջները: Ցողունային բջիջները կարող են փոխարինվել դոնորի բջիջներով: Սա կոչվում է ցողունային բջիջների փոխպատվաստում: Ցողունային բջջի դոնորը կարող է լինել հենց քաղցկեղով հիվանդ երեխան, նրա ազգականը կամ երեխայի հետ կապ չունեցող ինչ-որ մեկը: Եթե երեխան ոսկրածուծում չունի քաղցկեղի բջիջներ, նա փոխպատվաստման համար կարող է տալ իր սեփական ցողունային բջիջները: Այս տիպի փոխպատվաստումը կոչվում է աուտոտրանսպլանտացիա: Եթե երեխայի ոսկրածուծում առկա են քաղցկեղի բջիջներ, առողջ ցողունային բջիջները փոխառում են երեխայի բարեկամներից մեկից կամ ազգակցական կապ չունեցող որևէ մեկից: Բուժման այս տեսակը կոչվում է ալլոտրանսպլանտացիա: Եթե Ձեր երեխան ցողունային բջիջների փոխպատվաստման անհրաժեշտություն ունի, Ձեր բժշկական թիմը կխոսի Ձեզ հետ փոխպատվաստման այն տեսակի մասին, որն ամենալավը կլինի ձեր երեխայի համար: Եթե Ձեր բժշկական կենտրոնը չունի փոխպատվաստման ծրագիր, ապա Ձեզ կտեղափոխեն Ձեր տեղամասի փոխպատվաստման կենտրոն:

ԲԻՈԹԵՐԱՊԻԱ

Բիոթերապիան հաճախ անվանվում է իմունոթերապիա: Բիոթերապիայի դեպքում օգտագործվում է մարմնի իմունային համակարգը' քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար: Իմունային համակարգը օրգանների և բջիջների ցանց է, որն աշխատում է մարմինը հիվանդություններից պաշտպանելու համար: Բիոթերապիան կարող է օգնել իմունային համակարգին գտնել քաղցկեղի բջիջները և ոչնչացնել դրանք: Բիոթերապիան կարող է օգնել նան. քչացնել քաղցկեղի բուժումից առաջացած կողմնակի բարդությունները' օգնելով մարմնին փոխարինել նորմալ բջիջներով, որոնք վնասվել էին կամ ոչնչացվել: Բիոթերապիան կարող է նաև օգնել կանխել քաղցկեղի բջիջների տարածումը մարմնում:

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

Քաղցկեղի թիրախային բուժումները խոչընդոտում են քաղցկեղի աճն ու տարածումը՝ միևնույն ժամանակ սահմանափակելով կամ թույլ չտալով նորմալ բջիջների և հյուսվածքների վնասումը: Թիրախային բուժումներն աշխատում են կենտրոնանալով կոնկրետ պրոցեսի վրա, որը կարևոր դեր է խաղում քաղցկեղի բջիջների աճի համար: Այս պրոցեսները դառնում են դրանց թիրախը, այնպես, որ քաղցկեղի բջիջները կորցնում են աճելու կարողությունը: Սրա օրինակ կարող է լինել արյան անոթների առաջացման կանգնեցումը, որոնք սնում են քաղցկեղի բջիջներին, կամ ազդանշանների խափանումը, որոնց կարիքն ունեն քաղցկեղի բջիջներն աճելու համար: Թիրախային բուժումները քաղցկեղի բուժման ավելի նոր մոտեցում են:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։