Հետազոտություններ և պրոցեդուրաներ

Բուժման ընթացքում Ձեր երեխան կանցնի որոշակի հետազոտություններ և պրոցեդուրաներ, որոնք կօգնեն բժշկական թիմին ախտորոշել և իրականացնել Ձեր երեխայի խնամքը։ Դրանցից որոշները կլինեն կարճ ու դյուրին, որոշները կարող են առաջ բերել տագնապ և/կամ ցավ։ Քանի որ յուրաքանչյուր երեխայի փորձառությունը տարբեր է, շատ կարևոր է խոսել Ձեր բժշկական թիմի հետ երեխայի աջակցման լավագույն ձևերի մասին։

Դեղամիջոցներ, որոնք կօգնեն թողացնել երեխայի ցավերը հետազոտություների և պրոցեդուրաների ժամանակ

Գոյություն ունեն դեղամիջոցների տարբեր տեսակներ, որոնք կարող են թուլացնել երեխայի ցավը և տագնապը հետազոտությունների ու պրեցեդուրաների ժամանակ: Խնամք իրականացնող թիմի անդամները կօգնեն Ձեզ նախապատրաստել երեխային հետազոտությունների համար և աջակցել երեխային լավագույն ձևով հաղթահարել դրանք։

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն այն դեղամիջոցների մասին, որոնք կօգնեն Ձեր երեխային։

ՏԵՂԱՅԻՆ ՑԱՎԱԶՐԿՈՒՄ (ՄԱՇԿԻ և ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ)

Մինչև հետազոտության իրականացումը, կարող է օգտագործվել անզգայացնող դեղամիջոց։ Այդ դեղամիջոցը կարող է լինել քսուքի, սպեղանու կամ ցողաշիթի տեսքով։ Դեղամիջոցը անզգայացնում է մաշկը և մաշկի տակ գտնվող հյուսվածքները։ Շատ երեխաների համար ցավազրկման այս տեսակը բավարար է լինում ասեղային միջամտություններ կատարելու համար։ Բացի մաշկը ցավազրկելուց, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել նաև փոքր-ինչ ավելի խորը ցավազրկում ասեղի միջոցով, ինչը ծակոց կարող է առաջացնել, սակայն մեկ-երկու րոպե անց հյուսվածքը կթմրի ընդհուպ մինչև ոսկոր։

ԹՄՐԵՑՈՒՄ

Եթե տեղային ցավազրկումը բավարար չէ, բժշկական թիմը կքննարկի Ձեզ հետ թմրեցումը (դեղամիջոցների կոմբինացիա, որը կօգնի Ձեր երեխային հանգստանալ կամ քնել հետազոտության կամ պրոցեդուրայի ժամանակ)։ Թմրեցումը կարող է տրամադրվել մի քանի մակարդակներում և նպաստում է հանգստության զգացողության, քնկոտության կամ ընդհանուր ցավազրկման՝ քնի։ Թմրեցման աստիճանը կախված է Ձեր երեխայի վիճակից, տագնապի մակարդակից և հիվանդանոցային ուղեցույցներից։ Անկախ նրանից, թե թմրեցման ինչպիսի մակարդակի կարիք ունի Ձեր երեխան, նպատակը մեկն է՝ պահպանել երեխայի հարմարարավետությունը և ցավից ազատումը։ Խոսեք Ձեր բժշկական թիմի հետ՝ հասկանալու համար թմրեցման ինչպիսի տարբերակներ առավել հարմար կլինեն Ձեր երեխայի համար և թմրեցման ինչպիսի ուղեցույցների են հետևում տվյալ հիվանդանոցում։

Հետազոտությունների տեսակների ընտրությունը, որոնք իրականացվելու են, կախված են քաղցկեղի տեսակից, հիվանդության փուլից, երեխայի տարիքից և տվյալ հիվանդանոցի ռազմավարությունից։ Հետևյալ ցուցակը ներառում է մի քանի հետազոտություններ, սակայն Ձեր երեխան կարող է կարիք ունենալ նաև այնպիսի հետազոտությունների, ինչպիսիք ներառված չեն այս ցուցակում։

Պրոցեդուրաներ

ԲԻՈՊՍԻԱ

Բիոպսիայի դեպքում մարմնի հյուսվածքից փոքր կտոր է վերցվում և հետազոտվում են քաղցկեղային բջիջները։ Բաց բիոպսիայի դեպքում, հյուսվածքը վերցնելու նպատակով իրականացվող վիրահատության ժամանակ մաշկը բացվում է։ Փակ բիոպսիայի դեպքում, ասեղը մտցվում է հյուսվածքի մեջ՝ առանց մաշկը կտրելու։ Բիոպսիայի որոշ տեսակներ իրականացվում են վիրահատական սենյակում՝ ընդհանուր ցավազրկման ներքո։ Այլ բիոպսիաներ իրականացվում են տեղային ցավազրկման միջոցով։ Ցավազրկման տեսակը կախված է ուռուցքի տեղակայումից և երեխայի վիճակից։

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԱՍՊԻՐԱՑԻԱ

Ոսկրածուծի ասպիրացիան իրականացվում է, որպեսզի ճշգրտվի՝ արդյոք ոսկրածուծի բջիջները առողջ են, և հետազոտվի՝ արդյոք քաղցկեղային բջիջները տարածվել են դեպի ոսկրածուծ։ Ոսկրածուծը գտնվում է ոսկրերի կենտրոնում և կառուցված է սպունգանման ոսկրից և. հեղուկ ոսկրածուծից ։Այս հետազոտության ժամանակ ասեղը մտցվում է ոսկրի մեջ (հիմնականում զստոսկր) և հեղուկ ոսկրածուծը դուրս է քաշվում ներարկիչի մեջ։ Ոսկրածուծը ուղարկվում է լաբորատորիա՝ քաղցկեղային բջիջների հայտնաբերման նպատակով։ Այս հետազոտությունը կարող է լինել ցավոտ։ Գոյություն ունեն տարբերակներ ցավը թուլացնելու համար։ Խոսեք բժշկական թիմի հետ Ձեր հիվանդանոցի ցավազրկման ռազմավարության վերաբերյալ։ Առկա է քիչ հավանականություն, որ Ձեր երեխայի մաշկի տակ արյունահոսություն լինի կամ վարակ։

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԲԻՍՊՍԻԱ

Ոսկրածուծի ասպիրացիան իրականացվում է, որպեսզի հետազոտվեն արյան բջիջները, մինչդեռ ոսկրածուծի բիոպսիան իրականացվում է սպունգանման ոսկրածուծի մի կտորը հետազոտելու համար։ Ոսկրածուծի բիոպսիան օգնում է որոշել՝ արդյոք ոսկրածուծի բջիջները առողջ են, թե՝ ոչ և արդյոք ոսկրածուծում առկա են քաղցկեղային բջիջներ։ Այս հետազոտության համար ասեղը մտցվում է ոսկրի մեջ (սովորաբար զստոսկրի մեջ), և սպունգանման ոսկրածուծի մի մաս հեռացվում է և ուղարկվում լաբորատորիա։ Այս պրոցեդուրան կարող է ցավոտ լինել։ Գոյություն ունեն տարբերակներ ցավը թուլացնելու համար։ Խոսեք բժշկական թիմի հետ Ձեր հիվանդանոցի ցավազրկման ռազմավարության վերաբերյալ։ Առկա է քիչ հավանականություն, որ Ձեր երեխայի մաշկի տակ արյունահոսություն կլինի կամ կանցնի ինֆեկցիա։

ԼՅՈՒՄԲԱԼ ՊՈՒՆԿՑԻԱ

Լյումբալ պունկցիան (կամ գոտկային պունկցիան) հետազոտություն է, որն իրականացվում է հասկանալու համար՝ արդյո՞ք ողնուղեղը շրջապատող հեղուկում առկա են քաղցկեղային բջիջներ։ Այս հեղուկը կոչվում է ողնուղեղային հեղուկ։ Ձեր երեխային կխնդրեն պառկել կողքի վրա՝ կզակը կրծքավանդակին մոտեցրած, ծնկները վերև, բարձրացրած։ Երբ երեխայի մեջքը կոր դիրքում է, ասեղը տեղադրվում է ողնաշարի ոսկրերի արանքում։ Ողնուղեղային խողովակից հեղուկը վերցվում է ասեղի միջոցով և փոխանցվում է ապակե խողովակի մեջ, ապա ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտման։ Քաղցկեղի որոշ տեսակների պարագայում քիմիաթերապևտիկ դեղերը կարող են տրվել հենց ողնուղեղային խողովակի մեջ՝ նույն ասեղի միջոցով, հեղուկի հեռացումից հետո։

Այս պրոցեդուրան կարող է ցավոտ լինել։ Խոսեք Ձեր բժշկական թիմի հետ՝ ճշգրտելու համար՝ ինչպիսի ցավազրկման ռազմավարություն ունի տվյալ հիվանդանոցը լյումբալ պունկցիայի պարագայում։ Որոշ երեխաներ կարող են ունենալ գլխացավեր կամ կողքի ցավեր պրոցեդուրայից հետո։ Հետազոտությունից հետո առկա է փոքր հավանականություն, որ Ձեր երեխան կունենա ինֆեկցիա կամ արյունահոսություն մաշկի տակ։

Ռենտգեն և Սկանավորում

ՈՍԿՐԻ ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ

Ոսկրի սկանավորման դեպքում նկարվում է ոսկրը՝ տեսնելու համար՝ արդյոք առկա է ուռուցքային ակտիվություն։ Այն իրականացվում է երակի մեջ ռադիոակտիվ իզոտոպի քիչ քանակության ներարկմամբ։ Ռադիոակտիվ իզոտոպը շարժվում է դեպի ոսկրի այն մասը, որտեղ առկա է ուռուցքային ակտիվություն։ Սկաները այնուհետև կարող է որոշել ոսկրի այն հատվածները, որոնք նորմալ չեն։ Ձեր երեխան պետք է մնա պառկած դիրքում՝ սկաների մեջ գտնվելու ժամանակ։ Որոշ երեխաներ կարիք կունենան հանգստացնող դեղամիջոցի՝ պրոցեդուրայի ընթացքում պառկած մնալու համար։

ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱ (ԿՏ)

ԿՏ-ն կիրառում է հատուկ ռենտգեն ճառագայթներ՝ մանրակրկիտ պատկեր ստանալու համար։ ԿՏ-ն իրականացվում է ռադիոլոգիայի բաժանմունքում։ Կոնտրաստ նյութը ներարկվում է երակի մեջ կամ տրվում է բերանի միջոցով մինչև հետազոտությունը։ Կոնտրաստային ներկը օգնում է տարբերակել նորմալ կառուցվածքները քաղցկեղայինից։ Որոշ երեխաներ կարիք են ունենում հանգստացնող դեղամիջոցի՝ պրոցեսի ընթացքում պառկած մնալու համար։

ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱ կամ ՇԵՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ՄՌՏ կամ ՄՌՇ)

ՄՌՏ֊ն կիրառում է հատուկ սարք՝ օրգանիզմը հետազոտելու համար։ Մագնիսային ալիքների օգտագործմամբ սկաները ստանում է պատկերը։ Ձեր երեխան պետք է անշարժ պառկի սարքի մեջ պրոցեսի ամբողջ ընթացքում։ Ձեր երեխան չպետք է կրի մետաղային որևէ իր (զարդ, գոտի), որովհետև սարքը ձգում է մետաղները։ Ձեր երեխան կլսի և կզգա ռիթմիկ թակոցի ձայն՝ թմբուկի ձայնի նման։ Հնարավոր է՝ Դուք կկարողանաք գտնվել երեխայի հետ միևնույն սենյակում պրոցեդուրայի ժամանակ, այնուամենայնիվ, Դուք և անձնակազմը կարող եք մշտապես լսել երեխայի ձայնը։ Հետազոտության երկարատևությունը կախված է մարմնի այն հատվածից, որը սկանավորվում է։ Որոշ երեխաներ կարիք կունենան հանսգտացնող դեղամիջոցի՝ պառկած մնալու համար։

ՄԵՏԱ-ՅՈԴՈԲԵՆԶԻԼ-ԳՈՒԱՆԻԴԻՆ ՍԿԱՆ

ՄՑԳՍ-ը օգնում է հասկանալ ուռուցքի տեղակայումը և ախտորոշել տեսակը։ Նեյրոբլաստոման ուռուցքի այն տեսակի օրինակն է, որը սովորաբար ախտորոշվում է այս հետազոտության միջոցով։ Հետազոտությունը իրականացվում է՝ երակի մեջ փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութ ներարկելով։ Ինչից հետո արվում են նկարներ սկաների միջոցով (ԿՏ-ի նման)։ Սկանավորումը կարող է կատարվել 24, 48 կամ 72 ժամ անց իզոտոպային նյութի տրվելուց հետո։ Սկանավորումից առաջ և հետո հատուկ դեղամիջոց է տրվում վահանաձև գեղձը ռադիոակտիվ նյութից պաշտպանելու համար։ Խոսեք Ձեր թիմի հետ՝ երեխային նախապատրաստելու համար։

ՊՈԶԻՏՐՈՆ ԷՄԻՍԻՈՆԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱ (ՊԷՏ-ԿՏ)

ՊԷՏ սկանավորումը հայտնաբերում է ուռուցքային ակտիվությունը մարմնում։ Այն կարող է հայտնաբերել նաև ինֆեկցիաներ։ Այս սկանավորումը իրականացվում է քիչ քանակությամբ ռադիոակտիվ իզոտոպ երակի մեջ ներարկելով։ Իզոտոպը շարժվում է մարմնով այնտեղ, որտեղ ուռուցքային ակտիվություն է առկա։ Ներարկումից հետո Ձեր երեխան պետք է պառկած դիրքում մնա մինչև պրոցեդուրայի ավարտը։ Խորհրդակցեք, թե ինչ է անհրաժեշտ այդ պրոցեդուրային պատրաստվելու համար։ Օրինակ՝ կարող են լինել հատուկ դիետաներ, որոնց պետք է հետևել և այլն։

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՍՈՆՈԳՐԱՖԻԱ)

Ուլտրաձայնային հետազոտությունը մեզ տալիս է պատկերը օրգանների ու հյուսվածքների ձայնային ալիքների տատանումների միջոցով։ Գելը տեղադրվում է հետազոտվող մասում։ Փոքր կլոր տվիչը տեղադրվում է գելի վրա և տեղաշարժվում է՝ հյուսվածքի կամ օրգանի հստակ պատկերը ստանալու համար։

ՌԵՆՏԳԵՆ

Ռենտգենը նկար է, որը պատկերում է մարմնի ներսի հատվածը։ Օրինակ՝ ռետգենը կարող է ցույց տալ՝ արդյոք ոսկրը կոտրված է, թե ոչ կամ արդյոք թոքերում առկա է որևէ ինֆեկցիա կամ հեղուկ։

Արյան և մեզի հետազոտություններ

ԱՐՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԵՏԱԲՈԼԻԿ ՊԱՆԵԼ)

Այս հետազոտությունը կօգնի բժշկական թիմին տեսնել, թե ինչքանով են Ձեր երեխայի օրգանները՝ լյարդը, երիկամները, դիմակայում քաղցկեղի բուժմանը։ Հետազոտությունը թույլ է տալիս նաև հասկանալ, թե արդյոք արյան մեջ նատրիումի, կալիումի և այլ էլեմենտների մակարդակը նորմալ է։

ԱՐՅԱՆ ՑԱՆՔՍ

Եթե Ձեր երեխան ունի ինֆեկցիայի նախանշաններ, արյունը կարող է հետազոտվել՝ տեսնելու համար՝ արդյոք արյան մեջ առա են բակտերիաներ, վիրուսներ կամ սնկեր։ Սա կօգնի բժշկական թիմին հասկանալ՝ ինչպես լավագույն կերպով բուժել ինֆեկցիան։

ԱՐՅԱՆ ՐՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Արյան ընդհանուր քննության միջոցով հաշվարկվում է արյան բջիների տարբեր տեսակների քանակը՝ սպիտակ բջիջների, կարմիր բջիջների, թրոմբոցիտների։ Արյան ընդհանուր անալիզը կատարվում է տարբեր պատճառներով։ Մի պատճառը տեսնելն է, թե ինչպես է բուժումն ազդում ոսկրածուծի վրա, որտեղ արյան բջիները ստեղծվում են։ Մյուս պատճառն է տեսնել արդյոք Ձեր երեխան ունի փոխներարկման կարիք կամ ինֆեկցիայի մեծ ռիսկի է ենթարկվում։ Արյան ընդհանուր քննությունը սովորաբար կատարվում է տարբերակված ձևով, այսինքն՝ ցույց է տալիս սպիտակ բջիջների տարբեր տեսակների ներկայացվածությունը։ Արժեքները սովորաբար արտահայտվում են տոկոսներով։

ԿՐԵԱՏԻՆԻՆԻ ՃՇԳՐՏՈՒՄ/ՔԼԻՐԵՆՍ

Կրեատինինի ճշգրտումը թույլ է տալիս հասկանալ ինչքանով են լավ գործում երիկամները։ Կրեատինինը պրոտեին է՝ առկա արյան և մեզի մեջ։ Կրեատինինի չափաբաժինը՝ արյան և մեզի մեջ միասին, թույլ է տալիս հասկանալ երիկամների աշխատանքը։ Դուք կհավաքեք Ձեր երեխայի մեզը տարայի մեջ՝ 12-ից 24 ժամ։ Անհրաժեշտ կլինի, որ Դուք հավաքեք մեզը ամեն անգամ, երբ երեխան զուգարան գնա։ Ձեր երեխայի մեզը կստուգվի նաև կրեատինի մակարդակը չափելու համար։

ԿԾԻԿԱՅԻՆ ՖԻԼՏՐԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿ

Այս հետազոտությունը դիտարկում է, թե ինչպես են գործում երիկամները։ Հատուկ նյութ՝ իզոտոպային ինդիկատորը, ներարկվում է երակի մեջ, ինչից հետո հաջորդող հետազոտությունն է արվում՝ որոշելու համար՝ որքան արագ է իզոտոպային ինդիկատորը անցնում երիկամներով և դուրս գալիս օրգանիզմից։

ՖԱՐՄԱԿՈԳԵՆԵՏԻԿ ԱՐՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս հետազոտությունները թույլ են տալիս նույնականացնել գեներում առկա փոփոխությունները (զենը, բջիջներում առկա այն նյութն է, որը ժառանգվում է), ինչը կարող է օգնել որոշել կոնկրետ դեղամիջոցների չափաբաժինները։ Որոշակի զեներ կարող են մասնակիորեն պատասխանատու լինել նրա համար, թե ինչպես են դեղամիջոցները ընդունվում օրգանիզմի կողմից։

ԱՐՅԱՆ ՖԱՐՄԱԿՈԿԻՆԵՏԻԿ/ՖԱՐՄԱԿՈԴԻՆԱՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս հետազոտությունները երբեմն արվում են որպես կլինիկական փորձարկումների մաս։ Դրանք օգնում են հասկանալ՝ ինչպես է երեխայի օրգանիզմը դիմակայում դեղամիջոցներին և ինչ է տեղի ունենում դեղամիջոցի ընդունումից հետո։ Այսպիսի հետազոտությունների միջոցով բժիշկները հասկանում են՝ ինչպես օգտագործել դեղամիջոցները՝ քաղցկեղի առավել արդյունավետ բուժման համար։

ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՄԱՐԿԵՐՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ուռուցքային մարկերները կարող են հայտնաբերվել ուռուցքային հյուսվածքում կամ տարածվել ուռուցքից դեպի արյունատար անոթներ կամ մարմնի այլ հեղուկներ։ Մանկական քաղցկեղի որոշ տեսակների պարագայում արյունը կամ մարմնի այլ հեղուկները կարող են հետազոտվել սպեցիֆիկ ուռուցքային մարկերների նկատմամբ, որպեսզի որոշվի քաղցկեղի առկայությունը կամ վերահսկվի բուժման նկատմամբ հակազդումը։

ՄԵԶԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հետազոտվում է մեզը՝ տեսնելու համար, թե արդյոք այն պարունակում է նյութեր, որոնք չպետք է լինեն այնտեղ։ Մեզի փոքր քանակություն է հավաքվում և. ուղարկվում լաբորատորիա։ Հաշվարկվում է արյան սպիտակ բջիջների և. կարմիր բջիջների քանակությունը։ Մեզը հետազոտվում է նաև պրոտեինի, բակտերիաների ն. շաքարի համար։

Լսողության թեստեր

ԱՈՒԴԻՈԳՐԱՄՄԱ

Աուդիոգրամման չափում է լսողությունը՝ հետազոտելով, թե ինչքան լավ է կարողանում երեխան լսել բարձրության տարբեր աստիճանների և մակարդակների ձայները։ Ձեր երեխան կհագնի ականջակալներ և/կամ կմտնի ձայնամեկուսիչ խցիկի մեջ՝ հետազոտվելու համար։

ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՂԱՑՈՂՈՒՆԱՅԻՆ ՌԵԱԿՑԻԱ

Որոշ երեխաներ չեն կարողանում անցնել աուդիոգրամմայի թեստեր, ներառյալ շատ փոքր երեխաները և. նրանք, ովքեր չեն կարող հասկանալ հետազոտության հրահանգները։ Այս երեխաները կարող են հետազոտվել չափելով նրանց ուղեղային ալիքները։ Այս պարագայում փոքր էլեկտրոդները փակցվում են երեխայի գլխի վրա, և ձայնագրվում են նրանց ուղեղային ալիքների պատասխանները՝ ի պատասխան տարբեր ձայների: Հնարավոր է, որ Ձեր երեխային տրվի դեղամիջոց՝ հետազտության ընթացքում քնած լինելու համար։

Սրտի և թոքերի հետազոտություններ

ԷԽՈՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

էխոսրտագրությունը սրտի ուժի և ֆունկցիայի աշխատանքի հետազոտություն է։ Առաջին հետազոտությունը կատարվում է ուտրաձայնային մեքենայի միջոցով։ ժելեանման նյութը տարածվում է երեխայի կրծքավանդակի վրա, ապա մասնագետը շարժում է փոքր գործիքը երեխայի կրծքավանանդակի վրայով։ Այս գործիքը ձայներ է ուղարկում դեպի սիրտ, և. վերադարձող ալիքերը ստեղծում են սրտի պատկեր։

ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

էլեկտրասրտագրությունը չափում է սրտի աշխատանքի ռիթմը։ Փոքր էլեկտրոդները տեղադրվում են կրծքավանդակի և երբեմն ձեռքերի ու ոտքերի վրա։ Այն դեպքերում, երբ ռիթմը պետք է չափել օրվա մի քանի ժամ, հետազոտության սարքը, որը կոչվում է Հոլթերի մոնիտոր, տեղադրվում է պայուսակի մեջ, որը կարող է երեխան կրել։

ԹՈՔԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Թոքերի աշխատանքի հետազոտությունը չափում է, թե ինչքանով լավ են աշխատում թոքերը։ Հետազոտությունը չափում է, թե ինչքան օդ կարող են պահել Ձեր երեխայի թոքերը և ինչքան կարող են դուրս մղել։ Ձեր երեխային կխնդրեն փչել սարքին միացած պլաստիկ խողովակի մեջ։ Սարքը չափում է ներշնչված և արտաշնչված օդի ծավալը։ Հնարավոր է պրոցեսը կրկնել մի քանի անգամ՝ անհրաժեշտությաան դեպքում։

Հետազոտությունների և պրոցեդուրաների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ Ձեր բժշկական թիմից։

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։