Երեխայի նախապատրաստումը բժշկական միջամտություններին

Քաղցկեղ ախտորոշման դեպքում երեխան բուժումը սկսելուց առաջ, ինչպես նաև բուժման ընթացքում անցնելու է մի շարք հետազոտություններ։ Երեխաները և նրանց ծնողները հաճախ անհանգստանում են այդ կապակցությամբ։ Բժշկական միջամտություններին նախապատրաստվելը կօգնի հաղթահարել Ձեր և երեխայի լարվածությունը։

Հաճախ հանդիպող վախեր

Երեխաների վախերը հաճախ կախված են նրանց տարիքից և անձի տեսակից․

Նորածիններ և մանուկներ․ Հաճախ վախենում են ծնողներից բաժանվելուց։

Մեծ երեխաներ․ Հաճախ վախենում են ցավից։

Դեռահասներ և երիտասարդներ․ Հաճախ վախենում են ցավից, և զայրանում են այդ վախի առկայությունից։ Նրանցից շատերն ամաչում են իրենց մարմիններից, ինչը կարող է անհանգստություն պատճառել բժշկական միջամտության ժամանակ։

Երբեմն երեխաների վախերը կապված են լինում որոշակի միջամտությունների հետ․

Միջամտություններ, որոնք կատարվում են ասեղներով․ Այս դեպքում ամենամեծ վախը կապված է ցավի հետ։

Վիրահատություններ․ Երեխաները կարող են վախենալ վիրահատության ընթացքում ցավի զգացողություն ունենալուց։ Նրանք կարող են չհասկանալ, թե ինչ է ընդհանուր անզգայացումը։ Նրանց համար նաև կարևոր է վիրահատությունից հետո ծնողներին իրենց կողքին տեսնելու համոզմունքը։ Ավելի մեծ երեխաները և դեռահասները կարող են անհանգստանալ վիրահատության պատճառած մարմնական փոփոխություններից։

Ինչու՞ է նախապատրաստվելն օգնում

Ծնողների մի մասը մտածում է, որ երեխային չպետք է տեղեկացնել սպասվող միջամտության մասին, հատկապես, եթե այն ցավոտ է լինելու։ Սակայն, երեխաները հստակ և ազնիվ տեղեկություն ստանալու կարիք ունեն։ Եթե Դուք ասեք երեխային, որ միջամտությունը ցավոտ չի լինելու, և տեղի ունենա հակառակը, երեխան անակնկալի կգա և կշփոթվի։ Նա կսկսի մտածել, որ բոլոր մյուս միջամտությունները լինելու են ցավոտ և կկորցնի Ձեր հանդեպ ունեցած վստահությունը։

Երեխաներից շատերը կարող են հաղթահարել ցավը, աղմկոտ սարքավորումները, անհարմար դիրքերը, եթե Դուք նրանց տեղյակ պահեք, թե երբ է դա լինելու և ինչքան է տևելու։ Այդ մասին նախօրոք իմանալը կօգնի երեխային պատրաստվել և հասկանալ, թե ինչպես պետք է պահի իրեն տհաճ միջամտության ժամանակ։ Ձեզ մոտ կարող է ցանկություն առաջանալ երեխային բացատրելու, որ տվյալ տհաճ միջամտություններն իրեն օգնելու են լավանալ։ Սակայն, չմոռանաք երեխային հիշեցնել, որ այդ ամենը չի կատարվում, այն պատճառով, որ նա ինչ-որ վատ բան է արել։ Հոգեսոցիալ ծառայության աշխատակիցը կամ բուժանձնակազմի այլ անդամներ կօգնեն Ձեզ ընտրել երեխայի հետ խոսելու ճիշտ եղանակներ։

Ծնողի նախապատրաստում

Երեխայի ցավի կամ վախի զգացողությունների ժամանակ ծնողի մոտ անհանգստության ու զայրույթի առկայությունը բնական երևույթ է։ Ուսումնասիրելով սպասվող միջամտության մասին տեղեկությունները՝ Դուք կարող եք նախապատրաստել Ձեր հույզերը։ Սպասվող գործողությունների մասին իմացությունը կօգնի Ձեզ ավելի հանգիստ լինել։ Դա էլ իր հերթին կօգնի ավելի ճիշտ աջակցություն ցուցաբերել երեխային։

Օգտվե՛ք հարցերի հետևյալ ցանկից՝ միջամտության մասին տեղեկանալու համար․

Ո՞վ է իրականացնելու այն;

Որքա՞ն է տևելու;

Ի՞նչ տեսակի անզգայացում է կիրառվելու;

Միջամտության ո՞ր հատվածն է լինելու ցավոտ կամ վախեցնող;

Ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու երեխայի հարմարավետության ապահովման համար;

Ինչպե՞ս կարող եք Դուք օգնել երեխային հանգստանալ;

Կարո՞ղ եք արդյոք մնալ երեխայի հետ միջամտության ժամանակ։

Երեխայի նախապատրաստում

2 տարեկանից մեծ երեխաներին պետք է տալ այնքան տեղեկատվություն, որքան նրանք ցանկանում են իմանալ։ Սակայն, դա պետք է անել երեխայի տարիքին և գիտակցական մակարդակին համապատասխան լեզվով։ Կարևոր է տեղյակ լինել նրա վախերի և զգացմունքների մասին։ Բացատրեք երեխային, որ նրա վախերը նորմալ են, և որ մյուս երեխաները նույնպես ունենում են նման զգացողություններ։

Երեխային նախապատրաստելու միջոցներ

Եղեք բաց և անկեղծ․ Սակայն, խուսափեք գրաֆիկական կամ սարսափազդու բացատրություններից։

Նախապատրաստեք երեխայի զգայարանները․ Նկարագրեք, թե ինչ է տեսնելու, լսելու, շոշափելու, ինչ հոտ կամ համ է զգալու նա միջամտության ընթացքում։

Խրախուսեք հարցերը․ Սակայն, հետևողական եղեք ազդանշանների հանդեպ, որոնք ցույց են տալիս, որ երեխան արդեն ստացել է բավականաչափ տեղեկատվություն (օրինակ, փոխում է թեման կամ այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում)։

Փնտրեք կրթական նյութեր․ Շատ հիվանդանոցներ տրամադրում են երեխաների համար նախատեսված պատմվածքներ, գունավորման տետրեր, տեսանյութեր։

Խաղի միջոցով երեխային ծանոթացրեք սպասվող միջամտության ընթացքին․ Փոքր երեխաների հետ կարող եք խաղալ և իրականացնել սպասվող միջամտությունը փափուկ խաղալիքների կամ տիկնիկների վրա։ Սոցիալական ծառայության աշխատակիցը կօգնի Ձեզ այդ հարցում։ Կարող եք փորձել դա անել նաև տանը։ 

Պատրաստեք երեխային միջամտության ժամանակ Ձեր բացակայությանը․ Երեխաների մեծ մասը բժշկական միջամտությունների ժամանակ հույս է դնում ծնողների աջակցության վրա։ Սակայն, միշտ չէ, որ դա հնարավոր է։ Խոսեք միջամտությունն իրականացնող մասնագետի հետ երեխային սփոփելու ու աջակցություն ապահովելու մասին։ 

Երեխայի հետ սպասվող միջամտության մասին խոսելու ճիշտ ժամանակը կախված է թե՛ երեխայի տարիքից, թե՛ անձի տեսակից։ Ընդհանուր առմամբ, նախադպրոցական տարիքի երեխաներն այդ մասին կարող են իմանալ մեկ օր առաջ։ Դպրոցականներն ու դեռահասները այդ մասին, հաճախ, ցանկանում են իմանալ ավելի վաղ։ Սակայն, որոշ երեխաներ կարող են օրերով անհանգստանալ այդ կապակցությամբ՝ շատ վաղ իմանալու դեպքում։ Մինչդեռ, կան նաև երեխաներ, որոնք օրացույցի վրա նշումներ են կատարում բժշկական միջամտության օրվա համար։ Փորձեք հասկանալ, թե որն է ամենալավ տարբերակը Ձեր երեխայի դեպքում։

Դուք երեխայի հետ կարող եք հատուկ օրակարգ կազմել միջամտությունների օրերի համար։ Օրինակ, նախօրոք որոշել, թե ում հետ եք գնալու հիվանդանոց, ինչեր եք վերցնելու Ձեզ հետ, ինչ վերաբերմունք եք ցուցաբերելու երեխայի հանդեպ միջամտությունից հետո։ Ավելի մեծ երեխաները կարող են միջամտությունների օրերի ծրագրերը գրի առնելու ցանկություն ունենալ։ Դա կարող է օգնել նրանց իրավիճակը որոշակիորեն վերահսկելու զգացողություն ձեռք բերել։ Խոսեք Ձեր ծրագրած օրակարգի մասին բուժանձնակազմի հետ՝ համոզվելու համար, որ այն որևէ կերպ չի խանգարի իրականացվող միջամտությանը։ 

Կարևոր է նաև խոսել իրականացվող բժշկական միջամտությունների մասին ընտանիքի մյուս երեխաների հետ։ Տարիքին համապատասխան եղանակներով բացատրեք նրանց, թե ինչ է կատարվելու իրենց եղբոր կամ քրոջ հետ։ Փորձեք հնարավորինս պահպանել նրանց կանոնավոր առօրյան, և համոզվեք, որ անհրաժեշտության դեպքում նրանք կկարողանան կապվել Ձեզ հետ հիանդանոց այցելելու օրը։

Երեխաների մեծ մասը ժամանակի ընթացքում սովորում է հաղթահարել իրականացվող միջամտությունները, մյուս մասը ՝ ոչ։ Դա, հիմնականում, լինում է նախօրոք գոյություն ունեցող վախերի (օրինակ՝ վախ ասեղներից) կամ անցյալում ունեցած անհաջող միջամտության փորձի դեպքերում։ Այդ պարագայում, երեխայի հետ հոգեբանի կամ այլ համապատասխան մասնագետի աշխատանքը կարող է օգտակար լինել։

Միջամտության ընթացքում

Կարող եք օգտագործել հետևյալ հնարքները միջամտության ժամանակ երեխայի հանգստությունն ապահովելու համար․

Սփոփեք երեխային․ Օգտագործեք հանգստացնող բառեր և նուրբ հպումներ, առաջարկեք նրան բռնել Ձեր ձեռքը։

Շեղեք նրան․ Փորձեք պատմել հետաքրքիր պատմություն, երգել կամ կարդալ նրա համար։ Մեծ երեխաները կարող են նախընտրել ականջակալներով երաժշտություն լսելը։ Որոշ երեխաներ սիրում են հաճելի իրադարձություններ պատկերացնել, օրինակ, խանութ գնալ, խաղալ ծովափին, հաղթական գոլ խփել և այլն։

Վերցրեք Ձեզ հետ սիրելի իր․ Դա կարող է լինել փափուկ խաղալիք կամ սիրելի ծածկոց։ Կամ կարող եք երեխային տալ Ձեր իրերից ինչ-որ բան, օրինակ՝ շարֆ կամ բանալիներ։ Սիրելի իր ունենալը հատկապես օգնում է երեխային այն միջամտությունների ժամանակ, երբ նա պետք է մենակ լինի սենյակում։ Խրախուսեք Ձեր երեխային լսել իր սիրելի երաժշտությունը կամ աուդիոգիրքը երկար միջամտությունների ընթացքում։

Երեխային հաղթահարելի առաջադրանք տվեք․ Օրինակ, խնդրեք նրան չշարժվել։ Ասեք, որ նա կարող է լացել, և դա նորմալ է, բայց նրա առաջադրանքը միջամտության ժամանակ անշարժ լինելն է։

Միջամտությունից հետո

Դուք կարող եք որոշ վարքագծային փոփոխություններ նկատել երեխայի մոտ բժշկական միջամտությունից հետո։ Նրանք կարող են իրենց տարիքից փոքր երեխայի վարքագիծ դրսևորել։ Որոշները կարող են սովորականից ավելի շատ ունենալ Ձեր կարիքը իրենց կողքին։ Դրանք հաճախ հանդիպող արձագանքներ են, որոնք վերանում են ժամանակի ընթացքում։ Ճանաչեք Ձեր երեխայի հույզերն ու վարքագիծը։ 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: