Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

Օժանդակ բուժումն իր մեջ ներառում է արյան փոխներարկումները, աճի գործոնները և այլ ախտանշանային բուժումները, ինչպիսիք են հակաբակտերիալ բուժումը, սնուցման օժանդակումը, հոգեկան և էմոցիոնալ օժանդակությունը: Օժանդակ բուժման արդյունքները ժամանակավոր են, քանի որ դրանք չեն ազդում հիմնական հիվանդության վրա:

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկումը բնորոշվում է, որպես արյան կարմիր բջիջների ներերակային / երակի միջով/ ներարկում: Ամբողջական արյունը վերցվում է դոնորից, այնուհետև բաժանվում է արյան առանձին բաղադրամասերի: Էրիթրոցիտար զանգվածը արյան բաղադրամասերից մեկն է:

Ինչու՞ է ներարկվում էրիթրոցիտար զանգված

Էրիթրոցիտար զանգվածի ներարկման նպատակը՝ ՄԴՍ-ով պայմանավորված անեմիայի ախտանիշների ժամանակավոր վերացումն է: ՄԴՍ-ով հիվանդների 90%-ը իրենց հիվանդության ընթացքում ստանում են էրիթրոցիտար զանգվածի ներարկում:

Ինչպե՞ս է ներարկվում էրիթրոցիտար զանգվածը

Էրիթրոցիտար զանգվածը ներարկվում է ծայրամասային ներերակային կաթետրով կամ կենտրոնական կաթետրով / port-a-cath կամ Hickman-ի կաթետր/:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման կարիք ունեմ

Քաղցկեղ ունեցողների մեծ մասը կանոնավոր արյան անալիզներ են հանձնում իրենց հիվանդությունը հսկողության տակ պահելու համար: Ձեր բժիշկը կզգուշացնի, որ Ձեր հեմոգլոբինը ցածր է և Դուք կարիք ունեք էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման: Որոշումը կայացվում է ելնելով արյան ընդհանուր քննության տվյալներից և Ձեր ախտանիշներից: Անեմիայի ախտանիշներն ընդգրկում են ընդհանուր թուլություն, գունատություն, շնչարգելություն, սրտխփոց: Այս ախտանիշների մասին պետք է տեղյակ պահել Ձեր բժշկին (տես' Անեմիա):

Ինչպե՞ս է կատարվում էրիթրոցիտար զանգվածի փոխներարկումը

Երբ որոշվում է կատարել էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում, վերցվում է Ձեր արյան նմուշը և որոշվում է համատեղելիությունը այն էրիթրոցիտար զանգվածի հետ, որը Դուք պետք է ստանաք: Այս թեստն անհրաժեշտ է, որպեսզի որոշվի, թե արդյոք ներարկվող էրիթրոցիտները համատեղելի են Ձեր արյան հետ: Ձեր արյան նմուշն ուղարկվում է արյան բանկ թեստավորման: Այնուհետև արյան բանկը փնտրում է արյան փաթեթ, որը համապատասխանում է Ձեր արյան հետ: Այն կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր՝ կախված արյան հասանելիությունից և Ձեր անհատական արյան պրոֆիլից:

Ի՞նչ կարող եմ ակնկալել էրիթրոցիտար զանգված ստանալու օրը

Համատեղելի արյան ձեռք բերումը կարող է մեկ օրից ավել տևել: Ամեն հաստատություն ունի իր մոտեցումը էրիթրոցիտար զանգվածի փոխներարկամն վերաբերյալ: Առավել հաճախ ներարկվում է երկու միավոր էրիթրոցիտար զանգված՝ ելնելով հիվանդի ախտանիշներից և հեմոգլոբինի մակարդակից: Էրիթրոցիտար զանգվածի յուրաքանչյուր միավորը ներարկվում է 2-4 ժամում և երբեք չպետք է տևի 4 ժամից ավել՝ արյան բաղադրամասում բակտերիալ աճի ռիսկի պատճառով: Դուք ներերակային կաթետրի տեղադրման կարիք կունենաք, իհարկե, եթե չունեք արդեն տեղադրվածը: Երկու միավոր էրիթրոցիտար զանգվածի ներարկումը, այնուամենայնիվ, կարող է տևել 4-5 ժամ:

Ի՞նչ ռիսկ է պարունակում էրիթրոցիտար զանգավածի փոխներարկումը

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկումը պարունակում է պոտենցիալ ռիսկեր: Հիմնական կողմնակի էֆեկտները մեղմ են և դեղորայքով կարգավորվում են: Հազվադեպ հանդիպում են առավել լուրջ բարդություններ: Բարդությունները կարող են բաժանվել երկու խմբի' վաղ և ուշ բարդություններ:

Վաղ բարդություններ

    • Դող, ջերմություն, ցան, քոր՝ ամենահաճախ հանդիպող բարդություններն են և սովորաբար մեղմ են;

    • Սուր ալերգիկ ռեակցիաներ՝ շատ հազվադեպ են հանդիպում;

    • Շնչարգելությունը հազվադեպ է և կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիայով կամ թոքերում հեղուկի կուտակումով;

    • Բուժքույրերը կհետևեն Ձեզ ամբողջ ինֆուզիայի ընթացքում՝ ցանկացած ռեակցիան վաղ արձանագրելու համար

ՈՒշ բարդություններ

Արյան փոխներարկման միջոցով ինֆեկցիաների /ՄԻԱՎ կամ հեպատիտ/ փոխանցումը շատ հազվադեպ է: Չնայած արյան փաթեթները մանրամասն թեսթավորվում են, սակայն երբեք հնարավոր չէ երաշխավորել որ ինֆեկցիաների փոխանցում տեղի չի ունենա: Բազմաթիվ փոխներարկումները կարող են բերել հակամարմինների առաջացման, որը առավել կբարդացնի համատեղելի արյուն գտնելը:

10 - 20 փաթեթ արյուն ստանալու դեպքում կարող է զարգանալ երկաթով գերբեռնվածություն:

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման հետ կապված այլ բարդությունները ներառում են նաև ավելցուկային հեղուկի պահումը օրգանիզմում, ինչը կարող է առաջացնել դժվարաշնչություն կամ խորացնել այն: Բարեբախտաբար, հեղուկի պահումը սովորաբար կարելի է վերացնել միզամուղների միջոցով, օրինակ` ֆուրոսեմիդով /Լազիքս/:

Սքրինինգային թեստերը, որոնք կարող են հայտնաբերել վիրուսները դոնորական արյան մեջ, օգտագործվում են արյան բաղադրամասերը հնարավորինս անվտանգ պահելու համար: Վիրուսների փոխանցման ռիսկը, ինչպիսք են ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն, շատ ցածր է: Չնայած փոխներարկման բարդություններին` էրիթրոցիտար զանգվածի ներարկումները բարելավում են սիմտոմատիկ անեմիայով հիվանդների կյանքի որակը:

Գրականության ցանկ՝

«Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար