Իմունաթերապիա

Իմունաթերապիան, որը նաև կոչվում է կենսաբանական բուժում, քաղցկեղի բուժման մեթոդ է, որը խթանում է օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմները քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Այս դեպքում իմուն համակարգի բարելավման համար օգտագործվում են օրգանիզմում կամ լաբորատոր պայմաններում ստեղծված միացություններ։

Իմունաթերապիան

Դադարեցնում կամ դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը;

Կասեցնում է քաղցկեղի տարածումը մարմնի այլ մասեր;

Օգնում է իմուն համակարգին ավելի լավ գործել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները։

Տարբերում են իմունաթերապիայի մի քանի տեսակներ․

Մոնոկլոնալ հակամարմիններ և ուռուցք-ագնոստիկ բուժում;

Ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիա;

Օնկոլիտիկ վիրուսային թերապիա;

T-բջջային թերապիա;

Քաղցկեղի դեմ պատվաստումներ։

Մոնոկլոնալ հակամարմիններ և ուռուցք-ագնոստիկ բուժում

Երբ օրգանիզմի իմուն համակարգը հայտնաբերում է վնասակար որևէ բան, այն արտադրում է հակամարմիններ։ Դրանք սպիտակուցներ են, որոնք պայքարում են վարակների դեմ։

Մոնոկլոնալ հակամարմինները ստեղծվում են լաբորատոր պայմաններում։ Դրանք կարող են օգտագործվել բազմաթիվ նպատակներով։ Օրինակ, մոնոկլոնալ հակամարմիններ կարելի է օգտագործել որպես թիրախային թերապիա՝ քաղցկեղային բջջի որոշակի սպիտակուցի արգելափակման համար։

Մոնոկլոնալ հակամարմինները կարող են նաև օգտագործվել որպես իմունաթերապիա։ Օրինակ, որոշ մոնոկլոնալ հակամարմիններ կպնում են քաղցկեղային բջջի մակերեսի սպեցիֆիկ սպիտակուցների, ինչի շնորհիվ իմուն համակարգի բջիջները կարողանում են գտնել և ոչնչացնել դրանց։

Հակամարմինների մեկ այլ տեսակ աշխատում է իմուն համակարգի ապաարգելակման միջոցով։ PD-1/PD-L1 և CTLA-4 ազդանշանային ուղիները կարևոր դեր ունեն իմուն համակարգի կողմից քաղցկեղի աճի կառավարման գործում։ Այս ազդանշանային ուղիները հաճախ կոչվում են իմուն ստուգակետեր: Քաղցկեղի շատ տեսակներ օգտագործում են այս ազդանշանային ուղիները իմուն համակարգից խուսափելու համար։ Իմունիտետը կարող է արգելափակել այդ ուղիները հատուկ հակամարմինների միջոցով, որոնք կոչվում են իմուն ստուգակետերի արգելակիչներ։ Եթե իմուն համակարգը կարողանում է հայտնաբերել քաղցկեղը և պատասխան ռեակցիա ցուցաբերել, այն կարողանում է դանդաղեցնել կամ դադարեցնել դրա աճը։

Իմուն ստուգակետերի արգելակիչների օրինակներ են՝

Ipilimumab (Yervoy)

Nivolumab (Opvido)

Pembrolizumab (Keytruda)

Atezolizumab (Tecentriq)

Avelumab (Bavencio)

Durvalumab (Imfinzi)

Քաղցկեղի մի շարք տեսակների համար մոնոկլոնալ հակամարմինների կիրառումը դեռևս ուսումնասիրվում է։ Շատ իմուն ստուգակետերի արգելակիչների կիրառումը հաստատված է քաղցկեղի որոշ տեսակների համար, մինչդեռ, դրանց մի մասը կիրառվում են ցանկացած տեղակայման ուռուցքների բուժման համար՝ կենտրոնանալով հատուկ գենային փոփոխությունների վրա։ Դրանք կոչվում են «ուռուցք-ագնոստիկ բուժումներ»։ Օրինակ, Pembrolizumab պրեպարատը հաստատված է ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կողմից ոչ վիրահատելի կամ մետաստատիկ ուռուցքների բուժման համար։ Այդ ուռուցքները, սակայն, պետք է ունենան որոշակի գենետիկ փոփոխություններ, որոնք կոչվում են միկրոսատելիտային բարձր անկայունություններ (MSI-H) կամ ԴՆԹ-ի անհամապատասխանության վերականգնման դեֆիցիտներ (dMMR): MSI-H կամ dMMR ունեցող ուռուցքների մոտ խաթարված է ԴՆԹ-ի վնասումների վերականգնումները։ Սա նշանակում է, որ դրանց մոտ հաճախ են առաջանում ԴՆԹ մուտացիաներ և այլ փոփոխություններ։ Այդ փոփոխությունները հեշտացնում են իմուն համակարգի բջիջների կողմից դրանց հայտնաբերումը և ոչնչացումը։

Nivolumab-ը նմանատիպ պրեպարատ է, որը հաստատված է MSI-H և dMMR ունեցող մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի բուժման համար, երբ քիմիաթերապիան էֆեկտիվ չէ։

Մոնոկլոնալ հակամարմիններով բուժման կողմնակի էֆեկտները կախված են պրեպարատի կիրառման նպատակներից։ Օրինակ, թիրախային բուժման նպատակով կիրառվող մոնոկլոնալ հակամարմինների առաջացրած կողմնակի երևույթները տարբերվում են իմունաթերապիայի նպատակով կիրառվողներից։ Իմուն ստուգակետերի արգելակիչների կողմնակի ազդեցությունները կարող են նման լինել ալերգիկ երևույթների։

Ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիա

Մոնոկլոնալ հակամարմինների նման, ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիան օգնում է իմուն համակարգին քաղցկեղային բջիջների ոչնչացման գործում։ Ոչ-սպեցիֆիկ իմունաթերապևտիկ բուժումների մեծ մասը կիրառվում է բուժման այլ տարբերակների հետ միաժամանակ, օրինակ, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի։ Այնուամենայնիվ, ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիայի որոշ տեսակներ կարող են կիրառվել որպես բուժման հիմնական տարբերակ։

Տարբերում են ոչ-սպեցիֆիկ իմունաթերապիայի 2 հիմնական տեսակներ․

Ինտերֆերոններ․ Ինտերֆերոններն օգնում են իմուն համակարգին քաղցկեղի դեմ պայքարում և կարող են դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը։ Լաբորատոր պայմաններում ստեղված ինտերֆերոնները կոչվում են ինտերֆերոն ալֆա (Roferon-A[2a], Intron A [2b], Alferon [2a]): Սա ամենահաճախ կիրառվող ինտերֆերոն է քաղցկեղի բուժման մեջ։ Կողմնակի ազդեցություններն ընդգրկում են գրիպանման երևույթներ, վարակների բարձր ռիսկ, ցան, մազերի նոսրացում։

Ինտերլեյկիններ․ Օգնում են իմուն համակարգին արտադրել քաղցկեղը ոչնչացնող բջիջներ։ Լաբորատոր պայմաններում ստեղծված ինտերլեյկինները կոչվում են ինտերլեյկին-2, IL-2 կամ aldesleukin (Proleukin): Կիրառվում են երիկամների քաղցկեղի և մաշկի քաղցկեղի, այդ թվում մելանոմայի բուժման համար։ Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են քաշի ավելացումը և ցածր զարկերակային ճնշումը։ Որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ նաև գրիպանման երևույթներ։

Օնկոլիտիկ վիրուսներով բուժում

Բուժման այս տարբերակում կիրառվում են գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսներ քաղցկեղային բջիջների ոչնչացման համար։ Նախ, բժիշկը վիրուսը ներարկում է ուռուցքի մեջ։ Այնուհետև, այն մուտք է գործում քաղցկեղային բջիջներ և ստեղծում է իր իսկ կրկնօրինակները։ Որպես արդյունք, բջիջները պատռվում են և մահանում։ Երբ դա տեղի է ունենում, բջիջներից արտադրվում են հատուկ նյութեր՝ հակածիններ։ Դա տրիգեր է հանդիսանում, որ իմուն համակարգը թիրախավորի այդ հակածնով օժտված բոլոր քաղցկեղային բջիջները։ Վիրուսը առողջ բջիջներ չի մտնում։

2015 թվականին ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը հաստատեց առաջին օնկոլիտիկ վիրուսի կիրառումը մելանոմայի բուժման համար։ Այդ վիրուսը կոչվում է talimogene laherparepvec (Imlygic) կամ T-VEC։ Այն հանդիսանում է հասարակ հերպես վիրուսի գենետիկորեն մոդիֆիկացված տարբերակը։ Բժիշկը կարող է ուղղակիորեն ներարկել T-VEC-ը մելանոմայի այն հատվածներ, որոնք հնարավոր չէ հեռացնել վիրաբուժական եղանակով։ Ներարկումները կատարվում են մինչև մելանոմայի ամբողջական վերացումը։ Կողմնակի ազդեցություններից են․

Հոգնածություն;

Տենդ;

Դողէրոցք;

Սրտխառնոց;

Գրիպանման ախտանիշներ;

Ներարկման տեղում ցավ։

Կլինիկական հետազոտությունների շրջանակներում գիտնականներն ուսումնասիրում են այլ օնկոլիտիկ վիրուսներ քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար։ Հետազոտվում են նաև վիրուսների և բուժման այլ տարբերակների համակցումներ։

T-բջջային թերապիա

T բջիջները իմուն համակարգի բջիջներ են, որոնք պայքարում են վարակների դեմ։ Բուժման այս մեթոդի դեպքում պացիենտի արյունից վերցվում են T բջիջներ։ Այնուհետև, լաբորատորիայում դրանք ենթարկվում են փոփոխության այնպես, որ կրեն հատուկ սպիտակուցներ՝ ընկալիչներ։ Այդ ընկալիչները թույլ են տալիս T բջիջներին ճանաչել քաղցկեղային բջիջները։ Այդ փոփոխված T բջիջներն աճեցվում են լաբորատոր պայմաններում և վերադարձվում են պացիենտի օրգանիզմ։ Այստեղ նրանք փնտրում և ոչնչացնում են քաղցկեղային բջիջները։ Այս բուժման մեթոդը կոչվում է քիմերային հակածնային ընալիչներով (CAR) T-բջջային թերապիա։

CAR թերապիայի համար T-բջիջների օգտագործումը էֆեկտիվ է արյան որոշ քաղցկեղների բուժման համար։ Այս ոլորտում հետազոտությունները նույնպես շարունակվում են։

Քաղցկեղի դեմ պատվաստումներ

Պատվաստումը հանդիսանում է հիվանդության դեմ պայքարում օրգանիզմին օժանդակելու մեկ այլ մեթոդ։ Պատվաստանյութը իմուն համակարգին ենթարկում է հակածնի ազդեցությանը, ինչը  իմունիտետի համար նմանատիպ միացությունները ճանաչելու և ոչնչացնելու տրիգեր է հանդիսանում։ Տարբերում են քաղցկեղի դեմ պատվաստումների 2 տեսակ՝ կանխարգելիչ և բուժական։

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Խոսե՛ք Ձեր բժշկի հետ Ձեր բուժման պլանում իմունաթերապիայի որևէ տեսակի ընդգրկման հնարավորության մասին։ Տվե՛ք հետևյալ հարցերը իմունաթերապևտիկ բուժման հավանականության դեպքում․

Ի՞նչ տեսակի իմունաթերապիա եք խորհուրդ տալիս։ Ինչու՞։

Որո՞նք են այս բուժման նպատակները։

Արդյո՞ք իմունաթերապիան լինելու է իմ բուժման միակ տարբերակը։ Եթե ոչ, ապա ի՞նչ այլ մեթոդներ են ընդգրկվելու իմ բուժման պլանի մեջ։

Ինչպե՞ս եմ ստանալու իմունաթերապիա և ի՞նչ հաճախականությամբ։

Որո՞նք են իմունաթերապիայի հավանական մոտակա և հեռակա կողմնակի ազդեցությունները։

Ինչպե՞ս կազդի բուժման այդ մեթոդը իմ առօրյա կյանքի վրա։ Կկարողանա՞մ արդյոք աշխատել, մարզվել և զբաղվել իմ առօրյա գործունեությամբ։

Իմունաթերապիայի ի՞նչ կլինիկական հետազոտություններ են հասանելի ինձ համար։

Ու՞մ կարող եմ զանգահարել հարցերի կամ խնդիրների դեպքում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Քրիստինե Ավետիսյանի կողմից: