Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան (ՃԹ) բարձր էներգիայով օժտված ռենտգեն ճառագայթների կիրառումն է՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նպատակով: Ճառագայթային թերապիան իրականացվում է ճառագայթային ուռուցքաբանի կողմից: Ճառագայթային բուժումը սովորաբար բաղկացած է որոշակի ժամանակահատվածում իրականացվող համապատասխան քանակով կուրսերից:

Ճառագայթային թերապիայի նպատակները

Ճառագայթային ուռուցքաբանն օգտագործում է բուժման այս եղանակը ուռուցքի աճը դանդաղեցնելու կամ ուռուցքային բջիջները ոչնչացնելու նպատակով՝ առանց մոտակա առողջ հյուսվածքները վնասելու: Երբեմն բժիշկները նշանակում են ճառագայթային թերապիան որպես բուժման առաջին և հիմնական եղանակ: Այլ դեպքերում այն իրականացվում է վիրահատական բուժումից կամ քիմիաթերապիայից հետո: Սա կոչվում է ադյուվանտ թերապիա:

Այն դեպքերում, երբ հնարավոր չէ վերացնել քաղցկեղն ամբողջությամբ, բժիշկներն օգտագործում են ՃԹ ուռուցքը փոքրացնելու և ախտանիշները թեթևացնելու նպատակով: Սա կոչվում է պալիատիվ  ՃԹ: Պալիատիվ բուժումը նվազեցնում է ճնշման, ցավի զգացողությունները և այլ ախտանիշներ: Բուժման նպատակն այս դեպքում հիվանդի կյանքի որակի բարելավումն է: Քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների կեսից ավելին ստանում են այս կամ այն տեսակի ՃԹ:  Քաղցկեղի որոշ տեսակների համար ՃԹ-ն միայնակ կարող է լինել էֆեկտիվ: Այլ տեսակների դեպքում լավագույն պատասխան գրանցվում է կոմբինացված բուժման ժամանակ: Այն կարող է ներառել ճառագայթային թերապիա վիրահատական բուժման, քիմիաթերապիայի կամ իմունոթերապիայի հետ համակցված:

Հեռահար ճառագայթային բուժում կամ ճառագայթային բուժում արտաքին փնջով

Սա ՃԹ ամենատարածված տեսակն է: Ճառագայթները տրվում են օրգանիզմից դուրս գտնվող սարքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է բուժել մարմնի մեծ հատվածներ: Սարքը կոչվում է գծային արագացուցիչ: Այն ստեղծում է ռադիացիոն փնջեր ռենտգեն կամ ֆոտոնային ճառագայթման համար: Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով համապատասխանեցվում են ճառագայթների ձևը և չափը: Սա օգնում է թիրախավորել ուռուցքը՝ խուսափելով մոտակա առողջ հյուսվածքները վնասելուց: Գլխի, պարանոցի, ուղեղի ճառագայթային բուժման  ժամանակ հիվանդների անշարժացումն ապահովում են հատուկ հարմարանքներով: 

Հեռահար ճառագայթային բուժման տեսակներն են`

Եռաչափ կոնֆորմալ ՃԹ (3D-CRT)․ Համակարգչային շերտագրության (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) միջոցով ստացվում են քաղցկեղի եռաչափ պատկերներ: Դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ իրականացնել ճառագայթային բուժումը: Նշանակում է, որ չնայած բարձր դոզաներով  ճառագայթման կիրառմանը, առողջ հյուսվածքների վնասումը նվազում է: Սա, բնականաբար, նվազեցնում է կողմնակի ազդեցությունների ռիսկը: Օրինակ, գլխի կամ պարանոցի քաղցկեղի ճառագայթային թերապիայից հետո հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություն է հանդիսանում բերանի չորությունը: Սակայն եռաչափ կոնֆորմալ ՃԹ-ն սահմանափակում է բերանի չորության պատճառ հանդիսացող թքագեղձերի վնասումը։

Կարգավորվող ինտենսիվությամբ ՃԹ (IMRT). Սա եռաչափ կոնֆորմալ ՃԹ-ի առավել բարդ տեսակն է։ Ճառագայթման ինտեսինվությունը յուրաքանչյուր փնջում փոփոխական է, ի տարբերություն եռաչափ կոնֆորմալի, որի դեպքում բոլոր փնջերում ինտենսիվությունը միատեսակ է։ Կարգավորվող ինտենսիվությամբ ՃԹ-ն ավելի լավ է թիրախավորում ուռուցքը։

Տեսահսկողությամբ ՃԹ․ Այս եղանակը բժշկին թույլ է տալիս բուժման ընթացքում ստանալ պատկերներ: Այս պատկերները կարող են համեմատվել բուժման պլանավորման ժամանակ ստացված պատկերների հետ: Դա թույլ է տալիս թիրախավորել ուռուցքը, նվազագույնի հասցնել մոտակա առողջ հյուսվածքների վնասումը:

Պրոտոնային ճառագայթային թերապիա․ Այս եղանակն օգտագործում է պրոտոնները ռենտգենյան ճառագայթների փոխարեն: Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է: Պրոտոններն ուղղվում են դեպի թիրախ հանդիսացող ուռուցքը և կուտակում ճառագայթման սպեցիֆիկ դոզաներ: Ի տարբերություն ռենտգեն փնջերի, այս դեպքում ճառագայթումը չի անցնում ուռուցքի սահմաններից դուրս։ Սա սահմանափակում է մոտակա առողջ հյուսվածքների վնասումը: Ներկայումս պրոտոնային թերապիան օգտագործվում է քաղցկեղի որոշ տեսակների բուժման նպատակով: Այս եղանակը համեմատաբար նոր է և պահանջում է յուրահատուկ սարքավորումներ: Հետևաբար այն հասանելի չէ մի շարք բուժհաստատությունների համար։

Ստերիոտակտիկ ՃԹ․ Բուժման այս եղանակը ենթադրում է փոքր ուռուցքի հատվածում ճշգրիտ մեծ դոզաներով ճառագայթային թերապիայի իրականացում։ Բուժման ընթացքում հիվանդը պետք է լինի հանգիստ, անշարժ: Գլխի շարժումների սահմանափակումն իրականացվում է հատուկ շրջանակների կամ կաղապարների միջոցով: Այս եղանակը հաճախ տրվում է մեկ կամ մի քանի անգամ: 

Կոնտակտային ճառագայթային բուժում

Ճառագայթային բուժման այս եղանակը կոչվում է նաև բրախիթերապիա։ Ռադիոակտիվ նյութը տեղադրվում է ուռուցքի կամ շրջակա հյուսվածքի մեջ: Իմպլանտները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր և պահանջում են հիվանդի հոսպիտալացում: 

Բրախիթերապիայի տեսակներն են` 

Մշտական իմպլանտներ․ Իրենցից ներկայացնում են պողպատե պատիճներ, որոնք պարունակում են ռադիոակտիվ նյութ: Պատիճները մոտավորապես բրնձի հատիկի մեծության են: Ճառագայթման մեծ մասն առաքվում է իմպլանտների շրջակայք: Բայց որոշ քանակությամբ ճառագայթում կարող է դուրս գալ հիվանդի մարմնից: Սա պահանջում է անվտանգության միջոցառումներ՝ այլ անձանց ճառագայթումից պաշտպանելու համար: Որոշ ժամանակ անց իմպլանտները կորցնում են իրենց ռադիոակտիվությունը, և ոչ ակտիվ պատիճները մնում են հիվանդի մարմնում: 

Ժամանակավոր ներքին ՃԹ․ Այս դեպքում ՃԹ-ն տրվում է հետևյալ եղանակներից մեկով․

Ներարկման;

Կաթետերիզացիայի;

Հատուկ ներմուծման սարքերի միջոցով։

Ճառագայթումը մնում է օրգանիզմում մի քանի րոպեից մի քանի օր: Հիմնականում մարդիկ այն ստանում են մի քանի րոպեների ընթացքում, բայց լինում են դեպքեր, երբ այդ ժամանակը երկարում է: Այդ դեպքում նրանք առանձին սենյակ են տեղափոխվում՝ սահմանափակելով այլ մարդկանց ճառագայթումը: 

Ճառագայթային թերապիայի այլ եղանակներ

Ներվիրահատական ՃԹ․ Վիրահատության ժամանակ ուռուցքի վրա ազդում են արտաքին կամ ներքին ճառագայթման միջոցով: Այս եղանակն օգտագործվում է այն ժամանակ, երբ ուռուցքը գտնվում է կենսական կարևոր օրգանի մոտ: 

Համակարգային ՃԹ․ Ներընդունման կամ ներարկման ճանապարհով հիվանդները ստանում են ռադիոակտիվ նյութ, որի համար թիրախ են քաղցկեղային բջիջները: Այդ նյութերը հետագայում հեռացվում են օրգանիզմից թքի, մեզի և քրտինքի միջոցով: Այդ հեղուկները դառնում են ռադիոակտիվ: Այդ պատճառով մարդիկ ովքեր սերտ կոնտակտի մեջ են հիվանդների հետ պետք է կիրառեն անվտանգության միջոցներ:

Ռադիոիմունոթերապիա․ Սա համակարգային  թերապիայի տեսակ է: Օգտագործում են մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք ճառագայթումն անմիջականորեն փոխանցում են քաղցկեղային  բջիջներին: Առողջ հյուսվածքի վրա ազդեցությունը բացակայում է: Օր.՝ ibritumomab (Zevalin) և tositumomab (Bexxar)։

Ռադիոզգայունացուցիչներ և ռադիոպաշտպանիչներ․Ռադիոզգայունացուցիչները նյութեր են, որոնք բարձրացնում են ՃԹ արդյունավետությունը: Ռադիոպաշտպանիչները առողջ հյուսվածքները պաշտպանելու համար են: Ռադիոզգայունացուցիչների օրինակներ են՝ fluorouracil (5-FU, Adrucil) և cisplatin (Platinol): Իսկ Amifostine (Ethyol)-ը ռադիոպաշտպանիչ է:

Պեպտիդային ռեցեպտորների ռադիոնուկլիդային թերապիա․ Այս եղանակի հիմքում ընկած է քաղցկեղային բջիջների թաղանթներում գտնվող ընկալիչների պաշարումը: Դեղորայքը կապվելով ընկալչի հետ անցնում է ուռուցքային բջջի մեջ և ոչնչացնում է այն: 

Վերջերս ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կողմից ստամոքսաղիքային ուղու տարածված նեյրոէնդոկրին ուռուցքների բուժման համար հաստատվեց 177LU-dotatate (Lutathera) կոչվող դեղորայքը։

Հիվանդի և ընտանիքի անդամների անվտանգություն

Ճառագայթային թերապիան արդյունավետ և ապահով կերպով օգտագործվում է ավելի քան 100 տարի: ՃԹ իրականացնելու դեպքում երկրորդ տեսակի քաղցկեղի առաջացման ռիսկը մի փոքր բարձրանում է: Բայց շատ հիվանդների դեպքում ՃԹ-ն վերացնում է գոյություն ունեցող ուռուցքը: Այս հանգամանքը ավելի շահավետ է, քան բուժման հետևանքով նոր քաղցկեղի առաջացման փոքր ռիսկը։

Հեռահար ճառագայթային թերապիայի ժամանակ հիվանդը ռադիոակտիվ չի դառնում: Իսկ ներքին ճառագայթային բուժման հետևանքով հիվանդի ռադիոակտիվ լինելը պայմանավորում է հետևյալ անվտանգության միջոցների իրականացումը․

Սահմանափակել հղի կանանց և երեխաների շփումը հիվանդի հետ;

Պահպանել առնվազն 6մ հեռավորություն հիվանդի անկողնուց;

Սահմանափակել հիվանդի հետ օրական շփումը (30 րոպե կամ ավելի քիչ)։

Հիվանդանոցից դուրս գրվելու հետո մշտական իմպլանտները մնում են ռադիոակտիվ: Այս դեպքում հիվանդը 2 ամսվա ընթացքում չպետք է 5 րոպեից ավել շփում ունենա հղի կանանց և երեխաների հետ: 

Ինչպես նաև, հիվանդները, ովքեր ստացել են համապատասխան ՃԹ, պետք է հետևեն որոշակի ցուցումների․

Զուգարանից օգտվելուց հետո լիակատար լվանալ ձեռքերը;

Օգտագործել անձնական սրբիչ և սպասք;

Խմել մեծ քանակությամբ հեղուկներ;

Խուսափել սեռական հարաբերությունից;

Հնարավորինս կրճատել շփումը հղի կանանց և երեխաների հետ:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Քրիստինե Ավետիսյանի կողմից: