Քիմիաթերապիա

Քիմիաթերապիան քաղցկեղային բջիջների ոչնչացումն է դեղորայքային պրեպարատների միջոցով: Այն կանխում է բջիջների աճն ու բաժանումը: Քանի որ քաղցկեղային բջիջները նորմալ բջիջներից ավելի արագ են աճում և բաժանվում, քիմիաթերապիան ավելի մեծ ազդեցություն է թողնում դրանց վրա: Այնուամենայնիվ, քիմիապրեպարատները ուժեղ դեղեր են և որոշակի վնասակար ազդեցություն են ունենում նաև առողջ բջիջների վրա: Դրանով են պայմանավորված քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները:

Քիմիաթերապիայի տեսակները

Այս ուժեղ դեղորայքով բուժումը կոչվում է ստանդարտ քիմիաթերապիա, ավանդական քիմիաթերապիա կամ ցիտոտոքսիկ քիմիաթերապիա:

Կան նաև  քաղցկեղի բուժման համար օգտագործվող այլ պրեպարատներ: Շատ նոր պրեպարատներ կոչվում են թիրախային (թարգեթային): Թիրախային դեղերն ազդում են քաղցկեղային բջիջների վրա՝ արգելակելով այդ բջիջներում հայտնաբերվող որոշ գեներ կամ սպիտակուցներ: Քանի որ այս պրեպարատներով բուժումը գլխավորապես ազդում է քաղցկեղային բջիջների վրա, դրանք առաջացնում են այլ կողմնակի ազդեցություններ և ավելի քիչ են ազդում առողջ բջիջների վրա: Դեղորայքային թերապիայի այլ տեսակների դեպքում օգտագործվում են հորմոններ և դեղեր, որոնք օգտագործում են Ձեր իմուն համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Վերջինս կոչվում է իմունաթերապիա:

Ինչպե՞ս է քիմիաթերապիան բուժում քաղցկեղը

Բժիշկներն օգտագործում են քիմիաթերապիայի տարբեր տեսակները տարբեր ժամանակներում.

Վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից առաջ՝ ուռուցքը փոքրացնելու համար: Սա կոչվում է նեոադյուվանտ քիմիաթերապիա;

Վիրահատությունից կամ ճառագայթային բուժումից հետո՝ մնացորդային քաղցկեղային բջիջները վերացնելու համար;

Որպես բուժման միակ տարբերակ: Օրինակ, արյան կամ լիմֆատիկ համակարգի քաղցկեղների բուժման համար (լեյկեմիաներ, լիմֆոմաներ);

Բուժումից հետո կրկնված քաղցկեղի (ռեցիդիվ) բուժման համար;

Քաղցկեղի մարմնի այլ մասեր տարածման դեպքում (մետաստազներ):

Քիմիաթերապիայի նպատակները

Քիմիաթերապիայի նպատակները կախված են քացկեղի տեսակից և դրա տարածվածությունից: Երբեմն բուժման նպատակը կարող է լինել քաղցկեղային բջիջների ամբողջական ոչնչացումը և հիվանդության ախտադարձի կանխումը: Դրա անհնարինության դեպքում, քիմիաթերապիան կիրառվում է քաղցկեղի աճն ու տարածումը կանխարգելելու նպատակով: Այս դեպքում քիմիաթերապիան նաև օգնում է քաղցկեղի առաջացրած ախտանիշների մեղմացմանը: Քաղցկեղի աճի դանդաղեցման նպատակով կիրառվող քիմիաթերապիան երբեմն կոչվում է նաև պալիատիվ քիմիաթերապիա:

Քիմիաթերապևտիկ բուժման պլանը

Քաղցկեղի բուժման համար ստեղծված  շատ դեղեր կան: Քաղցկեղի դեղորայքային բուժման մեջ մասնագիտացած բժիշկը կոչվում է քիմիաթերապևտ: Ձեզ երբեմն կարող են նշանակել դեղորայքային պրեպարատների տարբեր կոմբինացիաներ, որոնք կարող են ավելի լավ ազդեցություն ունենալ, քան մեկ պրեպարատով մոնոթերապիան:

Դեղերի, դոզաների և բուժման սխեմաների ընտրությունը կախված է տարբեր գործոններից.

Քաղցկեղի տեսակից;

Ուռուցքի չափերից, տեղակայումից և տարածվածությունից: Այս ամենը բնութագրվում է քաղցկեղի ստադիայով;

Տարիքից և ընդհանուր առողջական վիճակից;

Որոշակի կողմնակի ազդեցությունների տանելիությունից;

Ուղեկցող հիվանդություններից;

Քաղցկեղի նախորդ բուժումներից:

Որտե՞ղ է անցկացվում քիմիաթերապիան

Ձեր բուժանձնակազմը  կկազմակերպի քիմիաթերապևտիկ բուժումը համապատասխան կլինիկայում կամ հիվանդանոցային բաժանմունքում: Քիմիաթերապիայի որոշ կուրսեր անցկացվում են ամսական մեկ անգամ, այս դեպքում երբեմն հնարավոր է լինում բուժումը կազմակերպել տնային պայմաններում:

Որքա՞ն է տևում քիմիաթերապևտիկ բուժումը

Քիմիաթերապիան երբեմն կատարվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, օրինակ՝ 6 ամիս կամ 1 տարի: Մեկ այլ դեպքում քիմիաթերապիան կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ այն էֆեկտիվ է:

Պրեպարատների մեծամասնության դեպքում կողմնակի ազդեցություններն այնքան ուժեղ են արտահայտվում, որ անհնար է դրանց ամենօրյա կիրառումը: Նման դեղերը նշանակվում են որոշակի ընդհատումներով, այնպես, որ Ձեր օրգանիզմը վերականգնվելու և հանգստանալու ժամանակ ունենա: Այդ ընթացում առողջ բջիջները վերականգնվում են:Օրինակ, քիմիաթերապիայի առաջին կուրսը առաջին օրը ստանալուց հետո, Ձեզ կարող են կանչել 3 շաբաթ անց՝ հաջորդ կուրսի համար: Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում կուրսերիի միջև հանգստի ժամանակահատվածն ավելի քիչ է: Սա կոչվում է ինտենսիվ դոզավորմամբ սխեմա: Որոշ քաղցկեղների դեպքում այն կարող է բուժումն առավել էֆեկտիվ դարձնել: Սակայն, այս դեպքում նաև մեծանում են կողմնակի ազդեցությունների դրսևորումները: Խոսեք Ձեր բժշկի հետ Ձեր բուժման ամենաարդյունավետ սխեմայի մասին:

Ինչպե՞ս է անցկացվում քիմիաթերապիան

Ներերակային քիմիաթերապիա. Շատ պրեպարատներ պահանջում են ուղղակիորեն ներերակային ներարկում: Այն կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Որոշ դեղեր ավելի լավ են ազդում օրերի և շաբաթների ընթացքում ներարկման դեպքում: Դրանք տրվում են փոքր պոմպերի միջոցով: Սա կոչվում է շարունակական ներարկումային քիմիաթերապիա:

Օրալ (ներընդունման) քիմիաթերապիա․ Որոշ դեղեր տրվում են բերանի միջոցով: Դրանք կարող են լինել դեղահաբի, կապսուլայի կամ հեղուկի տեսքով: Սա նշանակում է, որ դուք կկարողանաք կիրառել պրեպարատը տնային պայմաններում: Օրալ տարբերակը հաճախ է հանդիպում հատկապես թիրախային պրեպարատների դեպքում: Այս դեպքում, որոշ պրեպարատներ կիրառվում են ամեն օր, իսկ որոշները՝ ավելի քիչ հաճախականությամբ: Օրինակ, պրեպարատը կարող է տրվել 4 շաբաթ՝ ամենօրյա ընդունման համար, ինչին կարող է հետևել 2 շաբաթյա ընդմիջում:

Ներարկումային քիմիաթերապիա. Քիմիաթերապիան կարող է անցկացվել նաև սովորական ներարկման ձևով: Որոշ դեպքերում պրեպարատը կարող է ներարկվել ներմկանային, որոշ դեպքերում էլ ներմաշկային: Դա կարող է արվել բազկից, ոտքից կամ որովայնից:

Ներզարկերակային քիմիաթերապիա. Զարկերակը արյունատար անոթ է, որը արյունը տանում է սրտից դեպի մարմնի այլ մասեր: Երբեմն պրեպարատը ներարկվում է զարկերակի մեջ և ուղղվում է անմիջապես դեպի ուռուցքի շրջան: 

Պերիտոնեալ կամ որովայնային քիմիաթերապիա. Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում դեղորայքը անմիջապես լցվում է որովայնի խոռոչ: Բուժման այս տարբերակը էֆեկտիվ է ախտահարման պրոցեսում որովայնամզի ընդգրկման դեպքում: Որովայնամիզը թաղանթ է, որը շրջապատում է որովայնը ներսից և ծածկում է աղիները, լյարդը, ստամոքսը: Որովայնամզի վրա ամենահաճախ տարածվող տեսակ է հանդիսանում ձվարանի քաղցկեղը:

Տեղային քիմիաթերապիա. Կան որոշ քիմիաթերապևտիկ քսուկներ՝ մաշկային կիրառման համար:

Քաղցկեղի դեղորայքային բուժման այլ տարբերակներ

Քիմիաթերապևտիկ ավանդական պրեպարատները քաղցկեղի շատ տեսակների բուժման հիմնական կարևոր մասն են կազմում: Այս դեղերն ազդում են և՛ քաղցկեղային, և՛ առողջ բջիջների վրա: Ներկայումս գիտնականները հայտնագործել են նոր պրեպարատներ, որոնք առավել ընտրողական ազդեցություն են թողնում քաղցկեղային բջիջների վրա: Այս դեղորայքի կողմնակի ազդեցությունները տարբերվում են ավանդական պրեպարատների ազդեցություններից:

Դեղերը կարող են կիրառվել մոնոթերապիայի տեսքով, բայց սովորաբար դրանք ավելացվում են ավանդական քիմիաթերապիային: Այս բուժման տեսակներից են.

Հորմոնային թերապիա. Բուժման այս տարբերակի դեպքում փոխվում են օրգանիզմում հորմոնների մակարդակը: Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք բնականոն պայմաններում սինթեզվում են օրգանիզմում և օգնում են կարգավորել որոշակի բջիջների կամ օրգանների ակտիվությունը: Որոշ քաղցկեղների դեպքում բժիշկներն օգտագործում են հորմոնային թերապիա, քանի որ դրանք որոշակի ազդեցություն ունեն քաղցկեղի տվյալ տեսակի վրա: Քաղցկեղի այդ տեսակներից են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղները:

Թիրախային թերապիա. Այս դեղերը թիրախավորում և արգելակում են քաղցկեղային բջիջներում դրանց աճն ապահովող գեներն ու սպիտակուցները:

Իմունաթերապիա. Բուժման այս տարբերակն օգնում է Ձեր իմուն համարգակին պայքարել քաղցկեղի դեմ: Ներկայումս այն օգտագործվում է քաղցկեղի որոշ տեսակների համար միայն, սակայն մեծ հեռանկաներ կան ապագայի հետ կապված:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: