Քաղցկեղի բուժման ընտրությունը

Քաղցկեղի ախտորոշումից հետո պացիենտը և նրա ընտանիքի անդամները սկսում են փնտրել բուժման լավագույն միջոցները: Սակայն այդ որոշումը լարվածություն է առաջացնում և երկարաձգում բուժման հնարավոր շուտափույթ իրականացումը։ Բայց եթե հիվանդի վիճակը բավարար է, և կա բուժման տարբերակ ընտրելու  հնարավորություն, ապա կարելի է ժամանակ տրամադրել մասնագետից խորհրդատվության, խնդիրը ուսումնասիրելու և  այն ընտանիքի անդամների հետ քննարկելու համար։

Քաղցկեղի բուժումը պետք է լինի անհատական, և պացիենտը պետք է իրեն հարմար զգա իր կայացրած որոշումներում։ Սակայն շատերը չգիտեն որտեղից սկսել։ Ստորև ներկայացված են հասարակ բայց շատ կարևոր դրույթներ որոնցից կարող եք օգտվել։

Պարզեք Ձեր ախտորոշումը

Բուժման անհատական ծրագիրը կախված է քաղցկեղի տեսակից և ծանրության աստիճանից։ Այդ պատճառով փորձեք իմանալ և սովորել ավելին Ձեր հիվանդության մասին։ Սակայն պետք է զգույշ լինել տարբեր կայքերում ինֆորմացիա փնտրելիս, քանի որ կարող եք հանդիպել վախեցնող և ոչ ճշգրիտ տեղեկատվության: Դիմեք Ձեզ բուժող բժիշկին, նա Ձեզ կուղղորդի և կտրամադրի համապատասխան գրականություն։

Բուժման հնարավոր տարբերակներ

Պետք է դիմել բուժող բժշկին, պարզել բուժման հնարավոր տարբերակները. Դրանք են՝

• Վիրահատական բուժում;

• Ռադիոթերապիա;

• Քիմիոթերապիա;

• Հորմոնալ թերապիա;

• Իմունոթերապիա;

• Թիրախային բուժում;

• Պալիատիվ (ամոքիչ) բուժօգնություն։

Բուժման նպատակները

Բուժումը կարող է դանդաղացնել, դադարեցնել չարորակ գործընթացի զարգացումը  կամ վերացնել այն։ Բուժումը կարող է լինել նաև պալիատիվ՝  կյանքի որակը բարելավելու, հիվանդության ախտանիշները և կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար։ Համոզվեք, որ բժիշկը ամբողջապես ներկայացրել է Ձեր բուժման պլանը և դրա նպատակները։ 

Տվեք հարցեր Ձեր բուժման կողմնակի ազդեցությունների մասին

Հաճախ քաղցկեղը կարող է առաջացնել վաղ երկար պահպանվող կամ ուշ առաջացող կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են նկատվել ամիսներ կամ տարիներ անց։ Պացիենտը պետք է խոսի իր բժշկի հետ հնարավոր հեռակա կողմնակի ազդեցությունների և դրանց կառավարման մասին։ Բուժումը սկսելուց առաջ պետք է քննարկել սեռական և ռեպրոդուկտիվ ֆունկցիաների վրա հիվանդության և բուժման հնարավոր ազդեցությունները, ներառյալ անպտղության առաջացման հավանականությունը:

Հաշվի առեք բուժման յուրաքանչյուր տարբերակի ռիսկերն ու առավելությունները

Գնահատեք բուժման դրական և բացասական կողմերը, ներառյալ՝

• Առողջացման հավանականությունը;

• Վաղ և ուշ առաջացող կողմնակի ազդեցությունները;

• Հավանականությունը, որ հիվանդությունը բուժումից հետո կարող է կրկնվել;

• Ապրելիությունը բուժումից հետո կամ առանց բուժման;

• Կյանքի որակի վրա անրադարձող էֆեկտները;

• Հաշվի առնել պացիենտի և նրա ընտանիքի անդամների բուժման նկատմամբ հակվածությունը։

Ունեցեք երկրորդ կարծիք

Շատերը փնտրում են այլ ուռուցքաբանների, հավելյալ կարծիք ստանալու նպատակով, և շատ բժիշկներ խրախուսում են դա։ Ամեն բժիշկ ունի իր փորձը հիվանդության և դրա բուժման վերաբերյալ։ Այսպիսով, տարբեր կարծիքներ իմանալը կօգնի Ձեզ որոշում կայացնել կամ հաստատել բուժման առկա պլանը: Ստուգեք՝  արդյո՞ք ձեր ապահովագրական ընկերությունը ծածկում է որոշակի բժիշկի կամ առողջապահական կենտրոնի դիմելու ծախսերը։

Գտեք օգնություն հիվանդության բուժման ծախսերը կառավարելու համար

Հաճախ քաղցկեղի բուժումը թանկարժեք է և կարող եք ունենալ անկանխատեսելի ծախսեր։ Ձեր բուժանձնակազմը կարող է օգնել Ձեզ ճիշտ գնահատել բուժման համար նախատեսված ծախսերը կամ դրանք ճիշտ տնօրինելու ուղիներ գտնել։ Նրանք կարող են նաև ուղղորդել Ձեզ դեպի աջակցող ծառայություններ, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ մարդկանց ֆինանսական հարցերով։

Կոնսուլտացիոն ուղեցույցներ և որոշումներ կայացնելուն օգնող այլ միջոցներ

Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը և քաղցկեղի դեմ պայքարող այլ կազմակերպություններ հրապարակում են ուղեցույցներ և բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելուն օժանդկող միջոցներ, որոնք օգնում են բժիշկներին և պացիենտին հասկանալ բուժման հնարավոր եղանակները։ Իմացեք ավելին քաղցկեղի Ձեր տեսակի բուժման մանրամասների մասին։ Զրուցեք Ձեր բուժանձնակազմի անդամների հետ՝ մանրամասներն իմանալու համար։

Քննարկեք Ձեր որոշումները վստահելի անձանց հետ 

Որոշ մարդիկ օգտակար են գտնում իրենց մտքերով վստահելի անձանց հետ կիսվելը։ Նրանց շարքում կարող են լինել՝

• Ընտանիքի անդամներ;

• Ընկերներ;

• Հոգևոր առաջնորդ;

• Ուռուցքաբանության սոցիալկան աշխատակիցներ;

• Քաղցկեղ ունեցող մեկ այլ անձ։

Հասկացեք վիճակագրության դերը

Ձեր բժիշկը բուժման ընթացքում կարող է ակնարկել վիճակագրական տարբեր տվյալների մասին։ Դրանց շարքում կարող են լինել ապրելիության ցուցանիշները։ Այս թվերը կարող են օգնել հասկանալ բուժման մեթոդների տարբերությունները։ Սակայն դրանք չեն կարող կանխատեսել բուժման արդյունավետությունը։ Ձեր բուժանձնակազմը կարող է ավելի մանրամասն բացատրել, թե ինչ կապ ունեն վիճակագրական այդ տվյալները Ձեր բուժման հետ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարիամ Մարգարյանի կողմից: