Կղանքում թաքնված արյան հետազոտություն

Կղանքում թաքնված արյան հետազոտությամբ (ԿԹԱՀ)  հայտնաբերվում է կղանքում առկա քիչ քանակությամբ արյունը, ինչը կարող է լինել հաստ աղու քաղցկեղի, խոցերի, պոլիպների և այլ հիվանդությունների նշան։ 

Հետազոտության տեսակները

Տարբերում են 2 հիմնական տեսակներ․

Գուայակային ԿԹԱՀ․ Հետազոտության ընթացքում կղանքի նմուշը դրվում է հետազոտության հատուկ քարտի վրա, որը պարունակում է բուսական ծագման նյութ՝ գուայակ։ Կղանքում արյան առկայության պարագայում քարտը փոխում է իր գույնը։

Իմունաքիմիական ԿԹԱՀ․ Այս դեպքում օգտագործվում է հատուկ հակամարմին։ Այս հատուկ սպիտակուցը կապվում է արյան կարմիր բջիջների թթվածին կապող հատվածին՝ հեմոգլոբինին։

Ինչպես պատրաստվել հետազոտությանը

ԿԹԱՀ-ի նախապատրաստությունը կախված է դրա տեսակից․

Գուայակային հետազոտություն․ Կան որոշ սննդամթերքներ և դեղորայք, որոնք չպետք է կիրառել հետազոտությունից առաջ։ Որոշ միացություններ կարող են փոխել հետազոտության արդյունքը և տալ կեղծ դրական պատասխան։ 

Գուայակային հետազոտությունից առաջ խոսեք Ձեր բժշկի հետ անհրաժեշտ սննդակարգի և Ձեր ընդունած դեղորայքի մասին։ Հավանաբար Ձեզ խորհուրդ կտրվեն սննդակարգի հետևյալ փոփոխությունները․

  • Ավելացնել բուսական բջջանյութի կիրառումը;
  • Խուսափել որոշ մթերքներից, ինչպիսիք են միսը և բանջարեղենի որոշ տեսակներ;
  • Խուսափել որոշ հավելումներից, ինչպիսիք են վիտամին C-ն և երկաթը:

Իմունաքիմիական հետազոտություն․ Այս հետազոտության դեպքում սննդակարգի փոփոխությունների կարիք չկա։ Սակայն անհրաժեշտ է խուսափել որոշ դեղորայքից։

Ասպիրինը և ազատ վաճառքի ենթակա մյուս ցավազրկողները , ինչպես նաև, արյունը նոսրացնող պրեպարատները հետազոտության 2 տեսակների դեպքում էլ կարող են փոխել արդյունքները։ Դեղորայքի ընդունումը դադարեցնելուց առաջ խոսեք Ձեր բժշկի հետ։

Խոսեք բուժանձնակազմի հետ հետազոտության ժամանակն ընտրելու համար։ Օրինակ՝ հետազոտությունը չի կարելի իրականացնել արնահոսող հեմորոիդ հանգույցների, ստամոքսի խոցի կամ գաստրիտի դեպքում։ Ինչպես նաև, կանայք չպետք է անցնեն հետազոտությունը դաշտանին մոտ օրերին։

Հետազոտությունից հետո կարող եք անցնել Ձեր առօրյա գործունեությանը։ Արդյունքներն իմանալուց հետո խոսեք Ձեր բժշկի հետ հետագա քայլերի մասին։

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Ինչու՞ ունեմ այս հետազոտության կարիքը;

Որո՞նք են գուայակային և իմունաքիմիական տեսակների տարբերությունները։ Ո՞րը խորհուրդ կտաք;

Ի՞նչ հաճախականությամբ պետք է անցնեմ հետազոտությունը;

Ի՞նչ կարող եմ ուտել կամ խմել հետազոտությունից առաջ;

Ի՞նչ սննդամթերքից կամ դեղորայքից պետք է խուսափել հետազոտությունից առաջ;

Ի՞նչ ճշգրտությամբ է հետազոտությունը հայտնաբերում կղանքում թաքնված արյունը;

Ե՞րբ և ինչպե՞ս կիմանամ հետազոտության արդյունքների մասին;

Ի՞նչ է կեղծ-դրական արդյունքը։ Ի՞նչ է կեղծ-բացասական արդյունքը;

Ո՞վ կբացատրի ինձ արդյունքները;

Խորհուրդ կտա՞ք արդյոք ԿԹԱՀ-ից բացի անցնել նաև այլ հետազոտություն, օրինակ՝ սիգմոիդոսկոպիա կամ կոլոնոսկոպիա։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: