Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան հաստ աղու հետազոտման եղանակ է։ Այն հանդիսանում է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի մեթոդ։

Հաստ աղու և խթաղու մասին

Հաստ աղիքը վերամշակում է օրգանիզմի նյութափոխանակության արգասիքները։ Հաստ աղու վերին հատվածը կոչվում է խթաղի, ստորին՝ ավելի կարճ հատվածը կոչվում է ուղիղ աղիք, որն ավարվում է հետանցքով։

Ինչպես է կատարվում կոլոնոսկոպիան

Կոլոնսկոպիան կատարվում է հատուկ սարքի՝ կոլոնոսկոպի միջոցով։ Այն բարակ, ճկուն խողովակ է, որը ծայրին ունի լույս և տեսախցիկ։ Կոլոնոսկոպիայից առաջ պացիենտին տրվում է ցավազրկող և սեդատիվ դեղորայք՝ անհարմարությունը նվազեցնելու նպատակով։ Միջամտության ժամանակ բժիշկը կոլոնոսկոպը հետանցքով մտցնում է հաստ աղիք։ Կոլոնսկոպի նկարահանած տեսագրությունը բժիշկը տեսնում է հատուկ էկրանի միջոցով։ Կոլոնսկոպիան նաև հյուսվածքի նմուշ վերցնելու հնարավորություն է տալիս։ Դա կոչվում է բիոպսիա։

Ով է կատարում կոլոնոսկոպիան

Սովորաբար կոլոնոսկոպիան կատարվում է գաստրոէնետերոլոգի կողմից՝ բուժքրոջ օգնությամբ։ Գաստրոէնտերոլոգը մարսողական օրգանների խնդիրներով զբաղվող բժիշկն է։ Մարսողական համակարգը ներառում է կերակրափողը, ստամոքսը, բարակ աղիքը, հաստ աղիքը, ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը, լեղածորանները և լյարդը։ Կոլոնոսկոպիան կարող է կատարվել նաև վիրաբույժի կողմից։

Կոլոնոսկոպիայի նախապատրաստումը

Ձեր բժիշկը կարող է որոշ խորհուրդներ տալ կոլոնոսկոպիային նախապատրաստվելու համար։ Դուք պետք է հաշվի առնեք հետևյալ կետերը․

Տեղյակ պահեք Ձեր բժշկին, եթե կիրառում եք դեղորայք։ Հարցրեք՝ արդյո՞ք պետք է խմեք դրանք հետազոտության օրը։ Քննարկեք Ձեր ունեցած դղորայքային ալերգիաները և հիվանդությունները։ Տեղյակ պահեք բժշկին, եթե ընդունում եք արյունը նոսրացնող դեղորայք կամ ասպիրին։ Այդ դեղորայքի կիրառումը սովորաբար դադարեցվում է միջամտությունից մի քանի օր առաջ։

Կոլոնոսկոպիայի ժամանակ խթաղին պետք է դատարկ լինի։ Դուք ստիպված կլինեք խուսափել չոր կերակուրներից և կիրառել միայն հեղուկներ միջամտությունից 1-ից 3 օր առաջ։ Հեղուկ սննդակարգը կարող է ներառել ճարպազերծ արգանակ, սև սուրճ, քամած մրգահյութեր կամ ժելատին։

Աղիքները դատարկելու համար հնարավոր է լաքսատիվ պրեպարատների ընդունման կամ հոգնայի կարիք լինել։ 

Կազմակերպեք, որ Ձեր ընտանիքի անդամներից մեկը կամ ընկերը ուղեկցի Ձեզ տուն։ Միջամտությունից հետո սեդատիվների պատճառով Դուք կարող եք թմրած լինել։

Ստուգեք՝ արդյո՞ք Ձեր ապահովագրությունը հոգալու է հիվանդանոցային ծախսերը։

Հնարավոր է, որ Ձեզ տրվի համաձայնագիր միջամտության ռիսկերի և առավելությունների և դրանք գիտակցելու մասին։

Կոլոնոսկոպիայի վերաբերյալ ունեցած հարցերը քննարկեք բժշկի հետ։

Միջամտության ընթացքում

Միջամտությունը կարող է տևել 30-ից 60 րոպե։ Կոլոնոսկոպիայից առաջ Դուք պետք է հանեք Ձեր հագուստը և հագնեք հիվանդանոցային խալաթ։ Միջամտությունը կանցկացվի կողքի պառկած վիճակում։

Ցավազրկող և սեդատիվ դեղորայքը կտրվի ներերակային ճանապարհով, բազկի երակներից։ Դուք կզգաք թեթև ծակոց ներարկման տեղում։

Այնուհետև բժիշկը կանցկացնի կոլոնոսկոպը և օդ կփչի Ձեր խթաղու մեջ։ Դա հնարավորություն կտա բժշկին ավելի լավ տեսնել հաստ աղու լուսանցքը։ Կոլոնոսկոպը աղու կորություններով անցկացնելիս՝ Դուք ստիպված կլինեք թեթև փոխել Ձեր դիրքը գործընթացը հեշտացնելու համար։

Աղիքում ոչ նորմալ գոյացություն կամ պոլիպ տեսնելիս՝ բժիշկը կարող է այն հեռացնել կամ կատարել բիոպսիա օգտագործելով կոլոնոսկոպի ծայրին գտնվող գործիքը։ Դա սովորաբար ցավոտ չի լինում։ Սակայն հյուսվածքի հեռացման տեղում կարող է առաջանալ թեթև արյունահոսություն, որը բժիշկը կարող է դադարեցնել կոլոնոսկոպի միջոցով։ 

Հազվադեպ կոլոնոսկոպը կարող է ծակել աղիքի պատը։ Նման դեպերում կարող է վիրահատության կարիք առաջանալ աղիքի պատի վերականգնամ համար։ Խոսեք Ձեր բուժանձնակազմի անդամների հետ այդ փոքր ռիսկերի մասին։ 

Միջամտության ընթացքում Դուք անհարմարություն և կծկանքներ կզգաք որովայնում։ Փորձեք դանդաղ և խորը շունչ քաշել ցավը հաղթահարելու համար։

Միջամտությունից հետո

Միջամտությունից հետո մինչև 2 ժամ կմնաք հիվանդանոցում։ Դուք պետք է սպասեք մինչև Ձեզ տրված հանգստացնող դեղորայքի ազդեցությունն անցնի։ Անզգայացման կամ սեդատիվների պատճառով Դուք չեք կարողանա վարել որևէ փոխադրամիջոց։ 

Կոլոնոսկոպիայի հաջորդ օրը կարող եք զբաղվել Ձեր առօրյա գործունեությամբ։

Անմիջապես դիմեք Ձեր բժշկին, եթե ունենաք․

Սուր որովայնային ցավեր;

Տենդ;

Արյուն կղանքում;

Գլխապտույտ;

Թուլություն։

Հարցեր բուժանձնակազմին տալու համար․

Ինչու՞ եք ինձ նշանակում կոլոնոսկոպիա;

Ի՞նչ կպատահի, եթե չանցնեմ տվյալ հետազոտությունը;

Ո՞վ է կատարելու կոլոնոսկոպիան;

Ի՞նչ է տեղի ունենալու հետազոտության ընթացքում;

Որքա՞ն կտևի միջամտությունը;

Արդյո՞ք այն ցավոտ է լինելու;

Ստանալու՞ եմ արդյոք դեղորայք անհարմարությունը մեղմելու համար;

Որո՞նք են կոլոնոսկոպիայի ռիսկերը և առավելությունները;

Կարո՞ղ եմ կիրառել իմ կանոնավոր դեղորայքը հետազոտության օրը։ Դրանցից որը՞ չի կարելի կիրառել, և ե՞րբ եմ այն կրկին կիրառելու;

Ու՞մ հետ կարող եմ խոսել հետազոտության արժեքի մասին;

Կա՞ն արդյոք գործողություններ, որոնցից պետք է խուսափել կոլոնոսկոպիայից հետո;

Ե՞րբ եմ իմանալու հետազոտության արդյունքները;

Ո՞վ է ինձ բացատրելու դրանք;

Կարիք ունենալու՞ եմ արդյոք լրացուցիչ հետազոտությունների։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: