Բիոպսիա

Քաղցկեղի համարյա բոլոր տեսակների համար բիոպսիան համարվում է ախտորոշման հիմնական մեթոդը: Բիոպսիայի ժամանակ բժիշկը վերցնում է հյուսվածքի փոքր կտոր մանրադիտակի տակ ուսումնասիրելու համար: Մնացած ախտորոշիչ հետազոտությունները կարող են հուշել քաղցկեղի առկայության մասին, սակայն միայն բիոպսիայի միջոցով է դրվում վերջնական ախտորոշումը:

Ձեր բժիշկը կարող է Ձեզ առաջարկել կատարել բիոպսիա, եթե նա ֆիզիկալ զննման կամ այլ հետազոտությունների ժամանակ հայտնաբերում է որևէ կասկածելի բան.

Բիոպսիան կարող է անցկացվել միջամտությունների սենյակում: Սակայն, երբեմն հյուսվածքի նմուշ վերցնելու համար անհրաժեշտ է վիրաբուժական կամ այլ միջամտություն:

Ձեր բժիշկը կարող է բիոպսիան կատարել պատկերավորող հետազոտության օգնությամբ (տես ներքևում)։

Բիոպսիայի տեսակը կախված է նրանից, թե որտեղ է գտնվում հավանական ուռուցքը:

Բիոպսիայի տեսակները

Պատկերավորող հետազոտությամբ ուղեկցվող բիոպսիա -Բիոպսիայի որոշ տեսակներ կարող են կատարվել պատկերավորող հետազոտության ուղեկցմամբ: Ձեր բժիշկը կարող է օգտվել նման հետազոտություններից, եթե նա չի շոշափում ուռուցքը, կամ, եթե ուռուցքի տեղադրությունը ավելի խորն է, բայց այն տեսանելի է պատկերավորող սարքով: Միջամտության ընթացքում բժիշկը պատկերավորող սարքի օգնությամբ ասեղը ուղղորդում է դեպի ուռուցքի նշված տեղակայումը: Բժիշկը կարող է դա կատարել բարակ ասեղային, հաստ ասեղային կամ վակուումային տարբերակներով (տես ներքևում): Դա կախված է պահանջվող հյուսվածքի քանակից, հնարավոր ախտորոշումից և այլ գործոններից: Կախված ուռուցքի տեղակայումից և այլ գործոններից բժիշկը ընտրում է վիզուալիզացիայի տեսակը: Նա ընտրում է հետևյալ պատկերավորման սարքերից մեկը.

1. Գերձայնային հետազոտություն;

2. Ֆլուորոսկոպիա;

3. Համակարգչային շերտագրություն;

4. Ռենտգեն հետազոտություն;

5. Մագնիսառեզոնանսային շերտագրություն։

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա - Մինիմալ ինվազիվ բիոպսիայի ընթացքում բժիշկը օգտագործում է շատ բարակ բժշկական ասեղ, որը միացած է ներարկիչին: Բժիշկը վերցնում է փոքր քանակությամբ հյուսվածք՝ հետագա ուսումնասիրության նպատակով: Ձեր բժիշկը կարող է օգտագործել բիոպսիայի այս տեսակը մաշկի տակից շոշափվող գոյացության համար կամ կարող է կատարել պատկերավորող սարքի օգնությամբ (տես ներքևում):

Հաստ ասեղային բիոպսիա - Հաստ ասեղային բիոպսիայի ժամանակ օգտագործվում է ավելի մեծ ասեղ, որպեսզի վերցվի հյուսվածքի ավելի մեծ նմուշ: Բիոպսիայի այս տեսակը նման է բարակ ասեղայինին և ևս հանդիսանում է մինիմալ ինվազիվ:

Վակուումային բիոպսիա - Բիոպսիայի այս տեսակի դեպքում հյուսվածքի նմուշ վերցնելու համար օգտագործվում է հատուկ ասեղով արտածծող սարք: Ձեր բժիշկը կարող է վերցնել մի քանի կամ մեկ մեծ նմուշ միևնույն տեղից բիոպսիայի այս մեթոդով: Վակուումային բիոպսիան երբեմն կարող է ուղեկցվել պատկերավորող հետազոտությամբ:

Էքսցիզիոն բիոպսիա - Էքսցիզիոն բիոպսիայի ընթացքում Ձեր բժիշկը հեռացնում է ամբողջ կասկածելի հատվածը: Բիոպսիայի այս տեսակը ընդունված է մաշկի կասկածելի փոփոխությունների դեպքում: Բժիշկը կարող է այն օգտագործել նաև մաշկի տակ գտնվող, հեշտությամբ հեռացվող գոյացությունների դեպքում: Այնուամենայնիվ, բարակ և հաստ ասեղային բիոպսիայի տեսակները ավելի ընդունելի են այն ուռուցքների համար, որոնք չեն երևում կամ չեմ շոշափվում մաշկի տակ:

Shave-բիոպսիա - Այս տեսակի համար, բժիշկն օգտագործում է սուր գործիք հյուսվածքը մաշկի մակերեսից հեռացնելու համար:

Punch–բիոպսիա - Բժիշկը ներդնում է սուր, շրջանաձև գործիք մաշկի մեջ և վերցնում նմուշ մաշկի տակ գտնվող հյուսվածքից:

Էնդոսկոպիկ բիոպսիա - Էնդոսկոպը բարակ, լուսավորող, ճկուն խողովակ է, որն ունի տեսախցիկ: Բժիշկներն օգտագործում են էնդոսկոպերը ներքին օրգանների հետազոտման համար, այդ թվում՝ միզապարկը, որովայնի խոռոչը, հոդերը կամ աղեստամոքսային տրակտը: Նրանք ներս են անցկացնում էնդոսկոպը բերանի խոռոչի կամ փոքր վիրաբուժական կտրվածքի միջով: Էնդոսկոպին միացված տեսախցիկը օգնում է բժշկին տեսնել ախտաբանական հատվածները: Բժիշկներն այն օգտագործում են նաև աքցանի միջոցով հյուսվածքի փոքր կտոր վերցնելու համար: Աքցանը  ևս էնդոսկոպի բաղադրիչն է: 

Լապարասկոպիկ բիոպսիա – Բիոպսիայի այս տեսակը օգտագործվում է որովայնի խոռոչի համար: Բժիշկը փոքր կտրվածքի միջոցով որովայնի խոռոչ է մտցնում տեսախցիկով բարակ խողովակը, որը կոչվում է լապարասկոպ։ Տեսախցիկն օգնում է բժշկին տեսնել ցանկացած ախտաբանական հատված: Այնուհետև, բժիշկը կարող է մտցնել փոքր ասեղ և վերցնել հյուսվածքի նմուշ:

Ոսկրածուծի ասպիրացիա (արտածծում) և բիոպսիա - Այս երկու պրոցեդուրաները միանման են և բժիշկները հաճախ դրանք միաժամանակ են կատարում: Ոսկրածուծը կազմված է  հեղուկ և պինդ բաղադրիչներից: Ոսկրածուծի ասպիրացիայի ժամանակ ասեղի միջոցով վերցվում է հեղուկ նմուշ: Իսկ ոսկրածուծի բիոպսիայի դեպքում, կրկին ասեղի միջոցով, վերցվում է պինդ հյուսվածքի նմուշ: Բժիշկներն այս միջամտությունները կիրառում են արյան համակարգի խանգարումների կամ չարորակ հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Արյան չարորակ հիվանդությունները ներառում են լեյկոզները, լիմֆոմաները կամ տարատեսակ միելոմաները: Հիմնականում ոսկրածուծի ասպիրացիան և բիոպսիան կատարում են կոնքոսկրից, որը տեղակայված է մեջքի ստորին հատվածում` դեպի ազդրը: Սովորաբար բժիշկը նախօրոք դեղորայքով անզգայացնում է մաշկի տվյալ հատվածը: 

Հեղուկ բիոպսիա - Այս մինիմալ ինվազիվ միջամտության միջոցով կարելի է հետազոտել արյան նմուշը քաղցկեղի հայտնաբերման նպատակով։ Հեղուկ բիոպսիայի ժամանակ բուժաշխատողը վերցնում է արյան նմուշ, որն այնուհետև հետազոտվում է հատուկ ձևով:  Հյուսվածքային բիոպսիայի համեմատ՝ հեղուկ բիոպսիան  ավելի քիչ ռիսկեր ունի հիվանդի համար, և բժիշկն այն կարող է իրականացնել շատ անգամներ: Դա կարող է նաև բժշկին հնարավորություն տալ գնահատել ուռուցքի պրոգրեսիան և բուժման էֆեկտիվությունը: Բիոպսիայի այս տեսակը դեռ նոր է, և այս մեթոդի կիրառման մասին դեռ հետազոտություններ են կատարվում: Ներկայումս, բիոպսիայի այս տեսակը համատարած կիրառում չունի քաղցկեղով հիվանդների համար:

Ո՞վ է կատարում բիոպսիան և ո՞վ է հետազոտում նմուշը

Քանի որ կան բիոպսիայի տարբեր տեսակներ, բուժանձնակազմի անդամները կարող են տարբեր լինել:

Բիոպսիա կատարող մասնագետի ընտրությունը կախված է նրանից, թե դրա որ տեսակն է Ձեզ անհրաժեշտ և մարմնի որ հատվածն է հետազոտվում: Ձեր բիոպսիան կարող է կատարվել հետևյալ մասնագետների կողմից.

Վիրաբույժի;

Ճառագայթաբանի․ մասնագիտացած է պատկերավորող հետազոտություններ կատարելու և արդյունքները մեկնաբանելու մեջ; 

Ուռուցքաբանի;

Գաստրոէներոլոգի․ մասնագիտացած է մարսողական տրակտի հիվանդությունների բուժման մեջ;

Ախտաբանի․ մասնագիտացած է բջիջների, հյուսվածքների և օրգանների հետազոտման մեջ։ Ուսումնասիրում է բիոպսիայի ժամանակ ստացված նմուշը (բիոպտատը);

Ցիտոլոգի․ մասնագիտացած է բջիջների ուսումնասիրման մեջ։ Ցիտոլոգը կարող է կատարել բարակ ասեղային ասպիրացիան;

Մաշկաբանի;

Գինեկոլոգի;

Ընտանեկան բժշկի;

Այլ մասնագետների կողմից։

Բիոպսիայի կատարման նախապատրաստում

Բիոպսիայի նախապատրաստումը կախված է բիոպսիայի տեսակից: Օրինակ՝ բժշկի սենյակում կատարվող բարակ ասեղային բիոպսիայի համար անհրաժեշտ է ավելի քիչ պատրասվածություն: Որոշ դեպքերում, անհրաժեշտ է, որ Դուք հանեք Ձեր հագուստը և հագնեք խալաթ:

Մինչև Ձեր բիոպսիան.

Հարցրեք բժշկին կամ բուժքրոջը կարելի՞ է արդյոք մինչև բիոպսիան ուտել կամ խմել:

Հարցրեք նաև կարո՞ղ եք այդ օրը խմել ձեր հիմնական դեղորայքը: Որոշ դեպքերում, Ձեր բժիշկը կարող է հարցնել արդյո՞ք օգտագործում եք հակակոագուլյանտներ կամ ասպիրին: Տեղյակ պահեք Ձեր բժշկին բոլոր դեղերի և կենսահավելումների մասին, որոնք ընդունում եք:

Տեղյակ պահեք բժշկին Ձեր ունեցած դեղորայքային ալերգիաների կամ ուղեկցող հիվանդությունների մասին:

Բուժանձնակազմի անդամներից որևէ մեկը Ձեզ կբացատրի միջամտության մասին:

Ձեզ կխնդրեն, որ ստորագրեք համաձայնագիր, որում նշվում է, որ տեղյակ եք բիոպսիայի առավելությունների և ռիսկերի մասին և համաձայն եք, որ հետազոտությունը կատարվի:

Տեղյակ պահեք բժշկին Ձեր ունեցած ցանկացած գանգատի մասին։

Միջամտության ընթացքում

Կախված նրանից, թե մարմնի որ հատվածից է կատարվելու բիոպսիան, Դուք կարող եք պառկել որովայնի կամ մեջքի վրա, կամ էլ նստել միջամտության ընթացքում: Որոշ բիոպսիաների դեպքում Դուք ստիպված կլինեք պահել շունչը և անշարժ մնալ՝ ասեղով ծակելու ընթացքում։ Ձեր բուժանձնակազմը տեղյակ կպահի Ձեզ ինչ սպասելիքներ ունենալ միջամտության ընթացքից:

Մինչև միջամտությունը ցավազրկման համար Դուք կստանաք որևէ տեսակի անզգայացում: Անզգայացման տեսակը, որը բժիշկը ընտրում է, կախված է միջամտության տեսակից և նրանից, թե մարմնի որ հատվածում է կատարվելու բիոպսիան: Կարող են կիրառվել անզգայացման  հետևյալ տեսակները.

Տեղային անզգայացման ժամանակ ներարկման միջոցով անզգայացվում է այն հատվածը, որտեղ կատարվելու է միջամտությունը: Դուք կարող եք ծակող ցավ զգալ, երբ բժիշկն ասեղով  ներարկում է անզգայացնող դեղորայքը անհրաժեշտ հատվածը թմրեցնելու համար:

Գիտակից սեդացիայի կամ վերահսկվող անէսթեզիայի ժամանակ տալիս են դեղամիջոցներ Ձեզ հանգստացնելու համար: Դեղորայքը սովորաբար տրվում է ներերակային ճանապարհով։ Այն հաճախ համակցվում է տեղային անէսթետիկների հետ:

Ընդհանուր անզգայացումը Ձեզ դարձնում է անգիտակից ամբողջ ընթացքում, այնիպիսի միջամտությունների ժամանակ ինչպիսիք են վիրահատությունները: Ընդհանուր անզգայացման դեպքում, Դուք հաղորդակից չեք լինում վիրահատության ընթացքին։

Միջամտությունից հետո

Ձեր վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը կախված է բիոպսիայի տեսակից.

Պակաս ինվազիվ միջամտությունները չեն պահանջում ռեաբիլիտացիայի ժամանակահատված: Դուք կկարողանաք վերադառնալ Ձեր նորմալ ապրելակերպին պրոցեդուրայից անմիջապես հետո:

Ավելի ինվազիվ միջամտությունները պահաջում են ավելի երկար վերականգնողական ժամանակ:

Եթե Դուք ստացել եք սեդատիվ պրեպարատ՝ որպես անէսթեզիայի բաղկացուցիչ մաս, ապա Դուք կունենաք մեկի կարիքը, ով Ձեզ տուն կհասցնի։

Բիոպսիայից հետո Ձեր բժշկին կամ բուժքրոջը հարցրեք միջամտության տեղում անհրաժեշտ խնամքի մասին: Տեղյակ եղեք նաև միջամտությունից սպասվող պոտենցիալ բարդությունների մասին: Կապվեք Ձեր բժշկի հետ վարակի, սուր ցավի, տենդի կամ արյունահոսության դեպքում:

Ձեր բիոպսիայի պատասխանը ստանալը

Թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ Դուք ստանաք Ձեր բիոպսիայի արդյունքները կախված է նրանից, թե ինչքան հետազոտություններ են անհրաժեշտ ախտորոշման համար: Հիմնվելով այս հետազոտությունների վրա ախտաբանը որոշում է վերցված հյուսվածքում ուռուցքի առկայությունը և դրա տեսակը:

Ուռուցքը կարող է լինել բարորակ և չարորակ.

Բարորակ ուռուցքը քաղցկեղային չէ;

Չարորակ ուռուցքը քաղցկեղային է և կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ։

Արդյունքները սովորաբար պատրաստ են լինում բիոպսիայից հետո մոտավորապես 2-3 օրվա ընթացքում: Եթե պահանջվում են ավելի բարդ հետազոտություններ պատասխանը կարող է ձգձգվել 7-10 օր: Հարցրեք Ձեր բժշկին, թե ինչքան պետք է սպասեք արդյունքներին և ով պետք է այն Ձեզ բացատրի:

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Մինչև բիոպսիան կարող եք Ձեր բժշկին ուղղել հետևյալ հարցերը.

Ինչու՞ եք ինձ առաջարկում բիոպսիա կատարել:

Ինչ՞ ռիսկեր կան, եթե ես չկատարեմ բիոպսիա:

Ե՞րբ ես կիմանամ բիոպսիայի արդյունքների մասին: Ինչպե՞ս կստանամ ինֆորմացիան: Ո՞վ կբացատրի արդյունքները:

Ի՞նչ է կատարվելու բիոպսիայի ընթացքում:

Ո՞վ է կատարելու բիոպսիան:

Ինչքա՞ն կտևի միջամտությունը:

Տեղային թե՞ ընդհանուր անզգայացում է կատարվելու:

Ցավո՞տ է լինելու արդյոք:

Կա՞ն արդյոք վարակվելու կամ արյունահոսելու ռիսկեր, կամ այլ կողմնակի ազդեցություններ բիոպսիայից հետո:

Արդյոք կմնա՞ սպի մարմնիս վրա բիոպսիայից հետո:

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվեմ բիոպսիային: Կա՞ն արդյոք սահմանափակումներ օր առաջ ուտելու, խմելու հետ կապված:

Անհրաժե՞շտ է արդյոք որևէ հատուկ խնամք կամ պահանջներ բիոպսիայի տեղի շրջանում:

Անհրաժեշտ է արդյոք խուսափել ակտիվ կենսակերպից բիոպսիայից հետո: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ:

Կկարողանա՞մ արդյոք ինքնուրույն տուն հասնել բիոպսիայից հետո, թե՞ կունենամ ինչ-որ մեկի կարիքը դա անելու համար:

Կունենա՞մ արդյոք այլ լրացուցիչ հետազոտությունների կամ միջամտությունների կարիք:   

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Նանե Ալեքսանյանի կողմից: