Մամոգրաֆիա

Մամոգրաֆիան ռենտգեն հետազոտության տեսակ է, որն իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար։ Ստացվող պատկերները կոչվում են մամոգրամներ։ Պատկերներով կարելի է տեսնել այնպիսի փոքր գոյացություններ, որոնք չեն շոշափվում։ Մամոգրամները նաև կարող են ցույց տալ կրծքագեղձի այլ անկանոնություններ։

Մամոգրամների հիմնական տեսակները

Սքրինինգային մամոգրամներ․ Այս հետազոտությունը անցկացվում է առանց ախտանիշների կանանց մոտ։ Նպատակը հիվանդության վաղ հայտնաբերումն է, երբ այն բուժելը ավելի հեշտ է։

Ախտորոշիչ մամոգրամ․ Դուք կարող եք անցնել այս հետազոտությունը Ձեզ հուզող հարցերի պատասխանները կամ առկա ախտանիշների պատճառները գտնելու համար։ Այն խորհուրդ է տրվում իրականացնել, եթե

Սքրինինգային մամոգրաֆիայով հայտնաբերվել է կասկածելի հատված;

Կրծքագեղձում շոշափել եք գոյացություն;

Ունեք այլ կասկածելի ախտանիշներ։

Ախտորոշիչ մամոգրաֆիայի դեպքում սովորաբար ավելի շատ պատկերներ են ստանում, քան սքրինինգային մամոգրաֆիայի դեպքում։ Հետազոտությունը կատարվում է մամոգրաֆիայի մասնագետի կողմից, ով մասնագիտացած է կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն իրականացնելու մեջ։

Ինչպե՞ս պետք է պատրաստվել մամոգրաֆիային

Ձեր բուժանձնակազմի հետ քննարկելու հարցեր․ Քննարկե՛ք կրծքագեղձի հետ կապված Ձեր ունեցած ցանկացած ախտանիշ։ Նշե՛ք Ձեր հղիության կամ կրծքով կերակրման մասին։ 2 դեպքում էլ հավանական է, որ բժիշկը կհետաձգի այս հետազոտությունը։

Պլանավորում և ժամանակի հետ կապված այլ գործոններ․ Պլանավորե՛ք մամոգրաֆիկ հետազոտությունը դաշտանային ցիկլի ավարտից 2 շաբաթ անց։ Կրծքագեղձը այդ ժամանակահատվածում ավելի քիչ է լարված։

Զգայունություն իջեցնող այլ գործոններ են՝

Կոֆեինի օգտագործումը hետազոտությունից առաջ մեկ շաբաթվա ընթացքում;

Ցավազրկողների օգտագործումը հետազոտության օրը։ 

Ֆիզիկական պատրաստվածություն․ Հետազոտությունից առաջ մի՛ օգտագործեք կոսմետիկ միջոցներ մարմնի հետազոտվող հատվածներում։ Մի՛ կրեք զարդեր, որոնք կարող են փոխազդել ռենտգեն ճառագայթների հետ։ Ձեզ կխնդրեն հանել մարմնի վերին կեսի հագուստը։

Կոմունիկացիա․ Տեղյակ պահեք մասնագետին, եթե ունեք

Կրծքագեղձի իմպլանտներ;

Նախկինում տարած կրծքագեղձի վիրահատություններ(Ձեզ կարող են խնդրել ցույց տալ հետվիրահատական սպին);

Կրծքագեղձի հետ կապված անկացած գանգատ:

Դա կօգնի մասնագետներին ավելի լավ կատարել մամոգրաֆիան և ավելի ճիշտ այն մեկնաբանել։ Նախկինում կրծքագեղձի վիրահատության առկայության դեպքում Ձեր սպիի հատվածում կարող են կատարել հատուկ փոքրիկ նշաններ, որոնք կօգնեն մասնագետին իմանալ ախտադարձի ամենաբարձր հավանականությամբ հատվածները։ Եթե նախկինում արդեն կատարել եք մամոգրաֆիա, վերցրե՛ք Ձեզ հետ նկարները՝ ռադիոլոգին ցույց տալու համար։

Ինչպե՞ս է անցնում հետազոտությունը

Պրոցեդուրան տևում է 10-15 րոպե։ Սակայն ամբողջ ընթացքը կարող է տևել մինչև 1 ժամ, ինչն իր մեջ ներառում է հագուստի փոխումը, բուն պրոցեդուրան և հետազոտության ավարտը։ Հետազոտության սկզբում Ձեզ կարող են խնդրել թուլանալ և խորը շունչ քաշել։ Դուք կկանգնեք մամոգրաֆիկ սարքի դիմաց։ Տեխնիկական օգնականը ՝

Տեղադրում է Ձեր կրծքերից մեկը 2 պլաստիկ թիթեղների միջև;

Սեղմում է թիթեղներն իրար՝ կուրծքը հարթեցնելու համար;

Կատարում է ռենտգեն նկարահանում, որը տևում է մի քանի վայրկյան։

Ձեր կրծքերի հարթեցումը հյուսվածքի ընդարձակման համար է, և ավելի հեշտ է դարձնում փոքր անոմալիաների հայտնաբերումը։ Այն նաև կասեցնում է շարժումը՝ պատկերի լղոզումը կանխելու համար։

Սքրինինգային մամոգրաֆիայի համար տեխնիկը սովորաբար կատարում է յուրաքանչյուր կրծքի 2 նկար՝ վերևից և կողքից։

Դիագնոստիկ նկատառումներով կատարվող մամոգրամի դեպքում ավելի  շատ նկարներ են կատարում։ Յուրաքանչյուր պատկերից հետո փոխում են դիրքը։ Հետո տեխնիկը ստուգում է ստացված պատկերների որակը։ 

Հետազոտությունից հետո

Կարող եք վերադառնալ Ձեր առօրյա կյանքին անմիջապես մամոգրաֆիայից հետո։ Դուք կստանաք հետազոտության արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում։

Մամոգրաֆիայի առաջընթացը

Այսօր շատ բժշկական կենտրոններում մամոգրաֆիայի հին տարբերակները փոխարինել են թվային մամոգրաֆներով։ Թվային պատկերներն ավելի պարզ և ընթեռնելի են։

Թվային մամոգրաֆիա

Թվային մամոգրամները պատկերները պահում են համակարգչում։ Թվային ձայնագրություններն ավելի հեշտ է պահելը և այլ մասնագետների հետ կիսվելը։ Պատկերների կոնտրաստը ավելի արտահայտված է, ինչն օգնում է հայտնաբերել փոքր փոփոխությունները։

3-D պատկերահանում

Մեկ այլ առաջընթաց է համարվում կրծքագեղձի եռաչափ պատկերահանումը։ Այն նաև կոչվում է տոմոսինթեզ։ Այս հետազոտության ժամանակ հիվանդի դիրքը նույնն է  ինչ սովորական մամոգրաֆիայի ժամանակ, սակայն այն մի քանի վայրկյան ավելի երկար է տևում՝ պայմանավորված նրանով, որ ռենտգեն խողովակի կամարաձև շարժման շնորհիվ ստացվում են բազմաթիվ պատկերներ տարբեր անկյուններից։ Պատկերները մշակվում են համակարգչի կողմից և ստացվում են գեղձի բարակ կտրվածքներ, որոնք մեկնաբանվում են ռադիոլոգի կողմից։ Մամոգրաֆիայի յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու ռիսկերը։ Քննարկե՛ք Ձեր բժշկի հետ Ձեզ համար նախընտրելի տարբերակը։

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Ո՞վ է անցկացնելու հետազոտությունը;

Մամոգրաֆիա իրականացնելու ինչպիսի՞ փորձ ունի տվյալ կենտրոնը;

Որո՞նք են մամոգրաֆիայի առավելություններն ու թերությունները;

Ինչպիսի՞ ճշգրտությամբ կարելի է գտնել ուռուցքը մամոգրաֆիայի միջոցով;

Ե՞րբ կիմանամ արդյունքների մասին։ Կապի ի՞նչ միջոցներով դա կլինի;

Ո՞վ կմեկնաբանի արդյունքները;

Ի՞նչ այլ հետազոտությունների կարիք կլինի կասկածելի արդյունքների կամ ուռուցքի հայտնաբերման դեպքում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: