Օնկոմարկերների որոշում

Ուռուցքային մարկերները (օնկոմարկերները) միացություններ են, որոնք քաղցկեղ ունեցող մարդկանց արյան, մեզի և այլ հյուսվածքների մեջ հայտնաբերվում են նորմայից բարձր մակարդակով: Չնայած նրան, որ օնկոմարկերները առավել հաճախ արտադրվում են քաղցկեղային բջիջների կողմից, օրգանիզմի առողջ բջիջները նույնպես կարող են  արտադրել ուռուցքային մարկերներ: Օնկոմարկերները կոչվում են նաև բիոմարկերներ:

Օնկոմարկերներ և քաղցկեղ

Օնկոմարկերների բարձր մակարդակը կարող է քաղցկեղի առկայության նշան լինել: Մյուս հետազոտությունների հետ ուռուցքային մարկերների որոշումը կարող է օգնել բժշկին քաղցկեղի ախտորոշման և բուժման պլանի որոշման հարցում: Ուռուցքային մարկերները առավել հաճախ օգտագործվում են հետևյալ նպատակներով՝

Բուժման որոշման ուղղորդում: Որոշ օնկոմարկերներ օգնում են բժիշկներին վիրահատական կամ ճառագայթային բուժումից հետո քիմիաթերապիայի կամ իմունաթերապիայի ընտրության հարցում: Այլ օնկոմարկերներ օգնում են բժիշկներին հասկանալ, թե որ դեղերը կամ դեղերի կոմբինացիաները առավել լավ արդյունք կտան:

Բուժման հսկողություն: Բժիշկները կարող են օգտագործել ուռուցքային մարկերների փոփոխությունները բուժման արդյունավետության գնահատման համար:

Ապաքինման հավանականության կանխորոշում: Ուռուցքային մարկերները կարող են օգնել բժիշկներին կանխագուշակել քաղցկեղի վարքագիծը և բուժման հանդեպ պատասխանը: Կարող են նաև կանխորոշել տվյալ անձի ապաքինման հավանականությունը:

Կանխորոշել և հայտնաբերել հիվանդության ախտադարձը: Ուռուցքային մարկերները օգտագործվում են բուժումից հետո հիվանդության ախտադարձի (ռեցիդիվ) հավանականության կանխորոշման համար: Օնկոմարկերների որոշումը կարող է լինել պացիենտի հսկողության պլանի մի մասը: Այն կարող է հիվանդության ռեցիդիվը հայտնաբերել ավելի շուտ, քան մյուս հետազոտությունները:

Ուռուցքային մարկերները կարող են օգտագործվել քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ, որպես սքրինինգային միջոց: Որոշ մարկերներ կարող են օգտագործվել քաղցկեղի մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար: Բայց միայն օնկոմարկերների որոշումը բավարար չէ քաղցկեղ ախտորոշելու համար:

Օնկոմարկերների սահմանափակումները

Օնկոմարկերների ցուցանիշները բացարձակ չեն: Պահանջվում են նաև այլ հետազոտություններ հավանական քաղցկեղը կամ քաղցկեղի ախտադարձը ուսումնասիրելու համար: Ստորև նշված են օնկոմարկերների որոշ սահմանափակումներ՝

Քաղցկեղից բացի կան նաև այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է դիտվել ուռուցքային մարկերների բարձրացում;

Որոշ ուռուցքային մարկերներ կարող են բարձր լինել քաղցկեղ չունեցող մարդկանց մոտ;

Ուռուցքային մարկերների ցուցանիշները կարող են տատանվել ժամանակի ընթացքում՝ դժվարացնելով հստակ արդյունքների գնահատումը;

Ուռուցքային մարկերները կարող են չբարձրանալ մինչև քաղցկեղի առաջընթացը: Այս դեպքում դրանց որոշումը օգտակար չի լինի վաղ ախտորոշման, սքրինինգի կամ ախտադարձի որոշման համար:

Քաղցկեղի որոշ տեսակներ արյան մեջ չեն առաջացնում ուռուցքային մարկերներ: Ինչպես նաև, որոշ պացիենտներ չեն ունենում ուռուցքային մարկերների բարձր մակարդակ, անգամ ուռուցքային մարկերներ արտադրող քաղցկեղ ունենալու դեպքում:

Ուռուցքային մարկերների որոշում

Ձեր բուժանձնակազմի անդամներից մեկը վերցնում է արյան կամ մեզի նմուշ, որն ուղարկվում է լաբորատորիա՝ ուռուցքային մարկերների հետազոտման համար: Որոշ հետազոտություններ կարող են կրկնվել, քանի որ օնկոմարկերների ցուցանիշները կարող են փոխվել յուրաքանչյուր ամիս:

Այլ լաբորատոր հետազոտությունների նման՝ համապատասխան ուռուցքային մարկերների որոշումը պետք է լինի և՛ զգայուն, և՛ սպեցիֆիկ:

Սպեցիֆիկություն: Կա հավանականություն, որ հետազոտության արդյունքը կլինի կեղծ դրական: Սա կարող է լինել այն դեպքում, երբ ուռուցքային մարկերը կամ այն որոշելու համար օգտագործված հետազոտությունը բավարար սպեցիֆիկ չեն:  Եթե հետազոտությունը  բավարար սպեցիֆիկ չէ, արդյունքները կարող են ենթադրել ուռուցքի առկայություն կամ բուժմանը չենթարկվող աճ: Այս դեպքում, առողջ մարդը կարող է կատարել մի շարք ոչ անհրաժեշտ հետազոտություններ և սթրեսսի ենթարկվել:

Զգայունություն: Եթե ուռուցքային մարկերը կամ հետազոտությունը բավարար զգայուն չէ, արդյունքը կարող է լինել կեղծ բացասական: Այս դեպքում հետազոտության արդյունքներով ժխտվում է իրականում առկա քաղցկեղը: Կամ օրինակ՝ ուռուցքային մարկերները կարող են ցույց տալ, որ բուժումն արդյունավետ է, ինչը կարող է չհամապատասխանել իրականությանը: Սա նշանակում է, որ միայն օնկոմարկերների որոշումը բավարար չէ հիվանդության ախտորոշման և բուժման համար:

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Նկատի ունեցեք հետևյալ հարցերը Ձեր բուժանձնակազմին տալու համար՝

Խորհուրդ տալի՞ս եք արդյոք ինձ անցնել ուռուցքային մարկերների որոշման հետազոտություններ: Եթե այո, ապա ինչպիսի՞ք;

Կա՞ն արդյոք մարկերներ, որոնք ինձ մոտ արդեն որոշվել են;

Ինչպե՞ս են կատարվում այդ հետազոտությունները: Ի՞նչ հաճախականությամբ պետք է կատարվեն;

Կարո՞ղ եք բացատրել հետազոտության արդյունքները;

Ի՞նչ կնշանակի ուռուցքային մարկերների բարձր մակարդակի առկայությունը: Ինչպե՞ս կազդի դա իմ բուժման վրա;

Ինչպե՞ս կօգտագործվեն օնկոմարկերների հետազոտությունները իմ հսկողության շրջանում;

Որտեղի՞ց կարող եմ տեղեկություն ստանալ ուռուցքային մարկերների մասին:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: