Կերակրափողի քաղցկեղ

Կերակրափողի քաղցկեղ

Կերակրապողի մասին

Կերակրափողը 25սմ երկարությամբ, մկանային խողովակ է, որը կոկորդը կապում է ստամոքսին: Այն մարդու ստամոքս-աղիքային համակարգի մաս է հանդիսանում: Երբ մարդը կուլ է տալիս, կերակրափողի պատերը կծկվում են, սնունդը դեպի ստամոքս մղելու համար:

Կերակրափողի քաղցկեղի մասին

Քաղցկեղը սկսվում է, երբ առողջ բջիջները փոխվում են և սկսում են անվերահսկելիորեն աճել` ձևավորելով ուռուցքային զանգված: Ուռուցքը կարող է լինել բարորակ կամ չարորակ։ Քաղցկեղը չարորակ ուռուցք է, ինչը նշանակում է, որ այն կարող է աճել և տարածվել մարմնի այլ մասեր: Բարորակ ուռուցքը կարող է աճել, բայց չի տարածվում: Կերակրափողի քաղցկեղը, սկսվում է կերակրափողի լուսանցքը ծածկող բջիջներից:

Կերակրափողի քաղցկեղը սովորաբար սկսվում է կերակրափողի պատի ներքին շերտում և աճում է դեպի դուրս: Կերակրափողի ամբողջ պատն ընդգրկելու դեպքում, այն կարող է անցնել ավշային հանգույցներ (փոքրիկ, լոբաձև օրգաններ, որոնք օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ), ինչպես նաև կրծքավանդակի արյունատար անոթներ և այլ մոտակա օրգաններ: Կերակրափողի քաղցկեղը կարող է տարածվել նաև թոքեր, լյարդ, ստամոքս և այլ օրգաններ:

Կերակրափողի քաղցկեղի տեսակները

Տարբերում են կերակրափողի քաղցկեղի 2 հիմնական տեսակ․

    • Տափակաբջջային կարցինոմա. Այս տեսակը սկսվում է կերակրափողի վերին և միջին երրորդականը պատող տափակ էպիթելային հյուսվածքի բջիջներից։

    • Ադենոկարցինոմա. Այս տեսակը սկսվում է գեղձային էպիթելում, որը ծածկում է կերակրափողի ստորին երրորդականը՝ կերակրափողի և ստամոքսի միացման հատվածը:

Կերակրափողի քաղցկեղի հազվադեպ հանդիպող (1%-ից պակաս) տեսակներից են մանր բջջային նեյրոէդոկրին քաղցկեղները, լիմֆոմաները և սարկոման:

Վիճակագրություն

5-ամյա ապրելիության ցուցանիշը ցույց է տալիս, թե քաղցկեղի հայտնաբերումից հետո, մարդկանց քանի տոկոսն է ապրում առնվազն 5 տարի: Կերակրափողի քաղցկեղով հիվանդների 5 տարվա ապրելիությունը կազմում է 20%:

Այնուամենայնիվ, ապրելիության ցուցանիշները կախված են մի քանի գործոններից, ներառյալ քաղցկեղի ախտորոշման պահին դրա ստադիայից: Միայն կերակրափողում տեղակայված քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիությունը կազմում է միայն 47% -ը: 5-ամյա ապրելիության ցուցանիշը շրջակա հյուսվածքներ կամ օրգանների և/կամ ռեգիոնալ ավշային հանգույցներ տարածված հիվանդության դեպքում կազմում է 25%: Եթե ​​այն տարածվել է հեռակա օրգաններ, ապրելիության ցուցանիշը կազմում է 5%: 

Կարևոր է հիշել, որ քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշների վիճակագրությունը հաշվարկ է: Հաշվարկները կատարվում են հիմնվելով ԱՄՆ-ում քաղցկեղի այս տեսակով հիվանդ մարդկանց քանակի վրա: Բացի այդ, փորձագետները յուրաքանչյուր 5 տարին մեկ հաշվարկում են ապրելիության վիճակագրությունը: Այսպիսով, հաշվարկը չի կարող ցույց տալ ավելի լավ ախտորոշման կամ բուժման արդյունքները 5 տարուց պակաս ժամկետում: Մարդիկ պետք է խոսեն իրենց բժշկի հետ, եթե  ունեն հարցեր այս տեղեկության վերաբերյալ: Իմացեք ավելին վիճակագրության մասին:

Ռիսկի գործոններ

Ռիսկի գործոն է հանդիսանում ցանկացած բան, որը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած նրան, որ ռիսկի գործոնները հաճախ ազդում են քաղցկեղի զարգացման վրա, շատերը ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Անգամ մի քանի ռիսկի գործոններ ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է երբեք չառաջանալ քաղցկեղ։ Մինչդեռ, առանց ռիսկի որևէ գործոնի անձի մոտ այն կարող է առաջանալ։ Կարևոր է տեղյակ լինել Ձեր ունեցած ռիսկի գործոնների մասին և քննարկել դրանք Ձեր բուժ անձնակազմի հետ։ Դա կօգնի Ձեզ ընտրել Ձեր առողջության պահպանման համար առավել հարմար ապրելակերպ։

Հետևյալ գործոնները կարող են մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը.

    • Տարիք․ 45-ից 70-րդ տարիքի մարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի հավանականությունը ամենաբարձրն է;

    • Սեռ. Տղամարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը 3-ից 4 անգամ ավելի մեծ է կանանց համեմատ;

    • Ռասսա. Սևամորթների մոտ կերակրափողի տափակաբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը 2 անգամ մեծ է սպիտակամորթների համեմատ:

    • Ծխախոտ. Ծխախոտի ցանկացած տեսակի օգտագործումը՝ ներառյալ սովորական ծխախոտը, սիգարը, ծխամորճը, բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի ռիսկը (հատկապես տափակաբջջային տեսակի);

    • Ալկոհոլ. Ալկոհոլի մեծ քանակների երկարաժամկետ օգտագործումը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը, հատկապես ծխախոտի հետ զուգացման դեպքում;

    • Բարրեթի կերակրափող. Սա կարող է զարգանալ քրոնիկական գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն կամ կերակրափողի բորբոքում՝ էզոֆագիտ ունեցող մարդկանց մոտ, նույնիսկ առանց քրոնիկական այրոցի նշանների: Կերակրափողի մակերեսային բջիջների վնասման հետևանքով տափակ էպիթելային հյուսվածքը փոխարինվում է գեղձայինով: Բարրետի կերակրափողով մարդկանց մոտ ավելի մեծ է ադենոկարցինոմայի զարգացման հավանականությունը, բայց կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը մնում է  շատ ցածր;

    • Սննդակարգ․ Սննդակարգում մրգերի,բանջարեղենի ,որոշ վիտամինների և հանքանյութերի պակասը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը:

    • Ճարպակալում․ Ավելորդ քաշն ու մարմնական ճարպը մեծացնում են կերակրափողի ադրենոկարցինոմայի առաջացման ռիսկը;

    • Նատրիումի հիդրօքսիդ. Երեխաները, ովքեր պատահականորեն կուլ են տվել նատրիումի հիդրօքսիդ, ունեն տափակաբջջային քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ: Նատրիումի հիդրօքսիդ կարելի է գտնել որոշ մաքրող ապրանքների մեջ, ինչպիսիք են խողովակ մաքրելու հեղուկները։

    • Ախալազիա․ Ախալազիան այն վիճակն է, երբ կերակրափողի ստորին մկանային օղը չի թուլանում սնունդը կուլ տալիս: Ախալազիան մեծացնում է տափակաբջջային քաղցկեղի զարգացման ռիսկը։

    • Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ)․ Գիտնականներն ուսումնասիրում են ՄՊՎ-ի դերը կերակրափողի քաղցկեղի զարգացման գործում, սակայն հստակ ապացույցներ չկան դրանց կապի մասին: ՄՊՎ-ի փոխանցման ամենատարածված եղանակը սեռական ճանապարհն է: Կան տարբեր  ՄՊՎ տեսակներ, որոնք կոչվում են շտամներ: Որոշ ՄՊՎ շտամներ ավելի մեծ կապ ունեն քաղցկեղի որոշ տեսակների հետ: ՄՊՎ-ից պաշտպանվելու համար կան պատվաստանյութեր։

Սքրինինգ

Սքրինինգն օգտագործվում է նախքան որևէ ախտանիշ կամ նշան ունենալը քաղցկեղ փնտրելու նպատակով։ Գիտնականները հայտնագործել են և շարունակում են հայտնագործել հետազոտություններ, որոնք կարող են օգտագործվել մարդու մոտ քաղցկեղի որոշակի տեսակների հայտնաբերման համար սքրինինգ անցկացնելու նպատակով: Քաղցկեղի սքրինինգի ընդհանուր նպատակներն են.

• Նվազեցնել քաղցկեղից մարդկանց մահացությունը;

• Նվազեցնել քաղցկեղով հիվանդացությունը։

ԱՄՆ-ում չեն օգտագործվում սքրինինգային հետազոտություններ կերակրափողի քաղցկեղի հայտնաբերման համար այն մարդկանց մոտ, ովքեր չունեն նախնական ախտանշաններ,: Բարրետի կերակրափողով հիվանդներին խորհուրդ է տրվում անցնել կանոնավոր էնդոսկոպիկ հետազոտություններ: Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ օգտագործվում է ճկուն, լույսով խողովակ՝ կերակրափողը ներսից զննելու համար: Այս հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել բիոպսիա՝ վերցնելով հյուսվածքի փոքր կտոր՝ մանրադիտակի տակ հետազտելու նպատակով: Այս տեսակի սքրինինգը կարող է օգնել քաղցկեղի կամ  ժամանակի ընթացքում քաղցկեղի վերածվելու հավանականություն ունեցող փոփոխությունների վաղ հայտնաբերմանը։

Ախտանշաններ և նշաններ

Կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդիկ կարող են ունենալ ստորև նշված ախտանիշները կամ նշանները: Երբեմն, կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդիկ այս փոփոխություններից որևէ մեկը չեն ունենում: Կամ, ախտանիշի պատճառը կարող է լինել քաղցկեղից տարբեր մեկ այլ ախտաբանական վիճակ:

    • Դժվար կամ ցավոտ կլլում, մասնավորապես հաց, միս կամ հում բանջարեղեններ ուտելիս: Երբ ուռուցքը աճում է, այն կարող է արգելափակել ստամոքսի ուղին: Նույնիսկ հեղուկի  կլլումը կարող է ցավ առաջացնել;

    • Կրծքավանդակում ճնշման կամ այրոցի զգացում;

    • Մարսողության խանգարում և այրոց;

    • Փսխում;

    • Սննդից հաճախակի խեղդոցներ;

    • Անբացատրելի քաշի կորուստ;

    • Հազ կամ ձայնի խռպոտություն;

    • Ցավ կրծոսկրի հետևում կամ կոկորդում։

Եթե ​​Դուք մտահոգված եք որևէ փոփոխությունով, որ ունեցել եք, խոսե՛ք Ձեր բժշկի հետ: Ձեր բժիշկը կհարցնի, թե որքան ժամանակ և որքան հաճախ եք զգացել ախտանիշը: Սա կօգնի պարզել խնդրի պատճառը, որը կոչվում է ախտորոշում:

Եթե քաղցկեղը ախտորոշվում է, ախտանիշները մնում են քաղցկեղի վարման և բուժման կարևոր մասը: Սա կարող է նաև կոչվել ախտանշանների կառավարում, պալիատիվ խնամք կամ աջակցող խնամք: Խոսե՛ք Ձեր բուժանձնակազմի հետ Ձեզ մոտ դիտվող ախտանիշների մասին, ներառյալ ցանկացած նոր ախտանիշ կամ ախտանշանների փոփոխություններ:

Ախտորոշում

Բժիշկները օգտագործում են շատ հետազոտություններ քաղցկեղը գտնելու կամ ախտորոշելու համար: Նրանք նաև հետազոտություններ են անցկացնում պարզելու՝ արդյո՞ք քաղցկեղը տարածվել է առաջացման օջախից մարմնի այլ մասեր: Եթե դա տեղի է ունեցել, այն կոչում են մետաստազ: Օրինակ, պատկերավորող հետազոտությունները կարող են ցույց տալ քաղցկեղի տարածումը: Դրանք ցույց են տալիս մարմնի ներսի պատկերները: Բժիշկները կարող են նաև թեստեր կատարել բուժման ամենաարդյունավետ մոտեցումները պարզելու համար:

Քաղցկեղի տեսակների մեծամասնության դեպքում բժշկի համար ախտորոշման միակ վստահելի միջոցը բիոպսիան է։ Բիոպսիայի ժամանակ  բժիշկը լաբորատոր հետազոտության համար վերցնում է հյուսվածքի փոքր նմուշ: Եթե բիոպսիան հնարավոր չէ կատարել, բժիշկը կարող է առաջարկել ախտորոշմանն օգնող այլ հետազոտություններ։

Ստորև նշված ցանկում նկարագրվում են այս տեսակի քաղցկեղի ախտորոշման տարբերակները, բայց թվարկված ոչ բոլոր հետազոտություններն են կիրառելի յուրաքանչյուր մարդու համար: Ձեր բժիշկը պետք է հաշվի առնի հետևյալ գործոնները ախտորոշիչ հետազոտությունն ընտրելիս՝

• Քաղցկեղի հավանական տեսակը;

• Ձեր նշանները և ախտանիշները;

• Ձեր տարիքը և բժշկական վիճակը;

• Ավելի վաղ կատարված բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ֆիզիկալ զննումից բացի, հետևյալ հետազոտությունները կարող են օգտագործվել կերակրափողի քաղցկեղի ախտորոշման համար՝

    • Բարիումիային թեստ, որը նաև կոչվում է էզոֆագոգրամմա․ Հիվանդը կուլ է տալիս բարիում պարունակող հեղուկ, ապա կատարվում է ռենտգեն հետազոտություն։ Ռենտգենը մարմնի ներքին հատվածներից պատկեր ստանալու միջոց է: Բարիումը ծածկում է կերակրափողի մակերևույթը, դարձնելով ուռուցքը կամ այլ անսովոր փոփոխությունները ռենտգենով տեսանելի: Եթե ​​առկա է ոչ նորմալ թվացող հատված, Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ էնդոսկոպիա և բիոպսիա՝ դրա քաղցկեղային լինելու հավանականությունը պարզելու համար։

    • Վերին էնդոսկոպիա, որը նաև կոչվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա․ Վերին էնդոսկոպիան թույլ է տալիս բժշկին տեսնել կերակրափողի լուսանցքը: Լույս և տեսախցիկ ունեցող բարակ, ճկուն խողովակը, որը կոչվում է էնդոսկոպ, անցկացվում է ըմպանով դեպի կերակրափող: Սեդացիայի նպատակով հիվանդին տրվում է դեղորայք, որը նրան դարձնում է ավելի հանգիստ, թուլացած կամ քնկոտ։ Եթե ​​առկա է ոչ նորմալ տեսք ունեցող հատված, ապա կատարվում է բիոպսիա՝ քաղցկեղի հավանականությունը պարզելու համար։ Էնդոսկոպիայի ժամանակ հնարավոր է օգտագործել փչովի բալոն` կերակրափողը ձգելու համար, ինչը կարող է  նպաստել արգելափակված հատվածի ընդլայնմանը այնպես, որ սննդամթերքը կարողանա անցնել, մինչև բուժումը սկսելը:

    • Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն․ Այս պրոցեդուրան հաճախ կատարվում է վերին էնդոսկոպիայի հետ միաժամանակ: Ուլտրաձայնի ժամանակ ձայնային ալիքները ապահովում են կերակրափողի պատի, շրջակա ավշային հանգույցների և կառույցների պատկերների ստացումը: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ էնդոսկոպը՝ կցված ձայնային ալիքներ արձակող ուլտրաձայնի հետ, բերանի միջով անցկացվում է կերակրափող: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է պարզել կերակրափողի պատում ուռուցքի աճը, աճի խորությունը, հարակից ավշային հանգույցներ և այլ կառույցներ տարածվածությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է օգտագործվել ավշային հանգույցներից հյուսվածքային նմուշներ վերցնելու համար:

    • Բրոնխոսկոպիա․ Վերին էնդոսկոպիայի նման, բժիշկն անցկացնում է բարակ, ճկուն, լույսով խողովակ բերանի կամ քթի մեջ, ապա շնչուղիներով դեպի թոքեր: Բրոնխոսկոպիա պետք է կատարվել, եթե հիվանդի ուռուցքը գտնվում է կերակրափողի վերին երկու երրորդականում՝ դեպի շնչուղիներ ուռուցքի ներաճը հայտնաբերելու համար: Շնչուղիների այդ հատվածը ներառում է շնչափողը և դեպի թոքեր շնչափողի ճյուղավորումները՝ բրոնխային ծառը։

    • Բիոպսիա․ Այլ հետազոտություններով կարելի է ենթադրել, որ առկա է քաղցկեղ, և միայն բիոպսիայի միջոցով կարելի է ստանալ հստակ ախտորոշում։ Բիոպսիան կասկածելի հատվածից, հետազոտելու նպատակով, հյուսվածքի փոքր կտոր վերցնելն է: Ախտաբանը ուսումնասիրում է նմուշը: Ախտաբանը բժիշկ է, որը մասնագիտանում է հիվանդության ախտորոշման համար լաբորատոր փորձարկումների և բջիջների, հյուսվածքների և օրգանների հետազոտության մեջ:

    • Ուռուցքի մոլեկուլային հետազոտություններ․ Ձեր բժիշկը կարող է առաջարկել լաբորատոր փորձարկումներ՝ ուռուցքների նմուշում տվյալ ուռուցքին բնորոշ որոշակի գեներ, սպիտակուցներ և այլ գործոններ հայտնաբերելու համար: Այս թեստերի արդյունքները կօգնեն պարզել Ձեր բուժման հնարավոր տարբերակները։

  • PD-L1 և միկրոսատելիտային անկայունության հետազոտություն (MSI). Այս հետազոտությունների արդյունքները կօգնեն բժշկին պարզել՝ արդյո՞ք իմունաթերապիան հանդիսանում է բուժման տարբերակ Ձեզ համար։ PD-1/PD-L1 ազդանշանային ուղին կոչվում է իմուն ստուգման կետ։ Այդ ստուգման կետերը կարևոր դեր ունեն քաղցկեղի աճը կառավարելու գործում։ Քաղցկեղի շատ տեսակներ օգտագործում են այս ուղիները իմուն-համակարգից խուսափելու համար։ Իմուն համակարգը, քաղցկեղին ի պատասխան, արգելափակում է այս ազդանշանային ուղիները հատուկ հակամարմիններով, որոնք կոչվում են իմուն ստուգման կետերի ինհիբիտորներ։ Այս ուղիները թիրախավորող դեղերը կարող են լինել արդյունավետ կերակրափողի  MSI-H քաղցկեղների դեպքում։ PD-L1 և MSI  հետազոտությունները հատկապես կիրառելի են կերակրափողի 4-րդ ստադիայի քաղցկեղի դեպքում։
  • HER2 թեստավորում․ Մարդու Էպիդերմալ աճի ընկալիչ 2-ը (HER2) բջիջների մակերևույթում հայտնաբերվող մասնագիտացված սպիտակուց է: Այն առավել հաճախ կապվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ: Սակայն բժիշկները գտնում են, որ HER2-ը կարևոր է նաև քաղցկեղի այլ տեսակների դեպքում: HER2- ի ոչ նորմալ բարձր մակարդակի դեպքում, այն կարող է խթանել քաղցկեղի աճը և տարածումը: Այս տեսակի քաղցկեղները կոչվում են HER2-դրական: HER2 դրական քաղցկեղների դեպքում թիրախային թերապիայի որոշ տեսակներ արդյունավետ են բուժման համար։

     • Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)․ Համակարգչային տոմոգրաֆիայով ստեղծվում է մարմնի ներքին օրգանների եռաչափ պատկերը՝ օգտագործելով տարբեր անկյուններից կիրառվող ռենտգենյան ճառագայթներ։ Այնուհետև համակարգիչը միավորում է այդ պատկերները` թույլ տալով տեսնել ցանկացած ոչ նորմալ հատված կամ ուռուցք։ ՀՏ- ն կարող է  նաև օգտագործվել ուռուցքի չափերի որոշման համար: Սովորաբար,  ավելի ճշգրիտ արդյունք ունենալու համար, սկանավորումից առաջ տրվում է կոնտրաստ կոչվող հատուկ ներկանյութ : Այն ներարկվում է հիվանդի երակի մեջ։

     • Մագնիսառեզոնանսային պատկերավորում (ՄՌՊ)․ ՄՌՊ-ն ռենտգենյան ճառագայթների փոխարեն օգտագործում է մագնիսական դաշտը՝ մարմնի մանրամասն պատկերներ ստանալու համար: ՄՌՊ կարող է նաև օգտագործվել ուռուցքի չափերի որոշման համար: Սովորաբար, հիվանդի երակից ներարկվում է կոնտրաստ նյութ՝ ավելի հստակ պատկեր ստեղծելու համար:

     • Պոզիտրոն էմիսսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)․ ՊԷՏ սկանավորումը սովորաբար համակցված է ՀՏ-ի հետ, որը կոչվում է ՊԷՏ-ՀՏ սկանավորում: Այնուամենայնիվ, Դուք կարող եք լսել, որ Ձեր բժիշկը այն անվանում է ուղղակի ՊԷՏ-սկանավորում: ՊԷՏ սկանը մարմնի ներքին օրգանների և հյուսվածքների պատկերներ ստանալու միջոց է: Հիվանդին ներարկվում է ռադիոակտիվ շաքարային նյութի մի փոքր քանակություն: Նյութը կլանվում է առավելագույն էներգիա օգտագործող բջիջների կողմից: Քանի որ քաղցկեղը հակված է էներգիայի ակտիվ օգտագործման, այն կլանում է ավելի շատ ռադիոակտիվ նյութ: Սկաները, այնուհետև, հայտնաբերում է այս նյութը մարմնի պատկերներ ստանալու համար:

Ախտորոշիչ հետազոտություններից հետո Ձեր բժիշկը Ձեզ հետ կվերանայի բոլոր արդյունքները: Եթե ​​ախտորոշումը քաղցկեղ է, այդ արդյունքները կօգնեն բժշկին նկարագրել քաղցկեղի ստադիան։

Շարունակելի

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Ալեքսանդր Թաքվորյանի կողմից: