Օստեոսարկոմա

Օստեոսարկոմա

Օստեոսարկոման ոսկրային չարորակ նորագոյացություն է, որը առավել հաճախ հանդիպում է դեռահասության տարիքում։ Ուռուցքային գոյացությունը դեպքերի մեծամասնությունում տեղակայվում է ոսկրերի աճման գոտիներին հնարավորինս մոտ, ինչպես օրինակ՝ ազդրի կամ բազկոսկրի հեռակա հատվածներում։ Հիվանդությունը սովորաբար արտահայտվում է տեղային ոսկրային ցավերով, որոնք սաստկանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերային ժամերին։ Ախտահարված հատվածում նկատվում է նաև այտուցվածություն, ուստի ժամանակի ընթացքում զարգանում է տվյալ հատվածի շարժումների սահմանափակում։ Վերը նշված գանգատների պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի, որի կողմից և կկատարվեն մանրակրկիտ հետազոտություններ՝ ախտանշանների պատճառները պարզելու նպատակով։ Այս նույն ախտանշանները կարող են հանդիպել նաև այլ ախտաբանական վիճակներում, ուստի մանրամասն հետազոտություններից հետո միայն կարելի է ախտորոշել Օստեոսարկոման։ (American Cancer Society, n.d.)

Հաճախ տրվող հարցեր

    1. Ի՞նչ է օստեոսարմոնան:

Օստեոսարկոման ոսկրային ուռուցքի տարատեսակ է, որը՝

    • երեխաների և դեռահասների շրջանում ամենահաճախն է հանդիպում, 

    • առավել հաճախ տեղակայվում է երկար խողովակավոր ոսկրերում (ազդրոսկր, սրունքի ոսկրեր, բազկոսկր),

    • հազվադեպ  կարող է տեղակայվել նաև տափակ ոսկրերում՝ կոնքոսկրերում կամ գանգի ոսկրերում,

    • դեպքերի 15-20%-ը լինում է մետաստատիկ (երբ ուռուցքային բջիջները տարածվում են առաջնային օջախից դեպի հեռակա օրգաններ, առավել հաճախ դեպի թոքեր և այլ ոսկրեր)։ (ASCO, 2019) 

    2. Որքա՞ն հաճախ է հանդիպում օստեոսարկոման: 

    • Օստեոսարկոմայի դեպքերը առավել հաճախ հանդիպում են դեռահասության տարիքում, <10 տարեկան դեռահասների/երիտասարդների շրջանում։ Այն խիստ հազվադեպ է հանդիպում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։

    • Օստեոսարկոման արական սեռի մոտ հանդիպում է առավել հաճախ։

    • Աֆրոամերիկացի երեխաների մոտ օստեոսարկոմայով հիվանդանալու վտանգն առավել բարձր է։

    • Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում 400 երեխայի և դեռահասների (20 տարեկանից փոքր) շրջանում ախտորոշվում է օստեոսարկոմա։  

    • Օստեոսարկոման հանդիսանում է դեռահասության տարիքում հանդիպող մանկական քաղցկեղի դեպքերի երրորդ ամենատարածված տեսակը, իր տեղը զիջելով միայն, լիմֆոմաներին և գլխուղեղի ուռուցքներին։  

    3. Որո՞նք են օստեոսարկոմայի նշանները: 

Օստեոսարկոմայի ախտանշանները կարող են դիտվել հիվանդության ախտորոշումից շաբաթներ կամ ամիսներ առաջ։ Հիվանդությունը կարող է ախտորոշվել ուշ, քանի որ առաջացած կլինիկական նշանները ընդհանուր են մի շարք հիվանդությունների համար։ 

Օստեոսարկոմայի կլինիկական նշաններն են՝ 

    • Ուռուցքի տեղակայման հատվածում առաջացած ցավեր, որոնք կարող են լինել անցողիկ, սակայն հաճախ այն հարաժում է շաբաթների, ամիսների ընթացքում; ցավը ուժեղանում է գիշերը և վարժությունների ժամանակ,

    • Շոշափվող գոյացություն, որը որոշ հիվանդների մոտ կարող է շոշափվել փափուկ և գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով, ոսկորի շրջանում,

    • Ուռուցքի տեղակայման հատվածում առաջացած այտուցվածություն,

    • Ուռուցքի տեղակայմամբ պայմանավորված շարժումների սահմանափակում,

    • Ախտաբանական ոսկրային կոտրվածք (առավել հազվադեպ):

    4. Ինչպե՞ս է ախտորոշվում օստեոսարկոման: 

Օստեոսարկոման ախտարոշվում է մի շարք հետազոտություններով, ինչպիսիք են՝ 

    • Ոսկրի ռենտգենաբանական քննություն և մագնիտառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) քննություն,

    • Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն (ՀՇ),

    • Ոսկրեի սցինտգրաֆիկ քննություն՝ հիվանդության տարածվածությունը գնահատելու նպատակով,

    • Բիոպսիա՝ կենսազննում, երբ ուռուցքային օջախից վերցվում է նմուշ, որը հետագայում ենթարկվում է հյուսվածաբանական քննության ուռուցքի հյուսվածաբանական տեսակը որոշելու նպատակով։ 

    5. Ինչպե՞ս է բուժվում օստեոսարկոման: 

Օստեոսարկոմայի բուժումը ներառում է վիրահատական և քիմիաթերապևտիկ բուժման զուգակցում։ Շատ կարևոր է, որ վիրահատական եղանակով ուռուցքային գոյացությունը ամբողջությամբ հեռացվի։ Ուռուցքային ամբողջ գոյացությունը հեռացվում է այնպես, որ առողջ հյուսվածքների մի փոքր հատված ևս հեռացվի, որպեսզի բացառվի ուռուցքի հնարավոր տարածումը դեպի առողջ հյուվածքներ։ Մինչև 1970-ական թվականներըը օստեոսարկոմա ախտորոշման դեպքում կատարվում էր ախտահարված վերջույթի անդամահատում՝ ամպուտացիա, սակայն ներկայումս լայնորեն կիրառվում են նաև վերջույթապահպան վիրահատական եղանակները։

Քիմիաթերապևտիկ բուժումը լայնորեն կիրառվում է օստեոսարկոմայի բուժման և հիվանդության հետագա հնարավոր ախտադարձը կանխելու նպատակով։ Քիմիաթերապևտիկ հզոր դեղամիջոցները ոչնացնում են քաղցկեղային բջիջները և արգելակում նրանց ակտիվ բաժանումը և բազմացումը։

    • Քիմիաթերապևտիկ դեղամիջների մեծամասնությունը օրգանիզմ են ներմուծվում ներերակային ճանապարհով, այնպես որ դեղամիջոցը արյան հոսքով հասնի քաղցկեղային բջիջներին և վերացնի այդ բջիջները։

    • Քիմիաթերապևտիկ որոշ դեղորայքներ նախատեսված են բերանացի ընդունման համար։

    • Քիմիաթերապևտիկ բուժումից զատ իրականացվում է նաև սիմպտոմատիկ կամ ուղեկցող բուժում։

    • Հետազոտությունները պարզել են, որ բացառապես վիրահատական բուժում ստացած հիվանդների 80%-ի շրջանում զարգացել է ուռուցքային հիվանդություն (առավել հաճախ թոքերի և ոսկրերի), ուստի խիստ կարևոր է քիմիաթերապիայի դերը հիվանդությունը բուժելու և հետագա կրկնողությունները կանխելու նպատակով։ 

    6. Ինչպիսի՞ն են օստեոսարկոմայի ապրելիության ցուցանիշները: 

    • Այն դեպքում, երբ հիվանդությունը տեղայնացված է որոշակի հատվածում և չկա տարածում դեպի այլ օրգաններ, հիվանդության երկարատև ապրելության ցուցանիշը  կազմում է 70-75%:

    • Այն դեպքում, երբ հիվանդությունը տարածված է այլ օրգաններում՝ թոքերում կամ ոսկրերում, հիվանդության երկարատև ապրելության ցուցանիշը կազմում է ընդամենը 30%։ 

Նյութը պատրաստվել է Մանկական Ոսկրամկանային Համակարգի Ուռուցքների Մուլտիդիսցիպլինար Աշխատանքային Խմբի կողմից։