Վիլմսի Ուռուցք

Վիլմսի Ուռուցք

Երիկամների մասին

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են, տեղավորված որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ, ողնաշարի գոտկային հատվածի աջ ու ձախ կողմերում։ Երիկամները ֆիլտրում են արյունը, ազատելով արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից, ավելցուկային աղից և ջրից։ Երիկամները նաև արտադրում են հորմոններ որոնք կարգավորում են արյան ճնշումը, արյան բջիջների արտադրությունը և այլ պրոցեսներ։

Վիլմսի ուռուցքի մասին

Վիլմսի ուռուցքն առաջանում է երիկամային երիտասարդ բջիջների ձևավորման ընթացքում առաջ եկող սխալի կամ մուտացիայի արդյունքում: Երիկամային բջջի փոփոխությունը հանգեցնում է բջիջների անվերահսկելի աճի և քաղցկեղային բջջի առաջացման։ Այն ամենահաճախ ախտորոշվող երիկամների քաղցկեղի տեսակն է երեխաների շրջանում։

Սովորաբար Վիլմսի ուռուցքը առաջ է գալիս մի երիկամում (միակողմանի), բայց երբեմն այն կարող է առաջանալ նաև երկու երիկամներում (երկկողմանի): Հազվադեպ են դեպքերը երբ Վիլմսի ուռուցքն առաջանում է մեկ երիկամում այնուհետև ի հայտ է գալիս մյուսում։

Հաճախ Վիլմսի ուռուցքի ախտորոշման պահին երիկամը կշռում է մոտավորապես 226 գրամ, որը 4 անգամ գերազանցում է 3 տարեկան առողջ երեխայի երիկամի քաշը։ Կան ապացույցներ, որ 4 երեխայից մեկի մոտ հիվանդության ախտորոշման պահին արդեն առկա են մետաստազներ լյարդում կամ թոքերում։

Վիճակագրություն

Վիլմսի ուռուցքը կազմում է մանկական քաղցկեղի դեպքերի մոտավորապես 5%-ը։ Այն հիմնականում դիտվում է փոքր հասակի երեխաների (հաճախ 3-4 տարեկան) շրջանում։ Վիլմսի ուռուցքի դեպքերի 90 տոկոսն ախտորոշվում են մինչև 10 տարեկանը։ Տարիքին զուգընթաց Վիլմսի ուռուցքի առաջացման հավանականությունը փոքրանում է։ Այն ավելի շատ է հանդիպում աղջիկների, քան տղաների շրջանում։ Սևամորթների շրջանում հիվանդության առաջացման ռիսկը ավելի մեծ է, քան սպիտակամորթների մոտ։

Վիլմսի ուռուցքով հիվանդ երեխաների 5 տարի ապրելիությունը կազմում է 93 տոկոս։ Բայց, այնուամենայնիվ այն կարող է տատանվել կախված հիվանդության փուլից։

Բարենպաստ հյուսվածաբանությամբ I, II և III փուլի հիվանդների 4 տարի ապրելիությունը կազմում է 95-100 տոկոս։ Բարենպաստ հյուսվածաբանությամբ IV և V փուլի հիվանդների 4 տարի ապրելիությունը տատանվում է 85-100 տոկոսի սահմաններում։ Ֆոկալ անապլաստիկ հյուսվածաբանական պատկերով հիվանդների ապրելիության ցուցանիշները ցածր են և տատանվում են 70-95 տոկոսի սահմաններում։ Դիֆուզ անապլաստիկ հյուսվածաբանական պատկերով հիվանդների ապրելիության ցուցանիշներն էլ ավելի ցածր են և կազմում են 30-85 տոկոս։ 

Ռիսկի գործոնները

Քաղցկեղի ռիսկի գործոն է հանդիսանում ցանկացած բան, որը մեծացնում է մարդու մոտ քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Սակայն ռիսկի գործոնների մեծ մասն ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ։ Անգամ մի քանի ռիսկի գործոններ ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է երբեք չառաջանալ քաղցկեղ։ Մինչդեռ, առանց ռիսկի որևէ գործոնի անհատի մոտ այն կարող է առաջանալ։

Հիմանականում Վիլմսի ուռուցքը չի ժառանգվում, սակայն կան դեպքեր, երբ գենետիկ գործոնները նպաստում են ուռուցքի զարգացմանը՝

    • Գենետիկ փոփոխություններ։ Երեխաների մոտ հնարավոր են գեների տարբեր հատվածների վնասումներ, կորուստներ։ Նման փոփոխությունների հետևանքով կարող են ի հայտ գալ նաև այլ առողջական խնդիրներ։ Վիլմսի ուռուցքով երեխաների մոտավորապես 15 տոկոսն ունեն այլ առողջական խնդիրներ։

    • WAGR համախտանիշ։ WAGR համախտանիշը բնորոշվում է մի քանի բնածին արատների առկայությամբ, որոնք ներառում են

    • Վիլմսի ուռուցք

    • Անիրիդիա

    • Միզասեռական անոմալիա

    • Մտավոր հետամնացություն․

    • Բեկվիթ-Վիդեմանի համախտանիշ։ Այս համախտանիշի ժամանակ դիտվում են ներքին օրգանների և վերջույթների մեծացում։ Այս համախտանիշով երեխաների շրջանում մեծանում է Վիլմսի ուռուցքի, երիկամի կիստաների, և լյարդի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների առաջացման հավանականությունը։

    • Դենիս-Դրաշի համախտանիշ։ Այս համախտանիշն արտահայտվում է տղա երեխաների սեռական օրգանների զարգացման անկանոնությամբ։ Նրանց մոտ մեծանում է նաև Վիլմսի ուռուցքի առաջացման հավանականությունը։

    • Ընտանեկան պատմություն։ Վիլմսի ուռուցք ունեցող քիչ թվով երեխաների ընտանիքներում հնարավոր են  հիվանդության դեպքեր։

Ախտանիշներ և գանգատներ

Տվյալ նյութում ներկայացված են այն գանգատները և երեխայի առողջական վիճակի փոփոխությունները, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի:

Երբեմն, հիվանդ երեխաները կարող են ընդհանրապես չունենալ որևիցե գանգատ: Կամ էլ տվյալ գանգատների պատճառը այլ հիվանդություն է, այսինքն քաղցկեղ չէ: 

Սովորաբար Վիլմսի ուռուցքը ախտորոշվում է մինչև մարմնի այլ հատվածներ տարածվելը: Ծնողը կամ խնամակալը կարող են շոշափել կամ տեսնել ծավալային զանգված որովայնի շրջանում կամ նկատեն որովայնի չափերի մեծացում: Որոշ դեպքերում երեխայի տակդիրի չափի արագ մեծացումը վկայում է ուռուցքի առկայության մասին: Որոշ երեխաներ ունենում են ցավեր որովայնի շրջանում: Այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությունում ուռուցքը մեծանում է չառաջացնելով ցավեր և երեխան թվում է առողջ:    

Հաճախ Վիլմսի ուռուցքով տառապող երեխաները ունենում են հետևյալ ախտանիշները`

    • Արյուն մեզում

    • Բարձր զարկերակային ճնշում 

    • Սակավարյունություն /արյան կարմիր բջիջների քանակի նվազում/ 

    • Թուլություն

    • Տենդ որը ունի շարունակական բնույթ

Վիլմսի ուռուցքով տառապող երեխաների շրջանում երեխայի գանգատների մեղմումը հանդիսանում է բուժման կարևոր խնդիր: Սա կոչվում է պալիատիվ խնամք: Միշտ պատմեք Ձեր բժշկին երեխայի բոլոր գանգատների մասին: 

Ախտորոշում

Տվյալ նյութում ներկայացված են  հաճախակի կատարվող հետազոտությունները, որոնք իրականացվում են առողջական խնդրի պատճառը հայտնաբերելու համար: Վիլմսի ուռուցքը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել բազմաթիվ հետազոտություններ: Որոշ հետազոտություններ կատարվում են հիվանդության տարածվածությունը գնահատելու համար: Այն երևույթը, երբ հիվանդությունը տարածվում է իր առաջնային տեղակայման շրջանից դեպի մարմնի այլ մասեր կոչվում է մետաստազավորում: Բուժման արդյուվավետությունը գնահատելու համար նույնպես իրականացվում են մի շարք հետազոտություններ: 

Մեծամասամբ ուռուցքների ախտորոշման միակ ձևը բիոպսիան է: Բիոպսիա իրականացնելիս բժիշկը վերցնում է հյուսվածքի փոքր կտոր` լաբորատորիայում հետազոտելու համար: Եթե բիոպսիան հնարավոր չէ իրականացնել, ապա բժիշկը կարող է առաջարկել հետազոտման այլ մեթոդներ, որոնք կօգնեն ախտորոշել հիվանդությունը: 

Տվյալ բաժինը ներկայացնում է Վիլմսի ուռուցքի ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունները; Պարտադիր չէ որ բոլոր երեխաներին հետազոտեն ստորև նշված բոլոր մեթոդներով: Հետազոտման մեթոդն ընտրելիս բժշկը կարող է հաշվի առնել հետևյալ գործոնները` 

    • Կասկածվող ուռուցքի տեսակը

    • Հիվանդի գանգատները և ախտանիշները 

    • Հիվանդի տարիքը և ընդհանուր ինքնազգացողությունը

    • Նախորդ հետազոտությունների տվյալները

Վիլմսի ուռուցքի ախտորոշման համար կարող են կիրառվել հետազոտությունների հետևյալ մեթոդները: 

    • Արյան/մեզի քննություն:

    • Ռենտգեն հետազոտություն: 

    • Ուլտրաձայնային հետազոտություն:

    • Կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ): Երբեմն հետազոտությունը իրականացվում է կոնտրաստավորման միջոցով, ավելի մանրամասն արդյունքներ ստանալու համար:  Կոնտրաստը կարող է ընդունվել բերանացի կամ ներերակային ճանապարհներով: Որովայնի և կոնքի խոռոչի ԿՏ հետազոտությունը թույլ կտա որոշել ուռուցքի տարածվածությունը  երկամից դեպի արյունատար անոթներ, մասնավորապես դեպի ստորին սիներակ: Դրա ախտահարման դեպքում բժիշկը կաջարկի Ձեզ նախավիրահատական քիմիաթերապիա: Կրծքավանդակի ԿՏ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել մետաստազները թոքերում: 

    • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Հետազոտման մեթոդը կիրառվում է ուռուցքի չափերը գնահատելու համար: Երբեմն հետազոտությունը իրականացվում է կոնտրաստավորման միջոցով: 

    • Ոսկրերի սկանավորում: Հետազոտությունը կիրառվում է ոսկրերում մետաստազներ հայտնաբերելու համար, առավելապես երիկամների լուսավոր բջջային սարկոմայի ժամանակ:   

    • Վիրահատություն կամ բիոպսիա: Վիլմսի ուռուցքի I կամ II փուլի ժամանակ վիրաբույժը կատարում է որովայնահատում` լապարատոմիա: Այս վիրահատության միջոցով հեռացվում է երիկամը` ուռուցքի հետ միասին: Եթե ուռուցքը չափազանց մեծ է հեռացնելու համար կամ ԿՏ/ՄՌՏ քննությամբ առկա է Վիլմսի ուռուցքին ոչ բնորոշ պատկեր, ապա իրականացվում է բիոպսիա: Բիոպսիա կատարելիս բժիշկը հեռացնում է հյուսվածքի փոքր կտոր` հետագայում դրա մանադրտակային քննությունը իրականացնելու համար: Տվյալ հետազոտության հիման վրա որոշվում է հիվանդի բուժման տակտիկան: 

Այն դեպքերում, երբ ԿՏ/ՄՌՏ քննությունները վկայում են Վիլմսի երկկողմանի ուռուցքի մասին բիոպսիա չի իրականացվում: Դրա փոխարեն հիվանդը անցնում է քիմիոթերապևտիկ բուժում, որին հետևում է վիրահատությունը` ախտորոշումից հետո 12 ամսվա ընթացքում: 

    • Քրոմոսոմային թեստ: Բիոպսիայի ժամանակ հեռացված նմուշը կարող են ուղարկել քրոմոսոմային քննության, որի միջոցով կորոշվեն երեխայի 1-ին և 16-րդ քրոմոսոմներում փոփոխությունների առկայությունը: Ավելի վատ կանխատեսում ունեն այն հիվանդները որոնց մոտ առկա են փոփխություններ 1-ին քրոմոսոմում: Հիվանդությունը չի ենթարկվում ստանդարտ բուժման նաև երկու քրոմոսոմներում փոփոխությունների առկայության դեպքում:  

Հետազոտությունները իրականացնելուց հետո կատարվում է ստացված տվյալների վերլուծություն և հիվանդության փուլավորում: 

Վիլմսի ուռուցքի փուլավորում

Տվյալ նյութում ներկայացված են Վիլմսի ուռուցքի փուլավորման սկզբունքները: Փուլավորումը բնութագրում է ուռուցքի տեղակայումը, տարածվածությունը և ուռուցքի կողմից այլ օրգանների ախտահարումը: 

Հիվանդության փուլը պարզելու համար կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ: Իմանալով հիվանդության փուլը բուժող բժիշկը կարող է ճշգրիտ որոշել բուժման պլանը և կանխատեսումներ անել երեխայի առողջացման հավանականության վերաբերյալ:

Վիլմսի ուռուցքի փուլավորումը կատարվում է հիմնվելով բիոպսիայի տվյալների և հիվանդության տարածվածության վրա:

I փուլ: Ուռուցքը հայտնաբերվում է մեկ երիկամում և կարող է ամբողջությամբ հեռացվել վիրահատության միջոցով:

II փուլ: Ուռուցքը հայտնաբերվում է երիկամում և հարերիկամային ճարպաբջջանքում, փափուկ հյուսվածքներում, արյունատար անոթներում: Այն կարող է տարածվել նաև դեպր երիկամի դրունք: Ուռուցքը կարող է ամբողջությամբ հեռացվել վիրահատության միջոցով: 

III փուլ: Ուռուցքը հայտնաբերվում է երիկամի շուրջ և չի կարող ամբողջությամբ հեռացվել վիրահատության միջոցով: Ուռուցքը կարող է տարածվել հարակից արյունատար անոթներ, օրգաններ, որովայնի խոռոչ և հարակից լիմֆատիկ հանգույցներ: III փուլի հիվանդությունը չի տարածվում որովայնի սահմաններից դուրս: 

IV փուլ: Ուռուցքը տարածվում է դեպի այլ հեռավոր օրգաններ, ինչիսիք են թոքերը, լյարդը, ոսկրերը, գլխուղեղը կամ որովայնից դուրս գտնվող լիմֆատիկ հանգույցները: 

V փուլ: Ուռուցքային բջիջները գտնվում են միառժամանակ երկու երիկամներում: Յուրաքանչյուր երիկամում գտնվող ուռուցքը առանձին է փուլավորվում:

Ռեֆրակտեռ հիվանդություն: Ռեֆրակտեռ է համարվում այն ուռուցքը, որը չի փոքրանում բուժման ընթացքում կամ դրանից հետո:

Կրկնվող հիվանդություն: Կրկնվող է համարվում այն հիվանդությունը, որը բուժման ավարտից հետո նորից է զարգանում: Հիվանդությունը կրկին կարող է զարգանալ հիվանդության առաջնային տեղակայման օջախում կամ մեկ այլ օրգանում: Հիվանդության կրկնողության դեպքում երեխան նորից պետք է անցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: 

Գործոնները որոնք ազդում են Վիլմսի ուռուցքի կանխատեսման վրա երկուսն են`

  • Ուռուցքի հյուսվածաբանական պատկերը․ Բարենպաստ հյուսվածաբանական պատկերով հիվանդները ունեն հիվանդության ավելի լավ կանխատեսում: Անապլաստիկ հյուսվածաբանական պատկերով ուռուցների էֆեկտիվ բուժումը քիմիա- կամ ճառագայթային թերապիայի միջոցով ավելի քիչ արդյունավետ է: Դրանց բուժման համար անհրաժեշտ է ավելի ագրեսիվ թերապիա:  
  • Ուռուցքի փուլավորումը․  Ընդհանուր առմամբ ցածր փուլի ուռուցքների բարենպաստ ելքը ավելի հավանական է, ի տարբերություն բարձր փուլի ուռուցքների: Սա առավելապես վերաբերվում է անապլաստիկ հյուսվածաբանական պատկերով ուռուցներին

Վիլմսի ուռուցքի բուժման եղանակները

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն ու խնամքն իրականացվում է բժիշկներից, սոցիալական աշխատողներից, ֆիզիկական թերապևտներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված մուլտիդիսցիպլինար թիմի կողմից: Իրականացվում են հատուկ ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն է օգնել երեխային և ընտանիքի անդամներին հաղթահարել քաղցկեղը:

Վիլմսի ուռուցքի բուժման հիմնական եղանակներն են վիրահատությունը, քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան: Որպես քաղցկեղի բուժման կարևոր բաղադրիչներ օգտագործվում են նաև ախտանշանային բուժումն ու կողմնակի երևույթների դեմ ուղղված բուժումը: Վիլմսի ուռուցքի բուժական մոտեցումները կախված են բազմաթիվ գործոններից, որոնք ներառում են՝ 

    • Ուռուցքի տիպը, ստադիան և հյուսվածքաբանական կառուցվածքը

    • Հնարավոր կողմնակի էֆեկտները

    • Երեխայի և ընտանիքի բուժման նկատմամբ վերաբերմունքը

    • Երեխայի ֆիզիկական վիճակը և այլն

Շատ կարևոր է ընտանիքի կողմից երեխայի բուժման եղանակների ուսումնասիրությունն ու անհասկանալի հարցերի քննարկումը բժշկի հետ: Ընտանիքը պետք է տեղյակ լինի բուժման նպատակների ու ակնկալիքների մասին և մասնակցի երեխայի բուժման վերաբերյալ որոշումների կայացմանը:

Վիրահատություն

Վիրահատությունը՝ որպես Վիլմսի ուռուցքի բուժման կարևորագույն եղանակ, կիրառվում է դրա բոլոր ստադիաների ժամանակ: Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի և որոշակի ծավալով շրջապատող առողջ հյուսվածքների հեռացում: Որոշ դեպքում հնարավոր է լինում պահպանել ուռուցքով ախտահարված երիկամի մի մասը: Շատ կարևոր է, որ վիրահատությունն անցկացվի համապատասխան որակավորում ունեցող մանկական վիրաբույժի կամ ուրոլոգի կողմից, որն ունի բավականաչափ փորձ Վիլմսի ուռուցքի վիրահատական բուժման ոլորտում: 

Վիլմսի ուռուցքի բուժման նպատակով կիրառվող վիրահատություններն են՝

  • Ռադիկալ նեֆրէկտոմիա, որը ենթադրում է ամբողջական երիկամի և որոշ ծավալով շրջապատող հյուսվածքների՝ հիմնականում մոտակա լիմֆատիկ հանգույցների հեռացում: Լիմֆատիկ հանգույցների վիրահատական հեռացումը կոչվում է լիմֆոդիսեկցիա:
  • Երիկամի մասնահատում, որը ենթադրում է ուռուցքի և դրան շրջապատող որոշակի ծավալով առողջ հյուսվածքների հեռացում՝ պահպանելով երիկամի մի մասը:Երբ մեկ երիկամը հեռացվում է, մյուսն իր վրա է վերցնում օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների հեռացման ողջ աշխատանքը: Երիկամի մասնահատում հիմնականում կատարվում է այն դեպքերում, երբ մյուս երիկամը վնասված է, ուռուցքով ախտահարված կամ նախկինում կատարվել է դրա հեռացում: Որոշ դեպքերում, երբ հնարավոր չի լինում պահպանել գոնե 1 ֆունկցիոնալ ակտիվ երիկամ, կիրառվում է հեմոդիալիզ:

Քիմիաթերապիա

Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման եղանակ է, որն օգտագործում է ուռուցքային բջիջների աճի, բաժանման և նոր բջիջների առաջացման վրա ազդող դեղամիջոցներ: Քիմիաթերապիան անցկացվում է մանկական ուռուցքաբանի կողմից:

Վիլմսի ուռուցքի ժամանակ համակարգային քիմիաթերապիան հիմնականում իրականացվում է դեղամիջոցների ներերակային ներմուծման ճանապարհով, որի նպատակն է ամբողջ մարմնում գտնվող ուռուցքային բջիջները հարստացնել ցիտոտոքսիկ նյութերով:

Քիմիաթերապևտիկ ռեժիմը որպես կանոն կազմված է որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրվող ցիկլերի կոնկրետ քանակությունից: Երեխան տվյալ ժամանակահատվածում կարող է ստանալ մեկ դեղամիջոց կամ մի քանի դեղամիջոցների կոմբինացիա: Բարենպաստ հյուսվածքաբանական կառուցվածք ունեցող Վիլմսի ուռուցքի բուժման նպատակով հիմնականում կիրառվում են Դակտինոմիցին, Դոքսոռուբիցին և Վինկրիստին դեղամիջոցները: Վիլմսի ուռուցքի բուժման սխեմայում կարող են օգտագործվել նաև Ցիկլոֆոսֆամիդը, Էտոպոզիդը և Իրինոտեկանը:

Քիմիաթերապիան կարող է հաջորդել վիրահատությանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել օրգանիզմում մնացած ուռուցքային բջիջները: Քիմիաթերապիայի այս տեսակը կոչվում է ադյուվանտ: Երբեմն քիմիաթերապիան կարող է նախորդել վիրահատական բուժմանը՝ նպատակ հետապնդելով փոքրացնել ուռուցքի չափերը: Նախավիրահատական քիմիաթերապիան հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ ուռուցքի չափերը շատ մեծ են կամ ուռուցքն աճել է խոշոր անոթների ու այլ օրգանների մեջ, և դրա վիրահատական հեռացումը ռիսկային է:

Անհրաժեշտ է իմանալ, որ քիմիաթերապիայի ժամանակ առաջացող կողմնակի երևույթները կախված են դեղորայքի օգտագործվող դոզաներից, ինչպես նաև հիվանդի անհատական առանձնահատկություններից: Հիմնական կողմնակի ազդեցություններն են հոգնածությունը, ինֆեկցիաների նկատմամբ ռիսկի բարձրացումը, մազաթափությունը, սրտխառնոցն ու փսխումը, ախորժակի կորուստը և փորլուծությունը, որոնք սովորաբար քիմիաթերապևտիկ բուժման ավարտին զուգահեռ անցնում են:

Քաղցկեղի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցների արսենալն անընդհատ ընդլայնվում է: Մինչև քիմիաթերապիան սկսելը շատ կարևոր է բժշկի հետ քննարկել օգտագործվող դեղորայքից սպասվելիք արդյունքների և դրանց կողմնակի ազդեցությունների մասին: Անհրաժեշտ է անպայման տեղեկացնել բժշկին երեխային տրվող այլ դեղամիջոցների կամ խոտաբույսերի մասին՝ քիմիաթերապևտիկ դեղամիջոցների և դրանց փոխազդեցության հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու նպատակով:

Ճառագայթային թերապիա  

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր հաճախականության ռենտգենյան ճառագայթներն ուռուցքային բջիջները ոչնչացնելու նպատակով: Բուժման այս եղանակն իրականացնող բժիշկը ճառագայթային ուռուցքաբանն է: 

Ճառագայթային թերապիայի ամենահաճախ օգտագործվող տարբերակը արտամարմնային ճառագայթային թերապիան է, որի ժամանակ ճառագայթումը տրվում է մարմնից դուրս գտնվող աղբյուրից: Եթե որպես ճառագայթման աղբյուր օգտագործվում են իմպլանտներ, ապա բուժման եղանակը կոչվում է ներմարմնային ճառագայթային թերապիա կամ բրախիթերապիա: Ճառագայթային բուժման ռեժիմը կազմված է որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրվող ճառագայթման կոնկրետ քանակի դոզաներից:

Ճառագայթային թերապիան սովորաբար կիրառվում է խոշոր չափերի կամ շրջակա հյուսվածքներ ներաճած ուռուցքների բուժման նպատակով: Այն կարող է կիրառվել նաև մինչև վիրահատությունը՝ ուռուցքի չափերը կրճատելու, կամ վիրահատությունից հետո՝ մնացորդային ուռուցքային բջիջները ոչնչացնելու նպատակով:  Ճառագայթային թերապիան սովորաբար մտնում է բարենպաստ հյուսվածքաբանական կառուցվածքով III և IV ստադիայի, ինչպես նաև անապլաստիկ հյուսվածքաբանական կառուցվածքով ցանկացած ստադիայի Վիլմսի ուռուցքի բուժման սխեմայում: 

Ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են նրանից, թե մարմնի որ հատվածն է ճառագայթվում: Օրինակ՝ որովայնի շրջանի ճառագայթումը կարող է հանգեցնել հոգնածության, թեթև մաշկային ռեակցիաների (կարմրություն և թեփոտում), աղիների գալարակծկանքների թուլացման և այլն: Կողմնակի ազդեցությունների մեծամասնությունն անցնում են ճառագայթային թերապիայի ավարտից կարճ ժամանակ անց:

Քաղցկեղի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հետևանքները

Քաղցկեղը և դրա բուժումը հաճախ առաջացնում են մի շարք կողմնակի ազդեցություններ, ինչպես նաև հոգեբանական, սոցիալական և ֆինանսական խնդիրներ: Այս ամենի լուծմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը կոչվում է աջակցող կամ պալիատիվ խնամք: Այն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման կարևորագույն բաղադրիչներից մեկն է:

Պալիատիվ խնամքի նպատակն է բարելավել երեխայի ինքնազգացողությունը բուժման ընթացքում՝ կառավարելով սիմպտոմները, ինչպես նաև հնարավորինս զերծ պահել հիվանդին և նրա ընտանիքին ոչ բժշկական այլ խնդիրներից: Քաղցկեղով ցանկացած հիվանդ՝ անկախ տարիքից, ուռուցքի տիպից կամ դրա ստադիայից, ունի աջակցող բուժման անհրաժեշտություն: Աջակցող բուժումը ցանկալի է սկսել անմիջապես ախտորոշումից հետո: Այն հիվանդները, որոնք քաղցկեղի բուժման ընթացքում ստանում են նաև աջակցող բուժում, ունենում են ավելի քիչ սիմպտոմներ, կյանքի ավելի լավ որակ և բուժման ավելի բարձր արդյունավետություն:

Պալիատիվ բուժումների սպեկտրը շատ լայն է: Այն կարող է ներառել դեղորայք, սննդային ռեժիմի փոփոխություններ, հուզական և հոգեբանական աջակցություն և այլ թերապիաներ: Բուժման ընթացքում բժիշկների կողմից հաճախ կարող են տրվել հարցեր երեխայի ինքնազգացողության, կողմնակի ազդեցությունների դրսևորումների վերաբերյալ: Անհրաժեշտ է լինել առավելագույնս ուշադիր և ցանկացած խնդրի մասին տեղեկացնել, որը թույլ կտա բժշկական թիմին հնարավորիս արագ վերացնել ախտանշանները և կողմնակի երևույթները, ինչպես նաև կանխարգելել առավել վտանգավոր բարդությունների առաջացումը:

Ռեմիսիան և ռեցիդիվի հավանականությունը

Ռեմիսիան կամ ախտադադարը մարմնում քաղցկեղի նշանների և դրա կլինիկական դրսևորումների բացակայությունն է: Այն կարող է լինել մշտական կամ ժամանակավոր: Այս փաստը հաճախ անհանգստացնում է ծնողներին, որոնք վախենում են ուռուցքի կրկնությունից: Չնայած այն փաստին, որ Վիլմսի ուռուցքի ռեմիսիան դեպքերի մեծամասնությունում կրում է մշտական բնույթ, շատ կարևոր է բժշկի հետ քննարկել դրա կրկնման հնարավորությունը: Այդպիսի ինֆորմացիային տիրապետելը ընտանիքին դարձնում է պատրաստված և զգոն:

Եթե բուժումից հետո դիտվում է հիվանդության կրկնություն, այն կոչվում է ռեցիդիվ Վիլմսի ուռուցք: Ռեցիդիվ ուռուցքը կարող է տեղակայվել մարմնի նույն հատվածում (կոչվում է տեղային ռեցիդիվ), նախորդ ուռուցքի տեղակայման հատվածի մոտակայքում (ռեգիոնալ ռեցիդիվ) կամ մեկ այլ հատվածում (հեռակա ռեցիդիվ):

Երբ տեղի է ունենում Վիլմսի ուռուցքի ռեցիդիվ, անհրաժեշտ է իրականացնել լայն սպեկտրի ախտորոշիչ միջոցառումներ՝ ուռոցքի մասին հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալու նպատակով: Դրանից հետո բժիշկը պարտավոր է տեղեկացնել ընտանիքին բուժման հնարավոր եղանակների մասին: Ռեցիդիվ Վիլմսի ուռուցքի բուժման պլանը կախված է 4 հիմնական գործոններից՝

    • Ե՞րբ է առաջացել ռեցիդիվը

    • Ի՞նչ բուժում է ստացել երեխան առաջին ուռուցքի ժամանակ

    • Ինչքա՞ն ժամանակ է անցել առաջին ուռուցքի բուժումից հետո

    • Ինչպիսի՞ հյուսվածքաբանական կառուցվածք ունի ռեցիդիվ ուռուցքը (բարենպաստ թե՞ անապլաստիկ):

Հաճախ բուժման սխեման ներառում է նախկինում արդեն կիրառված եղանակներ, ինչպիսիք են քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան և վիրահատությունը, սակայն դրանք կարող են օգտագործվել այլ հաջորդականությամբ կամ այլ ինտենսիվությամբ: Բժիշկը կարող է առաջարկել մասնակից դառնալ կլինիկական հետազոտություններին, որոնք ենթադրում են տվյալ ուռուցքի բուժման նպատակով ստեղծված նոր դեղամիջոցների կիրառում: Անկախ ընտրվող բուժման եղանակից, հիվանդության կլինիկական դրսևորումների և բուժման կողմնակի ազդեցությունների վերացման նպատակով շատ է կարևորվում աջակցող բուժման դերը: 

Երբ բուժումը չի օգնում

Չնայած Վիլմսի ուռուցքը դեպքերի մեծամասնությունում հաջողությամբ բուժվում է, երբեմն հնարավոր են դեպքեր, երբ այն չի պատասխանում բուժմանը: Նման դեպքերում ուռուցքը կոչվում է կայուն կամ տերմինալ: Այս ախտորոշումը չափազանց սթրեսային է և հաճախ դժվար է դրա մասին քննարկումներ իրականացնելը: Բոլոր դեպքերում շատ կարևոր են բաց և անկեղծ հարաբերությունները երեխայի բուժմամբ զբաղվող թիմի հետ, քանի որ դրա անդամներն ունեն հատուկ հմտություններ, փորձ և գիտելիքներ երեխայի խնամքն ապահովելու համար:  

Հոսպիսային բուժումը նախագծվել է ապահովելու հնարավորինս լավագույն կյանքի որակ այն երեխաների համար, որոնց կյանքի կանխատեսելի տևողությունը պակաս է 6 ամսից: Այն կարող է իրականացվել հատուկ կենտրոններում կամ տանը համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից: Բուժման այս եղանակի նպատակն է հնարավորինս նվազեցնել ցավային համախտանիշը, պահպանել երեխայի ակտիվությունը, ապահովել նրա շփումն իր հասակակիցների հետ և նրա ֆիզիկական հարմարավետությունը:

Ի՞նչ կլինիկական փորձարկումներ կան

Բժիշկները և գիտնականները միշտ փնտրում են քաղցկեղի բուժման ավելի արդյունավետ և կատարելագործված տարբերակներ։ Այս նպատակին հասնելու համար իրականացվում են կլինիկական փորձարկումներ, որոնց մասնակցում են կամավորները։ Ի շնորհիվ իրականացված նմանատիպ հետազոտությունների վերջին 2 տասնամյակում Վիլմսի ուռուցքի բուժման ասպարեզում գերազանց արդյունքներ են գրանցվել։ Այն դարձել է փայլուն օրինակ բուժման արդյունավետության բարձրացման և կողմնակի էֆեկտների կրճատման տեսանկյունից։

Կլինիկական փորձարկումներն իրականացվում են Վիլմսի ուռուցքի բոլոր տիպերի և ստադիաների ժամանակ։ Դրանց շնորհիվ հայտնաբերվում են նոր՝ առավել արդյունավետ դեղամիջոցներ, ստեղծվում են բուժական նոր կոմբինացիաներ և մեթոդներ։

Կլինիկական փորձարկումներին մասնակցող երեխաներն առաջինն են, ովքեր ստանում են տվյալ բուժումը՝ մինչև այն կդառնա լայն հասարակությանը հասանելի։ Կլինիկական փորձարկումների ժամանակ միշտ կա կողմնակի ազդեցությունների զարգացման վտանգ, ինչպես նաև հավանականություն, որ բուժումը կարող է լինել ոչ արդյունավետ։ Մինչև կլինիկական փորձարկմանը մասնակցելուն համաձայնություն տալը, հիվանդը և նրա ընտանիքը պետք է տեղեկացվեն բոլոր հնարավոր ռիսկերի մասին։

Կլինիկական փորձարկմանը մասնակցելու որոշումը

Ծնողների և երեխաների կլինիկական փորձարկմանը միանալու որոշման պատճառները տարբեր են։ Ոմանց համար կլինիկական փորձարկումն ավելի լավ արդյունքի հասնելու միջոց է, ոմանց համար՝ բուժման միակ այլընտրանք։ Պատահում են իրավիճակներ, երբ կլինիկական փորձարկումը լինում է անարդյունք, սակայն անգամ այդ պարագայում այն հնարավորություն է տալիս ստեղծել ավելի կատարելագործված տարբերակներ այլ երեխաների բուժման համար։

Հիվանդի անվտանգությունն ու տեղեկացված համաձայնությունը

Կլինիկական փորձարկմանը միանալու որոշումը երեխան և ծնողները կարող են կայացնել միայն մի գործընթացի արդյունքում, որը կոչվում է տեղեկացված համաձայնություն։ Այդ գործընթացում բժիշկը պարտավոր է՝

    • Երեխային և ծնողներին պարզ ու հասկանալի ներկայացնել նոր բուժական սխեման և բացատրել թե ինչով է այն տարբերվում ստանդարտ բուժումից։

    • Զգուշացնել բոլոր հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են տարբերվել կամ նման լինել ստանդարտ բուժման ռիսկերին։

    • Ներկայացնել կլինիկական փորձարկմանը մասնակցելու պայմանները, հնարավոր բժշկական հետազոտությունների քանակությունը։

Կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդը ցանկացած պահի կարող է անձնական կամ բժշկական պատճառներով հրաժարվել հետագա մասնակցությունից։ Պատճառներ կարող են հանդիսանալ նոր բուժման անարդյունավետությունը, խիստ արտահայտված կողմնակի ազդեցությունները և այլն։ Բոլոր դեպքերում նախքան նման որոշում կայացնելը ցանկալի է քննարկել այն բժշկի կամ հետազոտական թիմի հետ։

Հաղթահարել ֆիզիկական կողմնակի ազդեցությունները

Ձեր երեխայի ֆիզիկական վիճակի  փոփոխությունները կախված են մի քանի գործոններից՝ ներառյալ ուռուցքի փուլից, բուժման երկարատևությունից , դեղորայքի դոզայից և ձեր երեխայի ընդհանուր առողջությունից: 

Կարևոր է ձեր երեխայի առողջությանը վերաբերվող ցանկացած հարցի, ցանկացած կողմնակի ազդեցության քննարկումը երեխայի հետ: Այս քննարկումները օգնում են երեխային հաղթահարել ցանկացած իրավիճակ:

Երբեմն ֆիզիկական կողմնակի բարդությունները կարող են շարունակվել բուժման ավարտից հետո: Բժիշկներն այդ կողմնակի ազդեցությունները անվանում են ուշացած կողմնակի բարդություններ: Երկարատև կողմնակի և ուշացած հետևանքների բուժումը քաղցկեղով տառապող երեխաների խնամքի կարևոր մասն են կազմում: 

Հաղթահարել հուզական և սոցիալական էֆեկտները

Քաղցկեղի ախտորոշումից հետո ձեր ընտանիքը կարող է ունենալ հուզական և սոցիալական բացասական հետևանքներ: Դա կարող է  արտահայտվել բացասական հույզերով՝ ինչպիսիք են տխրությունը, անհանգստությունը, զայրույթը կամ դեպրեսիայի դրսևորումը: Երբեմն մարդիկ դժվարանում են արտահայտել, թե ինչ են զգում:  Այստեղ տեղին է նշել, որ հոգեբանի, սոցիալական աշխատողի, երբեմն հոգևորականի հետ խոսելը օգնում են հաղթահարել նման իրավիճակները:

Քաղցկեղով հիվանդ երեխայի խնամք

Ընտանիքի անդամներն ու ընկերները կարևոր դեր են խաղում Վիլմսի ուռուցք ունեցող երեխայի խնամքի հարցում: Սա կոչվում է խնամակալություն: Որպես ծնող դուք հանդիսանում եք ձեր երեխայի առաջնային խնամակալը: Այնուամենայնիվ, ընկերներն ու ընտանիքի մնացած անդամները ևս մեծ դեր ունեն աջակցման հարցում:

Հանդիսանալով խնամակալ դուք ձեր վրա եք վերցնում մի շարք այլ պարտականություններ. Օր՝ դեղեր տալը, ախտանիշների և կողմնակի երևույթների կառավարումը: 

Ստորև նշված են այն պարտականությունները, որոնք կարող են դրվել ձեր ընտանիքի կամ ընկերների ուսերին.

  • Ձեր երեխայի համար կարճաժամկետ խնամքի տրամադրում
  • Աջակցություն և քաջալերանք
  • Օգնել սննդի կամ տնային աշխատանքների պատրաստման հարցում

Մանկական Վիլմսի ուռուցք. Բուժման ուշ կողմնակի ազդեցություններ

Վիլսի ուռուցքով հիվանդ շատ երեխաներ ունեն բուժման բարեհաջող ընթացք, այնուամենայնիվ նրանց մոտ հետագայում այլ հիվանդությունների զարգացման ռիսկ բարձրանում է, քանի որ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան ազդում և վնասում են առողջ բջիջներին և օրգաններին: Հետևաբար շատ կարևոր է, որ բուժվող երեխաները և հարազատները տեղեկացված լինեն բուժման երկարատև կամ ուշ կողմնակի ազդեցությունների մասին: Դրանք ներառում են՝

Երիկամային անբավարարություն. Քանի որ երեխաները, ովքեր բուժում են ստանում Վիլմսի ուռուցքի կապակցությամբ սովորաբար ունենում են ընդամենը 1 երիկամ, նրանց մոտ մի փոքր ավելի մեծ է երիկամային անբավարարության զարգացման ռիսկը և նրանք ամբողջ կյանքի ընթացքում պետք է հսկվեն: Այդ հիվանդների համար շատ կարևոր է ադեկվատ հիդրատացիան, որը նպաստում է երիկային նորմալ ֆունկցիայի պահպանմանը: Կան որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են կոդինը և իբուպրոֆենը, որոնք պետք է ընդունվեն սահմանափակ քանակությամբ՝ երիկամների վնասումից խուսափելու համար:

Աղիքային անանցանելիություն. Վիրահատության ենթարկված երեխաների կարող են զարգանալ հետվիրահատական սպական հյուսվածքներ, որը հետագայում կարող է բերել աղիքային անանցանելիության, որը դրսևորվում է որովայնի ցավով և փսխմամբ: 

Սրտամկանի վնասում. Դոքսոռուբիցին ստացող երեխաների մոտ սրտի տոքսիկ ախտահարումների և սրտային արատների զարգացման ռիսկը ավելի մեծ է՝ նույնիսկ բուժման ավարտից տարիներ անց: Երեխաները, ովքեր ստանում են դոքսոռուբիցին և թոքերի ճառագայթային թերապիա սրտի հետ կապված խնդիրների զարգացման ավելի մեծ ռիսկ ունեն: Դոքսոռուբիցինի ազդեցությունը սրտամկանի վրա կարելի է հսկել էխոկարդիոգրաֆիայով:

Թոքերի վնասում. Երեխաները, որոնց մոտ քաղցկեղը տարածվել է դեպի թոքեր և ստացել են տեղային ճառագայթային թերապիա բուժման ավարտից հետո թոքային խնդիրների զարգացման ռիսկը մեծանում է: Պարզելու համար արդյոք թոքերի որևէ փոփոխություն կա թե ոչ, կարող են իրականացվել թոքային ֆունկցիայի թեստերը:

Կմախքային անոմալիաներ. Այն երեխաները, ովքեր ստացել են ճառագայթային թերապիա սկոլիոզի և հարողնաշարային փափուկ հյուսվածքի թերզարգացման ռիսկը բարձրանում է: Այս ռիսկը կախված է ճառագայթային թերապիայի վայրից և դոզաներից:

Երկրորդային ուռուցքների զարգացման հավանականություն. Վիլմսի ուռուցքից բուժված հիվանդների մոտ մեկ այլ տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է առաջին անգամ ախտորոշելու պահից 15 տարվա ընթացքում: Երկրորդային քաղցկեղի զարգացման համար ամենակարևոր ռիսկի գործոններից են ճառագայթային թերապիան և դոքսոռուբիցինը: Օրինակ ՝ երիտասարդ աղջիկները, ովքեր Վիլմսի ուռուցքի թոքի մետաստատիկ ախտահարման կապակցությամբ ստացել են ճառագայթային թերապիա նրանց մոտ  կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը կտրուկ մեծանում է:

Հղիության մասին մտահոգություններ. Այն կանայք, ովքեր Վիլմսի ուռուցքի կապակցությամբ ստացել են որովայնի ճառագայթային թերապիա, հղիության ընթացքում պետք է վարվեն որպես «բարձր ռիսկ» և իրենց բժիշկների կողմից խստորեն վերահսկվեն: Քիմիաթերապիան միայնակ չի մեծացնում վիժման վտանգը: Այնուամենայնիվ, կանայք, ովքեր ստացել են ճառագայթային թերապիա կոնքոսկրի և ազդրի հատվածում ավելի հավանական է, որ կդրսևորվի վաղաժամ ծննդաբերությամբ: 

Վերջին հետազոտությունները

Վերջին տարիներին լուրջ հետազոտություններ են իրականացվում երիկամի քաղցկեղների ուսումնասիրման, դրա կանխարգելման, բուժման, ինչպես նաև հիվանդների խնամքի վերաբերյալ: Հետազոտությունների նպատակն է նոր բուժման եղանակների բացահայտումը, որոնք հիվանդների համար նոր հնարավորություն են: Միշտ խոսեք բժշկի հետ ձեր ախտորոշման և բուժման լավագույն տարբերակների մասին:

Քանի որ երիկամների քաղցկեղի տեսակների մեծ մասը ավանդական քիմիաթերապիային լավ չեն արձագանքում, հետազոտողների խնդիրն է նոր և արդյունավետ բուժման եղանակի կիրառումը, ինչպիսիք են իմունաթերապիան և թիրախային թերապիան:

Թիրախային թերապիա․ Վերջերս հայտնաբերված մի շարք դեղեր, որոնք ազդում են արյան անոթների և/կամ քաղցկեղի բջիջների աճի վրա, կիրառվել են որպես երիկամի քաղցկեղների թիրախային բուժում: Այս կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ այս տեսակի դեղերը կարող են ապահովել արդյունավետ բուժում:

Քաղցկեղի դեմ պատվաստում․ Քաղցկեղի դեմ պատվաստումը միջոց է, որը օգնում է մարդու իմունային համակարգին պայքարել քաղցկեղի դեմ: Ներկայումս հետազոտման փուլում են երիկամների քաղցկեղի դեմ մի քանի պատվաստանյութերի օգտագործումը, որոնք կբուժեն և կկանխեն երիկամի քաղցկեղի կրկնությունը: 

Մոդիֆիկացված ցիտոկիններ․ Երիկամների մետաստատիկ քաղցկեղի համար IL-2- ը ապացուցված բուժում է, սակայն ունի լուրջ կողմնակի բարդություններ: Կա նոր բուժուման մոտեցում, որը քիմիապես փոփոխում է IL-2, որը դրսևորում է ավելի քիչ կողմնակի բարդություններ: Դեռևս շարունակվում են կլինիկական փորձարկումները:  

Պալիատիվ խնամք /օժանդակ խնամք․ Կլինիկական փորձարկումներ են իրականացվում երիկամների քաղցկեղի բուժման ախտանիշները և կողմնակի ազդեցությունները նվազեցնելու, ինչպես նաև հիվանդների հարմարավետությունն ու կյանքի որակը բարելավելու համար:

Հիվանդի հետբուժական հսկողություն

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ակտիվ փուլի ավարտից հետո բուժումը չի համարվում ամբողջովին ավարտված։ Անհրաժեշտ է անընդհատ ստուգել երեխայի  առողջական վիճակը՝ կանխելու Վիլմսի ուռուցքի կրկնությունը, կառավարելու կողմնակի եֆեկտները և ընդհանուր առմամբ հսկելու առողջության վիճակը։ Այս ամբողջ պրոցեսը կոչվում է հետբուժական հսկողություն։ Բոլոր երեխաները, որոնք բուժվել են քաղցկեղի դեմ՝ Վիլմսի ուռուցքը ներառյալ, պետք է գտնվեն երկարաժամկետ հետբուժական հսկողության տակ։

Ձեր երեխայի հետբուժական հսկողությունը կարող է ընդգրկել սիստեմատիկ ֆիզիկական և բժշկական հետազոտություններ։ Բժիշկների կողմից իրականացվող հսկողության նպատակն է համոզված լինել երեխայի լիարժեք առողջացման մեջ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում։ Հետբուժական հսկողությունը ներառում է սիստեմատիկ այց բժշկին, ֆիզիկական քննություն, արյան և մեզի հետազոտություն, Համակարգչային շերտագրություն (CT), ռենտգեն, ուլտրաձայնային քննություն և պատկերավորող այլ հետազոտություններ։ Սկզբում այս այցերը և հետազոտությունները հաճախակի բնույթ են կրում (3 ամիսը մեկ), բուժումը ավարտելուց հետո 5 տարիների ընթացքում այցերի միջև ընդմիջումները անընդհատ երկարում են, ինչից հետո այցերը դառնում են տարին 1 անգամ։ 

Հիվանդության կրկնության հսկողություն

Հետբուժական հսկողության նպատակներից մեկը հիվանդության կրկնության հսկողությունն է (ինչից հետևում է, որ ցանկացած դեպքում կա վտանգ, որ հիվանդությունը կարող է վերադառնալ)։ Քաղցկեղը կարող է կրկնվել ուռուցքի փոքր հատվածների կամ ուռուցքային բջիջների չհայտնաբերված կամ բուժումից հետո չվերացած լինելու պատճառով։ Ժամանակի ընթացքում այս բջիջների թիվը կարող է աճել նախքան հետազոտությունների միջոցով հնարավոր լինի դրանց հայտնաբերումը կամ հիվանդության ախտանշանների և գանգատների ի հայտ գալը։ Վիլմսի ուռուցքի կրկնությունը ցանկալի ելույթ չէ, բայց պատահելու դեպքում այն սովորաբար տեղի է ունենում բուժմանը հաջորդող 2 տարիների ընթացքում։

Հետբուժական հսկողության ընթացքում բժիշկը կարող է տալ անհատական ինֆորմացիա հիվանդության կրկնվելու ռիսկի մասին։ Որոշ երեխաների դեպքում հսկողության մի մասն են կազմում արյան քննությունը և պատկերավորող հետազոտությունները, սակայն կախված որոշակի գործոններից,ինչպիսիք են ուռուցքի տեսակը, փուլը և բուժման մոտեցումը, ախտորոշիչ միջոցները տարբեր են։ 

Մանկական քաղցկեղի երկարատև և ուշ կողմնակի ազդեցությունների կառավարումը

Որքան շատ ժամանակ է անցած լինում բուժման ավարտից հետո, այնքան քիչ է հիվանդության կրկնման հավանականությունը։ Այդ դեպքում հետբուժական հսկողության հարցում կարևոր դեր է խաղում բուժման ուշ հետրանքների հսկողությունը։ Ուշ հետևանքները կարող են դրսևորվել մարմնի ցանկացած մասում։ Դրանց մեջ են մտնում սրտային և թոքային խնդիրները, երկրորդային ուռուցքնորը, այսինքն այն ուռուցքները, որոնք առաջացել են այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են քաղցկեղ։ Դրանք ներառում են նաև էմոցիոնալ շեղումները, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիա, հիշողության, մտածողության, ուշադրության և սովորելու հետ կապված խնդիրներ։

Կախված նրանից, թե ինչ բուժում է ստացել երեխան, բժիշկը նշանակում է համապատասխան հետազոտություններ՝ հայտնաբերելու բուժման ուշ կողմնակի հեևանքները։ Սովորաբար կատարվում է արյան քննություն երիկամների ֆունկցիան գնահատելու նպատակով։ Սա հատկապես կարևոր է այն հիվանդների պարագայում, ում մեկ երիկամը կամ դրա մի մասը հեռացված է։ Հետբուժական հսկողությունը ուղղված է նաև երեխայի կյանքի որակի պահպանմանը՝ ներառյալ զարգացման կամ հուզական խնդիրների լուծմանը:

Ցանկալի է, որ ծնողը ինքնուրույն գրանցի և պահպանի երեխայի առողջության վերաբերյալ ամբողջ տվյալները, ինչի հարցում նրան կարող է օգնել բժիշկը։ Ինչի շնորհիվ մեծահասակ տարիքում հիվանդը կունենա հիվանդության պատմության պարզ նկարագիր, որը կարող է ներկայացնել բժշկին հետագա այցերի ժամանակ։

Հիվանդների մի մասը շարունակում է մնալ ուռուցքաբանի հսկողության տակ, մինչդեռ մի մասը վերադառնում են ընտանեկան բժշկի հսկողության տակ, ինչը կախված է հետևյալ գործոններից՝ 

    • Ուռուցքի տեսակից և փուլից

    • Կողմնակի երևույթներից

    • Առողջապահական համակարգի կարգից

    • Ընտանիքի անհատական նախընտրությունից

Ծնողը պետք է երեխային բուժող անձնակազմից ճշտի իրեն հուզող և հետաքրքրող բոլոր հարցերը առողջության հետագա վիճակի վերաբերյալ։

Ապրելիություն 

Ապրելիությունը քաղցկեղի բուժման ամենակարևորր ասպետներից մեկն է, որը բնորոշում է կյանքի տևողությունը ուռուցքի առկայության ժամանակ, դրա բուժման ընթացքում և այն հաղթահարելուց հետո, որը տարբեր ընտանիքներում տարբեր էմոցիոնալ և հոգեկան վիճակ կարող է ստեղծել։ 

Մարդկանց մի մասը գտնում են իրենց կյանքի վերաարժեքավորումը, մյուսները չեն կարողանում հաղթահարել անհանգստությունը երեխայի առողջության համար, ինչը խանգարում է ապրել իրենց առօրյա կյանքում։ Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար ընտանիքի և բուժանձնակազմի միջև պետք է ստեղծվեն փոխվստահության հարաբերություններ, ինչը ծնողներին և երեխային կտա ապահովության զգացողություն։ 

Սթրեսներից խուսափելու համար օգտակար կարող են լինել աջակցության խմբերին և քաղցկեղը վերապրածների առցանց համայնքին միանալը, որոնք հնարավորություն են տալիս շփվելու և փոխանակելու փորձով նույն խնդիրների հետ առնչվող այլ ծնողների, երեխաների և բուժաշխատողների հետ։

Շատ հաճախ քաղցկեղի հաղթահարումը ամբողջ ընտանիքի համար հանդիսանում է հզոր մետիվատոր առողջ ապրելակերպ սկսելու համար, ինչը դրական ազդեցությյուն է թողնում հիվանդի հետագան կյանքի որակի վրա։ Հատկապես կարևեր են ծխախոտի վնասակար ազդեցությունից խուսափումը, տարիքին և հասակին համապատասխան քաշի պահպանումը, առողջ սնունդը, սթրեսի կառավարումը և ռեգուլյար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս ամենը պետք է կատարել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Նյութը պատրաստվել է Մանկական Սոլիդ Ուռուցքների Մուլտիդիսցիպլինար Աշխատանքային Խմբի կողմից։

  Գրականության ցանկ՝

Հղումներ՝

1. Wilms Tumor and Other Childhood Kidney Tumors Treatment (PDQ®)–Patient Version - National Cancer Institute. https://www.cancer.gov/types/kidney/patient/wilms-treatment-pdq. Accessed December 24, 2019.

2. Wilms Tumor - Childhood | Cancer.Net. https://www.cancer.net/cancer-types/wilms-tumor-childhood. Accessed December 24, 2019.