Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսն օրգան է՝ տեղակայված որովայնի վերին շրջանում և կենտրոնական դեր է խաղում սննդի մարսման գործընթացքում։ Երբ սնունդը ենթարկվում է կլման, այն կերակրափողի երկայնքով հրվում է ներքև՝ ըմպանից դեպի ստամոքս։ Ստամոքսը շաղախում է ուտելիքը, խառնում այն ստամոքսահյութի հետ, ինչը հեշտացնում է սննդի մարսումը։ Այստեղից սնունդն անցնում է բարակ աղիներ և ենթարկվում հետագա մարսման։
Ստամոքսի քաղցկեղն առաջանում է, երբ ստամքսի առողջ բջիջները կորցնում են իրենց բնորոշ ֆունկցիաները և սկսում անկանոն բաժանվել՝ առաջացնելով ուռուցք։ Վերջինս կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ։ Երկրորդ դեպքում ուռուցքը կարող է աճել, բայց ոչ տարածվել։ Քաղցկեղը կարող է սկիզբ առնել ստամոքսի ցանկացած հատվածում և  տարածվել մոտակա ավշային հանգույցներով դեպի մարմնի այլ մասեր՝  լյարդ, ոսկրեր, թոքեր և կանանց դեպքում՝ նաև ձվարաններ։
Ստամոքսի քաղցկեղի հաճախ հանդիպող տեսակը ադենոկարցինոման է։ Սա նշանակում է, որ քաղցկեղի սկզբնաղբյուրը ստամոքսը ներսից պատող գեղձային հյուսվածքն է։  Ստամոքի այլ քաղցկեղի տեսակներն են լիմֆոման, ստամքսի սարկոման, կարցինոիդ ուռուցքները, սակայն սրանք հազվադեպ են հանդիպում։ 

Վիճակագրություն

Ստամոքսի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է տարեցների մոտ՝ միջինում 68 տարեկան անձանց շրջանում:
Հանդիպման հաճախականությունը աշխարհի տարբեր երկրներում տարբեր է: Չնայած ԱՄՆ-ում դիտվել է հիվանդության նվազեցման միտում, այնուամենայնիվ այն հանդիսանում է քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակներից մեկը:
5-ամյա ապրելիությունը ցույց է տալիս, թե քաղցկեղ ունեցող մարդկանց քանի տոկոսն է կենդանի մնում 5 տարի անց: Ստամոքսի քաղցկեղի պարագայում այդ ցուցանիշը 31% է: Վիճակագրությունը ցույց է տվել, որ ախտորոշման պահին ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդկանց մեծ մասի շրջանում հիվանդությունը արդեն տարարածված է լինում: Եթե ստամոքսի քաղցկեղը հայտնաբերվում է մինչև տարածվելը, 5-ամյա ապրելիությունը սովորաբար ավելի բարձր է: Երբ հիվանդությունը ախտորոշվում է մինչև ստամոքսի սահմաններից դուրս գալը, 5-ամյա ապրելիությունը 67% է, եթե տարածված է լինում շրջակա հյուսվածքներ կամ օրգաններ և/կամ մոտակա լիմֆատիկ հանգույցներ, ապա ապրելիությունը 31% է: Եթե առկա է լինում հեռակա տարածում մարմնում, ապա 5-ամյա ապրելությունը 5% է:

 

Ռիսկի գործոններ

Ցանկացած գործոն, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, համարվում է ռիսկի գործոն։ Ռիսկի գործոններից շատերը քաղցկեղ չեն առաջացնում, այլ հաճախ իրենց ազդեցությունն են ունենում նոր ձևավորվող քաղցկեղի զարգացման վրա։ Հնարավոր են դեպքեր, երբ մի քանի ռիսկի գործոնների ազդեցությամբ մարդիկ ձեռք չեն բերում հիվանդությունը, և կան նաև դեպքեր երբ մարդկանց մոտ զարգանում է քաղցկեղ առանց որևէ ռիսկի գործոնի ազդեցության։ Առավել տեղեկացված և առողջ ապրելակերպ վարելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի ռիսկի գործոնների ազդեցության եք ենթարկվում, և քննարկել հարցը բժշկի հետ։
Հետևյալ գործոնները կորող են մեծացնել ստամոքսի քաղցկեղ ձևավորելու հավանականությունը․
•Տարիք - ստամոսքի քաղցկեղը առավել հաճախ հանդիպում է 55 տարեկանից բարձր անձանց մոտ։ Մարդիկ սովորաբար ախտորոշվում են ստամոսքի քաղցկեղով 60 տարեկանից հետո;
•Սեռ - տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են ձեռք բերում հիվանդությունը, քան կանայք;
•Բակտերիաներ - հաճախ հանդիպող Helicobacter pylori բակտերիան ստամոքսի բորբոքման և խոցի առաջացման պատճառ է հանդիսանում։ Այն նաև ստամոսքի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից է։ Բակտերիայով վարակվածության ախտորոշումը հասանելի է և բուժումը կարելի է իրականացնել հակաբիոտիկների կիրառմամբ։ H. pylori-ով վարակվածության ստուգումը խորհուրդ է տրվում հատկապես այն դեպքերում, երբ ունեցել եք ստամոքսի քաղցկեղով ախտորոշված կամ H. pylori-ով վարակված առաջին կարգի հարազատ՝ ծնող, երեխա, քույր, եղբայր;
•Գենետիկա - մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի քաղցկեղով ախտորոշված հարազատ, գտնվում են ավելի բարձր ռիսկային խմբում;
•Ազգություն - ստամոքսի քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է սևամորթների, լատինամերիկացիների, ասիացիների մոտ; 
•Սննդակարգ - ստամոսքի քաղցկեղի հետ է կապված նաև աղով հարուստ սնունդ օգտագործելը։ Սա ներառում է հատկապես չորացված, ծխեցված, թթու դրած ուտելիքները, որոնք հարուստ են աղով։ Թարմ մրգերի և բանջարեղենի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել ռիսկը;
•Նախկինում տարած վիրահատությունները կամ այլ հիվանդություններ - մարդիկ, ովքեր ունեցել են ստամոքսի վիրահատություն, պերնիցիոզ անեմիա, աքլորհիդրիա, գտնվում են առավել բարձր ռիսկային խմբում։ Պերնիցիոզ անեմիան ծանր հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսն ի վիճակի չէ ներծծել B12 վիտամինը։ Աքլորհիդրիայի դեպքում ստամոքսահյութում բացակայում է աղաթթուն, որն անհրաժեշտ է սննդի մարսման համար;
•Մասնագիտական գործոններ - որոշակի փոշիների և գոլորշիների ազդեցությամբ կարող է մեծանալ ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը;
•Ծխախոտ և ալկոհոլ - ծխախոտի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը նույնպես կարող են մեծացնել ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը;
•Ճարպակալում - մարմնի ավելորդ քաշը տղամարդկանց մոտ մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ավելորդ քաշի ազդեցության կապը ստամոքսի քաղցկեղի հետ կանանց մոտ դեռևս պարզաբանված չէ։

Ախտանիշներ

Ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նշված ախտանիշները։ Երբեմն, ստամոքսի քաղցկեղ ունեցող անձանց մոտ արտահայտված չի լինում նշված ախտանիշներից ոչ մեկը։ 
Ստամոքսի քաղցկեղը սովորաբար չի հայտնաբերվում սկզբնական փուլում, քանի որ չունի բնորոշ ախտանիշներ։ Կարևոր է հիշել, որ ստորև նշված ախտանիշները կարող են առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ՝ ստամոքսի խոցի կամ վիրուսային հիվանդության դեպքում։
Այրոց, որովայնի շրջանում ցավ կամ անհանգստացնող զգացողություն;
Սրտխառնոց և փսխում, հատկապես ուտելուց անմիջապես հետո սննդի պինդ զանգվածի դուրս բերում փսխմամբ;
 Լուծ կամ փորկապություն;
Ուտելուց հետո ստամոքսում վքնածության զգացողություն;
Ախորժակի կորուստ;
Ուտելուց հետո սննդի կոկորդում մնալու զգացողություն։
Ստամոսքսի տարածված քաղցկեղի ախտանշան կարող են լինել՝
Թուլություն և հոգնածություն;
Արյան փսխում կամ արյան առկայություն կղանքի մեջ;
Քաշի անբացատրելի կորուստ։
Եթե ունեք որևէ անհանգստացնող զգացողություն, կապվե՛ք բժշկի հետ։ Բժիշկը կփորձի օգնել գտնելու դրա պատճառը։
Եթե ախտորոշվել է քաղցկեղ, ապա բուժման և խնամքի կարևոր մաս պետք է կազմի ախտանիշների մեղմացումը։ Սա կարող է կոչվել ախտանշանների կառավարում, պալիատիվ խնամք, օժանդակող խնամք։ 

Ախտորոշում

Քաղցկեղի հայտնաբերման համար բժիշկներն կատարում են մի շարք հետազոտություններ։ Նրանք նաև փորձում են կիրառել մեթոդներ՝ հասկանալու համար, արդյոք քաղցկեղը տարածվել է դեպի օգրանիզմի այլ հատվածներ։ Տարածման այս երևույթը կոչվում է մետաստազ։ 
Քաղցկեղների մեծ մասի համար բիոպսիան միակ հստակ ախտորոշման ճանապարհն է։ Բիոպսիայի ժամանակ բժիշկն օրգանից մի փոքր հյուսվածք է առանձնացնում և ենթարկում լաբորատոր զննման։ Բիոպսիայի անհնարինության դեպքում բժիշկը կարող է առաջարկել ախտորոշման այլ մեթոդներ։
Ստամոքսի քաղցկեղի ախտորոշման համար ուշադրություն է դարձվում հետևյալին։ Ներքևում նշված թեստերից բոլորը չէ, որ անհրաժեշտ են կիրառել միևնույն մարդուն ախտորոշելու համար։ Ձեր բժիշկն ախտորոշելու համար կարող է հաշվի առնել հետևյալ գործոնները․
Կասկածվող քաղցկեղի տեսակը;
Ձեր ախտանշանները;
Ձեր տարիքն ու առողջական վիճակը;
Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները։
Ի լրացումն վերը նշվածի, ստամոքսի քաղցկեղի ախտորոշման համար կարող են կիրառվել հետևյալ մեթոդները․
Բիոպսիա - բիոպսիան հյուսվածքի փոքր հատվածի առանձնացումն ու հետազոտումն է մանրադիտակի օգնությամբ։ Ախտորոշման բազմաթիվ մեթոդներ կարող են պատկերացում տալ քաղցկեղի առկայության մասին, սակայն հստակ ախտորոշում հնարավոր է միայն բիոպսիայի միջոցով։ 
Էնդոսկոպիկ հետազոտություն -էնդոսկոպիկ հետազոտությունը թույլ է տալիս բժշկին տեսնել մարմնի ներքին խոռոչները բարակ, ճկուն և ծայրին լապտեր ունեցող ձողի օգնությամբ, որը կոչվում է գաստրոսկոպ կամ էնդոսկոպ։ Ձողը մտցվում է բերանով, անց է կացվում կերակրափողի երկայնքով և հասցվում է ստամոքս։ Հիվանդին կարելի է տալ հանգստացնող դեղամիջոցներ՝ շարժումները և ռեֆլեքսները սահմանափակելու նպատակով։ Էնդոսկոպիկ հետազոտության միջոցով հնարավոր է հեռացնել հյուսվածքի կտոր և այն ենթարկել բիոպսիայի՝ քաղցկեղի նշաններ հայտնաբերելու նպատակով։
Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն - սա նման է էնդոսկոպիկ քննության, այն տարբերությամբ, որ գաստրոսկոպի ծայրին ամրացված է ուլտրաձայնային զոնդ։ Ուլտրաձայնը օգտագործում է ձայնային ալիքները՝ ներքին օրգանների պատկեր արտածելու համար։ Ստամոքսի պատի ՈՒՁ պատկերը հնարավորություն է տալիս բժշկին որոշելու թե որքան է տարածվել քաղցկեղը ստամոսքի և մոտակա ավշային հանգույցների երկայնքով, կամ դեպի այլ օրգաններ՝ լյարդ, մակերիկամներ։
Ռենտգեն քննություն - այս մեթոդը հնարավորություն է տալիս ճառագայթների փոքր ազդեցությամբ կառուցել մարմնի մասերի պատկերները։
Բարիումի կախույթով հետազոտություն - այդ դեպքում հիվանդը խմում է բարիում պարունակող հեղուկ և ուղարկվում ռենտգենյան ճառագայթներով հետազոտման։ Բարիումը պատում է կերակրափողը, ստամոքը, բարակ աղիները ներսից, և ավելի տեսանելի է դարձնում դրանք ռենտգենյան ճառագայթներով ուսումնասիրման համար։
Համակարգչային շերտագրություն(ՀՇ) - ՀՇ հետազոտության ընթացքում տարբեր անկյուններից ուղարկված ռենտգենյան ճառագայթների միջոցով ստեղծվում է մարմնի խոռոչի 3D պատկեր։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուռուցքի չափը։ Երբեմն պատկերներն ավելի տեսանելի դարձնելու համար հիվանդը նախապես ընդունում է կոնտրաստային նյութեր։
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) - այս մեթոդի ժամանակ ռենտգենյան ճառագայթների փոխարեն կիրառվում է մագնիսական դաշտ, որի շնորհիվ ձևավորում է հետազոտվող օրգանների պատկերները։ ՄՌՇ-ն կարող է օգտագործվել ուռուցքի չափը որոշելու համար։ Ինչպես նախորդ մեթոդի, այնպես էլ ՄՌՇ-ի ընթացքում ավելի հստակ պատկերներ ստանալու համար հիվանդին ներերակային եղանակով տրվում են կոնտրաստային նյութեր։
Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա - սա սովորաբար արվում է ՀՇ  հետ համատեղ, ինչը կոչվում է ՊԷՏ-ՀՇ քննություն։ Այդ դեպքում հիվանդն ընդունում է ռադիոակտիվ գլյուկոզա։ Այն ավելի լավ կլանվում է այն բջիջների կողմից, որոնք առավել շատ են էներգիա ծախսում։ Հետևաբար նաև այս բջիջները կլանում են ավելի շատ ռադիոակտիվ նյութ։ Քաղցկեղային բջիջները ակտիվորեն էներգիա են օգտագործում, կլանում են առավել շատ ռադիոակտիվ նյութ և սկանի ընթացքում սկաները առավել հստակ է ստանում այս նյութի բարձր խտություն ունեցող մարմնի հատվածի պատկերները։
Լապարոսկոպիա - լապարոսկոպիան փոքրածավալ վիրահատություն է, որի ընթացքում վիրաբույժը որովայնի խոռոչ է իջեցնում բարակ, ծայրին լամպ ունեցող ճկուն խողովակ՝ լապարոսկոպ։ Սա օգնում է հայտնաբերել, թե որքան է տարածվել քաղցկեղը որովայնի պատով կամ դեպի լյարդ։ Սա հաճախ հնարավոր չէ որոշել ՀՇ և ՊԷՏ սկանի միջոցով։ 
Ախտորոշիչ թեստերից հետո բժիշկը ստուգում է դրանց արդյունքները և քննարկում Ձեզ հետ։ Եթե ախտորոշվել է քաղցկեղ, ապա թեստերի արդյունքները թույլ կտան նկարագրելու այն (քաղցկեղի փուլի որոշում)։

Փուլեր

Քաղցկեղի փուլի որոշումը  պարզաբանում է քաղցկեղի տեղակայումը, տարածումը, ինչը բուժման մեթոդի ընտրության անքակտելի մասն է: Զարգացման փուլը պարզ է դառնում ախտորոշման մեթոդները կիրառելուց հետո միայն ։ Քաղցկեղի փուլի որոշումը հնարավորություն է տալիս բժշկին ընտրել բուժման լավագույն տարբերակը և նպաստել հիվանդի ապաքինմանը։
Քաղցկեղի տարբեր տեսակների համար գոյություն ունեն տարբեր փուլային նկարագրություններ։ Այս բաժնում նկարագրված է ադենոկարցինոման՝ ստամոսքի քաղցկեղի ամենատարածված տեսակը։ Փուլային նկարագրությունները ստամոսքի այլ քաղցկեղների համար (լիմֆոմա, սարկոմա, քաղցկեղանման ուռուցք) այլ են։

TNM դասակարգում

Այս դեպքում բժիշկները փորձում են գտնել հետևյալ հարցերի պատասխանները․
T (tumor, ուռուցք): Որքան խորն է տարածվել ուռուցքը ստամոքսի պատում։
N (node, ավշահանգույց)։ Արդյո՞ք ուռուցքը տարածվել է դեպի ավշահանգույցներ։ Եթե այո, ապա որտե՞ղ և քանի՞ ավշահանգույց է ախտահարվել։
M (metastasis, մետաստազ): Արդյո՞ք առկա են մետաստազներ, թե ոչ։ 
Այս հարցերի պատասխաններն ամփոփելով կազմում են յուրաքանչյուր անձի քաղցկեղի փուլը։ Կա 5 փուլ՝ 0 (զրո) և I-ից IV: 
T (Tumor, Ուռուցք)
TNM համակարգում “T” տառի և մեկ այլ տառի կամ թվի (0-ից 4) համակցության միջոցով արտահայտվում է ուռուցքի աճի մակարդակը։ Որոշ փուլեր բաժաված են ենթափուլերի, ինչը հնարավորություն է տալիս ուռուցքը նկարագրել առավել մանրամասնորեն։ 
TX: Առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել։
T0: Ուռուցքի գոյությունը հաստատելու համար բավարար հիմքեր չկան։
Tis: Այս փուլը նկարագրում է մի վիճակ, որը կոչվում է կարցինոմա in situ: Քաղցկեղը գտնվում է ստամոքսի արտաքին՝ էպիթելային շերտում միայն և չի տարածվել դեպի ստամոսքի պատի այլ շերտեր։
T1: Ուռուցքը ներառում է ստամոսքի սեփական թիթեղը, մկանային և ենթալորձային թիթեղները, որոնք ստամոսքի պատի ներքին թաղանթն են կազմում։
•T1a: Ուռուցքը ներառում է սեփական և մկանային թիթեղները։
•T2b։ Ուռուցքը ներառում է ենթալորձային թիթեղը։
T2: Ուռուցքը ներառում է ստամոքսի մկանային թաղանթը։
T3: Ուռուցքը ներառում է ստամոսքի բոլոր թաղանթները, բացի շճաթաղանթից, որը պատում է ստամոսքն արտաքինից։
T4: Ուռուցքըն ներառում է ստամոսքի բոլոր թաղանթները, ներառյալ շճաթաղանթը, և հարևան օրգանները։
•T4a: Ուռուցքը ներառում է շճաթաղանթը։
•T4b: Ուռուցքը տարածվել է դեպի հարևան օրգաններ։
N (Node, Ավշահանգույց)
Ավշահանգույցները փոքր, լոբաձև գոյացություններ են, որոնք օգնում են պայքարել օտարածին բջիջները դեմ։ Որովայնի խոռոչի ավշահանգույցները կոչվում են մոտակա (ռեգիոնար) ավշահանգույցներ, իսկ մարմնի այլ մասերում գտնվողները՝ հեռակա։ Քաղցկեղի ելքի կանխորոշման համար կարևոր է որոշել, թե քանի մոտակա ավշահանգույց է ախտահարված:
NX: Հնարավոր չէ գնահատել մոտակա ավշահանգույցների վիճակը։
N0: Մոտակա ավշահանգույցները ախտահարված չեն:
N1: 1-ից 2 մոտակա ավշահանգույցների ախտահարում:
N2: 3-ից 6 մոտակա ավշահանգույցների ախտահարում:
N3: 7 և ավելի տեղային ավշային հանգույցների ախտահարում:
•N3a: 7-ից 15 մոտակա ավշային հանգույցների ախտահարում:
•N3b: 16 և ավելի մոտակա ավշային հանգույցների ախտահարում:
M (Metastasis, Մետաստազ)
Սա ցույց է տալիս, թե արդյոք քաղցկեղը տարածվել է դեպի մարմնի այլ մասեր, թե ոչ։
MX: Հնարավոր չէ որոշել մետաստազի առկայությունը։
M0: Քաղցկեղը չի տարածվել դեպի մարմնի այլ մասեր։
M1: Քաղցկեղը տարածվել է դեպի մարմնի այլ մաս կամ մասեր։

Քաղցկեղի փուլի խմբավորում

Բժիշկները քաղցկեղի փուլը որոշում են, հաշվի առնելով T, N, M չափորոշիչները։
Փուլ 0։ Կոչվում է նաև կարցինոմա in situ: Քաղցկեղը գտնվում է միայն էպիթելի մակերեսին և չի ներառում ստամոսքի թաղանթները։ Սա քաղցկեղը վաղ փուլն է (Tis, N0, M0):
Փուլ IA: Քաղցկեղը ներառում է ստամոսքի ներքին թաղանթը, սակայն չի տարածվել դեպի որևէ օրգան կամ ավշային հանգույց (T1, N0, M0)
Փուլ IB: Ստամոքսի քաղցկեղը IB փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոսքի ներքին թաղանթը, տարածվել է դեպի 1-ից 2 ավշահանգույց, բայց դեպի օրգաններ տարածում չի գտել։շ;
Քաղցկեղը ներառում է ստամոսքի արտաքին մկանային շերտերը, չի տարածվել դեպի որևէ այլ օրգան կամ ավշահանգույց։
Փուլ IIA: Ստամոքսի քաղցկեղը IIA փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոքսի պատի ներքին շերտը, տարածվել է դեպի 3-ից 6 ավշահանգույց (T1, N2, M0);
Քաղցկեղը ներառում է արտաքին մկանային շերտերը, տարածվել է դեպի 1-ից 2 ավշահանգույց (T2, N1, M0);
Քաղցկեղը ներառում է մկանային բոլոր շերտերը, սակայն չի տարածվել դեպի ստամոսքի շճաթաղանթ, չի ախտահարել ավշահանգույցները կամ որևէ օրգան։
Փուլ IIB: Ստամոքսի քաղցկեղը IIB փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոսքի պատի ներքին շերտերը, տարածվել է դեպի 7-ից 15 ավշահանգույց, սակայն չի ախտահարել այլ օրգաններ (T1, N3a, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոսքի արտաքին մկանային շերտերը, տարածվել է դեպի 3-ից 6 ավշահանգույց, սակայն չի ախտահարել այլ օրգաններ (T2, N2, M0);
Քաղցկեղը ներառում է մկանային բոլոր շերտերը, չի ընդգրկել ստամոքսի շճաթաղանթը, տարածվել է դեպի 1-ից 2 ավշահանգույց (T3, N1, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոսքի բոլոր շերտերը, ընդգրկում է շճաթաղանթը, սակայն չի ախտահարել ավշահանգույցները կամ այլ օրգաններ։
Փուլ IIIA: Ստամոքսի քաղցկեղը IIIA փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոքսի արտաքին մկանային շերտերը, տարածվել է դեպի 7-ից 15 ավշահանգույց (T2, N3a, M0);
Քաղցկեցը ներառում է մկանային բոլոր շերտերը, չի ընդգրկում շճաթաղանթը, տարածվել է դեպի 3-ից 6 ավշահանգույց (T3, N2, M0);
Քաղցկեցը ներառում է մկանային բոլոր շերտերը, ընդգրկում է շճաթաղանթը, տարածվել է դեպի 1-ից 2 ավշային հանգույց (T4a, N1, M0);
Քաղցկեցը ներառում է մկանային բոլոր շերտերը, ընդգրկում է մոտակա օրգանները, սակայն չի տարածվել դեպի ավշահանգույցներ կամ մարմնի հեռակա հատվածներ։
Փուլ IIIB: Ստամոքսի քաղցկեղը IIIB փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոքսի պատի ներքին շերտը կամ մկանային արտաքին շերտը։ Տարածվել է դեպի 16 կամ ավելի ավշահանգույց, սակայն չի ախտահարել մարմնի ծայրամասային հատվածները (T1 կամ T2, N3b, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոքսի բոլոր շերտերը, չի ներառում շճաթաղանթը, տարածվել է դեպի 7-ից 15 ավշահանգույց, սակայն չի ախտահարել որևէ օրգան (T3, N3a, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոքսի բոլոր շերտերը, ընդգրկում է շճաթաղանթը, տարածվել է դեպի 7-ից 15 ավշահանգույց (T4a, N3a, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոքսի բոլոր շերտերը, ընդգրկում է մոտակա օրգանները։ Կարող է տարածված լինել դեպի 1-ից 6 ավշահանգույց (T4b, N1 կամ N2, M0)։
Փուլ IIIC: Ստամոքսի քաղցկեղը IIIC փուլում է գտնվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի դեպքում․
Քաղցկեղը ներառում է ստամոքսի բոլոր շերտերը, կարող է ներառել շճաթաղանթը։ Տարածվել է դեպի 16 կամ ավելի ավշահանգույց, սակայն չի ախտահարել մարմնի հեռակա հատվածները (T3 կամ T4a, N3b, M0);
Քաղցկեղը ներառում է ստամոքսի բոլոր շերտերը, ընդգրկում է մոտակա օրգանները։ Տարածվել  է դեպի 7 կամ ավելի ավշահանգույց (T4b, N3a կամ N3b, M0):
Փուլ IV: Ցանկացած չափսի քաղկեղային ախտահարում, որի պարագայում հիվանդությունը տարածված է ստամոքսի շրջանից դուրս՝ դեպի հեռակա օգաններ (ցանկացած T և N, M1):

Կրկնվող քաղցկեղ

Կրկնվող քաղցկեղն այն քաղցկեղն է, որը դարձյալ գլուխ է բարձրացրել բուժումից հետո։ Այն կարող է լինել տեղայնացված՝ տեղակայված լինել այնտեղ, որտեղից որ սկսվել էր բուժումից առաջ։ Կարող է նաև առաջ գալ որպես հեռակա մետաստազ, մարմնի այլ հատվածում։ Եթե քաղցկեղը կրկնվում է, ապա անհրաժեշտ է կրկին անց կացնել ախտորոշիչ միջոցառումներ, տարածման աստիճանը որոշելու համար։

Հիվանդության փուլավորման ճապոնական դասակարգումը

Ստամոքսի քաղցկեղը առավել հաճախ հանդիպում է Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում, Հարավային Ամերիկայում: Ճապոնիայում ավելի կիրառելի է դասակարգման այլ մեթոդ հիվանդության փուլավորման, որը հիմնված է թե ախտահարված ավշային հանգույցը ստամոքսի որ հատվածում է տեղակայված: Սա տարբերվում է ԱՄՆ-ում կիրառվող դասակարգումից, քանզի հաշվի է առնումախտահարված ավշային հանգույցների ոչ թե քանակը, այլ տեղակայումը:

Բուժման մոտեցումները

Այս բաժնում ներկայացված են մաշկի քաղցկեղի համար ստանդարտ հանդիսացող բուժման մեթոդները: Երբ մշակվում է բուժման պլան,դիտարկվում են նաև նորագույն կլինիկական փորձարկումների արդյունքները: Կլինիկական փորձարկումները հետազոտություններ են, որոնք պարզում են,թե արդյոք բուժման նոր մոտեցումները անվնաս են, ապահով և ավելի արդյունավետ ի համեմատ ստանդարտ բուժումների, թե՝ ոչ: Կլինիկական փորձարկումների ժամանակ կարող են դիտարկվել բուժման նոր մոտեցումները, նոր դեղորայքային միջոցները կամ համակցումները:

Բուժման ներածություն

Քաղցկեղի բուժման ընթացքում բուժման պլան կազմելու համար սովորաբար մի քանի բժիշկ-մասնագետներ աշխատում են համատեղ։ Սա կոչվում է բազմամասնագիտական (մուլտիդիսցիպլինար) թիմ, որը կարող է ներառել հետևյալ մասնագիտության բժիշկներին․
Գաստրոէնտերոլոգ՝ ստամոքսաղիքային ուղու մասնագետ;
Վիրաբույժ և վիրաբույժ-օնկոլոգ՝ բժիշկ, ում մասնագիտությունն է քաղցկեղի բուժումը վիրահատության միջոցով;
Բժիշկ օնկոլոգ՝ բժիշկ, ում մասնագիտությունն է քաղցկեղի բուժումը դեղորայքով;
Ճառագայթային օնկոլոգ՝ բժիշկ, ում մասնագիտությունն է քաղցկեղի բուժումը ճառագայթման միջոցով;
Պաթոլոգ;
Ռադիոլոգ՝ բժիշկ, ում մասնագիտությունն է հիվանդության ախտորոշումը՝ հիմնվելով ստուգման ժամամակ ստացված պատկերների վրա։
Քաղցկեղի խնամքի թիմերը ներառում են մի շարք այլ առողջապահական մասնագետներ, ինչպիսիք են բժիշկ-ասիստենտները, օնկոլոգիական բուժքույրերը, սոցիալական աշխատողները, դեղագործները, խորհրդատուները, սննդաբանները և այլոք:
Ստամոքսի քաղցկեղը կարող է բուժվել վիրահատության, ճառագայթային թերապիայի, քիմիոթերապիայի, թիրախային թերապիայի կամ իմունոթերապիայի միջոցով: Նշված բուժման մեթոդները նկարագրությունները բերված են ստորև։ Հաճախ կիրառվում է նշված բուժման մեթոդներից մի քանիսի համադրությունը։ Ստամոքսի քաղցկեղը դժվար է բուժել, քանի որ այն հիմնականում հայտնաբերվում է ուշ փուլերում։
Բուժման մեթոդների ընտրությունը կախված է մի քանի գործոններից՝ քաղցկեղի տեսակից և փուլից, հնարավոր կողմնակի ազդեցություններից, հիվանդի նախապատվություններից, ընդհանուր առողջական վիճակից։ Քաղցկեղի խնամքի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև ախտանիշների և կողմնակի ազդեցությունների դեմ պայքարը։ 

Վիրահատություն

Վիրահատության ժամանակ հեռացվում է ուռուցքը և մոտակա առողջ հյուսվածքի մի մասը։ Վիրահատության տեսակը կախված է քաղցկեղի փուլից։
Վաղ փուլերում (փուլ 0 կամ I), երբ քաղցկեղը դեռևս միայն ստամոքսում է, վիրահատության միջոցով հեռացվում է ստամոքսի հատված, որն ընդգրկում է ուռուցքը և մոտակա ավշահանգույցները։ Սա կոչվում է սուբտոտալ կամ մասնակի գաստրէկտոմիա։ Ստամոսքի մնացած մասը միացվում է կերակրափողին կամ բարակ աղուն։
Եթե քաղցկեղը տարածվել է դեպի ստամոսքի արտաքին պատ, անկախ ավշահանգույցների ախտահարվածության աստիճանից, նշանակվում է վիրահատություն և քիմիաթերապիա, կամ ճառագայթային բուժում և քիմիաթերապիա։ Վիրաբույժը կատարում է մասնակի կամ լրիվ ստամոքսահատում։ Վերջին դեպքում կերակրափողը կարվում է անմիջապես բարակ աղուն։
Գաստրէկտոմիան (ստամոքսահատում) կարող է առաջ բերել ծանր կողմնակի ազդեցություններ։ Վիրահատությունից հետո հիվանդը ունակ կլինի ընդունել սնունդը միայն փոքր չափաբաժիններով։ Ուտելուց հետո հաճախ առաջ են գալիս ցավեր, գլխապտույտ, լուծ։ Սրա պատճառը սննդի չափազանց արագ անցումն է դեպի բարակ աղիներ։ Այս տհաճ զգացողություններից զերծ մնալու համար բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ։ Այս զգացողությունները սովորաբար քչանում կամ անհետանում են մի քանի ամիս անց, սակայն որոշ մարդկանց մոտ կարող են լինել մնայուն։ Ստամոքսի հեռացումից հետո անհրաժեշտ է լինում նաև վիտամին B12-ի պարբերական ներարկումներ կատարել, որովհետև ստամոքսի բացակայության պայմաններում այս վիտամինի ներծծում չի կատարվում։ 
Մոտակա ավշահանգույցները հաճախ հեռացվում են (լիմֆադենէկտոմիա) վիրահատության ընթացքում, որովհետև հնարավոր է, որ քաղցկեղն արդեն տարածված լինի դեպի այդ հանգույցներ։ 
IV փուլի դեպքում խարհուրդ չի տրվում կատարել վիրահատություն։ 

Ճառագայթային բուժում

Ճառագայթային բուժման ընթացքում ոչնչացվում են քաղցկեղային բջիջները՝ օգտագործելով բարձր էներգիայի իոնացնող ճառագայթներ կամ այլ մասնիկներ։ Ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ՝ ուռուցքի չափերը փոքրացնելու համար, և վիրահատությունից հետո՝ մնացորդային քաղցկեղային բջիջները վերացնելու համար։
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հոգնածություն, մաշկային որոշ ռեակցիաներ, ստամոքսի գործունեության թեթև խանգարում, լուծ։ Կողմնակի ազդեցությունների մեծ մասն անհետանում է բուժումից հետո։ 

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան դեղորամիջոցների օգտագործմամբ քաղցկեղային բջիջների ոչնչացումն է՝ սովորաբար վերջիններիս աճը և բաժանումը ընկճելու միջոցով։ Քիմիոթերապիան նշանակվում է բժիշկ-ուռուցքաբանի կողմից։
Համակարգային քիմիոթերապիայի դեպքում դեղորայքը արյան հոսքով տարածվում է օրգանիզմում՝ հասնելով քաղցկեղային բջիջներին։ Դեղորայքները օրգանիզմ կարող են  ներմուծվել ներերակային ճանապարհով կամ հաբերի տեսքով՝ կլման միջոցով: Քիմիոթերապիայի ժամանակացույցն ընդգրկում է հստակ քանակով ցիկլեր որոշակի ժամանակահատվածում։ Հիվանդին կարող է տրվել մեկ տեսակի դեղամիջոց, կամ մի քանի դեղամիջոցների համադրում։
Քիմիոթերապիայի նպատակ կարող է լինել վիրահատությունից հետո մնացորդային քաղցկեղային բջիջների վերացումը, ուռուցքի աճի դանդաղեցումը կամ քաղցկեղի ախտանիշների մեղմացումը։ Կարող է կիրառվել քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման համադրությունը։ Դեռևս որևէ ստանդարտացած քիմիոթերապևտիկ բուժման ռեժիմ գոյություն չունի։ Այնուամենայնիվ, ստամոքսի քաղցկեղի դեպքում կիրառվում է առնվազն երկու դեղամիջոցների համադրում․
Cisplatin (Platinol)
Fluorouracil (5-FU, Adrucil)
Կիրառվող այլ դեղամիջոցներ են․
Capecitabine (Xeloda)
Docetaxel (Docefrez, Taxotere)
Epirubicin (Ellence)
Irinotecan (Camptosar)
Oxaliplatin (Eloxatin)
Paclitaxel (Taxol)
Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են այն ընդունող անհատից և չափաբաժնից։ Կողմնակի ազդեցություններն են  հոգնածություն, գլխապտույտ, սրտխառնոց, ինֆեկցիոն հիվանդություններով վարակում, մազերի կորուստ, ախորժակի կորուստ, լուծ։ Այս կողմնակի ազդեցությունները սովորաբար վերանում են բուժման ավարտից հետո։ 

Թիրախային թերապիա

Թիրախային թերապիայի դեղամիջոցները ընտրողաբար ազդում են քաղցկեղային բջիջների յուրահատուկ գեների, սպիտակուցների կամ հյուսվածքի միջավայրի վրա, որոնք նպաստում են այդ բջիջների աճին ու բազմացմանը։ Այս բուժումը կանխում է քաղցկեղային բջիջների աճը՝ սահմանափակելով առողջ բջիջներին հասցվող վնասը։ 
Լավագույն բուժումը գտնելու համար բժիշկը կատարում է բազմաթիվ հետազոտություններ՝ գտնելու համար գեները, սպիտակուցները և այլ գործոններ, որոնք նպաստում են ուռուցքի աճին։
•HER2-թիրախային թերապիա։ Որոշ քաղցկեղներ կարող են արտադրել չափազանց մեծ քանակներով մարդու էպիդերմալ աճի գործոնի ընկալիչ 2 (human epidermal growth factor receptor 2 (HER2): Այս տիպի քաղցկեղը կոչվում է HER2-դրական քաղցկեղ։ Ուշ փուլի HER2-դրական ստամոքսի քաղցկեղի բուժման նպատակով կարող է կիրառվել Trastuzumab (Herceptin) դեղորայքը՝ ի հավելում  քիմիաթերապիային։
•Հակաանգիոգենեզային թերապիա։ Սրա նպատակը անգիոգենեզը (արյան անոթների գոյացումը) կանխելն է։ Ուռուցքի բջիջներին անհրաժեշտ սննդանյութերը հասցվում են արյան անոթների միջոցով, ուստի այս բուժման տեսակի նպատակը անոթների աճը կանխելով քաղցկեղային բջիջներին սննդանյութերից զրկելն է։ 

Իմունոթերապիա 

Իմունոթերապիայի նպատակն օրգանիզմի բնական պաշտպանական ուժերի խթանումն է քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Իմունոթերապիայի ընթացքում օգտագործվում են օրգանիզմում կամ լաբորատոր պայմաններում ստացված նյութեր, որպեսզի վերականգնեն և խթանեն իմուն համակարգի գործառույթը։

Ախտանիշների և կողմնակի ազդեցությունների վերացում

Քաղցկեղը և իր բուժումը հաճախ հանգեցնում են կողմնակի ազդեցությունների։ Քաղցկեցային բջիջների աճի կանխմանը կամ դանդացեցմանն ուղղված միջոցառումների հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հիվանդի մոտ ախտանիշների և կողմնակի ազդեցությունների վերացումը։ Այս մոտեցումը կոչվում է պալիատիվ խնամք և ներառում է հիվանդի ֆիզիկական, հուզական և սոցիալական կարիքների հաղթահարումը։
Պալիատիվ կոչվում է ցանկացած տեսակի խնամք, որի նպատակն է ախտանիշների մեղմացումը, կյանքի որակի բարձրացումը, հիվանդին և նրա ընտանիքին աջակցումը։ Պալիատիվ խնամք կարող է ստանալ ցանկացած անձ, անկախ տարիքից, քաղցկեղի տեսակից և փուլից։ Հաճախ մարդիկ միաժամանակ ստանում են և բուժումը, և պալիատիվ խնամքը։ 

Մետաստատիկ ստամոքսի քաղցկեղ

Եթե քաղցկեղը տարածվել է իր առաջացման տեղից դեպի մարմնի այլ մաս, այն կոչվում է մետաստատիկ (Փուլ IV)։ Այս փուլում սովորաբար բուժման նպատակը հիվանդի կյանքի երկարացումն է և ախտանիշների մեղմացումը, քանի որ մետաստատիկ ստամոքսի քաղցկեղը բուժման ենթակա չէ։ Ցանկացած բուժման եղանակ (քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա) այս դեպքում հանդիսանում է պալիատիվ խնամքի տեսակ։ Վիրահատական միջամտություն այս դեպքում հսովորաբար չի կիրառվում, առավել հաճախ կիրառվում է քիմիոթերապիան։ 

Ախտադադար և առողջացում

Ախտադադարը (ռեմիսիան) քաղցկեղի և իր ախտանիշների վերացումն է օրգանիզմում։ Այսինքն՝ չկան հիվանդության որևէ նշաններ (no evidence of disease կամ NED):
Ախտադադարը կարող է լինել ժամանակավոր և մշտական։ Այս անորոշությունը շատերի մոտ առաջացնում է վախ, որ քացղկեղը կարող է կրկնվել։ 
Հիվանդության կրկնողությունը կարող է լինել ի սկզբանե ախտահարման տեղում (տեղային կրկնողություն), շրջակա հատվածներում (մոտակա կրկնողություն) կամ այլ հատվաշներում (հեռակա կրկնողություն): 

Եթե բուժումը չի օգնում

Քաղցկեղից վերականգնումը ոչ միշտ է հնարավոր։ Եթե քաղցկեղը բուժել կամ կառավարել հնարավոր չէ, այն կոչվում է սահմանային (տերմինալ): Այս ախտորոշումը սթրեսային է, և շատերի համար դժվար է քաղցկեղի մասին քննարկումը։ Սակայն կարևոր է անկեղծ և ազատ խոսակցությունը բժշկի հետ, հույզերի արտահայտումը։ Առողջապահական թիմի փորձառու մասնագետները միշտ պատրաստ են աջակցություն ցուցաբերել հիվանդներին և նրանց ընտանիքներին։ Հիանդները, ովքեր ունեն ստամոսքի քաղցկեղի տարածված տեսակ և սպասելի կյանքի տևողությունը 6 ամսից պակաս է, կարող են օգտվել հոսպիսային խնամքից, որը պալիատիվ խնամքի տեսակ է։ Հոսպիսային խնամքը հիվանդներին տրամադրում է կյանքի հնարավորինս բարձր որակ։ 

Կլինիկական փորձարկումներ

Բժիշկները և գիտնականները մշտապես փնտրում են քաղցկեղի բուժման առավել արդյունավետ եղանակներ։ Գիտական առաջընթաց գրանցելու համար բժիշկները կազմակերպում են հետազոտություններ, որոնց մասնակցում են կամավորներ՝ փորձարկվող անձիք։ 
Բազմաթիվ այսպիսի հետազոտություններ կենտրոնանում են բուժման նոր միջոցների հայտնաբերման և փորձարկման վրա։ Հետազոտողները փորձում են պարզել՝ արդյո՞ք բուժման նոր եղանակն ավելի ապահով և արդյունավետ է քան բուժման ստանդարտ մոտեցումները։ Հիվանդներն ովքեր մասնակցում են այսպիսի փորձարկումներին կարող են լինել առաջիններից, որ կստանան բուժումը նախքան վերջինիս հանրությանը հասանելի լինելը։ Սակայն չի բացառվում նաև հակառակը՝ նոր դեղամիջոցի ոչ արդյունավետ լինելը և կողմնակի ազդեցությունների զարգացումը։ 

Մասնակցություն կլինիկական փորձարկումներին

Հիվանդները կարող են որոշել մասնակցել կլինիկական փորձարկումներին բազմաթիվ պատճառներով։ Որոշների համար սա հնարավոր միակ բուժման եղանակն է, և հիվանդները հաճախ գիտակցելով ձախողման հավանականությունը, դիմում են այս քայլին։ Ոմանք մասնակցում են այսպիսի գիտափորձերի՝ հասկանալով սրանց կարևորությունը և ցանկանալով օգնել գիտական առաջընթացին։ Եթե նույնիսկ նրանք որևէ օգուտ չստանան գիտափորձի արդյունքում, նրանց մասնակցությունը կարող է կարևոր լինել հետագայում ստամոքսի քաղցկեղ ունեցողների բուժման համար։ 
Երբեմն մարդիկ կարող են անհանգստանալ, մտածելով, որ բուժման փոխարեն կլինիկական փորձարկումների ընթացքում նրանց տալիս են “քաղցր հաբ”՝ պլացեբո։ Պլացեբոն սովորաբար համակցվում է ստանդարտ բուժման հետ կլինիկական փորձարկումների մեծ մասի ժամանակ:

Հիվանդի անվտանգությունը և իրազեկված համաձայնություն

Կլինիկական փորձարկման մասնակցելուց առաջ հիվանդը պետք է մասնակցի մի գործընթացի, որը կոչվում է տեղեկացված համաձայնություն։ Վերջինիս ընթացքում բժիշկը պարտավոր է․
Նկարագրել բոլոր հնարավոր բուժման եղանակները, բացատրել դրանց տարբերությունը բուժման հիմնական եղանակից;
Բուժման նոր մեթոդի հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերը;
Բացատրել ինչ պետք է անի յուրաքանչյուր հիվանդ, օրինակ՝ քանի անգամ պետք է այցելի բժշկի, բուժման ժամանակացույցը և այլն։
Հիվանդներն, ովքեր մասնակցում են կլինիկական փորձարկումների, կարող են դադարեցնել իրենց մասնակցությունը ցանկացած պահի, ցանկացած անձնական կամ բուժական պատճառից ելնելով։ 

Նորագույն հետազոտությունները

Ներկայումս բժիշկները աշխատում են ստամոքսի քաղցկեղի բուժման, կանխարգելման նոր մոտեցումների, որակյալ բժշկական ծառայությունների մատուցման վրա: Դա հնարավոր է դառնում կլինիկական փորձարկումների միջոցով:
Քեմոկանխարգելում - քեմոկանխարգելումը դեղամիջողների կամ սննդանյութերի օգտագործմամբ քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու պրոցես է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաբիոտիկներով H. pylori-ի վերացումը կարող է կանխել ստամոքսի բջիջների քաղցկեղածին փոփոխությունները։
Համակցված թերապիա - քիմիոթերապիայի, ճառագայթային բուժման, վիրահատության և այլնի համակցությունը կարող է նվազեցնել քաղցկեղի կրկնման հավանականությունը։ Բժիշկները վիրահատությունից առաջ և հետո կարող են կիրառել ճառագայթային թերապիայի և քիմիոթերապիայի համակցությունը։
Նոր քիմիոթերապևտիկ բուժում - մի քանի քիմիոթերապևտիկ միջոցների համակցումն ավելի արդյունավետ է, քան միայն մեկ դեղորայքի կիրառումը։ 
Ուռուցքի մոլեկուլյար հետազոտություն - հետազոտողները փնտրում են գենետիկ փոփոխություններ ուռուցքային բջիջներում, որպեսզի հայտնաբերեն սպեցիֆիկ գեներ, սպիտակուցներ և այլ գործոններ, որոնք հատուկ են քաղցկեղային բջիջներին։ Նմանատիպ գենետիկ փոփոխություն ունեցող հիվանդները կարող են մասնակցել կլինիկական փորձարկումների միևնույն խմբի կազմում։ 
Իմունոթերապիա - ուռուցքը կարող է օգտագործել CTLA4 և/կամ PD-1 ուղիները՝ օրգանիզմի իմուն համակարգից թաքնվելու համար։ Իմունոթերապիաները, որոնք կանխում են այս ուղիների աշխատանքը, օգնում են իմուն համակարգին հայտնաբերել քաղցկեղային բջիջներին։
Պալիատիվ խնամք - պալիատիվ խնամքն ուղղված է ախտանիշների մեղմելուն, կողմնակի ազդեցությունների վերացմանը, հիվանդների կյանքի որակի բարձրացմանը։

Բուժման կողմնակի երևույթների հաղթահարում

Ցանկացաժ բուժում կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ և փոխել հիվանդի ինքնազգացողությունը։ Նույն հիվանդության համար նույնպիսի եղանակով բուժվող անձանց մոտ հնարավոր են տարբեր կողմնակի ազդեցությունների դրսևորումներ։ Սա դժվարեցնում է կանխագուշակել, թե ինչպես կզգա իրեն տվյալ հիվանդը բուժման ընթացքում։
Հետևաբար կողմնակի երևույթների կանխարգելումը և վերացումը բուժման կարևոր մասն է կազմում: Դա իրականանալի է դառնում շնորհիվ պալիատիվ խնամքի: Քաղկեղի բուժման ընթացքում հնարավոր է տարբեր մարդկանց մոտ տարբեր կողմնակի երևույթների ի հայտ գալը: Հետևաբար,այդ կողմնակի երևույթների հստակ կանխատեսումը խրթին և բարդ հարց է: Կողմնակի երևույթները կախված են մի շարք գործոններից՝ քաղցկեղի փուլից, բուժման տեսակից, ուղեկցող հիվանդություններից:
Նախքան բուժումը սկսելն անհրաժեշտ է զրուցել բազմապրոֆիլ թիմի հետ բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ազդեցությունները և նրանց բուժման մոտեցումները: Ընտանիքի անդամների և ընկերների դերը հիվանդի խնամքի գործում նույպես շատ մեծ է: Հատկանշական է, որ հիվանդների մոտ կարող են առաջանալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ՝ հոգեբանական և սոցիալական բնույթի կողմնակի ազդեցություններ: Պացիենտների և նրանց ընտանիքների անդամաների քննարկումները բազմապրոֆիլ թիմի հետ խրախուսվում են: Քննարկվում են իրենց հուզող բոլոր հարցերը, ներառյալ՝ քաղցկեղով հիվանդի խնամքի արժեքը:

Քաղցկեղով հիվանդ հարազատի խնամք

Քաղցկեղով հիվանդի ընտանիքի անդամները և ընկերները կարևոր դեր են խաղում նրա խնամքի և բուժման հարցում։ Սա կոչվում է խնամակալություն։ Խնամակալները կարող են տրամադրել ֆիզիկական, պրակտիկ, էմոցիոնալ օգնություն, նույնիսկ եթե նրանք ապրում են մեկ այլ երկրում։
Խնամակալները կարող են ունենալ մի շարք պատասխանատվություններ․
Խնամք և քաջալերում;
Դեղորայքի տրամադրում;
Օգնություն ախտանիշերի և կողմնակի ազդեցությունների կանխման հարցում;
Բժշկական տեսակցությունների կոորդինացիա;
Հիվանդին տանել տեսակցությունների;
Օգնել սննդի ընտրության հետ կապված հարցերում;
Օգնել տնային առօրյա գործերում։

Կողմնակի ազդեցությունների քննարկում առողջապահության թիմի հետ

Մինչ բուժումը սկսելը, քննարկեք հետևյալ հարցերը բժշկի հետ․
Ո՞ր կողմնակի ազդեցությունների դրսևորումներն են ավելի հավանական;
Ե՞րբ է դրանց դրսևորումն առավել հավանական;
Ի՞նչ կարող ենք անել դրանք կանխելու կամ մեղմացնելու համար։
Քննարկումը պետք է ընդգրկի քաղցկեղի ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական ազդեցությունները։

Դիսպանսեր հսկողություն

Քաղցկեղով հիվանդների խնամքը չի սահմանափակվում միայն բուժմամբ: Բուժաշխատողների թիմը բուժումից հետո շարունակում է ընդհանուր առողջական վիճակի մոնիտորինգը, ստուգումները, կողմնակի ազդեցությունների դեպքում, դրանց բուժումը: Այս միջոցառումների համալիրը անվանում են դիսպանսեր հսկողություն: Այն ներառում է կանոնավոր բժշկական  զննումները  և հետազոտությունները՝ հսկելու համար վերականգնման գործընթացը: Մաշկի քաղցկեղի դեպքում կարևոր է ողջ մարմնի մանրամասն զննումը, քանզի հնարավոր է քաղցկեղի առաջացում մարմնի մեկ այլ հատվածում:

Հիվանդության կրկնողության դիտարկում

Դիսպանսեր հսկողության նպատակներից մեկը  քաղցկեղի կրկնման հայտնաբրումն է։ Քաղցկեղը կրկնվում է բուժումից հետո մնացած քաղցկեղային բջիջների պատճառով։ Ժամանակի ընթացքում այս բջիջները կարող են բազմանալ և այնքան շատանալ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերելի լինել, կամ պատճառ հանդիսանալ ախտանիշների ի հայտ գալուն։ Ապաքինվելուց հետո Ձեր բժշկական պատմությանը ծանոթ բժիշկը կարող է սպեցիֆիկ հարցեր տալ Ձեր առողջության մասին, տեղեկացնել քաղցկեղի կրկնման հավանականության մեծության մասին։

Ապրելիություն

«Ապրելիություն» բառը կարող է տարբեր իմաստներ արտահայտել։ Տարածված բացատրություններից են․
Բուժումն ավարտելուց հետո քաղցկեղի ախտանիշների բացակայություն;
Ապրելու գործընթացը անկախ քաղցկեղի առկայությունից:
Վերապրողները կարող են ունենալ տարբեր տեսակի զգացողություններ՝ ուրախություն, թեթևություն, անհանգստություն, վախ։ Շատերն ասում են, որ ավելի են գնահատում կյանքը քաղցկեղի ախտորոշումից հետո։ Ոմանք ավելի են սկսում անհանգստանալ իրենց առողջության և առօրյա կյանքի մասին։
Յուրաքանչյուր վերապրած ունի իր անձնական խնդիրները և մարտահրավերները, որոնց լուծման գործում առաջին քայլը վախերի գիտակցումն է: Էֆեկտիվ հաղթահարման համար անհրաժեշտ է.
• Հասկանալ Ձեր առջև կանգնած խնդիրը;
• Մտածել խնդրի փորլույծումների մասին;
• Օգնություն խնդրել և թույլ տալ ուրիշներին օգնել:
Շատ վերապրածներ օգտակար են համարում աջակցության խմբակների հաճախումը: Սա թույլ է տալիս կիսվել նմանատիպ կյանքի փորձ ունեցող մարդկանց հետ: Աջակցություն կարելի է գտնել նաև  խոսելով ձեր ընկերների կամ բուժանձնակազմի անդամների հետ:

Խնամակալների դերի փոփոխություն

Խնամակալը շատ կարևոր դեր է խաղում քաղցկեղով ախտորոշված հիվանդի աջակցության հարցում՝ ապահովելով ամենօրյա կամ անհրաժեշտության դեպքում ֆիզիկական,  հոգեբանական, պրակտիկ խնամք: Շատ խնամակալներ կենտրոնացած են այս աջակցության իրականացմանն վրա, հատկապես եթե բուժումը տևում է ամիսներ կամ ավելի երկար: Այնուամենայնիվ, երբ բուժումն ավարտվում է, խնամակալների դերը հաճախ փոխվում է: Նրանց կարիքը գնալով նվազում է և, ի վերջո, դադարում է:

Առողջության նոր հեռանկարեր

Շատ մարդկանց համար ապրելիությունը հզոր մոտիվացիայի գործոն է հանդիսանում կյանքում դրական փոփոխություններ անելու համար:
Ստամոքսի քաղցկեղը վերապրած մարդկանց խորհուրդ է տրվում սահմանված կարգով հետևել իրենց առողջությանը․ ծխախոտից և ալկոհոլից խուսափում, առողջ սննդի ընդունում, սթրեսի կառավարում։ Պարբերական ֆիզիկական աշխատանքը կարող է օգնել ամրապնդելու առողջությունը։ Ի հավելումն վերոնշյալի՝ խորհուրդ է տրվում բժշկական զննումների և հետազոտությունների անցկացումը: 

Հարցեր, որոնք պետք է տալ ախտորոշումից հետո․

Ի՞նչ է իմ ախտորոշումը;
Ո՞ր փուլում է քաղցկեղը;
Կարո՞ղ եք ինձ համար պարզաբանել, բացատրել իմ հետազոտության արդյունքները։

Հարցեր, որոնք պետք է տալ բուժման ընտրության և կողմնակի ազդեցություններից խուսափելու մասին

Ինչպիսի՞ բուժման տարբերակներ են առկա;
Ի՞նչ կլինիկական փորձարկումների կարող եմ մասնակցություն ունենալ:Ինչպես տեղեկանալ նրանց մասին;
Բուժման ի՞նչ ծրագիր եք ինձ առաջարկում;
Ո՞րն է բուժման նպատակը՝ քաղցկեղի բուժում, իմ ինքնազգացողության լավացում, թե՞ երկուսը միասին;
Ովքե՞ր են իմ առողջապահական թիմի կազմում։ Ի՞նչ է անելու նրանցից յուրաքանչյուրը;
Ո՞վ է ղեկավարելու իմ բուժման բուն ընթացքը;
Որո՞ք են այս բուժման մոտակա և հեռակա կողմնակի ազդեցությունները;
Ինչպե՞ս կանդրադառնա այս բուժումն իմ առօրյա կյանքին։ Կկարողանա՞մ ես աշխատել, վարժություններ անել, ապրել սովորական կյանքով։ Պե՞տք է արդյոք փոփոխել սննդի հանդեպ ունեցած նախընտրություններս;
Արդյո՞ք բուժումը կազդի իմ սեռական կյանքի վրա: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ:
• Արդյո՞ք բուժումը կազդի հղիանալու կամ երեխաներ ունենալու վրա:Եթե այո , ապա արդյո՞ք պետք է խոսեմ ռեպրոդուկտոլոգի հետ նախքան բուժումը սկսելը;
• Բուժման արժեքի վերաբերյալ ու՞մ հետ կարող եմ խորհրդակցել;
Ինչպիսի՞ ծառայություններ են հատկացվելու ինձ և ընտանիքիս;
Ո՞ւմ զանգահարել հարցերի և խնդիրների դեպքում։

Հարցեր, որոնք պետք է տալ նախքան վիրահատությունը

Ի՞նչ տեսակի վիրահատություն է ինձ սպասվում։ Արդյո՞ք հեռացվելու են ավշահագույցները;
Որքա՞ն կտևի վիրահատությունը;
Որքա՞ն ժամանակ պետք է մնամ ես հիվանդանոցում;
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպիսին կլինի իմ վերականգնման ընթացքը վիրահատությունից հետո;
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա վիրահատությունը իմ ընդհանուր վիճակի վրա։

Հարցեր, որոնք պետք է տալ նախքան ճառագայթային թերապիան, քիմիոթերապիան, թիրախային թերապիան, իմունոթերապիան․

Բուժման ո՞ր եղանակն է խորհուրդ տրվում;
Ո՞րն է բուժման նպատակը;
Որքա՞ն կտևի բուժումը;
Ի՞նչ տեսակի կողմնակի ազդեցություններ կարող եմ սպասել բուժման ընթացքում;
Որո՞նք են հնարավոր հեռակա բարդությունները;
Ի՞նչպես կարելի է կանխել այդ կողմնակի ազդեցությունները։

Հարցեր, որոնք պետք է տալ հետագա խնամքի պլանավորման ժամանակ․

Ո՞րն է քաղցկեղի ռեցիդիվի ռիսկը, կա՞ն այդ դեպքում որևէ ախտանշաններ: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռեցիդիվի զարգացման ռիսկը;
Ինչպի՞սի երկարատև և հեռակա բարդությունների զարգացում է իմ դեպքում հնարավոր;
Հետագա ինչպիսի՞ ստուգումներ են անհրաժեշտ և ի՞նչ հաճախականությամբ;
Ինչպե՞ս ձեռք բերել բուժման ամփոփումը և խնամքի պլանը ու պահել ինձ մոտ;
Ո՞վ է զբաղվելու իմ դիսպանսեր հսկողությամբ;
Ի՞նչ խնամքի ծառայություններ են ինձ և իմ ընտանիքի համար հասանելի։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

 Թարգմանվել և ադապտացվել է Հովհաննես Մանուկյանի կողմից: