Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձի քաղցկեղ

 

Բժիշկները կիրառում են բազմաթիվ հետազոտություններ` քաղցկեղն ախտորոշելու և մարմնի այլ մասեր նրա տարածվածությունը (մետաստազների առկայությունը) պարզելու համար: Որոշ հետազոտություններ կարող են նաև պարզել, թե հատկապես որ բուժումն է առավել արդյունավետ:

Քաղցկեղի տարատեսակների մեծ մասի դեպքում բիոպսիան քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ ճանապարհն է: Բիոպսիայի իրականացման անհնարինության դեպքում բժիշկը կարող է առաջարկել այլ հետազոտություններ, որոնք կօգնեն ախտորոշմանը, թեև նման իրավիճակներ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում հազվադեպ են պատահում: Օրինակ, բիոպսիա չի կարող իրականացվել, երբ հիվանդն ունի որևէ առողջական խնդիր, որի պարագայում այն հակացուցված է: Քաղցկեղի տարածվածությունը պարզելու համար կիրառվում են ոսկրերի ռադիոիզոտոպային հետազոտություն, համակարգչային շերտագրում և այլն:

 

Բժիշկն ախտորոշիչ հետազոտությունն ընտրելիս, պետք է հաշվի առնի հետևյալ գործոնները.

տարիքը և առողջական վիճակը,

քաղցկեղի ենթադրվող տեսակը,

նախանշաններն ու ախտանիշները,

նախորդ հետազոտության տվյալները

Նախնական հետազոտություններ

Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշելու համար, բացի ֆիզիկական զննումից, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հետազոտությունները. 

ՊՍԱ թեստ: ՊՍԱ-ն շագանակագեղձի հյուսվածքի կողմից արտադրվող սպիտակուցի տեսակ է, որը բարձր մակարդակով հայտնաբերվում է տղամարդկանց արյան մեջ: Թվերը կարող են բարձրանալ, եթե շագանակագեղձում առկա է ոչ նորմալ ակտիվություն, ներառյալ` շագանակագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի բարորակ գերաճը, կամ շագանակագեղձի բորբոքումը: Բիոպսիայի իրականացման անհրաժեշտությունը որոշելու նպատակով բժիշկը պետք է ուսումնասիրի ՊՍԱ առանձնահատկությունները, ինչպիսիք են նրա բացարձակ արժեքը, ժամանակի ընթացքում փոփոխությունները և կապը շագանակագեղձի չափերի հետ: Բացի այդ, ՊՍԱ թեստը բժշկին հնարավորություն է տալիս չափել հատուկ բաղադրիչը, որը հայտնի է որպես «ազատ» ՊՍԱ և երբեմն կարող է օգնել պարզելու ուռուցքի չարորակ լինելը:

Ուղիղ աղիքային մատնային հետազոտություն: Այս մեթոդը բժիշկը կիրառում է շագանակագեղձի ոչ նորմալ մասերը հայտնաբերելու նպատակով՝ զգալով դրանք մատների միջոցով: Այս եղանակն այնքան էլ ճշգրիտ չէ, այդ պատճառով շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեծ մասը վաղ շրջանում ունենում է նորմալ ուղիղ աղիքային մատնային հետազոտության տվյալներ:

Ախտորոշման հաստատում

Եթե ՊՍԱ կամ ուղիղ աղիքային մատնային հետազոտության տվյալները նորմայից շեղված են, քաղցկեղի ախտորոշումը հաստատելու համար կօգնեն հետևյալ թեստերը. 

PCA3 թեստ: Շագանակագեղձի քաղցկեղի գեն 3 (PCA3) հետազոտությունը գենի վրա հիմնված թեստ է, որն իրականացվում է մեզի նմուշում: Ի տարբերություն ՊՍԱ-ի, PCA3-ը հայտնաբերվում է միայն շագանակագեղձի քաղցկեղային բջիջներում: Կիրառելով մեզի հետազոտություն՝ բժիշկը կարող է պարզել օրգանիզմում այս գենի առկայությունը: Այս թեստը չի փոխարինում ՊՍԱ-ին, այլ իրականացվում է ՊՍԱ-ի հետ՝ շագանակագեղձի բիոպսիայի իրականացման անհրաժեշտությունը պարզելու նպատակով:

Տրանսռեկտալ ԳՁՀ: Բժիշկը տվիչը տեղադրում է ուղիղ աղիքի մեջ, որտեղից ստանում է շագանակագեղձի պատկերը՝ շագանակագեղձից անդրադարձած ձայնային ալիքների շնորհիվ: Սովորաբար տրանսռեկտալ ՈւՁՀ-ն իրականացվում է այն ժամանակ, երբ կատարվում է նաև բիոպսիա:

Բիոպսիա: Բիոպսիան դա hյուսվածքից փոքր կտորների հեռացումն է՝ մանրադիտակի տակ ուսումնասիրելու նպատակով: Այլ հետազոտություններով կարելի է միայն կասկածել քաղցկեղի առկայության մասին, սակայն վերջնական ախտորոշումը հաստատում է հատկապես բիոպսիան: Ախտաբանական հետազոտության նպատակով նմուշ վերցնելու համար վիրաբույժը հիմնականում օգտագործում է տրանսռեկտալ ՈւՁՀ՝ բիոպսիայի գործիքով վերցնելով շագանակագեղձի հյուսվածքից շատ փոքր կտորներ: Նման միջամտությունն իրականացվում է կլինիկայում` ամբուլատոր: Հիվանդին նախապես կատարվում է տեղային անզգայացում` տվյալ շրջանը ցավազրկելու նպատակով, և, սովորաբար, գործողությունից առաջ տրվում են հակաբիոտիկներ՝ վարակը կանխարգելելու համար:

ՄՌՏ-բիոպսիա: Այս հետազոտության ժամանակ ՄՌՏ-ն համակցվում է տրանսռեկտալ ՈւՁՀ-ի հետ: Հիվանդին սկզբում կատարվում է ՄՌՏ` շագանակագեղձի կասկածելի շրջանը որոշելու նպատակով, այնուհետև` շագանակագեղձի ՈւՁՀ: Համակարգչային ծրագիրը համակցում է այս պատկերները՝ ստեղծելով 3D նկարներ, որոնք օգնում են որոշելու բիոպսիայի ենթակա հատվածի ճշգրիտ տեղակայումը: Թեև այն չի կարող վերացնել կրկնվող բիոպսիաների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, ՄՌՏ-բիոպսիան առավել հստակ է որոշում քաղցկեղային ախտահարմամբ հավանական հատվածները, քան` մյուս եղանակները:

Պարզել՝ արդյո՞ք քաղցկեղը տարածվել է (մետաստազների առկայությունը):

Շագանակագեղձից դուրս քաղցկեղի տարածումը (մետաստազները) պարզելու համար բժիշկը կարող է իրականացնել ստորև թվարկված մեթոդները: Բժիշկը կարող է մետաստազների ռիսկը որոշել՝ հիմնվելով ՊՍԱ մակարդակի, ուռուցքի տարբերակման աստիճանի և այլ գործոնների վրա: 

Ոսկրերի սցինտիգրաֆիա: Ոսկրերի սցինտիգրաֆիայի ժամանակ կիրառվում է ռադիոակտիվ իզոտոպ՝ ոսկրերը ներսից դիտելու համար: Իզոտոպը հիվանդին ներարկվում է ներերակային: Այն տեղակայվում է ոսկրերի շրջանում և հայտնաբերվում հատուկ տեսախցիկի միջոցով: Առողջ ոսկրերը խցիկում մոխրագույն են երևում, իսկ վնասված հատվածները՝ նաև քաղցկեղով պայմանավորված, ավելի մուգ երանգ ունեն:

Համակարգչային տոմոգրաֆիա (CT կամ CAT) սքանավորում: ՀՏ սքանավորման ժամանակ ռենտգեն-սարքի միջոցով ստեղծվում են մարմնի ներքին մասերի եռաչափ պատկերները: Ապա համակարգիչը մանրամասն համակցում է այս պատկերները լայնական կտրվածքներով՝ հայտնաբերելով շեղումները կամ նորագոյացությունները: ՀՏ սքանավորումը կարող է կիրառվել նաև ուռուցքի չափերը որոշելու համար: Երբեմն նախքան սքանավորումը ներմուծվում է հատուկ ներկանյութ, որը կոչվում է կոնտրաստ նյութ՝ առավել մանրամասն պատկեր ստանալու համար: Այս ներկանյութը կարող է ներարկվել ներերակային կամ տրվել հեղուկի ձևով՝ խմելու համար:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): ՄՌՏ-ն մարմնի մանրամասն պատկերներ ստանալու համար կիրառում է ոչ ռենտգենյան մագնիսական դաշտեր: ՄՌՏ-ն կարող է կիրառվել նաև ուռուցքի չափերը որոշելու համար: Առավել մաքուր պատկերներ ստանալու համար սքանավորումից առաջ տրվում է կոնտրաստ նյութ` ներերակային կամ ներքին ընդունման:

Իրականացված ախտորոշիչ հետազոտություններից հետո բժիշկը հիվանդի հետ միասին քննարկում է արդյունքները, ընդ որում, քաղցկեղի ախտորոշման դեպքում արդյունքներն օգնում են բժշկին նաև նկարագրել քաղցկեղը:

Շարունակելի...

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է բժիշկ-ուռուցքաբան՝ Արթուր Ավետիսյանի կողմից: