Սիգմայաձև աղիքի ադենոկարցինոմա

Սիգմայաձև աղիքի ադենոկարցինոմա

Վազգեն Թորոսյան, ծնվ. 1983թ, ախտորոշում՝ սիգմայաձև աղիքի ադենոկարցենոմա, II փուլ, 2012թ․

Որպես քաղցկեղ հաղթահարած մարդ, մի քանի անգամ խոստացել էի գրել դրա մասին, բայց անընդհատ հետաձգում էի։ Վերջերս ինձ ասացին, որ հունիսի առաջին կիրակին քաղցկեղը հաղթահարած մարդկանց օրն է։ Այս տարի ծնունդս էլ է այդ օրը, ու քանի որ մի քիչ խորհրդանշական է, որոշեցի վերջապես խոստումս կատարել։

Այս գրառումը տեղ է գտնելու թեմատիկ խմբերում, դրա համար ուզում եմ բոլորին ասել, որ քաղցկեղի ախտորոշումը դեռ դատավճիռ չէ։ Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման։ Մարդը դրանից հետո ապրում է այնքան, ինչքան կապրեր, եթե բախված չլիներ այդ միանշանակ բարդ, բայց հաղթահարելի պրոբլեմի հետ։ Իհարկե ամեն ինչ կախված է ախտորոշման ժամանակից ու քաղցկեղի տեսակից։ Բայց ժամանակակից բժշկությունը այն չէ, ինչ 20-30 տարի առաջ, որտեղից գալիս են մեր պատկերացումները ու վախերը։ Նույնիսկ եթե մարդուն ուշ ու բարդ փուլում են ախտորոշել, հուսահատվել երբեք պետք չէ։ Հույս միշտ կա։

Մի քիչ բուժման մասին։ Քաղցկեղը սոդայով, ռեհանի թուրմով, թթխմորով, սիսեռով, նույնիսկ խունկով ու սխտորով բուժել ՉԻ ՍՏԱՑՎԻ։ Քաղցկեղը բուժում է բժիշկը ու ինչքան շուտ են դիմում բժշկի` այդքան վերջնական բուժման շանսերը մոտենում են 100 տոկոսի։ Այո, հետազոտությունները բարդ են, այո դեղերը համով չեն, այո բուժումը դժվար է, այո քիմիաթերապիան ծանր է, բայց հաջողության ճանապարհը միշտ դժվար է։ Իսկ տարատեսակ անուշահոտ դարչինն ու անվնաս սոդան ոչինչ չեն տալու, բացի թանկարժեք ժամանակի կորուստից, որը հիմնական ճակատագրական սխալն է դառնում։ Դրա համար միշտ ու արագ պետք է դիմել բժշկի։ Ոչ խոտաբույսերի, ոչ ասեղնաբուժության, ոչ սիսեռաբուժության, այլ իսկական բժշկական կրթություն ստացած, լիցենզավորված բժշկի։

Ուզում եմ ասել, որ ադեկվատ բժիշկն ու ժամանակին դիմելը լավ բան է, բայց առանց լավ տրամադրության, առանց պացիենտի քաջության ոչինչ չի ստացվի։ Իսկ լավ տրամադրությունն ու քաջությունը հարազատներն ու ընկերներն են տալիս։ Ես սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ կլիներ, եթե այդ օրերին մենակ մնայի։ Իմ ընկերների, գործընկերների, հարազատների ու կնոջ սատարումը ուղիղ այնքան էր օգնում հաղթահարել քաղցկեղը, ինչքան որ վիրահատությունն ու քիմիաթերապիան։ Ես կյանքիս չափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց, որոնք սարի պես կանգնեցին մեջքիս, կնոջս, որ ձեռքիցս բռնած տարավ հետազոտությունների։ Օգնության եկան բոլորը, նրանք, ումից սպասում էի, ու նրանք, ումից չէի սպասում։ Ես հասկացա, որ լավ ու վատ մարդիկ չկան, բոլորը լավն են։

Իսկ ամենամեծ հույսը տալիս էին մարդիկ, որոնք տարիներ առաջ բախվել էին քաղցկեղի հետ ու հաղթահարել այն։ Ես որոնում էի նման մարդկանց պատմություններ, կարդում ու գոտեպնդվում։ Եթե իրենց մոտ ստացվել է, իմ մոտ էլ կստացվի, մտածում էի ես ու մտքում խոստանում, որ տարիներ անց ես էլ կգրեմ իմ պատմությունը։ Ես կհաղթեմ, ես կապրեմ, ես մարդկանց կպատմեմ ու հույս կտամ։ Ու հիմա 8 տարի անց, ես առողջ եմ, ես ապրում եմ, մենք այդ ընթացքում երկրորդ երեխան ունեցանք, որն այս ամիս 7 տարեկան է դառնում։ Ես կատարում եմ իմ խոստումը, կիսվում եմ իմ պատմությամբ ու առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ։ Դուք կհաղթեք, որովհետև դա հաղթահարելի խոչընդոտ է։ Դուք կհաղթեք, որովհետև ձեր ընկերները ձեզ մենակ չեն թողնելու, իսկ իմ նմանների պատմությունները թող շատանան։ Դուք հաղթելու եք ու տարիներ անց գրեք դրա մասին, որպեսզի մյուսներին հույս տաք։

Նյութը տրամադրել է Հենարան Հիմնադրամը