Ձվարանի ադենոկարցինոմա

Ձվարանի ադենոկարցինոմա

Մանիկ Դեր-Կրիկորյան, ծնված 1978թ, ախտորոշում՝ ձվարանի ադենոկարցենոմա, lll փուլ, 2013թ.

- Ես Մանիկն եմ, 42 տարեկան: Այսօր ուզում եմ ներկայացնել իմ պատմությունը` քաղցկեղի իմ ուղին… Ինչպես բոլոր հիվանդների մոտ, ինձ մոտ ևս այն հայտնվեց շատ անսպասելի:

2013թ. ապրիլն էր, հղիության 5-րդ ամսում ինձ մոտ ախտորոշվեց ձվարանի բազմախոռոչանի կիստա, որից հետո՝ հղիության բարդ ընթացք: Հուլիսի 4-ին շատ բարձր զարկերակային ճնշման և մեզում սպիտակուցների բարձր քանակի պատճառով ինձ կատարեցին կեսարյան հատում: Կեսարյան հատման ժամանակ հեռացվեց ձվարանս, կույրաղու ելունը և կատարվեց մեծ ճարպոնի ռեզեկցիա:

Վիրահատությունից հետո բժիշկը, ով իմ մորեղբայրն էր, ներկայացրեց կասկածները և ասաց, որ հյուսվածաբանական հետազոտության պատասխանից կախված՝ հնարավոր է 2-րդ վիրահատություն՝ արգանդի հեռացում:

Այդ օրը շատ անտարբեր ընդունեցի՝ հույս ունենալով, որ սովորական կիստա է եղել, ինչպես 2010թ. առաջին հղիության ժամանակ, երբ 18 շաբաթական հղիության ընթացքում հեռացրեցին աջ ձվարանս և Աստծո կամոք ծնվեց առաջնեկս: Իսկ անտարբերությանս պատճառը հրաշք աղջիկս էր՝ Արփին, որը ծնվել էր առողջ, բայց թեթև քաշով: Տասնհինգ օր երջանիկ վայելում էի փոքրիկիս, շատ արագ քաշ հավաքեց, օր-օրի մեծանում էր:

Եկավ չարաբաստիկ օրը: Ամբողջ օրն անհանգիստ էի, զանգում էի բժշկիս, եղբորիցս անալիզի պատասխանն էի ուզում, ինչ-որ բան կանխազգում էի: Վերջապես տուն եկավ ամուսինս, գրկեց ինձ և ասաց, որ ինչ էլ որ ասի, պետք է հանգիստ ընդունեմ: Ասաց, որ գնալու ենք Ուռուցքաբանության ազգային կենտրոն հետագա բուժումը շարունակելու համար: Այդ պահին, կարծես, երկինքը փուլ եկավ գլխիս: Գոռում եմ, լացում եմ, ուզում եմ կարդալ եզրակացությունը: Այդ ժամանակ ասաց, որ կգնանք բժշկի մոտ՝ ինքը կներկայացնի: Եղբորս, ամուսնուս միալար հարցնում էի՝ ով է պահելու իմ բալիկներին՝ մեկը 2․5 տարեկան, մյուսն էլ ընդամենը 15 օրական:

Հաջորդ օրը գնացինք ՈւԱԿ: Բժիշկը սկզբում թեթև ներկայացրեց, որ նախաքաղցկեղային փուլում է (երևի եղբայրս նախապես զգուշացրել էր), պետք է կատարենք երկրորդ վիրահատությունը, որից հետո՝ սիստեմաներ: Ես անմիջապես հարցրեցի՝ դա քիմիաթերապիա՞ է, բժիշկը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց: Ամեն ինչ պարզ էր: Բոլոր երազանքներս կապված բալիկիս խնամքի հետ հօդս էին ցնդում, չէ՞ որ ամբողջ հղիության ընթացքում ծրագրել էի ավելի շատ ժամանակ անցկացնել բալիկիս հետ:

Հետագա 10-15 օրերն ամենադժվարն էին, ամենասարսափելին, ամենասևը: Փորձում էի մարսել այս ամենը, օրս անցնում էր ՈւԱԿ-ում՝ հետազոտությունների հերթերում, տհաճ հետազոտություններ անցնելով և այլն և այլն: Վերջապես վիրահատվեցի: Հիվանդանոցում ամբողջ օրը մտածում էի, որ մեղքիս համար է Աստված ինձ պատժում, փորձում էի փնտրել, փնտրել…. ու բան չէի գտնում:

Եկավ հաջորդ դժվար փուլը՝ քիմիաթերապիա: Շատ ուրախ եմ, որ որոշ մարդկանց խորհրդով հանդիպեցի բանիմաց բժշկի: Շատ դժվար էր, բայց ես էի արդեն բարեկամներիս ուժ տալիս, որ ոչինչ, ինչ անենք, դժվար է, համարենք ես էլ բալիկների նման 21 օրը մեկ գնում եմ պատվաստման: Տհաճ երևույթներից մեկը, ինչպես շատ կանանց մոտ, ինձ մոտ ևս մազաթափությունն էր, որին բժիշկն ասաց՝ այս ամենի մեջ դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում:

Չորս ամիսը շատ երկար էր ինձ համար, բալիկիս մայրիկս էր պահում, գիշերն ինքն էր խնամում: Չնայած հանգիստ օրերին, երբ ինձ լավ էի զգում, ամեն ինչ ես էի անում, չէի ուզում, որ ընտանիքիս անադամները, ընկերներս տանջվեին, չէ՞ որ ինձ շատ են սիրում: Ես ինձ փորձում էի հիվանդ չհամարել: Աստծո կամոք որոշ դժվարություններով անցա 6 կուրս քիմիաթերապիա: Բուժման ընթացքում միայն լավ բաների մասին էի մտածում: Ամուսինս շատ էր ինձ ուժ տալիս, ով ողջ ընթացքում ինձ չէր վերաբերվում որպես հիվանդի, անընդհատ կրկնում էր, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ես երազում էի մեր նոր տան մասին, բալիկիս տարեդարձի և մկրտության մասին, երազում էի, որ մեր նոր տանը նշենք բալիկիս առաջին տարեդարձը: Իմ երազանքը կատարվեց․ Արփիի տարեդարձին մենք արդեն ունեինք նոր բնակարան: Կարծես, ամեն ինչ մնաց անցյալում: 2014թ-ից ես առողջ էի, ես լիարժեք ապրում էի, ամեն ինչ շատ լավ էր: Երեք տարին անհավատալի կերպով արագ անցան: Ես չէի էլ հիշում իմ հիվանդության մասին, չնայած պարբերաբար գնում էի ստուգումների:

Եվ ահա 3 տարուց, երբ ամեն ինչ թվում էր անցյալում է մնացել, նորից չարաբաստիկ քաղցկեղը հայտնվեց: Թվում էր, թե այս անգամ ավելի հեշտ կընդունեմ, բայց այդպես չէր: Նորից հարց` ո՞վ է մեծացնելու իմ բալիկներին, ինչու՞ ես չեմ վայելելու այն ամենը, ինչ ունեմ:

Նորից անելանելի վիճակ, մի շաբաթ տանջվելուց, բոլորին հրաժեշտի նամակ գրելուց, բալիկներիս`դպրոց գնալու, ավարտելու, ամուսնանալու առթիվ, ամուսնուս` որ գտնի այնպիսի կին, որին կսիրի ու նորից ընտանիքը լիարժեք կլինի: Չէի կարողանում բալիկներիս աչքերին նայել, ինձ մեղավոր էի համարում, որ խաթարելու եմ իրենց երջանիկ մանկությունը: Նորից Աստծուն հարց էի տալիս՝ ո՞րն է իմ մեղքը, որ ինձ տանջում է:

Եվս մի քանի օր այդպես անցավ և սկսեցի ուժերս հավաքել` այլ կերպ մտածել: Ամուսինս, բալիկներս, մայրս, եղբայրներս, ընկերներս՝ ինչու՞ պետք է տանջվեն ինձ հետ: Ես ապրելու եմ, ապրելու եմ այնպես, ինչպես ապրել եմ մինչև այժմ: Ոչ մի բան չի խանգարելու մեր առօրյա կյանքին: Ես նույն կերպ անելու եմ այն ամենը, ինչ անում էի մինչև այժմ և կանեմ այնքան ժամանակ, ինչքան ապրում եմ: Չէ՞ որ ոչ ոք չգիտի իր ճակատագիրը, բոլորս մահից նույն հեռավորության վրա ենք, իսկ քանի կամ՝ ուրեմն կապրեմ:

Տղաս՝ Խաժակը շատ ծանր է տանում, որ ես քիմիաթերապիայից ինձ թույլ եմ զգում, մազերս նորից թափվել են, բայց ասում եմ, որ շատ շուտով ամեն ինչ կանցնի: Աղջիկս ասում է՝ մամա, դու հիմա պապա ես դարձել, բայց շուտով մազերդ կգա ու էլի մամա կդառնաս, չէ՞:

Երեք կուրս քիմիաթերապիայից հետո՝ նորից վիրահատություն: Վիրահատության գնալիս երեխաներիս չասացի, որ պետք է վիրահատվեմ, այլ գնում եմ գործուղման: Վիրահատության 7րդ օրը տղայիս հանդեսն էր՝ նվիրված մայրերի տոնին: Ես ուժերի գերլարումով գնացի հանդեսին: Աչքերը փայլում էին ուրախությունից: Ուսուցիչն ասում էր, որ փորձերին անընդհատ հուզվում էր, մտածում էի՝ կհուզվի նաև հանդեսին, սակայն երկուսս էլ ուժեղ գտնվեցինք:

Հիմա ես շարունակում եմ քիմիաթերապիան, դժվար եմ տանում, սակայն ամեն անգամ մտքումս կրկնում եմ՝ ոչ ոք, բացի ինձնից, չի տանջվելու, ես եմ իմ խաչը տանելու: Եվ քանի դեռ կամ՝ ընտանիքիս երջանկացնելու եմ, չէ՞ որ իրենց շնորհիվ է, որ ես ապրելու հույս ունեմ:

2017թ-ին, ստանալով 6 կուրս քիմիաթերապիա, կարծես, իմ թշնամին նահանջեց: Օնկոմարկերներս կարգավորվեցին, գոյացությունները չկային, բայց այս ամենը տևեց ընդամենն ամիսներ: 2018թ-ից մինչ օրս ստանում եմ տարբեր բուժումներ` իմունաթերապիա, քիմիաթերապիա:

Դժվար է ամեն ինչ, բայց հավատացեք՝ ապրելու համար պետք է պայքարել: Երբեք պետք չէ հանձնվել, ամեն ինչ անցողիկ է: Սրտխառնոց, թուլություն, մազաթափություն՝ այդ ամենը կանցնի, պարզապես պետք է հավատալ: Հավատն է, որ ուժ է տալիս պայքարել և հաղթող դուրս գալ այս ամենից...ես հաղթել եմ...

Նյութը տրամադրել է Հենարան Հիմնադրամը