Կրծքագեղձի բազմաօջախային միկրոինվազիվ ծորանային կարցինոմա

Կրծքագեղձի բազմաօջախային միկրոինվազիվ ծորանային կարցինոմա

Հռիփսիմե --------------, ծնվ․ 1975թ, ախտորոշում՝ կրծքագեղձի բազմօջախային միկրոինվազիվ ծորանային կարցինոմա, I փուլ, 2015թ․

40 տարեկան էի, ֆիզիոլոգիապես և հոգեպես նախապատրաստվում էի հղիանալ և երեխա ունենալ։ Հետազոտվելու անհրաժեշտություն առաջացավ՝ պտուկից արտադրության պատճառով։ Արտադրությունը նորություն չէր, արդեն երկու տարի այն ուղեկցում էր ինձ որպես ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիայի հետևանք։ Ժամանակին հնարավորինս մանրամասն հետազոտվել էի, բուժում ստացել, բժիշկները հանգստացնում էին, թե վտանգավոր բան չկա։ Բայց այս անգամ արտադրության գույնը սովորականից տարբերվում էր, և բջջաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվեց ներծորանային պապիլոմա, որը, թեև բարորակ գոյացություն է, տարբեր բժիշկների խորհրդով պետք է հեռացվեր վիրահատական միջամտությամբ։ Կանխատեսումները չափազանց դրական էին, վիրահատությունն էլ շատ պարզ, որը հաջող ընթացք ունեցավ։

Բայց երկու շաբաթ անց` 2015թ. հոկտեմբերի 21-ին կյանքս գլխիվայր շուռ եկավ, երբ բժշկի սենյակում բախվեցի անհերքելի և դառն իրականությանը. բջջաբանական հետազոտությամբ ծորանների ներսում հայտնաբերվել էին քաղցկեղային բջիջներ, որոնք արդեն ծորաններից դուրս էին տարածվել։

Հազարավոր այլ մարդկանց նման հրաժարվում էի ընդունել քաղցկեղ ունենալու փաստը։ Այլոց նման կարծում էի, թե ինձ հետ նման բան չէր կարող պատահել։ Ինքս ինձ հարցնում էի «Ինչո՞ւ։ Աստվա՛ծ իմ, ո՞ր մեղքիս համար։ Ինչո՞ւ հենց ես։» Մի փոքր հանգստացա, երբ փորձեցի այդ հարցերին պատասխան գտնել։ Ինչո՞ւ հենց ե՛ս։ Իսկ ո՞վ։ Հայրս, մայրս, քույրս, եղբայրս, ամուսինս ... ո՞վ լիներ իմ փոխարեն։ Միթե՞ իմ հոգու և մտքի ցավը կնվազեր, եթե իմանայի, որ ոչ թե ես, այլ իմ հարազատներից մեկն է դարձել այդ չարիքի գերին։ Իհարկե ո՛չ, նույնիսկ հակառակը։

Մեկ այլ հանգամանք ևս որոշ չափով օգնեց ինձ սթափվել և հավաքվել. ես քաջ գիտակցում էի, որ աշխարհի տարբեր անկյուններում քաղցկեղով ծանր հիվանդ հազարավոր մարդիկ երազում են հայտնվել իմ կարգավիճակում՝ վաղ հայտնաբերված քաղցկեղ, որի բուժելիության հավանականությունը բավականին բարձր է։ Եթե, ըստ հայ բժիշկների, անհապաղ հեռացվի ամբողջ կրծքագեղձը, քանի որ ուռուցքը նորագոյացության կամ առանձին գնդիկի տեսքով չէր, այլ քաղցկեղային բջիջների խմբավորման, և հայտնի չէր, թե որքան են արդեն հասցրել տարածվել այդ քաղցկեղային բջիջները։ Այդ դեպքում միանշանակ ստանալու էի հորմոնալ թերապիա, հավանական էր ճառագայթային բուժում ստանալու անհրաժեշտությունը, իսկ քիմիաթերապիան՝ ցածր հավանականությամբ։

Հայ բժիշկները, կարծես, այլընտրանք չէին տեսնում։ Ես կրկին չէի ընդունում այս խնդրի լուծման միակ հնարավոր տարբերակը՝ կրծքագեղձի ամբողջական հեռացում։ Այս ամենին արդեն վերաբերվում էի որպես լուրջ խնդիր, այո՛, խնդի՛ր, որը լուծում է պահանջում, այլ ոչ թե ողբերգություն, որ ձեռքերդ ծալես, նստես ու լացես։

Այդ ժամանակահատվածում հերթական այցով Երևան էր ժամանելու հայտնի գերմանացի պրոֆեսոր, որն ինձ զննելուց հետո առաջարկեց իր տարբերակը՝ վիրահատական միջամտությամբ հեռացնել կրծքագեղձի առանձին հատվածները միայն՝ քաղցկեղային բջիջների զանգվածով և եզակի ցրված կալցիֆիկատներով, անցնել քիմիաթերապիա և ճառագայթում; եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ այդ ամենը չի օգնել, ապա հեռացնել կրծքագեղձն ամբողջությամբ և կրկին քիմիաթերապիա ու ճառագայթում ստանալ։ Բայց ոչ ոք չի կարող ասել, թե այդ ժամանակ քաղցկեղային բջիջներն արդեն որքան տարածված կլինեն օրգանիզմում։ Բացի այդ, հստակ չէր, թե եզակի ցրված կալցիֆիկատներն ինչպես կարելի էր հեռացնել, լիներ դա Հայաստանում, թե՝ Գերմանիայում։

Այժմ ունեի խնդրի լուծման երկու տարբերակ, բայց ոչ մեկն ինձ չէր գոհացնում, քանի որ յուրաքանչյուրն ազդելու էր իմ կյանքի որակի, արտաքին տեսքի, ընդհանուր առողջական ու հոգեկան վիճակի վրա։ Խնդրի լուծումը գտա, երբ վերլուծեցի երկու տարբերակները և համեմատեցի դրանց առավելություններն ու թերությունները՝ ֆինանսական, ժամկետային, հոգեկան վիճակի տեսանկյունից։ Բայց ամենակարևոր հանգամանքն էր առողջացման երաշխիքը և հիվանդության կրկնվելու ցածր հավանականությունը։ Չէի ցանկանում հետագա տարիներն ապրել անդադար վախի, տագնապի ու կասկածի մթնոլորտում, թեև կպահպանեի կրծքագեղձս; ուստի ընտրեցի կրծքագեղձի ամբողջական հեռացման տարբերակը։ Այսինքն, որքան էլ տարօրինակ թվա, ընտրեցի հայ բժիշկների, այլ ոչ թե գերմանացի պրոֆեսորի առաջարկած տարբերակը։

Նախավիրահատական տվյալներով հնարավոր էր կրծքագեղձի հեռացման հետ միաժամանակ իրականացնել պլաստիկ վիրահատություն, եթե բժիշկների դրական կանխատեսումներն իրականանային։ Բարեբախտաբար, ավշային հանգույցներն ախտահարված չէին, և իսկապես վիճակս թույլ էր տալիս, որ միաժամանակ վերականգնողական վիրահատություն կատարվի, որի արդյունքում սիլիկոնե իմպլանտով շատ գեղեցիկ ու բնական տեսք ունեցող կուրծք ստացվեց։ Իսկ պտուկը վերականգնվեց վեց ամիս անց՝ տեղային անզգայացմամբ պարզ ու կարճատև վիրահատության միջոցով։ Քիմիաթերապիայի և ճառագայթման կարիք իսկապես չառաջացավ, միայն հորմոնալ թերապիա նշանակվեց։ Այսօր՝ գրեթե հինգ տարի անց, բոլոր անհրաժեշտ հետազոտությունների արդյունքներով ես համարվում եմ ապաքինված պացիենտ, քաղցկեղը հաղթահարած մի կին, ով ապրում է լիարժեք ու բնականոն կյանքով, առանց վախի։

Քանի որ բժշկին դիմել էի մեկ այլ խնդրի կապակցությամբ, կարելի է ասել, որ իմ դեպքում ախտորոշումը պատահական է տեղի ունեցել, որի արդյունքում հիվանդությունը վաղ շրջանում է հայտնաբերվել, ինչն ամենակարևոր գործոններից մեկն է բուժելիության տեսանկյունից։ Իսկ վաղ շրջանում հայտնաբերելու համար հարկավոր է կանոնավոր կերպով այցելել բժշկին և անցնել անհրաժեշտ հետազոտություններ։ Հասկանալի է, որ այդ ամենը ժամանակ ու դրամ է խլում։ Մենք շատ պատրաստակամորեն ժամանակն ու դրամը ծախսում ենք՝ սերիալներ դիտելով, ծնունդ-կնունք-հարսանիք գնալով, զուգվել-զարդարվելով, շպարվելով ու հարդարվելով, բայց ուշադրություն և ժամանակ չենք հատկացնում մեր սեփական առողջությանը։ Պետք չէ «դանակը ոսկորին հասցնել»։ Դրանով մենք վատ օրինակ ենք ծառայում մեր երեխաներին, կորցնում ենք չափազանց թանկարժեք ժամանակը և խլում ենք ինքներս մեզ մեր կյանքից, ընտանիքից, հարազատներից ու մտերիմներից։

Նյութը տրամադրել է Հենարան Հիմնադրամը