Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

23-ամյա Նարեկի մոտ 2014թ․-ին ախտորոշվել էր քաղցկեղ։ Նա խոստովանեց, որ մինչ այդ շատ բան չի իմացել օստեոսարկոմայի և, առհասարակ,  քաղցկեղի մասին։

- Մտածում էի քաղցկեղը վերջն է, անբուժելի է։ Բայց չգիտեի, թե ինչ ասել է քաղցկեղ ու չգիտեի, որ կա լուծում։ Չնայած գիտակից տարիքիս՝ ախտորոշումն իմանալուց հետո որոշ ժամանակ դեռ չէի կարողանում հավատալ դրան։ Սկզբում հիվանդանոցում ոչ մեկի հետ չէի շփվում։ Բժշկուհիս՝ Լուսինե Սլավիկովնան, ամեն կերպ փորձում էր ինձ այդ վիճակից հանել, գալիս էր ու խոսում հետս տարբեր թեմաներից։ Այդ վիճակը ինձ մոտ տևեց մոտ մեկ ամիս։ Հետո հասկացա, որ պետք է ավելի լավատես լինել։ Անձնակազմի վերաբերմունքը նպաստեց դրան։ Բժշկուհիս ծնողի նման հոգում էր իմ մասին։ Հիշում եմ, մի անգամ էլ Ս․ Դանիելյանը մոտեցավ ինձ ասաց․ «Նարեկ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ թափահարենք ու դու բուժվես։ Բուժմանդ 50%-ը քեզանից է կախված, 50%-ը մեզանից»։ Ես հիմա կասեմ, որ 50 և մի բան էլ ավել տոկոսն է կախված պացիենտից ու իր վերաբերմունքից։ 

Ծանր շրջան էր, բայց հիշողություններս միայն դրական են։ Հիվանդանոցում մնացել եմ 1 տարի և 3 ամիս։ Այդ ընթացքում շատ քիչ եմ եղել տանը։ Հիվանդացում բոլորս իրար հարազատ էինք դարձել, մի ընտանիքի պես։ Մենք չէինք կենտրոնանում այն բանի վրա, թե որտեղ ենք։ Խոհանոցում հաց ուտելիս առանձին սեղանների մոտ չէինք նստում։ Բոլորս մի ընտանիքի նման միասին էինք նստում։ Ստեղծված մթնոլորտի ու բժիշկների շնորհիվ կարողացա լցվել հույսով, հավատով ու պայքարել։ Պետք է նշեմ նաև մյուս բժշկիս՝ Գալուստ Գալստյանին, ումից նույնպես անչափ շնորհակալ եմ՝ բուժելուց բացի նաև հոգեպես աջակցելու համար։

Հիշում եմ,  պետք է գնայի տուն Նոր տարվա կապակցությամբ, դեկտեմբերի 30-ին էլ ծնունդս է։ Բժշկուհին ասաց, որ մնամ ու նշեմ հիվանդանոցում։ Բաժանմունքում ինձանից բացի մի քանի հիվանդներ էլ կային։  Մտածում էի՝ ինչ կարելի է անել, որ ուրախ անցնի։ Խաղասենյակում դինամիկներ կային, բերեցի բաժանմունք։ Երաժշտություն միացրեցի, սկսեցինք պարել։ Կողքի բաժանմունքից գալիս էին ու ասում, որ ամենածանր բաժանմունքում Նոր տարին ամենաուրախն են դիմավորում։ Շատ է տպավորվել այդ օրը։ Ու հիմա էլ հիշելիս մտածում եմ՝ ինչ լավ է, որ հիվանդանոցում մնացի։

Կան մարդիկ, ովքեր լինելով ոչ ինֆորմացված կամ շրջապատի սխալ կարծիքով տպավորված մտածում են, որ քաղցկեղն անբուժելի է։ Ինքս շատ եմ լսել այդպիսի խոսակցություններ, բայց ուշադրություն չեմ դարձրել։ Ինձ մոտ ավելի շատ տպավորվել է «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» արտահայտությունը։ 

Բուժվելուց հետո լուրջ գաղափարական փոփոխություններ եղան կյանքումս։ Սկսեցի ապրածս ամեն մի վայրկյանը գնահատել, գնահատել որ շնչում եմ, քայլում եմ, ունեմ ձեռքեր ու ոտքեր։ Ավելի ուժեղ եմ դարձել ու ամեն մի մանրուք ծանր չեմ տանում, խնդիր չեմ դարձնում։ 

Բուժման ընթացքում ինձ հետաքրքիր էր՝ կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր առողջացել են։ Մտածում էի, երբ բուժվեմ պարբերաբար կայցելեմ հիվանդներին, որ տեսնեն ինձ առողջ ու հավատան, որ իրենք էլ կառողջանան։ Հիմա հենց այդպես էլ անում եմ, պարբերաբար այցելում եմ հիվանդանոց։ Շատ մարդիկ թաքցնում են իրենց հիվանդության փաստը նույնիսկ բուժվելուց հետո։ Բայց ես ուրախությամբ եմ կիսվում իմ անցած ճանապարհով, որովհետև գիտեմ, որ մարդկանց մեջ հույս եմ արթնացնում։ Մարդիկ պետք է հավատան Աստծուն ու հավատան, որ կբուժվեն։

Նյութը պատրաստեց Մարինե Ռուշանյանը