Արևապայքար

Արևապայքար

Ճանաչված նկարիչ, ճարտարապետ Աշոտ Թադևոսյանը մեզ ներկայացրեց իր կյանքի պատմությունից մի հատված, որն իր բացառիկ դրվագներով ստիպում է կանգնել, մտածել, վերանայել արժեհամակարգն ու պատկերացումները կյանքի, մահվան և աշխարհի մասին։ Նրա նկարներն ու կյանքը լի են արևոտ գույներով, որտեղ տեղ չունի ոչ մի բացասական երևույթ։

Առաջին անգամ

- 1999 թվականն էր։ Մոսկվայում էի բնակվում։ Անընդհատ վատ էի զգում՝ ջերմության բարձրացում և այլն։ Տարբեր բժիշկների էի այցելում, բայց չէին կարողանում պարզել պատճառները։ Մի բժիշկ էլ, անգամ, հանգեց այն եզրակացության, որ կան մարդիկ ովքեր ուղղակի տաք են, ու որ իմ մարմնի ջերմաստիճանի նորման մոտ է 37,2-ին։ Սկսեցի ուշադրություն չդարձնել, անընդհատ աշխատում էի, ոտքի վրա էի, ու չէի էլ նկատում, որ սկսել եմ ահավոր նիհարել՝ մինչև 47կգ։ Ու չէի նկատում նաև, որ իմ նկարներն էլ գնալով սևանում են։ Ես վերջերս եմ նկատել, թե ինչպես էր փոխվել նկարներիս գունային գամման։ Հետո, որպես լավ սարքավորումներով հագեցած կլինիկա, գնացի Մոսկվայի օնկոլոգիայի կենտրոն՝ ուղղակի ստուգումների։ Հետազոտություններից հետո, բժիշկն ասաց․ «Աշո՛տ, մի անհանգստացեք,Դուք քաղցկեղ ունեք։ Որոշակի գումար (նշում է թիվ) կվճարեք վիրահատության համար, այսքան գումար էլ կտաք բժիշկներին, միգուցե Ձեր կյանքը հնարավոր լինի երկարաձգել»։ Դուրս եկա, չգիտեի ուր գնալ կամ ինչ անել։ Մտածում էի երեխաներիս մասին։ Հետո ինձ հավաքեցի։ Ծանոթիս միջոցով դիմեցի ուրիշ բժշկի, և հաստատվեց, որ ունեմ սիգմայաձև աղու քաղցկեղ՝ 3-րդից 4-րդ ստադիայի անցումային վիճակ։ Ինձ հայտնեցին, որ վիրահատվելու և անհրաժեշտ բուժումն անցնելու պարագայում հնարավոր կլինի կյանքս 3-ից 5 տարով երկարացնել (37 տարեկան էի)։ Սկսեցի ավելի սառը դատել։ Հայտնեցի ընտանիքիս անդամներին, հուզվեցինք, լաց եղանք, բայց որոշեցինք, որ պետք է վիրահատվեմ։ Փնտրեցի և գտա բժշկի, ում կարողացա վստահել։ Հյուծված էի, վիրահատությունից առաջ էլ ինձ վրա շուն հարձակվեց ու կծեց։ Այդ վիճակում վիրահատվել չէր կարելի, բայց իմ համաձայնությամբ և ստորագրությամբ բժիշկը վիրահատեց։ Հետվիրահատական շրջանը շատ ծանր տարա։ Այդ Նոր Տարին դիմավորեցինք հիվանդանոցում։ Այդ շրջանում ինձ համար ծանր հարված էր այն, որ ընկերներս, բարեկամներս գալիս էին ինձ հրաժեշտ տալու։ Կնոջս երևի անգամ ցավակցում էին։ Մյուս հարվածն այն էր, որ հաճախորդներս՝ ում համար նախագծեր էի իրականացնում, գալիս էին ու հետ ուզում տված կանխավճարները՝ մեկը ճիշտ, մյուսը սուտ։ Մտածում էին մահանալու եմ։ 

Կազդուրվեցի, ու հասկացա մի բան՝ կյանքը մի օր ավատրվելու է։ Սկսեցի մտածել, թե ի՞նչ եմ ես թողնելու ինձանից հետո։ Սկսեցի կանոնակարգել գործերս, նկարներս՝ սիստեմավորել, արխիվացնել։ Ես մտածում էի մաքսիմում 5 տարի կապրեմ ու կազմում էի այդ 5 տարիների պլանները։ Համակերպվել էի ու խնդիր չէի տեսնում 5 տարի հետո կյանքից հեռանալու մեջ։ Ընդունել էի այդ վիճակը, բայց ապրում էի նորմալ, ակտիվ կյանքով՝ տուն կառուցեցի վերջացրեցի, ցուցահանդեսներ էի ունենում և այլն։ 5 տարին անցավ (ծիծաղում է), կյանքը շարունակվեց։ Մոռացա այդ ամենի մասին, հրաժարվեցի հաշմանդամության կարգից ու շարունակեցի ապրել։

Երկրորդ անգամ

-  Ապրում էի բնականոն կյանքով։ Արդեն ճարտարապետական ավելի մեծ նախագծերով էի զբաղվում, էլի ցուցահանդեսներ, տուն, ընտանիք․․․
2008 թվականին պատահական ստուգումների ժամանակ ինձ հայտնեցին, որ տուբերկուլոզ ունեմ։ Տուբ դիսպանսերում հերքեցին այդ ախտորոշումը։ Շարունակեցի հետազոտությունները, պարզվեց ունեմ թոքի քաղցկեղ՝ 2 ուռուցք ձախ թոքում։ 

Թոքում գոյացությունների մասին իմանալուց հետո սկսեցի շռայլ կյանքով ապրել։ Մտածում էի կյանքը մինչև վերջ վայելել, այնպես՝ ինչպես ես էի դա պատկերացնում։ Դե արդեն երկրորդ անգամն էր, մտածում էի երբ կավարտվի՝ կավատրվի։ Բայց մի օր կանգ առա, որոշեցի գնալ վիրահատության։ Հեռացրեցին ձախ թոքիս մեծ մասը։ Վիրահատության հաջորդ օրը աջ թոքս որոշեց չաշխատել։ Ու չեմ հիշում․․․ Երևի մի շաբաթից ավել եղել եմ կոմայի մեջ։ Ինչից հետո մեկ ամիս կայուն ծանր վիճակում։ Բայց, ի զարմանս բոլորի, այդ ժամանակ էլ վերադարձա (ծիծաղում է): Ծանր էր վիճակս՝ շնչել չէի կարողանում առանց ապարատի, ձայն չունեի, անընդհատ նյարդային վիճակում էի։ Բայց ապաքինվեցի։ Նորից կյանք, ստեղծագործություն, բիզնես․․․

Երրորդ անգամ

- 3-4 տարի առաջ էր։ Մաշկի քաղցկեղ ախտորոշվեց։ Մտածում էին մելանոմա է, բայց 100%-ով վստահ չէին։ Ես էլ դե արդեն շատ բան էի հասկանում ուռուցքաբանությունից։ Իմ աչքի առաջ զարգացել է Ռուսաստանի Դաշնության օնկոլոգիան (ժպտում է): Մտածում էի մելանոման արդեն վերջն է։ Ոչ ոքի չասացի, պայմանավորվեցի վիրահատության համար։ Վիրահատվեցի ու պարզվեց մելանոմա չէր, բազալիոմա էր՝ տեղային պրոցես, որն ավելի հեշտ լուծվող հարց էր։

Որպես հավելում

- Փոխվել է աշխարհայացքս։ Հեռու եմ մնում ամեն տեսակ նեգատիվից։ Պետք է սիրել, լինել բարի ու շփվել դրական մարդկանց հետ։ Այդպես կյանքն ավելի հետաքրքիր է։ Իսկ քաղցկեղ կա թե չէ, խորը մտածելու բան չէ։ Դա ուղղակի մի իրավիճակ է, որով պետք է զբաղվել, այնպես՝ ինչպես օրինակ, ես իմ հերթական նախագծով եմ զբաղվում։ Կյանքի ամեն րոպեն պետք է ապրել՝ լավ գործերով զբաղվելով, լավը թողնելով։ Վատ եղանակ ինձ համար գոյություն չունի։ Թե՛ արևային, թե՛ անձրևոտ կամ ամպամած եղանակն ունի իրեն բնորոշ տրամադրություն։ Վերջին ցուցահանդեսներս՝ «Արևամարդիկ» դիմանկարների շարքը, նույն փիլիսոփայությունն է կրում՝ վատ մարդիկ չկան։ Ամեն մարդու մեջ էլ կան լավ ու դրական գծեր։ Այդ ամենը, իհարկե, շատ է ազդել նաև ստեղծագործական կյանքիս վրա։ Ես կյանքն եմ նկարում՝ արևոտ գույներով։

 

ԵՎ վերջում

Պրն Թադևոսյանն, ով վերջին 20 տարիների ընթացքում հասցրել է պայքարել  քաղցկեղի 3 տարբեր տեսակների դեմ, խորհուրդ է տալիս հավատալ և չհանձնվել․ «Մարդիկ վատ տրամադրվելով կարող են իրենք իրենց սպանել, և հակառակը։ Քաղցկեղ է, հա՛, հետո՞, հետո՞ ինչ։ Ստացվել է, որ կույրաքիղի բորբոքում ու վիրահատություն չէ, այլ թոքի քաղցկեղ է, թոքդ պետք է հեռացնեն։ Առաջին հերթին, եթե մարդ ինքն իրեն չբուժի՝ դրական տրամադրվելով, ոչ մի բուժում չի օգնի»։ Նա նկատեց, որ կարծրատիպային մտածելակերպը մեր հասարակությունում արտահայտվում է դեռ ախտորոշման մակարդակից։ Տղամարդիկ խուսափում են, օրինակ, կոլոնոսկոպիայից, կանայք իրենց մոտ քաղցկեղի տարածված տեսակներից մեկի համար պարբերաբար ստուգումներից։
Նշենք նաև, որ պրն Թադևոսյանը Մոսկվայում կազմակերպում է վարպետաց դասեր քաղցկեղ ունեցող կանանց համար։ Նա հույս հայտնեց, որ շուտով Հայաստանում նույնպես կիրականացնի նման միջոցառում։

Նյութը պատրաստեց Մարինե Ռուշանյանը