Քաղցկեղից հետո կյանքը շարունակվում է

Քաղցկեղից հետո կյանքը շարունակվում է

24-ամյա Լիանան ապրում է ամենասովորական կյանքով։ Մասնագիտությամբ խոհարար է։ Ունի երկվորյակ քույր, ով սակայն, իրեն նման չէ։ Գտել է իր կյանքի կեսին, ամուսնացել է։ Կենսուրախ Լիանային տեսնելիս՝ շատերը չեն էլ հավատա, որ 14 տարի առաջ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ ․ «10 տարեկանում հիվանդացա։ Տեղամասային բժշկուհին ախտորոշեց խոզուկ։ Բայց պրոցեսը խորացավ ու դիմեցինք Արյունաբանական կենտրոն, որտեղ բժիշկ Ս․ Առաքելյանը դրեց սուր լեյկոզ դիագնոզը»։

Լիանան չի հիշում իր բուժման ընթացքում ունեցած և ոչ մի հուսահատ օր․ «Ես փոքր չէի և ամեն ինչ գիտակցում էի։ Բայց հավատում էի, որ բուժվելու եմ։ Հիշում եմ՝ բաժնի վարիչ Ս․ Դանիելյանը միշտ ինձ ասում էր, որ իմ լավատեսությունն է ինձ բուժելու՝ անկախ տվյալ օրվա իմ անալիզների պատասխաններից։ Մի անգամ արյան փոխներարկման ժամանակ մոտս ռեակցիաներ սկսվեցին, ու ցնցումների մեջ ընկա։ Բժիշկ Առաքելյանը հետո զարմացած պատմում էր, որ նույնիսկ այդ ժամանակ, երբ իրենք չգիտեին, թե ինչ ելք է լինելու այդ վիճակից, ես ասել եմ, որ ինձ լավ եմ զգում»։

Մեծ ոգևորությամբ է նշում նաև ծնողների լավատեսության մասին․ «Սկզբում, իհարկե, ծանր էին տանում, չէին ընդունում հիվանդությանս փաստը։ Բայց հետո նրանք՝ բժիշկների հետ միասին, մինչև վերջ պայքարեցին կյանքիս համար։ Բուժման ընթացքում լինում են պահեր, երբ ամեն ինչ վատ է, ու թվում է՝ դրական ելք չի լինելու։ Շատ կարևոր է հատկապես ա՛յդ շրջանում չկոտրվել ու շարունակել առաջարկվող բուժումը»։

Լիանան պատմում է, որ բուժվելուց հետո՝ հսկողության շրջանում, երբ գնում էր հիվանդանոց անալիզներ հանձնելու, մտնում էր բաժանմունքի երեխաների մոտ, որ տեսնեն իրեն՝ արդեն բուժված ու առողջ, որ նրանք էլ հույսով լցվեն։ Նշում է, որ շատերը հատկապես ոգևորվում էին, որ բուժվելուց հետո իր մազերը կրկին աճում են․ «Երեխաների ծնողները  ծանր էին տանում մազերի թափվելը, մտածում էին էլ չեն աճելու։ Ես ծանր չեմ տարել, որովհետև բժիշկս ինձ հոգեբանորեն պատրաստել էր դրան։ Գիտեի, որ երկար մազերս թափվելուց հետո էլի գալու են»։

«Կարևոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն։ Այն ժամանակ համացանց չկար, և ինֆորմացիան այսքան հասանելի չէր։ Մարդիկ պետք է իմանան, որ սա հաղթահարելի հիվանդություն է, որ բուժվելուց հետո դու ապրում ես լիարժեք կյանքով, ուտում ես այն ամենը, ինչ բոլորն են ուտում, ունենում ես ընկերներ և շրջապատ, սիրահարվում ես ու ամուսնանում»։

Նա չի ափսոսում, որ իր կյանքում նման շրջան է եղել․ «Եթե այս հիվանդությունն ինձ մոտ չլիներ՝ ես ուրիշ մարդ կլինեի։ Հիվանդությունը փոխել է իմ աշխարհընկալումը։ Երբեք չեմ հարցրել, թե ինչու՞ է հենց ինձ հետ պատահել դա։» 

Ասում է՝ շատ մարդիկ են իր կյանք մտել բուժման ընթացքում։ Պատմեց մի օտարազգի մահմեդական տղայի մասին, ով օգնել է իր համար արյան դոնոր գտնել, և ում հետ մինչ օրս կապ է պահպանում։

Լիանան պատրաստ էր թվել կյանքի այդ շրջանում իր կողքին կանգնած բոլոր մարդկանց անունները․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կյանքի համար պայքարող երեք Սամվելներին՝ բժիշկներ Առաքելյանին, Դանիելյանին, Իսկանյանին։ Ամբողջ բուժ անձնակազմին եմ ուզում շնորհակալություն հայտնել, ես բոլորին հիշում եմ։»

Եվ վերջում․ «Եղե՛ք լավատես, քաղցկեղը հաղթահարելի է»։

 

Նյութը պատրաստեց Մարինե Մանվելի Ռուշանյանը