Հիվանդություն, որն ամուր ընկերության սկիզբ հանդիսացավ

Հիվանդություն, որն ամուր ընկերության սկիզբ հանդիսացավ

16 տարի առաջ սկիզբ է դրվում մի ընկերության, որի պատճառներն ու հանգամանքները փոքր-ինչ արտասովոր են։ Նրանք չեն ընկերացել բակում խաղալիս, ոչ էլ նույն մանկապարտեզն են հաճախել։ Նրանց ընկերությունը սկսվել է հիվանդանոցի սպիտակ պատերի ներսում։ Ընկերուհիները իրենց մանկական վեճերի ու տարաձայնությունների մասին այժմ ծիծաղով ու կարոտով են հիշում․ «Բժշիկ Իսկանյանին, որ հարցնեք անպայման կպատմի ապարանցի - ղարաբաղցի կռիվների մասին: Չի եղել օր, որ չվիճենք»: 

Հիմա նույնպես շատ տարբեր են՝ թե՛ բնավորությամբ, թե՛ հայացքներով։ Այն հարցին, թե ինչն է նրանց ընդհանրությունը պատասխանում են․ «միայն անունները»։ Մի Մերին մասնագիտությամբ բուժքույր է։ Ապագայի հետ կապված մեծ պլաններ ունի՝ ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ և սեփական փոքրիկ կլինիկան հիմնել։ Մյուսն, ի տարբերություն առաջինի՝ այլևս չի ուզում սովորել։ Ուսումնասիրել է երեք տարբեր ոլորտներ։ Այժմ մեծ նպատակներ չունի և ճիշտ է համարում ներկա օրով ապրելը։

Մերիները խոստովանում են, որ հիվանդության տարիներից շատ բաներ չեն հիշում․ «Երբ այդ ամենի մասին հիշում եմ (հիվանդանոցը, հիվանդությունը), միշտ բժիշկ Իսկանյանին եմ հիշում: Կուզեի, որ հիմա էլ բոլոր բժիշկները նրա նման լինեն»։

Փոխարենը տպավորվել են ծնողների ապրումները․ «Ավելի շատ դպրոցական տարիքում սկսեցի գիտակցել հիվանդության մասին, երբ դպրոցում համադասարանցիներիս պատվաստում էին, իսկ ինձ հակացուցված էր: Այդ ժամանակ էր, երբ գլխումս ծագեցին մի շարք հարցեր, որոնց մայրս դժվարանում էր պատասխանել»:

Աղջիկներից մյուսը պատմում է․ «Մեր բարեկամները չէին հավատում իմ բուժմանը։ Ասում էին տարեք տուն, այդ հիվանդությունը բուժում չունի: Բայց բժիշկ Իսկանյանի և ծնողներիս հավատի շնորհիվ այսօր ես կամ, և նույնիսկ ինչ-որ չափով հպարտանում եմ, որ հիվանդությունը եղել ու անցել է»:

Այն հարցին, թե ինչ են աղջիկները մաղթում երեխաներին, ովքեր հիմա անցնում են իրենց կողմից տարիներ առաջ հաղթահարված ճանապարհով՝ Մերիներից մեկը պատասխանում է․ «Ես խղճահարություն չեմ զգում այն երեխաների հանդեպ, ովքեր հիվանդ են, որովհետև նրանց աչքերում կյանք կա ու այդ կյանքը ոչ թե գնալով խամրում է, այլ հակառակը: Ուղղակի յուրաքանչյուրին համբերություն է պետք։ Միանշանակ այս հիվանդությունը դատավճիռ չէ, ուղղակի պետք է ուժեղ լինել,  համբերություն ունենալ:» Մյուսը հավելում է, որ հիվանդությունը հաղթահարելու համար ամենամեծ գործոնը հավատն է։

Հարցազրույցը վարեց Ալինա Սիմոնյանը