Արմանը սուր լիմֆոբլաստային լեյկոզը հաղթահարած առաջին երեխաներից է

Արմանը սուր լիմֆոբլաստային լեյկոզը հաղթահարած առաջին երեխաներից է

- Շատ փոքր էի՝ ընդամենը 4 տարեկան: Հիվանդության մասին հիշում եմ միայն ուրիշների պատմելով: Սկզբում ստացիոնար բուժում եմ ստացել, այնուհետև ժամանակ առ ժամանակ ստուգումների էի գալիս: Հիշում եմ, որ տանել չէի կարողանում բժիշկներին ու ներարկիչները: Չէի կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ դպրոցի փոխարեն հիվանդանոցի հերթական այցի մասին լսելուց կուրախանամ: Գիտեի, որ հիվանդանոցում բոլորն ինձ լավ են վերաբերվելու: Բժշկիս՝ Սամվել Սիմյոնիչին սկսեցի անչափ շատ սիրել, հասկանում էի, որ իմ բուժման համար ամեն բան անում է, ինձ շատ է սիրում, կարող եմ ասել, որ նույնիսկ իր երեխայից չի տարբերում,-վերջին հանդիպման ժամանակ նրանց ջերմ գրկախառնությունից այդ սերը չզգալ հնարավոր չէր:

- Հիվանդության մասին իմանալուց հետո ընտանիքս պատրաստ էր ամեն բանի՝ ինձ առողջ տեսնելու համար: Բուժման դժվարությունը կայանում էր նրանում, որ ֆինանսական առումով վատ ժամանականեր էին, դեղերը հիմնականում բերում էին դրսից, բայց, փառք Աստծո, դեղերը ժամանակին հասնում էին, և բուժումը շարունակվում էր: Հետզհետե ինքնազգացողության լավացումը դեպի դրականն էր տրամադրում: Եթե մարդիկ տարվա մեջ 2-3 անգամ էին հիվանդանում, ես հազվադեպ էի հիվանդանում: Հիմա էլ վարում եմ առողջ ապրելակերպ, զբաղվում եմ սպորտով: Ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա, երկուսն էլ շատ սիրուն են, մոմից սարքած,- հպարտորեն նշում է Արմանը:

- Բոլոր նրանց, ովքեր կանգնել են հիվանդության առջև, խորհուրդս է՝ սիրել կյանքը, հանել հիվանդության նկատմամբ ունեցած վախերը, լավատեսությամբ լցվել ու շատ թեյ խմել՝ պարսկահայերի հաճելի սովորության համաձայն:

Հարցազրույցը վարեց Աննա Միքայելյանը